Արցախի հայկական ժառանգության ոչնչացումից մինչև ապասուբյեկտայնացում
Մշակութային ժառանգության ժամանակակից ուսումնասիրություններում անցյալից ժառանգված նյութական օբյեկտներն այլևս չեն դիտարկվում որպես պասիվ վկայություններ։ Քննադատական ժառանգագիտության (critical heritage studies) համաձայն՝ ժառանգությունը բարդ սոցիալ-քաղաքական գործընթաց է, որի միջոցով անցյալն ընտրողաբար վերակառուցվում, մեկնաբանվում և ծառայեցվում է ներկայի քաղաքական ու ինքնութենական նախագծերի օրինավորմանը (լեգիտիմացմանը)։ Ժառանգության մասին որոշում կայացնելը միաժամանակ իշխանության իրականացում է հիշողության հանրային ներկայացման և ճանաչման նկատմամբ։
Այս տեսանկյունից Ադրբեջանի կողմից իրականացվող քաղաքականությունն այլևս չի սահմանափակվում միայն տարածքի էթնիկ զտմամբ․ ընթանում է նպատակաուղղված «հիշողության ջնջում» (memory erasure) և անգամ «հիշողության սպանություն» (memoricide), ինչն արտացոլում է ժամանակակից աշխարհում մշակութային ժառանգության քաղաքականացման, զենքի վերածման և համակարգված ոչնչացման ամենավտանգավոր գլոբալ միտումները։ Այս երևույթի տեսական ընկալումն առանձնահատուկ հրատապություն է ստանում Արցախի պարագայում, որտեղ 2023 թվականի իրադարձություններից և հայկական բնակչության զանգվածային տեղահանումից հետո տեղական մշակութային ժառանգությունը հայտնվել է գոյութենական սպառնալիքի և հաստատութային (ինստիտուցիոնալ) դատարկության պայմաններում։ Արցախահայության ֆիզիկական հեռացմամբ խզվել է այն օրգանական կապը, որով պատմական կառույցը ճանաչվում էր որպես սեփական անցյալի մաս՝ հնարավորություն ընձեռելով նոր վերահսկող իշխանությանը ժառանգությունը վերածել քաղաքական վերախմբագրման առարկայի։ Քանի որ նման մարտահրավերների հաղթահարումը պահանջում է տեսական նոր հայեցակարգեր և գործնական-իրավական նորարարական մեխանիզմներ, գործընթացը դիտարկելի է ոչ միայն որպես նյութական ժառանգության վնասման խնդիր, այլև որպես ժառանգության պատմական յուրացման, ապահամատեքստայնացման, հիշողության շարունակականության խզման և ապասուբյեկտայնացման փոխկապակցված շղթա։
Արցախում հայկական ժառանգության դեմ այժմ իրականացվող քաղաքականության նպատակաուղղված և համակարգված բնույթը փաստում է, որ այն երբեք չի եղել ռազմական հակամարտության ածանցյալ հետևանք․ այն հիշողության և տարածքի յուրացման ինքնուրույն էթնոքաղաքական նախագծի տրամաբանական շարունակությունն է։ Որպեսզի այս իրողությունն ամրագրվի միջազգային գիտական և իրավական հարթակներում, անհրաժեշտ է այն հայեցակարգել «մշակութային զտումների» (cultural cleansing) և հիշողության դեմ ուղղված հաստատութային բռնության ժամանակակից հարացույցների շրջանակում։ Ինչպես իր հիմնարար աշխատություններում ցույց է տալիս Ռոբերտ Բևանը, ճարտարապետական միջավայրի դիտավորյալ ոչնչացումը դատարկության մեջ չէ, որ տեղի է ունենում․ այն հենց մշակութային զտումների համակարգված ռազմավարության անքակտելի մասն է, որը կարող է ծառայել թիրախավորված խմբի հավաքական հիշողության և տարածքային ներկայության խաթարմանը կամ վերացմանը։ Այդուհանդերձ, ժամանակակից ավտորիտար-բացառողական պետություններն այս նպատակին հասնելու համար հաճախ կիրառում են հաստատութային վերահսկողության շատ ավելի նուրբ և ոչ ակնհայտ գործիքակազմ։ Ռոբ Նիքսոնի ձևակերպած «դանդաղ բռնություն» (slow violence) և Լին Մեսքելի կողմից ժառանգության համատեքստում քննարկվող «հետաձգված ոչնչացում» (delayed destruction) հայեցակարգերը հնարավորություն են տալիս այս դեպքը վերլուծել մեկ այլ տեսանկյունից։ Ժառանգության դեմ բռնությունը կարող է քողարկվել հոգատարության և պահպանության (care and protection) պաշտոնական դիսկուրսով, ինչը հանգեցնում է յուրահատուկ պարադոքսի․ ժառանգության պահպանման մենաշնորհ ունեցող պետական գերատեսչություններն իրենք են վերածվում մշակութային ոչնչացման գործորդների։ Կեղծ «վերականգնողական» ծրագրերի և վարչական սահմանափակումների միջոցով նրանք իրագործում են «պարտադրված օտարում» (imposed estrangement)՝ գործընթաց, որը կարելի է բնորոշել որպես ժառանգության և դրա ժառանգակրի՝ արցախահայության միջև առկա ինքնութենական կապի բռնի խզում։
Տեսական այս դիտարկումներն իրենց անմիջական էմպիրիկ հաստատումն են գտնում Արցախում։ Քորնելի (Cornell) և Փըրդյուի (Purdue) համալսարանների գիտնականների կողմից հիմնադրված «Կովկասյան ժառանգության մշտադիտարկում» (Caucasus Heritage Watch, CHW) ակադեմիական նախագիծը տրամադրում է մշակութային ժառանգության ֆիզիկական ոչնչացման առավել ճշգրիտ ապացույցներ։ CHW-ի արբանյակային մշտադիտարկումներն ու տվյալների վերլուծությունը փաստագրում են հայերի պատմական ներկայությունն աներկբայորեն վկայող կառույցների՝ գերեզմանատների, եկեղեցիների և ժառանգության այլ օբյեկտների համակարգված ոչնչացման ու վնասման դեպքեր, որոնք հաճախ քողարկվում են լայնամասշտաբ շինարարական և ենթակառուցվածքային նախագծերով։ Այս ավերածությունները ռազմական գործողությունների ուղղակի հետևանք չեն․ դրանք հետկոնֆլիկտային պայմաններում իրագործվող էթնիկ զտման պետականորեն համակարգված ակտեր են, որոնք նպատակաուղղված վերացնում են հավաքական հիշողության նյութական հենարանները։
Ֆիզիկական ոչնչացումը, սակայն, հիշողության դեմ ուղղված քաղաքականության միայն առավել տեսանելի շերտն է։ Դրան զուգահեռ իրականացվում է պահպանված հուշարձանների պատմական պատկանելության նպատակաուղղված վերանայում, որը գործարկվում է երեք փոխկապակցված մակարդակներում։
Առաջինը պատմագրական վերագրումն է։ Վիկտոր Շնիրելմանի ուսումնասիրությունները վկայում են, որ խորհրդային ադրբեջանական պատմագրության մեջ դեռևս 1950–1960-ական թվականներից ձևավորվում էր Կովկասյան Աղվանքի ժառանգության հայեցակարգի միջոցով տարածաշրջանի քրիստոնեական հուշարձանների վերաիմաստավորման համակարգված մոտեցում։ Այս պատումը հայկական պատմական ներկայությունը մարգինալացնում է որպես ավելի ուշ ձևավորված երևույթ՝ հուշարձանների բնիկ պատկանելիությունն օտարելով հօգուտ այլ պատմական սուբյեկտի։
Երկրորդը հաստատութային և հանրային վերագրումն է, երբ տեսական այդ մեկնաբանությունը լայնորեն շրջանառվում և ամրագրվում է պետական պատմագրության, կրթական ու մշակութային հաստատությունների, թանգարանային ցուցադրությունների և զբոսաշրջային քաղաքականության միջոցով։ Այս հարթությունում վերագրումը դադարում է լինել զուտ ակադեմիական վարկած և վերածվում է հիշողության սոցիալական կառուցման (social construction of memory) գործուն մեխանիզմի։
Երրորդը նյութական վերագրումն է, որի պարագայում պատմական նոր մեկնաբանությունն ուղղակիորեն միջամտում է հուշարձանի ֆիզիկական հյուսվածքին (physical fabric)՝ հայատառ արձանագրությունների քերման, ճարտարապետական տարրերի աղավաղման, անվանափոխության կամ նախնական գործառույթի վերաձևման եղանակով։ Այս գործողությունները ոչ միայն նոր ընթերցում են պարտադրում, այլև ֆիզիկապես ոչնչացնում են այն իմացաբանական վավերագրերը, որոնց միջոցով հնարավոր էր վերականգնել հուշարձանի պատմական ծագումն ու պատկանելիությունը։
Այսպիսով, վերագրման գործընթացն էվոլյուցիա է ապրում՝ տեսական-պատմագրական դիսկուրսից անցում կատարելով դեպի հաստատութացում, ապա՝ նյութականացում։ Ֆիզիկական համահարթեցման հետ մեկտեղ հենց այս եռաստիճան շղթան է ստեղծում պատմական ապասուբյեկտայնացման (historical de-subjectification) հիմքերը․ հուշարձանը ոչ միայն կարող է վերանալ, այլև, ֆիզիկապես պահպանվելու դեպքում, կարող է վերածվել այլ պատմական սուբյեկտի անցյալը վավերացնող յուրացված ապացույցի։
Տեղային մակարդակում իրականացվող պատմական ապասուբյեկտայնացման այս գործընթացն անխուսափելիորեն լուսարձակի տակ է առնում միջազգային հաստատութային մեխանիզմների, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով կազմակերպության (United Nations Educational, Scientific and Cultural Organization, UNESCO) սահմանափակումները։ 1972 թվականի Համաշխարհային ժառանգության կոնվենցիայի տրամաբանությամբ պետությունն ինքն է հանդես գալիս որպես ժառանգության գլխավոր պաշտպան, մինչդեռ էթնիկ բացառման քաղաքականություն վարող վարչակարգերի դեպքում հենց պետությունն է դառնում բռնության գլխավոր գործորդը։ Բախվելով ազդեցիկ անդամ պետությունների դիմադրությանը, որոնք վկայակոչում են իրենց ինքնիշխանությունը, միջազգային բյուրոկրատիան հաճախ կիրառում է «փակուղու կառավարման» (impasse management) մարտավարություն՝ սահմանափակվելով իրավասության նեղ շրջանակներով, ինչն էլ հնարավորություն է տալիս անպատիժ կերպով զենքի վերածել մշակութային անցյալը։
Այս հաստատութային փակուղուց դուրս գալու ճանապարհին կարևոր նշանակություն ունի միջազգային արդարադատության հարթակը։ 2021 թվականի դեկտեմբերի 7-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը (International Court of Justice, ICJ), քննելով «Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի» գործով միջանկյալ միջոցների կիրառման դիմումը, հավանական համարեց հայկական մշակութային ժառանգության պաշտպանությանն առնչվող իրավունքները Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման մասին միջազգային կոնվենցիայի (International Convention on the Elimination of All Forms of Racial Discrimination, CERD) պաշտպանության շրջանակում դիտարկելը։ Դատարանը պարտավորեցրեց Ադրբեջանին ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները՝ կանխելու և պատժելու հայկական մշակութային ժառանգության՝ ներառյալ եկեղեցիների, հուշարձանների և գերեզմանատների դեմ ուղղված վանդալիզմի ու պղծման արարքները։ Միջազգային իրավունքի տեսանկյունից այս որոշման բեկումնային նշանակությունն այն է, որ դատարանը մշակութային ժառանգության նկատմամբ բռնությունը դիտարկեց ոչ թե լոկ որպես պահպանության տեխնիկական խնդիր, այլ այն ուղղակիորեն կապեց ազգային կամ էթնիկական ծագման (national or ethnic origin) հիմքով խտրականությունից զերծ լինելու իրավունքների հետ։ Թեև միջանկյալ միջոցների մասին որոշումը գործն ըստ էության չի լուծում հարցը, և դատարանը դեռևս չի արձանագրել, որ ժառանգության ոչնչացումն ինքնին CERD-ի խախտում է, այդ որոշումն ակադեմիական և վերլուծական տիրույթում հիմնարար նախադրյալ է ստեղծում պնդելու, որ մշակութային ժառանգության դեմ հանցագործությունները չեն կարող առանձնացվել հայկական ազգային կամ էթնիկական ծագում ունեցող անձանց դեմ ուղղված խտրականությունից և, վերջին հաշվով, ծառայում են էթնիկ զտումների արդյունքների վերջնական օրինավորմանը։
Իրավական նման հիմնարար արձանագրումները, սակայն, պահանջում են գործնական, կիրառելի մեխանիզմներ, որոնց մշակման համար հրամայական է դառնում միջազգային համեմատական փորձի տեղայնացումը։ Կոնֆլիկտային և հետկոնֆլիկտային այլ գոտիների դեպքերը վկայում են, որ մշակութային ժառանգությունը հնարավոր է պաշտպանել հաստատութային նորարարությունների միջոցով։ Դիցուք՝ Կիպրոսի փորձը ցույց է տալիս, որ երկհամայնքային Մշակութային ժառանգության տեխնիկական կոմիտեի (Technical Committee on Cultural Heritage, TCCH) գործունեության շնորհիվ և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (United Nations Development Programme, UNDP) ու Եվրոպական միության աջակցությամբ հնարավոր է ժառանգության փաստագրումն ու պահպանումը մասնակիորեն տարանջատել քաղաքականությունից և վերածել տեխնիկական-մասնագիտական գործընթացի։ Նմանատիպ տրամաբանություն գործեց նաև Բոսնիա և Հերցեգովինայում․ Դեյթոնյան համաձայնագրի 8-րդ հավելվածի (Annex 8) հիմքով ստեղծվեց Ազգային հուշարձանների պահպանության հանձնաժողով (Commission to Preserve National Monuments)՝ մշակութային ժառանգության պաշտպանությանը վերապահելով հատուկ հաստատութային կարգավիճակ հետկոնֆլիկտային կարգավորման գործընթացում։
Միջազգային պրակտիկայի մեկ այլ կարևոր չափում վերաբերում է տարածքային և լանդշաֆտային պաշտպանությանը։ Կոսովոյում Ահտիսաարիի պլանի շրջանակներում առանցքային կրոնական վայրերի համար ներդրվեց «Հատուկ պահպանության գոտիների» (Special Protective Zones, SPZ) մոդելը, որը պաշտպանում է ոչ միայն առանձին ճարտարապետական շինությունը, այլև դրա ամբողջական մշակութային լանդշաֆտը՝ սահմանափակելով կամ արգելելով գոտում որոշակի շինարարական և տնտեսական գործունեություն կամ պատմական տեսադաշտի խաթարումը։ Արցախի խոշորագույն վանական համալիրների շուրջ նմանօրինակ վիրտուալ կամ դիվանագիտական հատուկ գոտիների սահմանումը կարող է իրավական վահան դառնալ հուշարձանի ապահամատեքստայնացման դեմ։ Թեև Կոսովոյի «Հատուկ պահպանության գոտիների» նախադեպը կարող է ծառայել որպես արժեքավոր համեմատական մոդել, դրա մեխանիկական տեղայնացումն արցախյան համատեքստում անիրագործելի է առանց միջազգային-իրավական հատուկ մեխանիզմների ձևավորման։ Հետևաբար, Արցախի ժառանգության համար առաջարկվող մոդելը պետք է դիտարկել ոչ թե որպես կոսովյան մեխանիզմի պարզ պատճենում, այլ որպես դրա հայեցակարգային հենքի վրա խարսխված, միջազգային պահպանության հարմարեցված և ինքնուրույն ռեժիմ։
Ֆիզիկական հասանելիության բացակայության պայմաններում առաջին պլան է մղվում տեխնոլոգիական մշտադիտարկման անհրաժեշտությունը։ Ուկրաինայում ՅՈՒՆԵՍԿՕ-ի և ՄԱԿ-ի Ուսուցման և հետազոտությունների ինստիտուտի (United Nations Institute for Training and Research, UNITAR) արբանյակային վերլուծության ծրագրի (Satellite Analysis and Applied Research Programme, UNOSAT) համատեղ մոդելն ապացուցեց արբանյակային պատկերների վրա հիմնված փոփոխությունների հայտնաբերման արդյունավետությունը։ Արցախի ժառանգության արբանյակային դիտակետի հաստատութացումը և դատափորձագիտական (forensic) ամրագրմամբ՝ ժամանակագրական դրոշմներով (timestamps) տվյալների արխիվացումը թույլ կտան ստեղծել փոփոխությունների հստակ շղթա, որը կարող է օգտագործվել հետագա իրավական գործընթացներում որպես փաստագրական և ապացուցողական նյութ։
Վերջապես, անգամ այն դեպքերում, երբ հուշարձանն արդեն իսկ ենթարկվել է ավերման, համաշխարհային փորձը հուշում է, որ գործընթացը չի ավարտվում զուտ կորստի արձանագրմամբ։ Մալիում (Տիմբուկտու) և Իրաքում (Մոսուլ) իրականացված վերականգնողական ծրագրերը հաստատեցին «նախ փաստագրել, ապա վերակառուցել» սկզբունքի կենսականությունը։ Ժամանակակից թվանշային տեխնոլոգիաների կիրառմամբ Արցախի հուշարձանների թվանշային երկվորյակների (Digital Twins) ստեղծումը ոչ միայն իմացաբանական պահպանության ակտ է, այլև հիշողության շարունակականության ապահովման մեխանիզմ։ Այդ ծրագրերն ընդգծում են նաև տեղական համայնքների և տեղահանվածների ներգրավման և նրանց մշակութային իրավունքների հարգման դերը՝ հաստատելով, որ ժառանգությունը հնարավոր չէ փրկել՝ անտեսելով այն մարդկանց, որոնց հիշողության տարածքն է այն։ Արցախի պարագայում դա նշանակում է արցախահայության՝ որպես ժառանգակիր հանրույթի, անմիջական ներգրավում։
Համադրելով միջազգային արդարադատության նախադեպերը և հակամարտային գոտիների էմպիրիկ փորձը՝ ակնհայտ է դառնում, որ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության համապարփակ հայեցակարգը պետք է ձևակերպվի ոչ թե պարզապես որպես շինությունների փրկություն, այլ որպես ժառանգության շարունակականության (heritage continuity) ապահովում։ Բնիկ ժառանգակիր ժողովրդի՝ արցախահայության ֆիզիկական բացակայության պայմաններում պահանջվում է հաստատութային նոր ճարտարապետություն։ Այդ նպատակով, միջազգային համեմատական փորձի վերլուծության հիման վրա առաջարկում եմ պաշտպանության յոթ բաղադրիչից բաղկացած հաստատութային մոդել, որի խնդիրը մշակութային ժառանգության ոչ միայն ֆիզիկական անվտանգության, այլև դրա պատմական պատկանելիության, ապացուցողական արժեքի և ժառանգակիր հանրույթի հետ կապի անխզելիության ապահովումն է։ Այս բաղադրիչները չեն կազմում լոկ գծային հաջորդականություն․ դրանք սերտորեն փոխկապակցված են և միասին ձևավորում են ժառանգության պաշտպանության փաստագրական, գիտական, իրավական, համայնքային և թվանշային համալիր ենթակառուցվածքը։
Առաջարկվող ամփոփ քայլաշար
- Պատմական իսկության ամրագրում։ Ստեղծել Փորձագիտական լաբորատորիա, որը միջազգային հարթակներում կվիճարկի և գիտականորեն կհերքի պատմության յուրացման (աղվանականացման (ալբանականացման)/ուդիականացման կամ այլ) պետականորեն հովանավորվող թեզերը՝ ներկայացնելով ճարտարապետական, հնագիտական և վիմագրական անհերքելի ապացույցներ։
- Մշտադիտարկում։ Հիմնել Արբանյակային դիտակետ (Satellite Observatory)՝ օգտագործելով բարձր լուծաչափի արբանյակային պատկերներ և արհեստական ինտելեկտի վրա հիմնված վերլուծական գործիքակազմ՝ մշակութային ժառանգության ավերման և ձևափոխման դինամիկան օպերատիվ ու բարձր պարբերականությամբ փաստագրելու նպատակով։
- Տարածական պաշտպանություն։ Դիվանագիտական խողովակներով հասնել առանցքային վանական համալիրների և հուշարձանախմբերի շուրջ Հատուկ պահպանության գոտիների (SPZ) կարգավիճակի ճանաչմանը, ինչը թույլ կտա սահմանափակել կամ արգելել պատմական միջավայրը և լանդշաֆտը խաթարող շինարարական և տնտեսական գործունեությունը։
- Իրավական ամրագրում։ Ձևավորել Իրավական ապացույցների պահոց (Legal Evidence Repository), որտեղ ժառանգության դեմ ուղղված յուրաքանչյուր ոտնձգություն կվերածվի միջազգային իրավասու ատյաններում կիրառելի, խիստ փաստաթղթավորված ապացուցողական փաթեթի։ Կախված իրավախախտման բնույթից՝ համապատասխան նյութերը նպատակաուղղված կերպով կնախապատրաստվեն մարդու իրավունքների պաշտպանության, միջազգային քրեական արդարադատության կամ միջազգային իրավական այլ մեխանիզմների շրջանակներում գործադրելու համար։
- Վիրտուալ վերակառուցում։ Զանգվածաբար ստեղծել հուշարձանների եռաչափ (3D) թվանշային երկվորյակներ (Digital Twins), որպեսզի անգամ նյութական օբյեկտի ֆիզիկական ոչնչացման դեպքում դրա պատմական, տարածական և մշակութային տեղեկատվության թվանշային ամբողջականությունը շարունակի գոյություն ունենալ անխաթար տեսքով։
- Ժառանգակիր հանրույթի վերամիավորում։ Վերականգնել և պահպանել տեղահանված բնիկ ժողովրդի՝ արցախահայության կապն իր ժառանգության հետ կրթական ծրագրերի, բանավոր պատմությունների, ընտանեկան արխիվների հավաքագրման և թվանշային թանգարանների միջոցով։
- Թվանշային փաստագրում։ Ստեղծել Միջազգային անկախ ռեգիստր, որտեղ յուրաքանչյուր հուշարձան կունենա համապարփակ թվանշային անձնագիր (աշխարհագրական ճշգրիտ կոորդինատներ, վիմագրությունների պատճեններ, պատմական լուսանկարներ)՝ ամրագրված գաղտնագրային (կրիպտոգրաֆիկ) հեշավորման, մետատվյալների (metadata) անփոփոխ պահպանման և ապացույցների պահառության շղթայի (chain of custody) անխզելիության ապահովման մեխանիզմներով։
Ամփոփելով կարելի է արձանագրել, որ Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությունը վերջնականապես դուրս է գալիս զուտ ճարտարապետական հուշարձանների ֆիզիկական պահպանության ավանդական դիսկուրսից։ Երբ քարե կառույցները դառնում են տարածքային էթնիկ զտումն արդարացնող պատմական ապասուբյեկտայնացման թիրախներ, դրանց նյութական պահպանությունն այլևս չի կարող ինքնանպատակ լինել։ Նման պայմաններում պաշտպանության ավանդական գործիքակազմն անխուսափելիորեն պետք է փոխարինվի նոր՝ համակարգային ռազմավարությամբ, որը հիմնված կլինի վավերական փաստագրման, իրավական ապացուցողական հենքի և տեխնոլոգիական մշտադիտարկման վրա։ Այս հաստատութային նոր ճարտարապետության առանցքային նպատակը ոչ միայն ֆիզիկական մնացորդների ու ապացույցների փրկությունն է, այլև դրանց հավաստի պատմական ընթերցման, ճշգրիտ պատկանելիության և հիշողության նյութական ենթակառուցվածքի պաշտպանությունը հարաճուն վերաշարադրման ու բռնի օտարման գործընթացներից։ Այսպիսով, մշակութային ժառանգության պաշտպանությունը դադարում է լինել անցյալի պահպանության տեղային քաղաքականություն․ այն վերածվում է արդարության, բռնի տեղահանված արցախահայության մարդկային հիմնարար և մշակութային իրավունքների, ինչպես նաև ինքնության անխաթար շարունակականության համար մղվող ակտիվ պայքարի։ Ժառանգության անձեռնմխելիության ապահովումն այս համատեքստում դառնում է ոչ միայն ճշմարտության և խաղաղության գործիք, այլև հետկոնֆլիկտային արդարության հաստատման և հավաքական ապագայի երաշխավորման գլխավոր հիմնասյունը։
