Թերեզա Ամրայն/Լեռնադաշտի բարձունքը

Բազմաթիվ մարդիկ են մտնում սգո սրահ։ Գալիս են ընկերական փոքր խմբերով, ամուսիններով, մենակ։ Զինվորական համազգեստով տղամարդիկ տարբերվում են բազմությունից։ Բա ի՜նչ սիրուն աղջիկներ են գալիս, ո՜նց են արտասվում․․․ Ես նստել եմ Վիգենի քրոջ կողքին, որը ոչ մի կերպ չի կարողանում հանդարտվել։ Նայում եմ դագաղին ու չեմ հաշտվում այն մտքի հետ, որ իմ կյանքի կարևոր տղմարդկանցից մեկն այլևս այս փակ «տուփի» մեջ է։ Վիգենի մայրը երջանիկ կին էր․ երեք ամիս առաջ մահացավ, չտեսավ որդու մահը։ 

Մի ժամից դագաղը սգո սրահից դուրս կհանեն․․․ Ի՜նչ ամրակազմ են զինվորականները, ի՜նչ նրբագեղ են կանայք։ Երեկվանից փորձում եմ կռահել, թե կանանցից որն է ամուսնացած, որը՝ ոչ․ տեսնես նրանցից որն է Վիգենի սիրածը։ Վիգենի քրոջ մյուս կողքին այլ ազգականներ են․ շատերին չեմ ճանաչում։ Դագաղի գլխամասում կապույտ աչքերով մի տղամարդ է կանգնած։ Իմ լուսահոգի ամուսնու տարիքին կլինի՝ մոտ քառասունյոթից հիսուներկու տարեկան։ Ներս մտնողներից շատերը նախ նրան են մոտենում, հետո՝ Վիգենի քրոջը։ Վիգենը եղբայր չունի, ենթադրում եմ՝ կապուտաչյա տղամարդը մոտ ազգական է։ Հետևի աթոռների] ու նստարաններից շշուկներ են լսվում․ «էն ա Արամը․․․», «ո՞ր մեկն ա», «էն որ դագաղի մոտ ա կանգնել», «ինչ էլ սիրուն ա», «գիշեր-ցերեկ էստեղ ա», «չե՞ն ասում՝ ինչից ա էղել», «չէ՛, աման, մեզ ո՞վ ա բան ասում»․․․

Երեք ամիս առաջ նույն սգո սրահում Վիգենն էր կանգնել մոր դագաղի գլխամասում և ընդունում էր ներկաների ցավակցությունները։ Ժամանակ առ ժամանակ գնում, կանգնում էի կողքին, վերցնում էի խոնավացած անձեռոցիկն ու նորը տալիս։ Երբեմն բռնում էի նրա ձեռքն ու շոյում․ շրջվում, ինձ էր նայում և մեղմորեն ազատում ձեռքը։ Այդ ժամանակ էլ ծանոթ ու անծանոթ մարդիկ էին գալիս․ դեռևս այդ ժամանակ էի փորձում հասկանալ՝ որ աղջկա հետ կարող էր սիրային հարաբերության մեջ լինել Վիգենը։

Զինվորականները կանգնում են դագաղի առջև, նայում են Վիգենի նկարին, ապա մոտենում նրա քրոջն ու մյուս հարազատներին, բայց կարծես չեն նկատում կամ անտեսում են կապուտաչյա տղային․․․ Շշուկներից հասկացա, որ անունն Արամ է։ Երեկ ոչ մի հոգևորական էլ չայցելեց՝ հոգեհանգստի կարգը կատարելու։ Մի գանգրահեր կին եկավ՝ ուշացումով։ Ծնկի իջավ սգո սրահի փակ դռների առջև ու բարձրաձայն լաց եղավ։ Ասֆալտին դրված անիվներով ճամփորդական պայուսակն ու դրա պիտակը հուշում էին, որ արտասահմանից է ժամանել և օդանավակայանից անմիջապես ուղևորվել է սգո սրահ։ Մոտավորապես քառասուներկու տարեկան կլիներ, շագանակագույն աչքեր ուներ։ Ենթադրեցի, որ հենց նա է Վիգենի ընտրյալը։ Տեսնես ո՞նց էր սիրտը նվաճել։ Պարզվեց՝ Վիգենի ընկերուհին չէ, հորեղբոր աղջիկն է․․․ Հոգեհանգստից հետո տուն չգնացի․ գիշերեցի Վիգենի քրոջ մոտ։ Սգո սրահի քչփչոցը անգամ նրանց տանը չէր դադարում․․․ Վիգենի հորեղբոր որդին փորձեց վերջ դնել շշուկներին․ «Դրան կասեմ՝ էլ վաղը չգա, էդտեղ չկանգնի։ Հազար մարդ ա գալիս, հազար բան են խոսում»։ Վիգենի քույրը լացակումած ասաց․ «Ի՞նչ ես ասում․․․ Հարազատ եղբոր պես էին իրար հետ․ ամբողջ օրն իրար հետ էին, միասին էին ռազմական ակադեմիայում սովորել․․․»։ 

Վիգենին առաջին անգամ ամուսնուս հուղարկավորության ժամանակ տեսա․ ամուսինս զոհվել էր Լեռնադաշտի բարձունքը թշնամուց ազատագրելիս։ Ազգականների ցանկությամբ նրան թաղելու էին ընտանեկան գերեզմանատանը, իսկ դրան կից եկեղեցում տեղի էր ունենալու հոգեհանգստի արարողությունը։ Դագաղը դրոշով էր ծածկված, գլխամասում և ոտնամասում երկուական զինվորական էր կանգնել․ բռնել էին վերև ուղղված զենքերը, կարծես սրտին էին սեղմել զենքի կոթը։ Զինվորականների մի այլ խումբ երկու շարքով կանգնել էր եկեղեցու ելքի մոտ։ Նվագախումբը սկսեց հանդիսավոր մեղեդին, երիտասարդ զինվորները վերցրին դագաղն ու դեպի դուռը շարժվեցին, զենքերը գրկած զինվորականները գլուխները շրջեցին դագաղի կողմ, մյուսները աջ ձեռքը մոտեցրին գլխարկներին․․․ Տանում էին ամուսնուս դիմանկարը, ծաղիկները, շքանշանները, դագաղը, քամին շարժում էր դրոշները, ես հազիվ էի կարողանում մարմինս քարշ տալ։ Երբ հասանք գերեզմանատուն, նվագը դադարեց․․․ Մի քանի հոգի՝ իրար հաջորդելով, խոսեցին ամուսնուս մասին։ Վերջում առաջ եկավ մի զինվորական, որը մարտադաշտում ճանաչել էր զոհված ամուսնուս մարմինը և ինքն էր բերել այն։ Վիգենն էր՝ ամուսնուս ամենամտերիմ զինակիցը․ ամուսինս ինձ պատմել էր այդ տղայի մասին, բայց մինչ այդ նրան չէի տեսել։ 

– Այսօր ես այստեղ եմ ոչ միայն որպես զինվորական, այլ որպես մի մարդ, որը կորցրել է իր ավագ ընկերոջը։ Գարիկ Պետրոսյանն այն զինվորականն էր, որի համար հայրենիքը, անկախությունը և սպայի պատիվը սրբություն էին։ Նա արդարությամբ էր գնահատում զինվորի պարտություններն ու հաղթանակները, նրա թուլությունները և ուժը։ Գարիկի օրինակով ոգեշնչված՝ երիտասարդ զինվորներից շատերը շարունակում էին ծառայությունը։ Վերջին մարտից առաջ նա ասաց․ «Մեր երկրի համար Լեռնադաշտը կարևոր պաշտպանական և ռազմավարական գոտի է։ Բայց մի՛ մոռացեք՝ հայրենիքի յուրաքանչյուր կտոր նույնքան թանկ է ու կարևոր։ Կորուստը չի կանգնեցնում մեզ․ վեր ենք կենում ու առաջ ենք գնում»։ Այսօր մենք Գարիկ Պետրոսյանին ճանապարհում ենք զինվորական պատիվներով։ Ամենամեծ պատիվը, սակայն, նրա գործը շարունակող զինվորականներն են։ Պատիվ ունեինք քեզ հետ ծառայելու, զինակի՛ց։ Հանգչիր խաղաղությամբ։ 

Մի զինվորական դագաղի վրայից վերցրեց եռագույնը, ծալեց և ինձ հանձնեց։

Ամուսնուս մարմինն արժանացավ այն հողին, որը նա տարիներ շարունակ պաշտպանել էր։ Դրոշները խոնարհվեցին, երեք համազարկից հետո հնչեց պետական օրհներգը․․․ Ընտանեկան գերեզմանատանը։ Մարդիկ մեկ առ մեկ հեռացան։ 

– Ես Գարիկին խոստացել եմ, որ Ձեր կողքին կլինեմ, – ասաց Վիգենը։ 

Ես փարվեցի նրա ուսին և խորը շնչեցի զինվորական համազգեստի հոտը․․․

Երեկ, հոգեհանգստից հետո, Վիգենի քույրն ու ազգականները խոսում էին այն մասին, որ Վիգենին զինվորական պատիվներով չեն թաղելու․ վշտացած էին, բայց խուսափում էին քննարկել պատճառը։ 

Ամուսնուս թաղումից հետո մի ամբողջ տարի Վիգենն ամեն շաբաթը այցելում էր ինձ։ Վեց ամիս շարունակ չէի համակերպվում այն մտքի հետ, որ Գարիկը զոհվել է։ Հարցեր էի տալիս, և Վիգենը պատմում էր Գարիկի մասին․․․

– Երբ արդեն ազատագրել էինք բարձունքի ամենակարևոր հատվածները, թշնամին հանկարծակի հարձակվեց։ Ես փորձեցի կանգնել Գարիկի առջև, բայց Գարիկը բարձրահասակ էր, չկարողացա իմ մարմնով ծածկել նրան։ Երկուսս էլ վիրավոր ընկած էինք, և նա ինձ մի բան խնդրեց․ նրա ասածը ողջ կյանքում կմնա ինձ հետ։ Չկարողացա նրան փրկել, բայց բեկորը մնաց սրտիս տակ․․․ Երբ մի ամիս հետո դուրս եկա հիվանդանոցից, բարձունքն ազատագրված էր։ Ուզում էի Գարիկին գտնել։ 

– Իսկ բեկորը ե՞րբ են հեռացնելու։

– Բեկորը ողջ կյանքում կմնա ինձ հետ․․․ Բայց չպետք է մոռանանք նրա խոսքերը․ «Կորուստը չի կանգնեցնում մեզ․ վեր ենք կենում ու առաջ ենք գնում»։

Ժամանակ առ ժամանակ սգո սրահում բզզոց ու քչփչոց է տարածվում․ «ասում են՝ ինքնասպան է եղել», «խի՞ պիտի ինքնասպան լիներ», «զինվորական տղա էր, պատերազմ էր տեսել», «նայի՛, զինվորականների թևերին սև ժապավեններ են կապված», «հենա, հենա, տե՛ս, գալիս անցնում են, էն տղուն բանի տեղ չեն դնում»․․․

Հիշում եմ՝ ոնց մի անգամ հարցրի․  

– Վիգե՛ն, հաստա՞տ Գարիկի մարմինն ենք թաղել։

– Ես եմ ճանաչել․․․ Անուն-ազգանունով մետաղյա անվանատախտակը, համազգեստը, կոշիկները, ալիքաձև մազերը․․․

– Վիգե՛ն, կարո՞ղ է Գարիկը ողջ լինել։

– Գարիկը զոհվեց, որ մենք հանգիստ ապրենք։

– Երանի՜ ողջ լիներ, սիրուհու հետ այլ երկիր փախած լիներ։

– Խե՞նթ ես։ Ռազմի դաշտում ի՞նչ սիրուհի։

– Ինչո՞ւ, չէ՞ր կարող սիրուհի ունենալ։ 

– Գիտե՞ս, Գարիկն ինձ մի անգամ պատմել է, որ սիրում էիք պարել Յակոբ Գադեի “Tango Jalousie”-ի մեղեդու ներքո, – ասաց Վիգենն ու հեռախոսով միացրեց այդ երաժշտությունը։ 

Վեր կացանք և, իրար գրկած, սկսեցինք շարժվել երաժշտության ռիթմին համահունչ։ 

– Իմ ընկերն ուզում էր, որ դու երջանիկ լինես, – ականջիս ասաց Վիգենը։

Նրա տաք շունչը հոսանքի պես անցավ ամբողջ մարմնովս։ Գլուխս հենեցի կրծքին․ զգացի զինվորական համազգեստի՝ հարազատ հոտը, թեև այդ օրը նա սովորական շապիկ էր հագել։ 

Չէ՛, չեմ հավատում․․․ Վիգենն ինքնասպան չի եղել։ Այսօր սգո սրահում զինվորականներն ավելի շատ են, քան երեկ։ Ոմանք իրենց կանանց հետ են գալիս։ Նայում եմ այդ կանանց և փորձում պատկերացնել՝ արդյո՞ք նրանցից որևէ մեկը կարող էր Վիգենի հետ սիրային կապ ունենալ։ Երևի իսկապես գժվել եմ, որ մահից հետո խանդում եմ Վիգենին։

Ամուսնուս մահվան տարելիցի արարողությունից հետո Վիգենը մնաց ինձ մոտ։ Դառը սուրճ խմեցինք․ ո՜նց էի ուզում սեղմել Վիգենի թևը, գլուխս դնել կրծքին, շնչել հագուստի հոտն ու կծել վիզը։

– Վիգե՛ն, գիտե՞ս էն ժամանակ ինձ թվում էր՝ Գարիկը սիրուհի ունի։ Ախր շատ զինվորականներ սիրուհիներ ունեն, – ասացի ես։

– Չէ՛, ի՞նչ ես խոսում։

– Ինչո՞ւ, կարո՞ղ ես ասել՝ ինչո՞ւ Գարիկը չպետք է սիրուհի ունենար, – մի փոքր ջղայնացած ասացի ես։ 

– Չէ՛, ընկերս սիրուհի չուներ․․․ Բայց վստահ եմ՝ նա կուզեր, որ դու երջանիկ լինես։ Հնարավոր է՝ որևէ տղամարդ հայտնվի քո կյանքում, փորձես ընկերություն անել․․․

– Իմ կյանքում ո՞վ կարող է հայտնվել, ես արդեն մեծ կին եմ, – ասացի ես՝ անհամբեր սպասելով Վիգենի պատասխանին։ 

– Չէ՛, այդպես մի՛ ասա։  

– Ինչո՞ւ, կարո՞ղ ես ասել ինչու – ասացի ես։ 

– Որ երջանիկ լինես․․․ 

– Դու ասում էիր, որ ամուսնուս ինչ-որ բան ես խոստացել։

Նա շփոթված ինձ նայեց, ժպտաց ու ասաց․

– Չէ՛․․․ Խոստացել եմ, որ քո կողքին կլինեմ։ 

Ես միացրի մեզ հարազատ դարձած երաժշտությունը, պարեցինք ու համբուրվեցինք։ Երբ Վիգենը պատրաստվում էր գնալ, թևը բռնեցի ու ասացի․ 

– Վիգե՛ն, մի՛ գնա, մնա՛ այս գիշեր։ 

– Գնամ, իմ ընկեր Արամը գրել է․ նրան խոստացել էի, որ գիշերը միասին ֆուտբոլ ենք նայելու, – ասաց Վիգենը և դուրս եկավ՝ բազմոցին թողնելով իր բաճկոնը։ 

Ամբողջ գիշեր չթողեցի, որ Վիգենը քնի․ մի ձեռքով գրկել էի նրա բաճկոնը, մյուս ձեռքով հեռախոսը։ Հաղորդագրություններ էի ուղարկում Վիգենին, հարցնում էի կյանքի իմաստի մասին, սիրո և ամոթի մասին, իսկ նա պարտաճանաչ աշակերտի պես պատասխանում էր։ Դրան հաջորդող շաբաթվա ընթացքում գիշերները գրում էի Վիգենին։ Նա ինձ հետ խոսում էր ամեն ինչի մասին, միայն խուսափում էր մարմնական մտերմության թեմայից․․․ Նրա վիրտուալ ներկայությունն անգամ ինձ անսովոր հաճույք էր պատճառում։

Ինչքան շատ են մարդիկ սգո սրահ մտնում, այդքան ավելանում է քչփչոցը․ «նայի՛, էն Գերմանիայի մորքուրի տղեն էլ էկավ», «հա՛, հասցրեց թաղմանը», «էն երկար շորով կնիկը ժուռնալիստ չի՞», «հա՛, լուրերն ա վարում», «էն կապիտանի կնգա մասին չէ՞ին ասում, որ պատգամավորի հետ ա»․․․ 

Վերջին անգամ, երբ Վիգենն իմ տանն էր, գնացի ու նստեցի պատշգամբում։ Ձայն տվեցի, եկավ, կանգնեց կողքիս։

– Վիգե՛ն, չե՞ս ուզենա՝ ամուսնանանք։

– Բայց ո՞նց․․․

Փաթաթվեցի նրա գոտկատեղին, գլուխս փորին հենեցի։

– Իմ ու քո երեխաները ինչ սիրուն կլինեին․․․

Վիգենը լռում էր։ Շոյեցի նրա մատները և խրեցի մազերիս մեջ։ Երբ գլուխս բարձրացրի ու նայեցի աչքերին, նա ցուցամատով խփեց քթիս ու ասաց․

– Կոծոսի՛կ, ախր․․․ Մարդիկ ի՞նչ կասեն։

– Դու էիր ասում, որ շարունակեմ ապրել։ Ասում էիր՝ Գարիկը կուզեր, որ երջանիկ լինեմ։

– Այո՛, ճիշտ ես։

– Իսկ դու Գարիկին ի՞նչ ես խոստացել․․․ 

Ինձ թողեց պատշգամբում, գնաց նստեց հյուրասենյակի բազմոցին։ Այնքան համառ էի, որ հետևից վազեցի, նստեցի ծնկներին ու գրկեցի վիզը։ 

– Գերի եմ ընկել, – ծիծաղեց Վիգենը։

Այնքան ամուր էի սեղմել, ձայնը հազիվ էր դուրս գալիս։

– Սիրտդ ազա՞տ է, – վիզը կծելով՝ ասացի ես։ 

– Սրտիս տակ բեկոր կա, – ասաց Վիգենը։ 

– Ինձ չե՞ս ուզում, ուրիշ աղջիկ կա՞, – մազերը խառնելով ու ականջները շոյելով՝ ասացի ես։ 

Վիգենի հեռախոսի ձայնը լսվեց, տեսա, որ զանգողն Արամն է, խլեցի հեռախոսը, նետեցի բազմոցի հետևը, հետո հրեցի Վիգենին, ավելի հարմար նստեցի ծնկներին և ոտքերով գրկեցի գոտկատեղը․․․ 

Իսկ հիմա սգո սրահում նստած՝ սրտիս տակ ծանրություն եմ զգում, կարծես բեկոր խրված լինի։ Հնարավոր է՝ Վիգենն իմ պատճառով է ինքնասպան եղել։ Երևի ինձ չէր ուզում, իսկ ես նրան դադար չէի տալիս։ Տեսնես Վիգենն ինչո՞ւ ինձ չէր հավանում․․․ Ո՞նց կարող էր ինձ չհավանել։ Բա ի՞նչն էր նրան հետ պահում՝ հասարակության կարծիքի նկատմամբ վա՞խը միայն, թե՞ այն աղջիկը, որին հիմա ոչ մի կերպ չեմ կարողանում գտնել։ Շատ եմ ուզում իմանալ՝ ով է Վիգենի ընտրած աղջիկը․ հավաքում եմ ուժերս և քրոջը հարցնում․  

– Վիգենը սիրած աղջիկ ուներ, չէ՞։ Չեկա՞վ ընկերուհին։ 

Վիգենի քույրը զարմացած ինձ է նայում, ապա հոգոց է քաշում ու լռում։ Հուսահատությունը խեղդում է ինձ․ կարծես երկրորդ անգամ այրիացած լինեմ։ Եթե մտովի զրուցեմ Վիգենի հետ, կլսի՞։ 

– Վիգե՛ն ջան, երանի՜ ողջ լինեիր․․․ Ասեի․ «Ես արդեն մեծ կին եմ», ու բարկանայի, որ չես ասում․ «Վա՜յ, դու դեռ ջահել ես ու գրավիչ»։ Գարիկի մասին խոսելիս ասեի․ «Երանի՜ ողջ լիներ, սիրուհու հետ այլ երկիր փախած լիներ», իսկ դու ասեիր․ «Խե՞նթ ես։ Ռազմի դաշտում ի՞նչ սիրուհի», հետո էլ նեղվեի, որ չես ասում․ «Ո՞նց կարող էր նման գեղեցկուհու ամուսինը սիրուհի ունենալ»։ Քիչ ժամանակ ունենք․․․ Քսան րոպե հետո դագաղը կհանեն սգո սրահից։

Վիգենի քույրը, վիզն ազատում է շարֆից, շրջվում է և ականջիս շշնջում․

– Արամը Վիգենի մտերիմ ընկերն է։ Չգիտեմ՝ ինչու է զինվորականների շրջանում լուր տարածվել, որ Արամն ու Վիգենը սիրեկաններ են։ 

– Ո՞նց․․․ Չգիտեի, – շշնջում եմ ես։

– Դրա համար էլ Վիգենին զինվորական պատիվներով չեն թաղում։

– Թե՞ ինքնասպանության պատճառով․․․

–Ո՛չ, մահվան հանգամանքները կապ չունեն։ Ինքնասպանությունը չի էլ հաստատվել։ Վերևից արգելել են․․․

Մի զինվորական է ներս մտնում։ Ներկաները նորից սկսում են․ «քչփչ, քչփչ», «բժիշկն է, բժիշկը»․․․ Նա ինչ-որ թուղթ է մեկնում Արամին․ «Կարծում եմ՝ ճիշտը սա քեզ հանձնելն է»։ Սրահի քչփչոցն ավելի է սաստկանում․ «էս երևի պատվոգիր են հանձնում հա՞», «գովասանագի՞ր», «չէ՛, գերեզմանատան հողի թուղթը կլնի», «հաստատ ինքնասպանությունից առաջ թողած երկտողն ա»․․․

Սրտիցս կախված բեկորը կարծես ինձ ներքև քաշի։ Տե՛ր Աստված, մի՞թե իմ պատճառով է ինքնասպան եղել։ Ախր ես ոչինչ չգիտեի Արամի մասին։ 

Արամը բացում, կարդում է թուղթը և այն տալիս է Վիգենի քրոջը։ 

– Դատաբժշկական փորձաքննության եզրակացությունն է․ սրտապարկի տակ մնացած բեկորն է շարժվել ու խլել նրա կյանքը, – ասում է Վիգենի քույրը։ 

Աչքերիս առջև մթագնում է, էությունս քամվում է։ Ականջիս Վիգենի ձայնն է հնչում․ «Կորուստը չի կանգնեցնում մեզ․ վեր ենք կենում ու առաջ ենք գնում»։ Մի կերպ կանգնում եմ, հենվում եմ դագաղին ու ասում․ 

– Հարգելի՛ ներկաներ, ես ազգային հերոս Գարիկ Պետրոսյանի այրին եմ։ Ամուսինս զոհվել է Լեռնադաշտի բարձունքն ազատագրելու ժամանակ։ Գիտեմ, որ այսօր շատերը լռելու են, բայց ես չեմ կարող լուռ մնալ։ Ուզում եմ դիմել Վիգենի զինակից ընկերներին։ Դուք այստեղ եք եկել ոչ թե հրամանով, այլ հոգու կանչով։ Այսօր ձեզնից խլել են զինվորական արարողությունը, բայց ոչ ոք չի կարող ինձնից խլել իմ հիշողությունը։ Շատերն իրենց թույլ չեն տալիս խոսել, բայց ես խոսում եմ, որովհետև դրա իրավունքն ունեմ՝ ողջույնի իրավունքը․․․ Այսօր ես ողջունում եմ Վիգենին՝ որպես սիրած կին։ Այո՛, ես Վիգենի մարտական ընկերոջ այրին եմ և Վիգենի սիրած կինը։ Ձեզնից շատերը Վիգենի հետ հաղթահարել են պատերազմի քարքարոտ ճանապարհը, ես Վիգենի հետ անցել եմ սիրո փշոտ ճամփան․ հենվել եմ Վիգենի ուսին, Վիգենի ներկայությունը սփոփել է իմ դատարկված կյանքը․․․ Վիգենը ողջ էր վերադարձել պատերազմից, բայց նրա սրտի տակ մնացել էր թշնամու զենքի բեկորը։ Նրա մահը վրա է հասել բեկորի պատճառով։ Բայց, հավատացե՛ք, ես տեսել եմ, որ բեկորից ոչ պակաս Վիգենին մաշում էին մեր մարդկանց վախերն ու կեղծ ամոթից ծնված փամփուշտները, որոնք պատրաստ ենք ուղղելու ցանկացած մարդու ուղղությամբ։ Վիգենի նման զինվորականները պայքարել են ոչ միայն բարձունքներ ազատագրելու համար։ Նրանք պայքարել են նաև այնպիսի երկիր ունենալու համար, որտեղ մարդը սիրելու և կյանքը շարունակելու իրավունք ունի․․․

Իմ խոսելու ընթացքում Արամը լուռ գնում, նստում է Վիգենի քրոջ կողքին։ Մի զինվորական դագաղը ծածկում է դրոշով։ Չորս զինվոր մոտենում և կանգնում են դագաղի մոտ՝ զենքերը հենելով ուսերին։ Մյուսները շարվում են մինչև սգո սրահի դուռը․․․

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *