Անդրեյ Պլատոնով / Իվան Միտրիչը

Ծեր մարդը՝ պառավի նման, ոչ թե ծերունու. ման էր գալիս գլխաշորը կզակի տակ կապած։ Շրջում էր երկու հազար հոգի ունեցող քաղաքում ու կարգուկանոնին հետևում՝ թե ինչը, որտեղ և ինչպես է։

Ինքն ոչ մեկին պետք չէր՝ ծեր էր ու անբան։ Փոխարենը՝ բոլորն իրեն էին պետք։

Հավերն էին անցնում, թե ցանկապատերն էին կանգնած․ Իվան Միտրիչը դրանք երբեք աչքաթող չէր անում։ Ով գիտե՝ ինչ կարող է պատահել։

Ապրում էր նրանով, ինչ տալիս էր դուստրը՝ դերձակուհին։

Ամեն օր դուստրը նրան ուղարկում էր Դոնի ավազուտները՝ շուկա, որ հաց, տավարի միս, բանջարեղեն և այլ բաներ բերի։ Ու պատվիրում էր.

— Շուտ արի, որ ճաշը ժամանակին լինի։

Իվան Միտրիչը գնում էր ու կորչում։ Գալիս էր երեկոյան, ոչ թե առավոտյան։ Նրան տանջում էին անկարգությունները։

Հավերը խճճվում էին փողոցի շինարարության կաղնե գերանների արանքում։ Իվան Միտրիչը փորի վրա պառկում էր գերաններին ու նայում։ Հավը թպրտում էր ներքևի նեղ ճեղքում, չէր կարողանում թևերը բացել ու դուրս թռչել։ Իվան Միտրիչը ճիպոտներից, ծղոտից ու պարանից ինչ-որ իմաստուն հարմարանք էր հնարում ու սարքում, և ի վերջո՝ ժամը չորսի կողմերը, դուրս էր հանում սարսափած կչկչանին։

Հետո գնում էր շուկա՝ առևտրի վերջին, ու գնում էր մնացորդ ապրանքը՝ ամենակեղտոտը, էժանագինն ու անպետքը։ Հետո  կամաց ու անհանգիստ քայլերով դեպի տուն էր  քարշգալիս  ու տեղ հասնում, երբ արդեն երեկոյան ժամերգության զանգերն էին խփում։

Նա հնազանդ լսում էր դստեր կշտամբանքները, իսկ երբ մթնում էր, ճամփա էր ընկնում. չէ՞ որ այն հավը ձու էր ածել գերանների մեջ, և ձուն այնտեղ ընկած՝ իրեն էր կանչում։

Մի անգամ վանականները նրան համոզեցին վանք մտնել՝  սուրբ Տիխոնի մոտ, քանզի նրա սրբությունը մեծ է, իսկ Աստծո տաճարներում՝ վայելչություն, տնտեսում և կարգուկանոն։

Իվան Միտրիչը դարձավ վերապատվելի Իոան  ու սև փարաջա հագավ։ Բայց մեկ շաբաթ անց ձանձրույթից ու մեռոնի հոտից փախավ տուն՝ դստեր մոտ։

Տուն էր գալիս։ Շուկայում մի գնչու տղա սև, կենդանի էգ շնիկ էր ծախում՝ Լասկա անունով։ Իվան Միտրիչը գնեց նրան, գրպանում շոշափեց վերջին հնգանոցը, կառք վարձեց, ծխախոտ վառեց ու շնիկ-օրիորդին ծնկներին դրած՝ երթևեկեց։

Ու նորից դարձավ այն, ինչ կար։

Իսկ գարնանային մի գիշեր, երբ Դոնի այն կողմում սոխակներն էին երգում, իսկ դստեր մոտ սիրեկանն էր նստած, Իվան Միտրիչը երազ տեսավ, թե կանգնել է Դոնի ափին ու միզում է։ Եվ իր միջից բխած ջրի առատությունից ափից դուրս եկավ Դոնը, խեղդվեց ու մեռավ։

Թարգմանությունը՝ Համբարձում Համբարձումյանի

Please follow and like us: