Մարինա Բաղդագյուլյան/Կապույտ թռչուն

Երեքն էին՝ վարդագույն, դեղին, կանաչ։ Դեղինն ամենաաղմկոտն էր։ Վախենում էինք բաց թողնել սենյակում․ ամեն դեպքում, վտանգավոր էր, կարող էր մի փոքրիկ լուսամուտ բաց մնացած լինել, դուրս կթռչեին, իսկ դրսում չէին ապրի։ Մի օր էլ վանդակը դուրս բերեցինք և դրեցինք պատշգամբի աթոռին։ «Դե, շնչեք, սիրունիկներ, մաքուր օդ շնչեք, արևի տակ երգեք, սիրունիկներ»։ Վերադարձանք նրանց մոտ, որ տեսնենք, թե որքան ազատ են և ուրախ արևի տակ։ Մեր ոտքերի արանքով փախավ կատուն՝ բերանում դեղին փետուրներ։ Վանդակի դուռը բաց էր։ Մենք բակում փնտրում ու գտնում էինք փետուրներ՝ վարդագույն, դեղին, կանաչ։

Սպիտակին նվիրել էին գյուղում։ Մտածեցի․ «Մյուսները շուն ու կատու ունեն, իմը այս սպիտակ հավն է։ Նրա հետ կիջնեմ բակ, միասին կզբոսնենք, կգանք տուն, ես նրան կկերակրեմ, կլողացնեմ, կչորացնեմ, երգեր կերգեմ նրա համար և հեքիաթներ կպատմեմ»։ Վզին իմ մուգ վարդագույն ժապավենը կապեցի ու պահեցի լոգասենյակում, որ այնտեղ ազատորեն ծրտի-մրտի։ Անընդհատ լոգասենյակ այցի էի գնում նրան՝ հո սովա՞ծ չի, հո տխու՞ր չի, հո ծարա՞վ չի, հո սիրտը նեղվա՞ծ չի։ Հանկարծ աչքս ընկավ նրա երկար ճանկերին։ Իմ խեղճ։ Ինչպես չէի նկատել, որ անխնամ ես։ Բերեցի խարտոց, մի քանի գույնի լաք և մի սուր մկրատ։ Նրան վերցրի իմ գիրկն ու կտրտեցի եղունգները։ Երկուսով արյան մեջ կորանք։ Խեղճը թպրտում էր ցավից և աղիողորմ կչկչում։ Նա արնաքամ էր լինում իմ գրկում։ Նրան տարան։ Աղվանենց տանը նրա արգանակի մեջ բրինձ էր եփվում։ Եվ իմացա, որ թռչունների ճանկերը բոլորովին այլ հյուսվածք ունեն․ նրանց եղունգներն ունեն արյունատար անոթներ և անգամ նյարդեր։

Մոխրագույնին գտանք մեքենայի դիմապակու տակ գտնվող տաք երկաթների արանքում։ Այդպես պատահում է, երբ թռչուններն արագ թռիչքի ժամանակ մեքենային դեմ-հանդիման դուրս գալիս բախվում են և ընկնում այդ երկաթների արանքը։ Դուրս բերեցինք։ Փորձեցինք շունչ, հաց, ջուր տալ։ Բայց նա ոչինչ չվերցրեց։ Անցորդները՝ «Սատկել է»։ Չէինք ուզում հավատալ։ Մենք չէինք կարող նրան թողնել փողոցում՝ կատուներին կերակուր։ Չէինք կարող դնել այնտեղ, որտեղից վերցրել էինք։ Չէինք կարող նրան փրկել։ Եվ որոշեցինք հողին հանձնել չարչարված մարմինը։ Մետաղաթերթից պատրաստեցինք մի փոքրիկ դագաղ և այն լցրինք տերևներով ու ծաղիկներով։ Մեր թաղման թափորը հանդիսավոր շարժվեց դեպի հուղարկավորման վայրը՝ եկեղեցու դռների մոտ՝ պատի տակ։ Առաջինն իր ձեռքերում տանում էր ծաղիկների մեջ խաղաղ ննջած թռչունի մարմինը, երկրորդը՝ դագաղի կափարիչը, իսկ երրորդը՝ սև ժապավենը, որով պիտի ծրարեինք դագաղը հողին հանձնելուց առաջ։ Ընթացքում հռհռում էինք, ծիծաղից ուշաթափվում, բայց հետո ամեն ինչ սկսում նորից՝ առջևից թռչունը, հետո՝ կափարիչը, իսկ վերջում՝ սև ժապավենը։ Խաչքարերի արանքով գնում էինք հուղարկավորելու չփրկածին։ Ամեն ինչ արեցինք, ինչպես կարգն է՝ Տերունական աղոթքով, ծաղիկներով, երգով ու անսահման հուզմունքով։ Մենք պարտավոր էինք հոգալ նրա մասին մինչև վերջ։ Իսկ եթե կատուները գտնեն ու հանեն նրա մարմինը․․․ Իսկ եթե այս աշխարհում ոչ ոք չիմանա, թե ով է այնտեղ հող դառնում․․․ Մի՞թե նա այդպես անհետ ու անհիշատակ պիտի հեռանա այս աշխարհից։ Մենք գտանք մի կտոր մարմար և մաքուր լվացինք։ Մենք գտանք թռչունների հանրագիտարան, որտեղ ներկայացված էին աշխարհի բոլոր թռչունները։ Եվ աշխարհի բոլոր թռչունների մեջ գտանք այն մեկին, որ նման էր նրան։ Մենք փակցրինք այդ նկարը մարմարին և տեղադրեցինք քարն այնտեղ, ուր հանգչում էր թռչունը։ Եվ ծաղիկներ դրեցինք նրա հիշատակին։ Հաջորդ առավոտյան եկեղեցու աշխատողները գտան գերեզմանը։ Թռչունի հիշատակը հավերժացնող քարը մի կողմ էր նետված։ Մեզ ասացին․ «Եկեք, տարեք ձեր հանգուցյալին։ Այստեղ թռչուններին չի կարելի թաղել»։ Հետո երևի մի բան պիտի անեինք։

Please follow and like us: