Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի փոքր բեմում Նարինե Աբգարյանի «Զուլալի» ստեղծագործությունն է՝ պատմություն ցավի, մարդկային կորստի և տարիների ընթացքում վերապրված լռության մասին։ Իրական կյանքի պատառիկներով ու գեղարվեստական նուրբ լեզվով հյուսված այս պատմությունը հանդիսատեսի առջև բացում է դառն ու անուշ կյանքի ամենամարդկային էջերը։
Ուրեմն՝ թողնում ենք քաղաքային աղմուկն ու գնում Լեռնաձոր․․․
Լեռնաձորն աշխարհագրական վայր լինելուց բացի սեղմ, ինքնամփոփ միկրոաշխարհ է, որտեղ մարդկային ճակատագրերը պարփակված են համայնքի հայացքի ներքո։ Այս փակ միջավայրում չասված խոսքերը, ներքին նախապաշարումներն ու հասարակական դատողությունները ձեռք են բերում տեսանելի գոյություն՝ դառնալով հերոսների կենցաղի անբաժանելի, բայց ճնշող մասը։
Ներկայացման դրամատուրգիական առանցքը քննում է այն հոգեբանական սահմանագիծը, որտեղ ճակատագրական փորձությունները մի կողմից խաթարում են մարդկային էությունը, մյուս կողմից՝ ծնում ներքին դիմադրողականություն։
Հրդեհի ողբերգությունից հետո Զուլալիի համրանալը դառնում է բեմադրության գլխավոր արտահայտչամիջոցը․ նրա լռությունը պասիվ վիճակ չէ, այլ ներքին, ճչացող աշխարհ։ Հոր կերպարում ողբերգությունը վերածվում է ներքին կասկածի ու մեղադրանքի, քանի որ դստեր լռությունը մշտապես հիշեցնում է կորցրած ընտանիքի մասին՝ ստեղծելով հոգեբանական խոր հակասություն սիրո և չներված ցավի միջև։

Ի հակադրություն հոր փակվածության՝ Մայրանուշի կերպարը մարմնավորում է լռելյայն հոգատարությունն ու առօրյա աշխատանքի միջոցով ապրելու ուժը։ Նրա անկեղծ, չմիջնորդավորված սերն է, որ ստեղծում է ընտանեկան ջերմության վերջին հենարանը։ Կոշկակարը դառնում է արտաքին դիտորդն ու պատմողը, որն արտահայտում է գյուղի թաքցրած մտքերը, իսկ փոքրիկ Նազարոսի ծնունդն ու մանկական պարզությունը վերականգնում են կյանքի բնական ռիթմը։
Բեմադրիչ Գայանե Անդրասյանի ռեժիսորական հայեցակարգը հենվում է պլաստիկ, ձայնային և տարածական լուծումների համադրության վրա։ Զուլալիի ներքին խոսքի ձայնագրված կիրառումը ստեղծում է արտաքին լռության և ներքին հարուստ աշխարհի հստակ հակադրություն՝ կերպարին ազատելով պասիվ զոհի կարգավիճակից։
Սուսաննա Հախվերդյանի մինիմալիստական բեմանկարչությունն անմիջապես ներքաշում է ողբերգական տարածություն՝ պայմանական միջավայրը դյուրինությամբ վերածելով գյուղական տան ու հիշողության ճանապարհի։ Այս մոտեցմանն էապես նպաստում է կամերային տարածության ընտրությունը․ փոքր բեմը կրճատում է դերասան-հանդիսատես հեռավորությունը՝ առավելագույն արտահայտչականություն հաղորդելով ժեստերին։
Ներկայացման հոգեբանական մթնոլորտի ակտիվ մասնակից է դառնում «Հող» խմբի երաժշտական հյուսվածքը, որը լրացնում է բառերի բացակայությունը։ Միևնույն ժամանակ, ռեժիսորը խուսափում է միագույն դրամատիկ ծանրությունից՝ կենցաղային հումորի ու մանկական խաղերի միջոցով ցույց տալով, որ անգամ ցավի մեջ կյանքը շարունակում է իր ընթացքը։ Իսկ ներկայացման կոմպոզիցիոն շրջանաձևությունը սկզբնական տեսարանից տրամաբանորեն հանգում է կյանքի ու սիրո հանգուցալուծմանը՝ փոխադարձ ճանաչմանը։
Ներկայացման դերասանական ներուժը հոգեբանական նրբերանգների ներդաշնակ համադրման մեջ է։ Փոքրիկ Զուլալիի դերում Ռայա Հովհաննիսյանը կերտում է երեխայի հոգեբանական սահմանային վիճակը, որտեղ մանկական անմեղությունը բախվում է ողբերգության անդառնալի հետևանքներին, իսկ արդեն հասուն Զուլալիին մարմնավորող Միլենա Ավանեսյանի խաղում արտաքին կանացի հասունությունը ներդաշնակորեն համադրվում է ներքին մանկական պարզության հետ՝ առանց չափազանցվածության ընդգծելով կերպարի խոցելիությունը։ Սերգեյ Ոսկանյանը բացահայտում է կորստի ցավից չարացած հոր բարդ ներաշխարհը, որի վերաբերմունքում անբաժանելիորեն հյուսված են սերն ու դստերն ուղղված անլռելի մեղադրանքը, ինչին ի հակադրություն՝ Տիգրանուհի Տեր-Մարկոսյանի Մայրանուշն առանձնանում է զուսպ, մեծ հոգատարությամբ, որը վերածվում է ընտանիքը պահպանող և Զուլալիին սիրով շրջապատող հոգևոր հենարանի։ Իշխան Ղարիբյանը, մարմնավորելով միաժամանակ գործող անձի (Կոշկակար) և պատմողի, բեմադրությանն է փոխանցում գրական պատումի որակներ՝ բարձրաձայնելով համայնքի թաքցրած ճշմարտությունները, իսկ Վազգեն Մկրտչյանի (Նազարոս) անմիջական ու ջերմ խաղը կենդանություն է հաղորդում ամբողջ մթնոլորտին՝ դառնալով կյանքի շարունակականության և մանկական երևակայությամբ ընտանիքը վերականգնելու գլխավոր կրողը։ Արման Սիմիկյանն էլ (Ջրաղացպանի որդի) դիպուկ փոխանցում է այն կերպարային ագրեսիան, որը դառնում է հերոսուհու կյանքի հաջորդ աղետալի շրջադարձի պատճառը։
Բեմական պատումը փաստում է, որ անգամ ամենախոր վերքերի ու անհաղթահարելի թվացող ցավի պարագայում, վերականգնման և ներման սկիզբը կարող է դրվել մարդկային տարրական, անկեղծ բարության շնորհիվ։
«Զուլալի» ներկայացումը հանդիսատեսին մղում է էկզիստենցիալ մտորումների՝ ինչպե՞ս դիմակայել կյանքի ողբերգական բախումներին և վերագտնել հույսի այն լույսը, որը հաճախ թաքնված է մեր կողքին․․․
