Էրիկ Բեկնազարյան/Կառավարությունը, մարդիկ ու մարդը

Տասնվեց հարկանի նորակառույց մի շենք, որը բնակեցված է երիտասարդ զույգերով: Շենքը երկար է ու ունի տասներկու շքամուտք: Վերջին երեք տարում ամբողջ քաղաքը լցվեց նման շենքերով: Նորակառույց շենքի հետևում ավտոտնակներ են: Գարաժների շարքը նույնպես երկար է ձգվում, սակայն մեր հայացքը կանգ է առնում դրանցից մեկի վրա. էդ գարաժի վրա երկրորդ հարկ է կառուցված: Բավական սիրուն ու գողտրիկ, գյուղական հասարակ ու անշուք խրճիթ է ստացվել: Այն փայտից է, ու դրա ոճը տարբերվում է բարձրահարկ շենքների ոճից: Շուրջբոլորն ամբողջը քաղաքակրթություն է ու զարգացում, շարժ ու հոսք, առաջընթաց, և խրճիթը գարաժի վրա, որին նայելիս մի պահ անժամանակության անդորր զգացումն ես ունենում: Խիճիթում տարիքն առած մի մարդ է ապրում: Նրա մազերը երկար են, ու նրա երկար մազերը արդեն վաղուց մուգ շագանակագույնից փոխարկվում են արծաթագույն-սպիտակի: Դեմքին թեթև մորուք կա, որը մազերի նույն երանգն ունի:
Խրճիթն իրենից ներկայացնում է մի սենյակ, որտեղ բազմաթիվ հին իրերի կողքին մի հին բազկաթոռ կա ու քառակուսի հեռուստացույց: Մովսես պապը թիկնել է բազկաթոռին ու երկաթե հին լապտերը ձեռքին` փորձում է վերանորոգել այն: Սենյակի խորքից լսվում է թրթռացող հեռուստացույցի ձայնը.
– Կառավարության նոր ծրագրի N հրամանի համաձայն ծնելիությունը խրախուսելու և ծնելիության մակարդակը բարձրացնելու նպատակով այսուհետ կտրամադրվեն էժան վարկեր բոլոր նրանց, ովքեր զավակներ կունենան սույն թվականի սեպտեմբերից: Բացի դրանից կառավարությունը նախատեսում է փոխհատուցել նրանց արդեն իսկ ձևակերպված վարկերի մի մասը: Սույն օրինագիծն ուժի մեջ կմտնի…
Այս խոսքերը լսելով Մովսես պապը հայացքը բարձրացնում է լապտերից ու նայում հեռուստացույցին: Հետո վեր է կենում, փնթփնթալով մոտենում հեռուստացույցին ու անջատում է այն:
-Չէ, կառավարություն ջան, վատ բան չես անում,- ինքն իրեն խոսում է Մովսես պապը` պատուհանից նայելով դեպի բարձրահարկ շենքը,- սոցիալական տեսանկյունից դաժե լավ բան ես անում: Բայց արդյո՞ք պետք է անեիր դա: Կառավարությունն ի՞նչ գործ ունի` իր քիթը խոթի մարդկանց ոտքերի արանքը: Կասեք բանակն ենք շատացնում, էս ենք անում, էն ենք անում: Չէ, դա արդարացում չէ: Նախ ձեզ ոչ ոք իրավունք չի տվել մարդուն գործարանային ապրանք սարքեք: Հետո էս թվին ո՞վ է մարդաքանակով պատերազմ հաղթում: Էս ո՞ր դարն է: Թե՞ աշխատողներ ու հարկ վճարողներ են պետք,- Մովսես պապը մի սիգարետ է վառում ու հայացքն ավելի խորը սուզում դեպի բարձրահարկ շենքը, բայց թվում է` նա ավելի հեռուն էր նայում,- և հետո, ձեռքներդ դրեք ձեր խղճին կամ պլորներին թե կուզեք, ու խոստովանեք` էժան վարկից ծնված սերունդը ի՞նչ սերունդ պետք է լինի, հը՞ն: Ախր մի ունքը սարքում եք, բայց տեղն երկու աչք եք հանում. արդյունքում համ սերն եք փչացնում, համ մարդու արժեքը: Նիցշեն էստեղ լիներ, շռեր ձեր վրա…
Մովսես պապի մենախոսությունը գուցե դեռ երկար շարունակվեր, եթե հանկարծ նա պատուհանից չնկատեր Մաքսին` մի երիտասարդի կողքի թաղամասից, ով էդ պահին մանկական խաղահրապարակում ծխում էր ու հրում ճոճանակը: Մովսես պապը ձայնում է նրան, ու վերջինս տեսնելով նրան` քայլում է դեպի գարաժը:
– Արի տղես, բարձրացիր մի քիչ շախմատ խաղանք, ցրվենք:
Մաքսը գարաժի աստիճաններով բարձրանում է խրճիթը, նստում բազկաթոռի դիմաց դրված աթոռին: Մովսես պապը շախմատն է հանում ու շարում է քարերը:
– Զառ կա՞ մոտդ, տղես:
– Բա ոնց չկա, Մովսես պապ,- ասում է Մաքսը՝ գրպանից հանելով զառը,- զառը պատահական իրադարձությունների շղթայի ու դիպվածի խորհրդանիշն է, ես դա միշտ ինձ մոտ եմ պահում:
– Էհ, տարօրինակ տղա ես երբեմն, բայց լավ տղա ես: Դե զառը գցիր:
Մաքսը ձեռքի մեջ պտտում ու գցում է զառը: Երեք է կանգնում:
– Վատ չի, երեք քայլ եմ անում,- ասում է Մաքսն ու տրորում ճակատը,- ուրեմն` e2e4, հետո` d2d4, իսկ հետո… հետո g1f3:
Հետո Մովսես պապն է վերցնում զառը, պտտում է ու գցում: Նորից երեք է դուրս գալիս: Մովսես պապը սկսում է իր խաղը: Առաջին քայլը` e7e6 է խաղում, հետո d7d5, հետո d5e4-ով վերցնում է Մաքսի զինվորը:
– Նորությունները տեսա՞ր,- հարցնում է Մովսես պապը:
– Չէ, ի՞նչ կա որ,- հարցնում է Մաքսը զառը գցելով: Էս անգամ երկուս է բռնում:
– Էժան վարկերով ծնելիություն են խրախուսում:
– Ուրեմն` f3e5, հետո b1c3: Հա դե դա հին բան է,- ասում է Մաքսը,- կարծեմ Պապ թագավորն էլ փակել էր բոլոր կուսանոցները, որ նրանք գնան, երեխաներ ունենան:
– Անտեր աշխարհ է,- ասում է Մովսես պապը զառը գցելով,- ժամանակակից վարկափողային համակարգում երեխան միակ բանն է, որ դեռ ապրանք չի դառել, բայց ոնց որ դառնում է արդեն:
Նրա զառը չորս է բռնում: Ձեռքերը շփելով Մովսես պապը կատարում է իր քայլերը. g8f6, f8b4, e8g8 ևc7c5:
– Այո, Պապ թագավորը փակել է տալիս բոլոր կուսանոցները, որ նրանք երեխա ունենան, բայց որոշ վկայությունների համաձայն նա ինքը դևերի հետ էր քնում:
– Ի՞նչ դևեր,- զարմանում է Մովսես պապը:
– Դե~, ռուսներն օրինակ էդ դևերին պիդռ են ասում ու չեն ընդունում նրանց: Իսկ հին հռոմեացիները ծաղրում էին իրենց էն կայսրերին, որ գոնե մի անգամ չեն շնացել դևերի հետ: Բայց վերադառնանք մեր ոչխարներին,- ասում է Մաքսն ու զառը գցում: Նա խաղում է a2a3, հետո a3b4` վերցնելով սևերի փիղը:
– Բայց Պապ թագավորը լավ գործիչ էր,- շարունակում է Մաքսը,- ուղղակի ի սկզբանե էքզիստենցիալ հակասություն կա երկու երևույթների միջև` մարդը որպես անհատ և որպես հասարակության չնչին տարր, մեխանիզմի դետալ:
– Չէ, Մաքս, չէ, տղես: Հարցը նրանում է, թե որն ես ավելի կարևորում: Ահ, էս աղմուկը…
Մովսես պապը նկատի ուներ իրենց դիմաց գտնվող երկար բարձրահարկ շենքից եկող աղմուկը: Եղած տասնվեց հարկերին ավելացնում էին ևս հինգը, ընդ որում անում էին դա բավական արագ ու հմտորեն: Մովսես պապը զառը գցում է` էս անգամ վեց է կանգնում:
Խաղում են մի երկու ժամ, ու Մաքսը գնում է տուն, իսկ Մովսես պապն՝ իր խրճիթը: Մարդիկ աշխատանքից տուն են գալիս ու երեկոն իջնում է քաղաքի վրա:
Բարձրահարկ շենքի տասներկուերորդ հարկում երիտասարդ մի զույգ է ապրում: Կինը` Կարինեն, բանկում է աշխատում` սպասարկման բաժնում, իսկ ամուսինը` Ստեփանը, մենեջեր է հյուրանոցում: Աշխատանքից տուն գալով՝ նրանք սնվեցին, հետո լսում են նորությունները: Նորությունները լսելուն պես հանվում են ու սիրում իրար: Հետո Ստեփանը մի ծխախոտ է վառում:
Արևը ծագում է ու սահում բարձրահարկ շենքի վրայով, որն արդեն քսանմեկ հարկանի էր: Շինարարներն իրենց գործի վարպետն էին ու արագ ավարտեցին այն: Մովսես պապը զարթնել էր դեռ մինչև արևի ծագելը ու հասցրեց մի քանի գործեր կարգի բերել: Այժմ սովորականի պես թիկնել էր բազկաթոռին ու հին լապտերի վերջին նորոգումներն էր անում: Այն գրեթե պատրաստ էր արդեն: Սենյակի խորքից լսվում էր հեռուստացույցի ձայնը:
– Կառավարության N+1 ծրագրի համաձայն` բոլոր նրանք, ովքեր սիրով կզբաղվեն հակաբեղմնավորիչներով ու պահպանակներով, այսուհետ պարտավորվում են դրա համար հարկեր վճարել պետությանը, քանի որ այդպիսով նրանք զրկում են պետությանը ապագա քաղաքացուց ու հարկ վճարողից: Իսկ ովքեր սիրով կզբաղվեն առանց դրա` ազատվում են եկամտահարկից:
– Դե գնացեք ձեր տիրոջ մերը` հակաբեղմնավորիչով…,- ասում է Մովսես պապն ու հին լապտերը շպրտում հեռուստացույցի ուղղությամբ: Թե լապտերը, թե հեռուստացույցը շարքից դուրս են գալիս:
– Մաքս, ո՞ւր ես Մաքս, արի շախմատ խաղանք,- գոռում է նա՝ գլուխը պատուհանից հանելով:
– Զառը բերե՞լ ես:
– Իհարկե: Զառը դիպվածի ու Ֆորտունայի քմահաճության խորհրդանիշն է: Ես այն միշտ ինձ մոտ եմ պահում:
Զառը գցում է: Խաղում են: Շինարարության աղմուկ: Բարձրահարկ շենքին ևս յոթ հարկ են ավելացնում:
Շախ,- ասում է Մովսես պապը հինգ քայլ անելուց հետո ու շարունակում,- ասա, Մաքս, ես անգլերեն չեմ հասկանում, ասա` էն ամերիկաներում ի՞նչ վիճակ է:
– Նույն աղբն է, Մովսես պապ, բայց սիրուն աղբամաններով: Իրականում միայն երկու-երեք երկիր կա աշխարհում, որ իրական զարգացման ճամփան են բռնել, մյուսները դրա իմիտացիան են անում:
Խաղում են երկար, մինչև երեկո: Հետո մութը թանձրանում է քաղաքի վրա: Մարդիկ արդեն վերադարձել են աշխատանքից ու բարձրացել իրենց բնակարանը: Էս բարձրահարկ շենքը լավն է, սիրուն է, բայց ներսը վերանորոգման կարիք ունի. դրա մասին էին մտածում Ստեփանն ու Կարինեն: Նրանք դեն են նետում բոլոր հակաբեղմնավորիչներն ու պահպանակները, կառավարությանն են ներկայացնում համապատասխան հայտը ու սիրով են զբաղվում:
Վաղ առավոտ է, ոչ մի ձայն չկա: Հետո մարդիկ դանդաղ զարթնում են ու շտապում աշխատանքի: Մովսես պապի խրճիթից լսվում է ռադիոյի ձայնը.
– Կառավարության N+2 ծրագրի համաձայն այսուհետ ծխախոտի գները կքառապատկվեն, իսկ պնդուկի արժեքը կնվազի երեք անգամ: Բոլոր տղամարդկանց անխտիր հորդորում ենք պնդուկ ուտել: Նրանք, ովքեր կանեն դա և կհետևեն նաև N և N+1 օրենքներին` մերն են, իսկ ծխողները ու ամուրիները, կամ նրանք, ովքեր ամուսնացած են, բայց միայն շուն կամ կատու են պահում, մեր պետականամետ քաղաքականության արդյունքում նրանք կդառնան հասարակության ստորին զանգվածը, իսկ հետո աստիճանաբաի դուրս կմղվեն հասարակությունից:
Մովսես պապն ու Մաքսը շախմատ են խաղում: Պապը ցրվելու համար Մաքսին հարցուփորձ է անում, հարցնում է` որտեղի՞ց էդ անունը: Մաքսն ասում է, որ իր մայրը ուկրաինացի է, հայրը հայ: Ինքը որոշ ժամանակ Ուկրաինայում է ապրել, հետո Հայաստան է եկել:
– Իսկական սերը երևի հենց դա է,-ասում է Մովսես պապը,- և դու էլ իսկական երեխա ես եղել: Հիշում եմ` փոքր ժամանակ մի քիչ տարբերվում էիր մյուս երեխաներից: Քո աչքերն ուրիշ փայլով էին փայլում, դու մի ուրիշ էներգիա ունեիր: Դա նրանից էր, որ փոքր ժամանակ անընդհատ գնացել – եկել ես Հայաստան – Ուկրաինա, բազմազանություն ես տեսել, ուրիշ էսենցիա է ստացվել: Իսկ հիմա մենք էս ինկուբատորի հավերից ու սրանց ձվերից ի՞նչ սպասենք:
Շինարարության աղմուկը խլացնում է նրա ձայնը: Արդեն քսանութ հարկանի շենքի գլխին ևս ինը հարկ են ավելացնում:
Երեկոյան Ստեփանը վերադառնում է տուն մի տոպրակ պնդուկ ձեռքին: Հետո դեն է նետում ծխախոտը: Նստում են` ամուսիններով պնդուկ են ուտում ու չեն ծխում:
Առավոտյան մենք չենք լսում ռադիոյի ձայնը, որովհետև Մովսես պապը քանդել էր այն: Դա լուռ առավոտ էր: Կեսօրին նրան ու Մաքսին տեսնում ենք շախմատ խաղալիս: Մովսես պապը դեռ չէր հասցրել շախ հայտարարել, երբ ուղղաթիռի աղմուկը խլացրեց ամեն ձայն: Ուղղաթիռից բուկլետներ են թափվում: Մաքսը կռանում է, վերցնում է բուկլետներից մեկն ու կարդում հետևյալը․
«Կառավարության N+3 ծրագրի համաձայն այսուհետ բոլորը պարտավոր են սիրով զբաղվել միայն միսիոներական դիրքով: Ռուս գիտնականները պարզել են, որ այդ դիրքն ամենանպաստավորն է բեղմնավորման համար: Մնացած բոլոր դիրքներն այսուհետ հարկվելու են, իսկ միսիոներական դիրքով սիրով զբաղվողները կազատվեն գույքահարկից: Ծանուցում` սույն օրենքը չի տարածվում միայն համասեռամոլների ու նրանց վրա, ովքեր արդեն երեք միավոր երեխա ունեն»:
Լռում են` թե Մովսես պապը, թե Մաքսը: Նյարդային լռություն է: Հայացքները փախցնում են, դարձնում դեպի շենքը: Սակայն տեսնում են միայն, որ էնտեղ ևս տասնմեկ հարկ են ավելացնում:
– Է՜, Մովսես պապ, էս շենքն ինչո՞ւ են էսքան բարձրացնում: Աշխարհն էս ո՞ւր է գնում, ու՞ր փախչենք:
– Վեջդ չդնես: Ինչքան էլ բարձրացնեն էս շենքը, մեկ է, ես ավելի շուտ եմ երկնքին հասնելու: Ու ես քեզ էնտեղից բարևներ կուղարկեմ:
– Էդպես մի ասա, Մովսես պապ, դու դեռ երկար ես ապրելու:
Ստեփանն ու Կարինեն արդեն վերադարձել են աշխատանքից ու սիրով են զբաղվում միսիոներական դիրքով:
Առավոտյան նրանք աշխատանքի են շտապում, Կարինեն` բանկ, Ստեփանը` հյուրանոց: Բարձրահարկ շենքի քառասունվեցերորդ հարկի բնակարաններից մեկում միացված է հեռուստացույցը և մենք լսում ենք նորությունները.
– Կառավարության N+4 օրենքի համաձայն այսուհետ բոլորը պարտավոր են միզել զուգարակոնքի միայն աջ կողմում: Դա մարզում է համապատասպան մկաններն ու միշտ պատրաստ է պահում: Բոլոր նրանք, ովքեր կխախտեն սույն օրենքը, կենթարկվեն տուգանքների և ավելի վատ` դուրս կմղվեն հասարակությունից:
Մաքսն ու Մովսես պապը էսօր շախմատ չեն խաղում: Մովսես պապը մեռել է իր խրճիթում: Մաքսը փակում է նրա աչքերը ու դուրս է գալիս բակ: Հետո մեքենա է նստում ու մի ժամից հասնում է անտառի իր տնակը: Ճանապարհին մի աղջիկ է վերցնում ու անտառում շան դիրքով նրա հետ սիրով է զբաղվում: Հետո մի ծխախոտ է վառում ու քայլում անտառով: Մոտակա ծառի տակ միզում է ու միզելով խոտերին ծաղիկ է նկարում: Հետո գնում է տնակը, որ մի անգամ էլ նույնը կրկնի:
Միևնույն ժամանակ Ստեփանն աշխատանքից վերադառնում է տուն ու միզում զուգարանակոնքի աջ մասում:

Please follow and like us: