Այստեղ նստած էր աշխարհի ամենատխուր մարդը՝
Երեք օր, կարծես ինքն իր մեջ կողպված…
Ես էի մարդն այդ, որ մտածում էր քո մասին,
Մինչ դու լքել էիր ինձ հերթական անգամ։
Այն, ինչ ծմրում էր սփոփանքի հույսով, սսկվեց։
Անօգուտ էին լույսերը, որ առկայծելով անցնում էին
Գերանների կողքով, որոնց լուռ նստած էի։
Ո՞րն է իմ մեղքը, հարցնում եմ, որ ինձ պատժում ես
Կրկին ու կրկին, ուժգնացող լռությամբ։
Ձնաբքի պես է սա, որից զարկերակը սառչում է
Աստղի ներքո, որ կատաղի փայփլում է
Վարագույրի հետեւում։ Երկար նստեցի։ Ես գնում եմ,
Շուտով արդեն հեռացած կլինեմ։ Մի օր դու չես
Վերադառնա… Մեր սիրո լուսավոր հետքը,
Որ մեզ այսքան ժամանակ պահում էր, հանգչու՞մ է այժմ՝
Դալուկ ու անփայլ, այն ծովի վրա, ուր դու ես հիմա:
Ինչպես ես դու հեռանում ինձնից․
Ասես հավերժությունն անցներ, և դու,
որ հավատում էիր հավերժական բաներին,
նույնիսկ չզարմանայիր։
Սառը ջրերը մերժման
միգուցե օգնում են քեզ՝
ինքդ քեզ սառը պահելու, ով իմանա․
քանի որ դու չես խոսում, ոչ ոք չի կարող
իմանալ։ Նույնիսկ ես։ Ի՞նչ պիտի ես քեզ
ասեմ։ Ի՞նչ կարող ենք մենք անել։ Ուստի,
լռում եմ և ես, լուռ դիտում եմ քո
հեռանալը ինձնից։ Մենք կապված ենք
ճակատագրով, դու գիտես։ Հիմա գնում ենք՝
սեփական սառնությունից թմրած և կույր։ Եվ դեռ
քո թիկունքում ապրում է սեր։ Դու հերքում ես
դա, բայց քո թևերի դողը մատնում է քեզ։
Գնա՛ և մի՛ արի էլ, թե այդպես է։ Այդպես
երկուսս էլ պատժված կլինենք։
Քո աչքերի կապույտ կեռասները՝
որ քաղում եմ համբուրելով, երբ մենք
սիրում ենք իրար, և դու՝ իմ գրկում
պառկած ես, իմ թեւերով պարուրված,
բարձր եւ հեռու հոգսերից ու իրերից։
Ես կրում եմ քեզ՝
Ամենաշողշողունը բոլոր փետուրներից,
Իմ մազերի մեջ։
Ես փայփայում եմ կայծը քեզ համար,
Որպեսզի դու ջերմանաս,
Երբ ձմեռը գա։
Թո՛ւյլ տուր ինձ լինել լազուրի շերտը
Եվ պատել փայտը, որից դու
Պատրաստված ես։
Այսօր ծովը կապույտ էր,
երբ ինձ նայեցիր,
Եվ սև հողը մեր սրտերում
մակընթաց ուռեց։
Ծառ ու ծաղիկ ինքնավստահ
աճեցին դեպի երկինք,
Եվ կենդանիների կանչը
ցրվեց ցողունների շարքերի վերջում,
Որտեղ հովազը սաղարթների
հողմապտույտի խշշոցի մեջ, հիացած
փնչացնում ու քթով հոտոտում էր օդը, և
ննջում։ Մեր սերը սավառնում է այնտեղ,
Կարծես փետուրների վրա անկողին գտած՝
պտտահողմային թռիչքի մեջ: Եվ այսպես
նայում ենք մենք իրար ապշած, կորած
դեռևս՝ ամպերի ու ծովի վրայով։
Թարգմանությունը գերմաներենից՝ Մանե Խաչատրյանի
Բանաստեղծական մշակումը՝ Արփի Ոսկանյանի
