ՀՀ ԿԳՄՍ նախարարության և Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ՝ հոկտեմբերի 1-8-ը Երևանում ընթանում է «ՀԱՅ ՖԵՍՏ» 24-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը, որն այս տարի ևս անցկացվում է «Փառատոնային ձերը» («Festivally Yours!») խորագրով։ Փառատոնին մասնակցում են 11 երկիր, իսկ մասնակիցների թիվը գերազանցում է 200-ը: Առաջին անգամ տարածաշրջանում մեկնարկել է HFPAM (HIGH FEST Performing Arts Market)՝ կատարողական արվեստների միջազգային տարածաշրջանային շուկան, որի շրջանակում հյուրընկալվում են մինչև 30 արտասահմանյան փորձագետներ, միջազգային փառատոների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Եռօրյա ծրագրին մասնակցում են նաև հայկական մի շարք թատրոնների ներկայացուցիչներ՝ հնարավորություն ունենալով ներկայացնելու իրենց գործունեությունն ու նախագծերը միջազգային մասնագետներին։ Այս տարվա ծրագրում ներառված են մի շարք տեղական ու արտասահմանյան ներկայացումներ։
Փառատոնի մեկնարկը ազդարարվեց իտալական հայտնի «Լուկա Պիալլինի» ընկերության
«Տիեզերական ճամփորդություն» տպավորիչ բացօթյա օդային ներկայացմամբ: Բեմադրիչ և ռեժիսոր Լուկա Պիալլինին իր ստեղծագործական ուղին սկսել է «Երրորդ թատրոնի» թատերախմբերում՝ առանձնակի հետաքրքրություն տածելով բարձրության և տարածության համադրման արվեստի նկատմամբ՝ ժայռամագլցումից մինչև ուղղահայաց պար։ Համաշխարհային շրջագայություններից ու բազմամյա փորձից հետո նա հիմնադրել է սեփական ընկերությունը՝ թատրոնն ու պերֆորմանսը միավորելով յուրահատուկ գեղարվեստական տեսլականի շուրջ։ «Տիեզերական ճամփորդություն» ներկայացումը խորքային անդրադարձ է ժառանգության թեմային․ այն ճանապարհորդություն է դեպի այն աշխարհը, որն այդպես էլ չկարողացանք փոխել, բայց պատրաստվում ենք ավանդել հաջորդ սերունդներին։
Լիսաբոնից ժամանած «(Րի)բութ» թատերախումբը ձգտում է Հիփ-Հոփ մշակույթը դուրս բերել ավանդական սահմաններից և այն ներկայացնել ավելի լայն մշակութային համատեքստում՝ փողոցային էներգիան տեղափոխելով թատերական բեմ ու կյանքի կոչելով պայքարի իրական պատմությունները։ «Հակամշակույթի համառոտ պատմությունը» ներկայացումը պարը դիտարկում է ոչ թե սոսկ որպես գեղագիտական ձևաչափ, այլ որպես ինքնատիպ քաղաքական ու սոցիալական լեզու․ լեզու, որը ծնվել է մեկուսացման, դիմադրության և հավաքական գոյատևման պայմաններում։
Փառատոնին մասնակցում են նաև Չինաստանից։ Վերջին տասնամյակում չինական «Փոքրիկ նարնջագույն ամրոց» թատերախումբը վերածվել է խոշոր թատերական կառույցի՝ ծավալելով ակտիվ գործունեություն բեմադրությունների ստեղծման, ցուցադրման և թատերական կրթության ոլորտներում, իսկ նրա խաղացանկն այսօր ընդգրկում է ավելի քան 100 հեղինակային ներկայացում։ Ռեժիսոր Սյանլին Չժունի «Քամու հետ քայլելով» 50 րոպեանոց տիկնիկային բեմադրությունը ստեղծվել է չինացի հայտնի նկարազարդող Սյոն Լյանի ստեղծագործության հիման վրա։ Այն ինքնատիպ երաժշտական-պոետիկ ներկայացում է, որը ներդաշնակորեն համադրում է չինական ավանդական գեղագիտությունն ու ժամանակակից տիկնիկային արվեստը՝ ձևավորելով տպավորիչ և համընդհանուր թատերական լեզու։
Փառատոնին մասնակցում են նաև Իրանից․ «Պարս Շիրազ» թատերախումբը ներկայացրել է ռեժիսոր Հադի Էմամի Մողադամի «Խերսակ (Փոքրիկ Արջը)» ժողովրդական մյուզիքլը, որի մուտքն ազատ է։ Բեմադրության սյուժեի կենտրոնում երկու երեխաներ են, որոնք ճանապարհորդում են դեպի Իրանի ավանդական գորգերի նախշերի ու զարդանախշերի կախարդական աշխարհ։ Գորգերում հյուսված նրբագեղ պատկերների, ինչպես նաև տեղի ցեղերի ու համայնքների ներկայացուցիչների ուղեկցությամբ նրանք բացահայտում և հանդիսատեսին են փոխանցում Իրանի տարբեր շրջանների հարուստ ծեսերը, մշակույթն ու ավանդույթները։
Փառատոնի հայկական ծրագրում տարբեր պետական և ոչ պետական թատրոնների ներկայացումներ են։ Սոս Սարգսյանի անվան պետական համազգային թատրոնը ներկայացնում է ռեժիսոր Զառա Անտոնյանի «Փոքրիկ Ողբերգություններ» երկու ժամանոց ողբերգական բուֆոնադը։ Ալեքսանդր Պուշկինի պիեսների հիման վրա բեմադրված այս ներկայացումը մարդկային հոգևոր որոնումների խորհրդավոր պատկերումն է, որտեղ դրամատիկական գործողությունը, վիդեոարվեստը, ինստալյացիան ու երգչախմբային երաժշտությունը միահյուսվում են՝ ձևավորելով հիշողության, ցավի և հույսի միասնական տարածություն։ Բեմադրությունը նվիրված է պատերազմում հերոսաբար զոհված Ադամ Խալաթյանի հիշատակին։ Իսկ Երևանի պետական կամերային թատրոնը ներկայացնում է ռեժիսոր Դավիթ Աբրահամյանի «ԱԶՆԱՎՈՒՐ. ճանապարհորդություն ժամանակի և երաժշտության միջով» համերգ-ներկայացումը։ Այս բեմադրությունը երազանքին հասնելու բարդ ճանապարհի, ընկնելու ու ոտքի կանգնելու, խիզախելու և հաջողելու հուզիչ պատմություն է։ Մտերմիկ երեկոյի ընթացքում հանդիսատեսը վայելում է լեգենդար արտիստի անմահ երգերն ու ծանոթանում նրա կյանքի ամենահիշարժան ու նշանակալից դրվագներին։
Փառատոնային հարուստ ծրագիրը չի սահմանափակվում միայն այս բեմադրություններով․ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի շրջանակում հանդիսատեսին սպասվում են բազմաթիվ ինքնատիպ ներկայացումներ, որոնք լավագույնս արտացոլում են ժամանակակից կատարողական արվեստների բազմազանությունն ու զարգացման միտումները։
Հավելենք, որ «ՀԱՅ ՖԵՍՏ» կատարողական արվեստների միջազգային փառատոնն ընդգրկված է «EFFE» եվրոպական փառատոների ասոցիացիայի 24 լավագույնների ցանկում։
Պատրաստեց Վովա Արզումանյանը
