Վովա Արզումանյան/ Տարածությունից մինչև ժառանգություն

«Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի «Կորիզ» մրցութային ծրագրից առանձնացրել ենք երկու կարճամետրաժ ֆիլմ։

Ռեժիսոր Արթուր Սահակյանի կինոձեռագրին դեռ ծանոթ ենք «Քամու հետ» վավերագրական ֆիլմից։ Այս անգամ կինոռեժիսորն ընտրել է պատմություն, որտեղ տարածությունն ու ժամանակը դադարում են լինել պարզապես ֆիզիկական չափումներ և վերածվում են ֆիլմի գլխավոր դրամատուրգիական առանցքների։ «Մենակ երկուսով» կարճամետրաժ վավերագրական ֆիլմում տունը պարզապես ապրելու վայր չէ․ այն հիշողության տարածք է, որտեղ յուրաքանչյուր առարկա, պատ, դուռ և լուսամուտ կրում են անցյալի հետքերը։ Ֆիլմի կառուցվածքն էլ մերժում է գծային պատմումը։ Պատմությունն սկսվում է Օֆելյայի բացակայությունից, սակայն այդ բացակայությունը ֆիլմի ընթացքում աստիճանաբար վերածվում է ներկայության։ Անցյալն ու ներկան մոնտաժային լուծումների շնորհիվ միաձուլվում են, և հանդիսատեսը հաճախ կորցնում է դրանց միջև եղած սահմանը։ Այդ անորոշությունն էլ ֆիլմի ամենամեծ արժանիքներից է. ռեժիսորը չի բաժանում հիշողությունն ու իրականությունը, այլ առաջարկում է դրանք ապրել նույն տարածության մեջ։

Արթուր Սահակյանի կինոլեզուն հիմնված է ստատիկ կադրի համբերատար դիտարկման վրա։ Պատմությունն առաջ է գնում ժամանակի զգացողության միջոցով։ Լռությունը դառնում է ֆիլմի լիարժեք ձայնային շերտ, իսկ կենցաղային աղմուկները՝ ժամացույցի տկտկոցը, քայլերի արձագանքը, շնչառությունը, փսփսոցները, ստեղծում են կյանքի շարունակականության զգացողություն նույնիսկ մարդու մահից հետո։ Ամենահիշվող դրվագներից մեկը ֆիլմի ավարտն է, երբ տարիների տարբերությամբ նույն շարժումը կրկնում են Օֆելյան և Շուրան։ Այդ մոնտաժային համադրությունը ոչ միայն երկու մարդկանց, այլև երկու ժամանակների հանդիպումն է։ Շարժումը դառնում է հիշողության լեզու, իսկ նույն տարածությունը՝ նրանց գոյության շարունակականության վկան։

Այդուհանդերձ, ֆիլմի տեսողական լեզուն միշտ չէ, որ ուղեկցվում է նույնքան ամուր դրամատուրգիական կառուցվածքով։ Թեև ռեժիսորական և օպերատորական աշխատանքը համոզիչ են, պատմողական հոսքը որոշ հատվածներում կորցնում է իր շարունակականությունը։ Արթուրն իր ասելիքը փոխանցում է ոչ թե հարցազրույցների, երկարաշունչ երկխոսությունների, այլ կադրի տևողության, տարածության կազմակերպման և մոնտաժային ռիթմի միջոցով։ Այդ պատճառով ֆիլմը պահանջում է համբերատար դիտող, որը պատրաստ է ոչ թե հետևել դեպքերին, այլ ապրել ժամանակի ընթացքը։ Հավելեմ, որ ֆիլմի ստեղծագործական կազմում են պրոդյուսեր Արամայիս Հայրապետյանը, ռեժիսոր և սցենարի հեղինակ Արթուր Սահակյանը, օպերատոր Սիմոն Դավթյանը, կոմպոզիտոր և հնչյունային ձևավորող Արման Պարսամյանը, մոնտաժող Նարեկ Խաչատրյանը, իսկ էկրանին Շուրան և Օֆելյան են։ Gravity Production-ի արտադրած «Մենակ երկուսով» ֆիլմը 2026 թվականին «Անահիտ» մրցանակաբաշխության շրջանակում արժանացել է «Լավագույն կարճամետրաժ ֆիլմ» մրցանակին, իսկ «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի շրջանակում «Ժյուրիի հատուկ հիշատակում» մրցանակին։

Մյուսը ռեժիսոր Օվսաննա Գևորգյանի «Վարձու սգավորներ» ֆիլմն է, որն առաջին հայացքից պատմում է բավական անսովոր մասնագիտության մասին, սակայն իրականում այն շատ ավելի խորքային պատմություն է՝ ընտանեկան ժառանգության, ինքնության և ընտրության ազատության մասին։ Սգավորների ընտանիքում մեծացած 16-ամյա Մարգոն ապրում է բոլորովին այլ իրականությամբ․ նա TikTok-ի սերնդի ներկայացուցիչ է, որն իր ապագան չի պատկերացնում ընտանեկան ավանդույթը շարունակելու մեջ։ Սակայն տատի՝ Բավոյի կյանքի վերջին շաբաթը դառնում է այն սահմանագիծը, որտեղ աղջիկը ստիպված է առերեսվել ոչ միայն ընտանիքի անցյալին, այլև սեփական պատասխանատվությանը։ Ֆիլմի ուժեղ կողմերից մեկն այն է, որ մահը երբեք չի դառնում պատմության միակ առանցքը։ Ընդհակառակը՝ այն վերածվում է կյանքի, հիշողության և սերունդների միջև կապի մասին զրույցի։ Ռեժիսորը կարողանում է ամենածանր թեմաներից մեկի շուրջ կառուցել ջերմ ու մարդկային պատմություն՝ խուսափելով ավելորդ ողբերգականությունից։ Ֆիլմի դրամատուրգիան զարգանում է բնական ընթացքով, իսկ կերպարների հարաբերությունները բացահայտվում են փոքր, բայց նշանակալից դրվագների միջոցով։ Դրան մեծապես նպաստում է հումորը, որը ծնվում է ոչ թե իրավիճակների ծաղրական մեկնաբանությունից, այլ կերպարների առօրյայից, նրանց փոխհարաբերություններից և սերունդների աշխարհընկալման տարբերություններից։

Առանձնակի ուշադրության է արժանի նաև ֆիլմի օպերատորական աշխատանքը, որը ոչ միայն փոխանցում է միջավայրի կոլորիտը, այլև ընդգծում կերպարների ներաշխարհը՝ պահպանելով պատմության ինտիմությունն ու անկեղծությունը։ Ռեժիսորական լուծումներն էլ նույնքան հավասարակշռված են․ ֆիլմը չի ձգտում էֆեկտային արտահայտչամիջոցների, փոխարենը վստահում է ընտրված պատմությանն ու  դերասանների խաղին։ «Վարձու սգավորները» հաջողված օրինակ է այն կինոյի, որը տեղային պատմությունը վերածում է համամարդկային հարցադրումների։ Այն խոսում է ավանդույթի և արդիականության բախման, սերնդափոխության և սեփական ճանապարհն ընտրելու իրավունքի մասին՝ առանց պարզունակ հակադրությունների։ Արդյունքում ստացվել է ամբողջական կինոպատում, որտեղ պատմությունը, ռեժիսորական ձեռագիրը և օպերատորական աշխատանքը գործում են մեկ ընդհանուր նպատակի համար՝ ստեղծելով ազդեցիկ և երկար հիշվող ֆիլմ։ Հավելեմ, որ ֆիլմի ստեղծագործական կազմում են պրոդյուսերներ Վարդան Հակոբյանն ու Օվսաննա Գևորգյանը, որը նաև ֆիլմի ռեժիսորն ու սցենարի հեղինակն է։ Օպերատորն է Արթուր Ուստյանը, նկարիչը՝ Լուսինե Սարգսյանը, հնչյունային ձևավորողը՝ Տիգրան Կուզիկյանը, մոնտաժողներն են Անահիտ Բաղինյանն ու Օվսաննա Գևորգյանը, իսկ գլխավոր դերերում՝ Արմինե Ավետիսյանն ու Տիգրանուհի Տեր-Մարկոսյանը։ Արտադրությունը՝ Glass Doll Pictures ընկերության։ «Վարձու սգավորներ» ֆիլմը դեռևս նախագծի փուլում արժանացել է GAIFF Pro: Short Cuts Nest ծրագրի գլխավոր մրցանակին (Երևան, 2023), իսկ արդեն ավարտուն աշխատանքը «Ոսկե ծիրան» 23-րդ միջազգային կինոփառատոնի «Կորիզ» մրցույթում արժանացել է «Արծաթե ծիրան» մրցանակին։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *