«Մարդ շարունակ նորանոր բաներ է իմանում իր մասին ու ինչքան շատ է իմանում,
այնքան ավելի է խճճվում»:
Ուիլյամ Սարոյան, «Հայրիկ, դու խենթ ես»
Աշտարակի դրամատիկական թատրոնը չի դադարում հանդիսատեսին անակնկալներ մատուցել։ Չորրորդ թատերաշրջանը բացվեց «Հայրիկ, դու խենթ ես» ներկայացմամբ՝ ըստ Ուիլյամ Սարոյանի համանուն ստեղծագործության։ Սարոյանի աշխարհում պտվվեց նաև երիտասարդ ռեժիսոր Արտյոմ Ավետիսյանը։ Պտտվեց երկար ու գտավ այն, ինչն իրեն հարազատ է, այն, ինչ մեզ է հարազատ։ Գտավ ու բեմ բերեց հոր և որդու երկխոսությունը, միմյանց հանդեպ հավատը, սիրելու և ապրելու հավատը։
Ներկայացում, որ նայում ես ու հասկանում՝ կյանքը միշտ չէ, որ հարթ ու կանխատեսելի է։ Երբեմն այն իրական է, անկարգ երեխայի պես չարաճճի ու անկանխատեսելի, երբեմն էլ՝ խենթ, խաղերով, սխալներով լի ու ծիծաղելի։ Բայց ամեն ինչի մեջ կա սեր ու հոգատարություն։ Կան սպասումներ, փոքրիկ ուրախություններ, մեծ հույսեր։ Ու ամենակարևորը՝ կա միասին լինելու գաղափարը։ Միասին ես, երբ ուրախ է, դժվար է։ Միասին ես, երբ ամեն ինչ խառնվում է իրար։ Որովհետև կյանքը հենց սա է՝ սխալներով, հումորով, խենթություններով ու սիրով… իսկ իսկական արժեքը՝ կողք կողքի մնալու, իրար չլքելու ու ամեն ինչ նորից միասին սկսելու վճռականությունն է։
Բեմը վերածվել է կենդանի, շնչող և ընդգծված խաղային միջավայրի, որտեղ գործողությունը զարգանում է բազմաշերտ հարթություններում: Բեմանկարիչ Տիգրան Հարությունյանի հեքիաթային իրականության տեսլականն այստեղ ստացել է հստակ ծավալային մարմնավորում․ ողջ պատմության ընթացքը կառուցված է տան գաղափարը վերաիմաստավորող, ինքնատիպ կոնստրուկցիայի շուրջ: Ռեժիսորն այս բեմադրությունը բնորոշել է որպես պտտվող դրամա, և պատահական չէ, որ բեմը գրեթե ամբողջ ներկայացման ընթացքում գտնվում է պտույտի մեջ։ Այս երկհարկանի շինությունը կարելի է համարել ինքնամփոփ մի տիեզերք, որտեղ ապրում են հերոսները: Կառույցն իր մեջ կրում է երկակի սիմվոլիկա․ մի կողմից այն ընտանեկան ջերմության խորհրդանիշն է, մյուս կողմից՝ մի ընդհանուր, պտտվող դաշտ, որտեղ մարդիկ կամա թե ակամա փակված են: Եվ հենց բեմի այդ անընդհատ պտույտն է, որ անհնարին է դարձնում փախուստը․ որքան էլ որ հերոսները երբեմն ձգտեն հեռանալ, առանձնանալ կամ երազեն իրար չտեսնելու մասին, միևնույն է, կյանքի ու բեմի պտույտը նրանց անխուսափելիորեն մղում է հանդիպման: Սա է աշխարհը։ Ռեժիսորական այս լուծումը հրաշալիորեն ընդգծում է սարոյանական մարդասիրությունը․ որքան էլ անհատները փորձեն փախչել իրականությունից կամ միմյանցից, տունն ու պտտվող կյանքի առանցքը մնում են այն ձգողականության կենտրոնը, որտեղ սերը, մանկական անմեղությունն ու երազանքը վերջնականապես վերացնում են բոլոր տեսակի տարածական ու հոգեբանական պատնեշները:
Դերասան Սարգիս Ռուստամյանին առաջին անգամ չենք տեսնում բեմում։ Այս անգամ նույնպես նա կլանել էր ամբողջ պատմության տրամաբանությունն ու իր կերպարի ներքին շարժառիթները կառուցել այդ սահմաններում։ Մարմնավորելով հոր կերպարը՝ զարմանալի թեթևությամբ ու հոգեբանական ճշգրտությամբ կերտում է այն խենթ տեսակը, որի ներսում անվերջ պայքարներ կան: Դերասանը նաև կարողանում է հանդիսատեսին փոխանցել հայրության նուրբ, գրեթե բանաստեղծական ընկալումը, որտեղ հայրը որդու համար ոչ միայն ուղեցույց է, այլև աշխարհն ավելի լավը դարձնող ընկեր, երազակից ու առաջնորդ: Զարմանալի է տասնամյա Փիթերի դերակատար Հայկ Եղիազարյանի ունակությունը, որն ամբողջ ներկայացման ընթացքում կարողանում է իր խաղային սահմաններից դուրս չգալ և ամբողջությամբ ձուլված է բեմական իրականությանը։ Ռեժիսորը մանրակրկիտ աշխատել է դերակատարի խոսքի ու ժեստերի ուղղությամբ, ինչն ակնառու է։ Աշտարակի դրամատիկական թատրոնի ստուդիայի սանն աչքի է ընկնում անկեղծությամբ։ Նա չի խաղում երեխա, այլ բեմում ապրում է մանկությանն հատուկ այն պարզ, անմիջական ու հետաքրքրասեր հոգեվիճակով, որն այդքան կարևոր է սարոյանական աշխարհընկալման մեջ։ Փոքրիկ աղջկա դերակատարը՝ Եվա Պետրոսյանը, նույնպես նույն ստուդիայի սան է, որը դրվագային խաղով կարողանում է դառնալ այս պատմության մթնոլորտի մասը։ Փիթերի մոր դերակատար Ամալ Դոլուխանյանի դեպքում խոսքային ու կերպարային զարգացման գծում դեռևս կան որոշակի հղկման ու առավել արտահայտիչ շեշտադրումների կարիք, ինչը միայն կծառայի ի շահ ներկայացման։ Տարբեր տեսարաններում կերպարներ են մարմնավորում դերասաններ Դավիթ Աբովյանը, Աննա Ասատրյանը՝ նոր գույն ու տրամադրություն բերելով բեմական պատմության մեջ։

Չենք կարող չառանձնացնել կոմպոզիտոր Նարեկ Կոսմոսի երաժշտությունը, որը ստեղծվել է հատուկ այս ներկայացման համար։ Կոմպոզիտորը, միաժամանակ լինելով նաև ինքնատիպ բանաստեղծ, խորապես զգում է Սարոյանի գեղարվեստական մտածողությունն ու խոսքի ներքին ռիթմը։ Նա կարողացել է երաժշտական լեզվով թարգմանել սարոյանական աշխարհին բնորոշ լուսավոր տխրությունն ու հարաբերությունների անմիջականությունը։ Ներկայացման առանձին դրվագներում, որտեղ ռեժիսորական լուծումները հենված են ավելի շատ վիզուալ պատկերաշարի, քան գործողության վրա, երաժշտությունը ստանձնում է առաջնային դեր․ այն սահուն կերպով լրացնում է դադարները, հուզականորեն ամբողջացնում պատկերը՝ դառնալով ներկայացման հենասյուներից մեկը։
Մարդու հուզաշխարհում տեղի ունեցողը նման կերպ մեկնաբանելը թույլ է տալիս եզրակացնել, որ ռեժիսորական կենսահաստատ քայլերով առաջ ընթացող Արտյոմ Ավետիսյանից սպասելիքները շատ են։ Նա ունի ճաշակ, մտածողություն և դերասանի հետ աշխատելու ձևավորվող ձեռագիր։ Ներկայացումը վկայում է, որ երիտասարդ ռեժիսորը չի վախենում բարդ փիլիսոփայական ու հոգեբանական նյութերից, այլ կարողանում է դրանք բերել ժամանակակից, դինամիկ թատերական հարթություն։
Սպասենք նոր ու խենթ ներկայացումների․․․
