Թարգմանությունը որպես ֆեմինիստական քաղաքական ակտ/Ջուլիա Աբրահամյան

 Դեկտեմբեր, 2021 թվական

-«Եթե կինը ցանկանում է գրել, ապա պետք է ունենա գումար և սեփական սենյակը», Վուլֆն է ասել, պատկերացնու՞մ ես, – ինձանից գոհ-գոհ բացականչեցի առավոտ ժամը 9:28-ին։

-Կատարյալ հիմարություն։ Բոլորը պետք է ունենան գումար ու սենյակ՝ անկախ նրանից, թե ինչ են ցանկանում անել,- ոգևորությանս չհամապատասխանող անտարբերությամբ պատասխանեց զրուցակիցս։

-Ես թարգմանիչ չեմ, գոհ եղիր, որ էսքանն էլ հայերենով բացատրեցի։

-Դե, էդ մի գործն էլ թող, որ իրենք անեն։

Դեկտեմբեր, 2025 թվական

Վուլֆ կարդալուց չորս տարի անց իմացա, որ «Սեփական սենյակը» իմ կարդալուց չորս տարի առաջ հայերեն է թարգմանվել, բայց դրա մասին ոչ ես գիտեի, ոչ էլ գրախանութի խորհրդատուն, ուստի ստիպված էի կարդալ ռուսերենով ու թարգմանիչ չլինելով հանդերձ՝ կարդացածս փորձել կիսել մտերիմներիս հետ։ 

Վուլֆից հետո եղան այլ հեղինակներ՝ դը Բովուար, Դիքինսոն, Սոնթագ, որոնց հետ ես հաղորդակցվում էի ինձ բացառապես օտար լեզուներով, այնուհետև նրանց քննարկում նույն օտարության մեջ։

Ֆեմինիստական տեքստերի մեծ մասը, որոնց մասին խոսվում է Հայաստանում, չեն շրջանառվում հայերենով։ Ուստի այն պնդումը, որ մեր երկրում ֆեմնինիստական գրականություն չեն կարդում, որովհետև չեն ցանկանում՝ այդքան էլ չի համապատասխանում իրականությանը։ Խնդիրն առկայությունն և հասանելիությունն են։ Երբ լեզուն դառնում է խոչընդոտ, ընթերցանությունը վերածվում է արտոնության, ոչ թե ընտրության։ Իսկ այդ արտոնությունը բոլոր կանանց հասանելի չէ։

Հասանելիությունն ապահովում են կուլիսներում ապրող մշակութային դիկտատորները՝ թարգմանիչները։ Բոլոր այն էպոսներն ու առասպելները, որոնք կապվում են մասոնների և իլյումինատների հետ, իրականում պետք է վերագրվեն թարգմանիչներին։ Նրանց շնորհիվ բոլորս քաջատեղյակ ենք տղամարդկանց զայրույթի արտահայտման բոլոր աստիճաններին, սակայն միջինում 25 տարի է պահանջվում, որ գլխի ընկնենք՝ կանայք աշխարհի յուրաքանչյուր կետում, համարյա միշտ, նույնի բախտին են արժանանում։ 

Ժամանակների լավագույն գրողներից (շատերի գնահատմամբ) Դոստոևսկու հնգամատյաններն ու շատ այլ գործեր թարգմանվել են հայերեն և ոչ մեկ անգամ։ Թարգմանությունների արդյունքում հնարավոր է եղել բեմադրել ներկայացումներ և հանրությանն ավելի հասանելի դարձնել ռուս մեծ գրողի մտքերը։ Երևույթն, իհարկե, մեծ հաշվով կապված է ռուսական պրոպագանդայի և Սովետական իշխանության հետ, սակայն ռուս մեծ կին գրողների գործերն, այնուամենայնիվ, նույնպես համեմատաբար անտեսվել են այդ շրջանում։ 

Շեքսպիրի գործերը մայրենի լեզվով կարդալու համար Հայաստանում բնակվող դեռահասին բավական է նստել հանրային տրանսպորտ, գնալ ցանկացած գրադարան և վերցնել գիրքը, իսկ դը Բովուարի «Երկրորդ սեռը» կարդալու համար պետք կլինեն տարիներ, որպեսզի յուրացնի որևէ օտար լեզու՝ ցանկալի է անգլերեն կամ ֆրանսերեն, և հետո միայն կարդա գիրքը: Դա էլ՝ ըստ ցանկության:

Կանանց փորձը համընդհանուր է դառնում միայն այն դեպքում, երբ այն չի պահանջում թարգմանություն, քանի որ թարգմանվող տեքստը չի ընկալվում որպես բոլորին վերաբերող։ Գրականության մեջ կանայք տանելի են, երբ հնազանդվում են գերիշխանությանն ու «համընդհանուր» լեզվին և հասարակությանը նեղություն չեն պատճառում թարգմանությամբ, չեն շեղում ավելի կարևոր գործերից և չեն ստիպում մարդկանց տարվել անիմաստ, ձանձրալի ու տաղտկալի գործով՝ ֆեմինիստական գրականությունը հասանելի դարձնելով։

Հրատարակչի, և ոչ թարգմանչի (քանի որ ակնհայտ է, որ հրատարակիչներն ունեն բավարար վաճառք չապահովելու կամ հանրային կոնֆորմիզմին դեմ չգնալու մտավախությունները) սելեկտիվությունը հանգեցնում է դասակարգային ճեղքի, որտեղ, հարուստ և ռեսուրսներ ունեցող կինը կարդում է օտար լեզուներով, մասնակցում սեմինարների և մտածում կանանց առօրյա խնդիրների մասին, իսկ ոչ բավարար ռեսուրսներ ունեցող աշխատավորուհին զբաղված է այդ խնդիրները վերապրելով։

Այն գրականությունը, որը թարգմանվում է մեկ այլ լեզվով, արտացոլում է, թե որ գրականությունն ենք համարում կարևոր և արժանի իմանալու, իսկ որը՝ ոչ։ Այսինքն՝ ում ապրումներն ենք համարում կարևոր, իսկ ումը՝ երկրորդական։ Հետևապես, քանի դեռ ֆեմինիստական գրականության թարգմանությունն ու թարգմանիչն անտեսանելի են հրատարակիչների կողմից՝ գերիշխանությունն ազատ է ստեղծելու ուժային կենտրոններ, որտեղ որոշ մտքեր հնչում են, իսկ որոշները՝ ոչ։ Հրատարակչի ընտրությունը հիմնականում կապված է մշակութային մեյնսթրիմի հետ. եթե գիրքը կամ հեղինակն արտերկրում ունեն բարձր պահանջարկ կամ վարկանիշ, ապա գործը լավն է և արժանի թարգմանության ու հրատարակման։ Այս կապիտալիստական սինթետիկ մոդելը մեկուսացնում է մարդկանց հասարակական մի շարք խնդիրներից՝ կանանց իրավունք, կոլեկտիվ ինքնության հասանելիություն և հավասարություն։

Հայաստանում հայերենով թարգմանված և հասանելի ֆեմինիստական գրականության պակասը հնարավորություն է տալիս հայրիշխանությանը անվտանգայնացնել կանանց ապրումների ու իրավունքների քննարկումները հասարակությունում՝ ստեղծելով տեղեկատվական վակուում, որտեղ կանայք հայտնվում են ֆեմինիզմի դեմ պայքարի շարքերում, քանի որ այլընտրանքներից տեղյակ չեն։ 

Այսպիսով, եթե թարգմանիչները պատրաստ են ապահովել գրական հասանելիություն հանրության համար, ապա հրատարակչի  յուրաքանչյուր արարք դառնում է քաղաքական, և նրա աշխատանքը, ամենապարզ իմաստով, ունի նարատիվները վերաձևակերպելու, ձայները լսելի դարձնելու և հեղափոխություն իրականացնելու հնարավորությունը։ 

Թարգմանությունն աշխատանք է։ Այն ուշադրություն, ժամանակ, ռեսուրս ու հմտություն պահանջող աշխատանք է և ոչ ողորմություն, հոբբի կամ բարեգործություն։ Ուստի թարգմանչի արտադրանքը պետք է բեկումնային լինի հասարակության համար։ 

Եթե ընթերցանությունը խավարամտության դեմ լավագույն պայքարն է, ապա արդյո՞ք թարգմանիչներն այդ գոյամարտի առաջնագծում չեն։ Եվ ինչու՞ ենք մենք կանանց ևս մեկ շերտով թողնում խավարամտության անդունդում, որտեղից հնարավոր է դուրս գալ միայն հասանելի լեզվով հաղորդակցվելիս։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *