Թերեզա Ամրյան/Փարիզյան ոսկի

Սուսաննա Ավետիսյանին

Առավոտյան տիկին Ջեմման բացեց տան ծանր դուռը և ներս մտավ՝ գրկին Հրաչուկը։ Երեխան իսկույն վազեց իր սենյակ, բայց շեմին կանգ առավ։ Մահճակալին մի շեկ երիտասարդ էր քնած։

– Տատի՛կ, նորից Վալդիսին բերել են իմ սենյակ… Ինչո՞ւ են նրան ներս թողել, սա իմ սենյակն է, իմ մահճակալը։

Ջեմման գրկեց գունատված երեխային ու շշնջաց նրա ականջին.

– Գառնո՛ւկս, Վալդիսը պապայի ընկերն է։ Մաման ու պապան նոր են վերադարձել, դեռ քնած են։ Ցա՛ծր խոսիր։

Հրաչուկը փաթաթվեց տատի պարանոցին, նայեց լուսամփոփին ու ասաց.

– Տատի՛կ, թող Վալդիսը մամայի ու պապայի հետ չգա մեր տուն…

Չհասցրեց ոչինչ ավելացնել. տատը նրան խոհանոց տարավ։

– Տե՛ս, մաման ու պապան քեզ համար ինչ սիրուն շորիկ են բերել։

– Շորիկ չեմ ուզում… Թո՛ղ գնամ իմ սենյակ․ Վալդիսը ջարդել է իմ լուսամփոփը։

– Մի՛ գնա, արի քեզ համար խտացրած կաթ բացեմ… Տե՛ս, մաման ու պապան զեբրի նախշերով շոկոլադն են բերել։

Ջեմման դեռ չէր ավարտել խոսքը, երբ խոհանոց մտան Հրաչուկի ծնողները։

Մայրը համբույրներով պատեց երեխայի այտերը, իսկ հայրը հարցրեց.

– Կուզե՞ս միասին լիճ գնանք։

– Չէ՛, չեմ ուզում։ Ինձ համար կատո՛ւ բեր, Սուսան տոտայի կատվի նման։

– Լավ, կատու կբերենք։

– Իմ կատվի անունն էլ կդնենք Մեղրիկ։

– Կուզե՞ս քեզ օդ բարձրացնեմ՝ «սամալյոտ» անեմ, – ասաց հայրը։

– Ալիշա՛ն, ո՞նց ես օդ բարձրացնելու… Վիրահատությունից հետո կարերը դեռ չեն քանդել, – անհանգստացած միջամտեց Ջեմման։

– Յուրիկ ձաձան ամեն օր ինձ «սամալյոտ» է անում, – ասաց Հրաչուկը և ավելացրեց, – համ էլ Վալդիսը ջարդել է իմ լուսամփոփը։

Դուռը թակեցին։ Ներս մտավ հարևանուհի Սուսանը։ Սկուտեղը սեղանին դրեց և ուրախությունից ծափ տվեց.

– Վա՜յ, աչքներս լույս, իմ Հրաչուկը հիվանդանոցից տուն է եկել։ Տե՛ս, իմ աղջիկ, քեզ համար չամիչով բուլկի ու թռչնի կաթ եմ բերել։

Հրաչուկը վազեց, փաթաթվեց Սուսանին.

– Սուսա՛ն տոտա, հետո միասին կգնանք Մեղրիկի հետ խաղալու, չէ՞։

– Անպայման, իմ աղջիկ։

Մինչ Սուսանը ողջունում էր Զվարթին ու Ալիշանին, Հրաչուկը վազեց իր սենյակ, շոշափեց կոտրված լուսամփոփի ոսկեգույն մետաղական մասը, ապա աթոռի վրայից ցած նետեց Վալդիսի զինվորական համազգեստը։ 

– Սա իմ լուսամփոփն էր, ինչո՞ւ ես կոտրել։ Յուրիկ ձաձան իմ լուսամփոփին փարիզյան ոսկի էր քսել, – գոռաց Հրաչուկը։ 

Վալդիսը վեր թռավ ու չռեց կանաչ աչքերը։ Հրաչուկի ձայնը լսելով՝ տանեցիներն ու Սուսանը ներս մտան։

– Հրաչո՛ւկ, չի՛ կարելի, ախր Վալդիսը հյուր է, – ասաց Զվարթը։

– Հրաչո՛ւկ, Սուսանը կտխրի, որ մեզ չես լսում, – ավելացրեց Ջեմման։

– Լավ եմ անում, ախր կոտրել է իմ լուսամփոփը։

– Ո՛չինչ, իմ աղջիկ, մամադ ու պապադ նորը կառնեն, – մեղմեց Սուսանը, – խելո՛ք մնա, որ միասին Սարի թաղ գնանք։

– Ես Սուսան տոտայի հետ կգնամ, – ասաց երեխան։

– Հա՜, իմ աղջիկը ինձ հետ կգա, – ասաց Սուսանն ու աչքով արեց մյուսներին, – միասին կգնանք Մեղրիկի հետ խաղանք ու հետո գաթա թխենք։

Վերելակը չէր աշխատում։ Հրաչուկը երեք աստիճան բարձրանում էր, կանգնում ու շունչ առնում։ Հենվում էր բազրիքին ու հևալով նայում առաստաղին։

Սուսանը բացեց տան ծանր դուռը, և Հրաչուկը հյուրասենյակ վազեց։ Առաստաղից գեղեցիկ ջահ էր կախված։ Էլեկտրականություն չկար, սենյակում կիսախավար էր։ Հրաչուկը հաշվեց ջահի մոմերը, հետո սկսեց փնտրել կատվին։

– Սուսա՛ն տոտա, Մեղրիկը սեղանի տակ քնել է, – ասաց նա ու կանգնեց գրադարակի դիմաց։ Նա արդեն անգիր գիտեր գրքերի տեղերը․ ներքևի աջ կողմում տասներկու կանաչ գիրք կար, վերևում՝ սև գրքերն էին, իսկ մեջտեղում՝ գունավորները…

– Սուսա՛ն տոտա, որ տառերը սովորեմ, Յուրիկ ձաձան իր գրքերը կտա՞, որ կարդամ։

– Անպայման կտա, իմ աղջիկ, – ասաց Սուսանն ու հարցրեց, – կատվի հետ կխաղա՞ս։ 

– Չէ՛, քնած է։

– Դե արի՛, միասին գաթա թխենք։

Սուսանն իր ոսկե մատանին ու կանաչ ուլունքներով թևնոցը դրեց սեղանին, սառնարանից հանեց խմորն ու ասաց.

– Տե՛ս, իմ աղջիկ, մի անգամ էլ բացեմ-փակեմ ու թխենք։

– Սուսա՛ն տոտա, գիտե՞ս ինչ արեցի… Տրորեցի Վալդիսի շորերը։

– Ի՛մ աղջիկ, բա կարելի՞ է, քեզ սազե՞ց…

– Սուսա՛ն տոտա, Վալդիսը մենակ ռուսերեն գիտի…

Մինչ Սուսանը գրտնակում էր խմորը, Հրաչուկը վերցրեց նրա թևնոցը, պահեց օդում, պտտեց ձեռքի մեջ.

– Էս ի՞նչից է սարքած։

– Կանաչ շափյուղա է, իմ աղջիկ։

Հրաչուկը հիշեց հարևան Վարդանի հարսանիքը։ Սուսան տոտան ծափ էր տալիս, իսկ կանաչ թևնոցը փայլում էր նրա թևին։ Թևնոցի քարերի հետ խաղալով՝ մոտեցավ պատուհանին. բարձրից երևում էին մեծ ու փոքր շենքերը, հեռվում՝ հեռուստաաշտարակն ու սարերը։

– Սուսա՛ն տոտա, էն աշտարակը Սարի թաղից երևո՞ւմ է։

– Հա՛, իմ աղջիկ, այնտեղից շա՜տ մոտիկ է երևում։

– Իսկ Սարի թաղում շա՞տ սարեր կան։

– Հա՜, սիրուն տներ ու սիրուն ծառեր կան։

Հրաչուկը շրջվեց։ Սուսանը խորիզն էր խառնում։ Լենինգրադում ամեն ուրբաթ երեկո մայրը բիսկվիթ էր թխում և օտար լեզվով հեքիաթ պատմում… Նայեց պատուհանից ներքև. բակում մեծ թթենի կար։ Թևնոցը պահեց արևի տակ ու մտովի համեմատեց քարերի և թթենու տերևների գույնը։ Սուսանն արդեն խորիզը լցրել էր խմորի մեջ, կտրատել էր գաթան ու երեսին դեղին հեղուկ էր քսում։

– Սուսա՛ն տոտա, էդ ի՞նչ ես անում։

– Ձվի դեղնուց է, որպեսզի գաթաները փայլեն։

– Բա մաման ինչո՞ւ բիսկվիթին ձվի դեղնուց չի քսում։

– Բիսկվիթին պետք չէ քսել, – ասաց Սուսանը, – նայի՛ր, շա՜տ զգույշ պետք է քսել, որպեսզի գաթան չպատռվի։

– Սուսա՛ն տոտա, գիտե՞ս, բժիշկներն իմ փորիկը ճղել ու կարել են։ Ինձ չի կարելի սամալյոտ անել։

– Մի՛ վախեցիր, իմ աղջիկ, դեղերդ խմի՛ր, ու փորիկդ կլավանա։

Կես ժամ անց Հրաչուկն իր մոր գրկում էր։ Գլուխը դրել էր նրա ուսին ու շոյում էր նրա շեկ գանգուրները։

– Խաղացի՞ր կատվի հետ, արևս, – հարցրեց մայրը։

– Չէ՛, կատուն քնել էր։ Երևի հիվանդ էր․ հազիվ էր շնչում։

Զվարթը կանգ առավ շքամուտքի պատուհանի մոտ ու շոյեց երեխայի ճակատը.

– Իմ ու պապայի հետ կգա՞ս Լենինգրադ։

Հրաչուկը նայեց մոր պարանոցի զարդերին.

– Մա՛մ, այս ուլունքներն ինչո՞ւ են փայլում․ ձվի դեղնո՞ւց ես քսել։

– Չէ՛, արևս, դա մարգարիտի փայլն է, – ասաց Զվարթը, – իմ ու պապայի հետ կգա՞ս Լենինգրադ։

– Մա՛մ, ինձ իջացրո՛ւ, ուզում եմ ոտքով գնալ։

Հրաչուկը չորս աստիճան իջնում էր, ապա կանգնում, հենվում մորը և հանգստանում։ Երբ տուն հասան, լսվեց Ջեմմա տատի ձայնը.

– Էս աշխարհում ուրիշ գործ չկա՞ր… Չէ՜, կինդ ինչ ասի, էն էլ պիտի անես, չէ՞։ Մի օր էլ իրեն չլսես, քեզ տնից դուրս կտշի։

Հաջորդ օրերին Հրաչուկը բակ էր իջնում։ Ընկերներից շատերը սկզբում չէին ճանաչում նրան, որովհետև մազերը կարճացել էին, դեմքն ավելի էր գունատվել, շուտ էր հոգնում, փորիկի կարերն էլ ձգում էին։ Կանգնում էր թթենու տակ ու նայում՝ ինչպես են ընկերները գնդակ խաղում, վազում, ծառ բարձրանում։

Երբեմն մոր հետ զբոսնում էր այգում։ Մայրը ստիպում էր խնձորի խյուս ու մեղր ուտել, զրուցում էր երեխայի հետ․ վերջում Հրաչուկն ասում էր․ «Չէ՛, ես Ջեմմա տատիկի մոտ կմնամ»։

Հաճախ էլ Հրաչուկը կանգնում էր շքամուտքի առջև ու նայում նկուղի դռանը։ Հեռվից երևում էր, թե ինչպես է Յուրիկը դեղին, փայլուն նյութով պատում ջահերի ու լուսամփոփների մետաղական հատվածները։ Մինչև նկուղի դռանը հասնելը մի մութ տարածք կար։ Հրաչուկը մտովի անցնում էր այդտեղով, մտնում նկուղ. դռան աջ կողմում տեսնում հարևանների երեխաների գունավոր սահնակները, որ ամեն տարի Յուրիկը վերանորոգում ու ներկում էր։

Արևոտ օրերին Հրաչուկը ցայտաղբյուրից ջուր էր ցողում․ կաթիլներն օդում գունավորվում էին ու չէին հասնում գետնին։

– Տղա՛ ջան, թույլ կտա՞ս անցնել, – հարցնում էին անցորդները։

– Ես տղա չեմ, – պատասխանում էր նա։

Հիվանդանոցում մի երազ էր տեսել։ Քայլում էր երկար, մութ նկուղով։ Ոչ ոք չկար, միայն լսվում էին բժիշկների ձայները։ Հրաչուկին թվաց՝ ուր որ է կհասնի լույսին և կտեսնի, թե ինչպես է Յուրիկը լուսամփոփներին ու ջահերին դեղին փայլուն նյութ քսում։ Բայց լույսի մոտ զինվորական համազգեստով մի անծանոթ էր կանգնած։ Հրաչուկը փորձեց բարևել, իսկ անծանոթը խոժոռվեց, դուրս արեց նրան ու դուռը փակեց։ Հրաչուկը հիշեց, որ իր հայրն էլ նման համազգեստ ունի․ այն միշտ պահարանում կախված է։ Հետո արթնացավ, տեսավ, որ հիվանդանոցում է՝ Ջեմմա տատի և բժիշկների մոտ…

Հիվանդանոցից հետո տանն ու բակում ամեն ինչ փոխվել էր։ Բոլորը կասկածամիտ էին ու հոգատար․․․ Միայն Սուսանն ու Յուրիկն էին առանց տատանվելու նրան ասում՝ իմ աղջիկ։

Մի օր Հրաչուկը հասավ նկուղի դռանը, բայց վախեցավ ներս մտնել։

– Արի՛, տե՛ս, ինչ եմ անում, – կանչեց Յուրիկը։

– Չեմ կարող գալ, այստեղ մութ է։

– Ի՜, իմ աղջիկ, վախեցա՞ր, – Յուրիկը մոտեցավ, գրկեց նրան ու մութ հատվածով տարավ դեպի աշխատասեղանը, – Տե՛ս, քեզ համար նոր լուսամփոփ եմ սարքում։

– Ուռա՜… Յուրի՛կ ձաձա, փարիզյան ոսկի էլ կքսես, չէ՞։ Գիտե՞ս, պապան չգիտի՝ փարիզյան ոսկին ինչ է…

Ջեմմա տատը, որ իջել էր Հրաչուկին տուն տանելու, նկուղ մտավ։

– Ջեմմա՛ ջան, գնացի՞ն երեխեքը, – հարցրեց Յուրիկը։ 

– Հա՛, գնացին, որ հասնեն իրենց գործին… Հոգին էդ գործին են ծախել։ Մենք որ պետական գործ չէինք անում, մեր երեխեքի մոտ էինք, ի՞նչ էր լինում, հո սովից չէ՞ինք մեռնում։

– Ա՛յ քուր, բա իրենք չանեն, ո՞վ անի։ 

– Թող իրենց երեխու հետ լեզու գտնեն… Ո՞ւմ է պետք՝ թե մի օր Վիլնյուսում են, մի օր Լենինգրադում։ 

Հրաչուկը նորից հիշեց Լենինգրադը։ Շատ սիրուն շենքեր կային, բայց բակերում միշտ ցուրտ էր։ Արև էլ չկար, լուսին էլ չկար․ ո՛չ գիշեր էր, ո՛չ ցերեկ։ Բացվող-փակվող կամուրջ կար, շատ նավեր… Մի անգամ ծնողների հետ կինոթատրոն գնաց։ Ֆիլմից հետո հարցրեց.

– Բա կինոյի մեջ Յուրիկ ձաձան ինչո՞ւ էր ուրիշի հետ պարում, բա Սուսան տոտան ո՞ւր էր։

– Հրաչո՛ւկ ջան, ֆիլմի մեջ Ալեն Դելոնն էր, Յուրիկը չէր։

Վիլնյուսը Հրաչուկը չէր տեսել. նրա պատկերացմամբ Վիլնյուսը մեծ, մոխրագույն բեռնատար մեքենա էր, որի մեջ շատ սաթ ու մարգարիտ կար։ Վիլնյուսից վերադառնալիս մայրն իր ընկերուհիների համար մարգարիտ ու սաթ էր բերում։ Դրանք ավելի շատ Սուսան տոտային կսազեին․ մարգարիտներով ու սաթով զարդարվեր, Սարի թաղ գնար…

Ծնողների հեռանալուց հետո Հրաչուկն ավելի թուլացավ․ ամբողջ օրը պառկում էր բազմոցին, նայում էր պատի գորգի նախշերին ու քնում։ Մի օր էլ արթնացավ հիվանդանոցում։ Մահճակալի կողքին Ջեմմա տատն ու Սուսանն էին։

– Ի՛մ աղջիկ, տե՛ս, ադիբուդի եմ բերել, – ասաց Սուսանը։

– Միասին կգնա՞նք Սարի թաղ, – ցածրաձայն հարցրեց Հրաչուկը։

Հրաչուկը շարունակ փակում էր աչքերը։ Ջեմման մեղադրում էր բժիշկներին, ծնողներին, վերջում՝ ինքն իրեն։ Միջանցքի հեռախոսից երբեմն լսվում էր տատի ձայնը. «Պատվեր ընդունե՛ք Լենինգրադ…»։

Մայրը եկավ… Հրաչուկի համար մեծ, կապույտ պայուսակ էր բերել։ 

– Մա՛մ, ի՞նձ ես ավելի շատ սիրում, թե՞ Վալդիսին։

Մայրն ուղղեց իր շարֆը։ Մոր օծանելիքից սոճու ընկույզի հոտ էր գալիս։

– Քեզ համար Լենինգրադից կոնֆետներ եմ բերել, վրան արջուկներ ու սկյուռիկներ են նկարած, – ասաց մայրը։

– Կոնֆետ չեմ ուզում․ Սուսան տոտայի բերած ադիբուդին տուր։

– Ի՞նչ անեմ քեզ համար, արևս։

– Մա՛մ, ինձ կտանե՞ս Սարի թաղ։

– Հա՛, կտանեմ, – լացակումած ասաց Զվարթը։

– Դե ասա տատիկին, թող կոնֆետները իմ պայուսակի մեջ դնի, որ Սարի թաղում ուտեմ։

Այդ օրը Հրաչուկը հորն էլ տեսավ․ նա կռացել էր ու շնչով տաքացնում էր երեխայի մատները։ Հրաչուկն առաջին ու վերջին անգամ էր նրան տեսնում զինվորական համազգեստով՝ ուսերին երկու մեծ աստղ։

Հետո քնեց ու արթնացավ անծանոթ քաղաքում։ Լենինգրադի նման էր՝ ո՛չ արև կար, ո՛չ լուսին։ Հեռվում բացվող-փակվող կամուրջ էր. վրայով անցնելիս ներքև նայեց, բայց նավեր չտեսավ։ Հետո այն երկար, մութ նկուղն էր․ զինվորական համազգեստով մարդն այնտեղ չէր։

Հրաչուկը վազեց դեպի լույսն ու հասավ սարերին։ Ի՜նչ սիրուն գույն ունեին այդ սարերը՝ իսկական կանաչ շափյուղա։ Էնքա՜ն երեխաներ կային․ վազվզում էին, ջուր ցողում իրար վրա, գնդակ խաղում, ծառ բարձրանում։

Հրաչուկը նստեց սարի լանջին ու շոշափեց փորիկը։ Վիրահատության կարերը չկային։ Այնքան երջանիկ էր, որ վերջապես Սարի թաղ էր հասել։ Բացեց մոր բերած կապույտ պայուսակը, որ կոնֆետ հանի։ Պայուսակում միայն Սուսանի տված խորիզով գաթան էր․ ո՜նց էր փայլում… Հաստատ փարիզյան ոսկի էին քսել։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *