Նա մեզ ասում էր լինել հանդուրժող, ապրել բոլորի նման, սիրել միմյանց ու չաստվածացնել իրեն։ Մենք ամենաանհանդուրժողներն ենք, ովքեր ատում են միմյանց և աստվածացնում նրան։ Իրականում, եթե նրա պատգամներին մենք հակառակվում ենք, այդ դեպքում ինչու՞ ենք պաշտում նրան, միգուցե վախի զգացումն է պատճառը։ Երբ ուղեղի ազդակները քեզ ասում են՝ պաշտիր ինչ-որ մեկին կամ գոնե ինչ-որ բան, որպեսզի գործածդ սխալների ու մեղքերի համար արդարացում գտնես, ստացվում է, որ մենք ազնիվ չենք ո՛չ մեր, ո՛չ նրա հանդեպ։
Հաստ թղթապանակը թևի տակ դրած, փոքր-ինչ զգուշավոր, բայց արագ քայլերով պարոն Ռոմեոն մոտեցավ այն տանը, որտեղ իր ունեցած նախնական տվյալներով բնակվում էր Հիսուսը։
Պարոն Ռոմեոն նոր էր ընդունվել «Իլյուզիա» ապահովագրական ընկերություն, և նրան խոստացել էին եռամսյա փորձաշրջանից հետո աշխատանքի վերցնել։ Սակայն փորձաշրջանի ընթացքում պարտավոր էր արդարացնել իրեն և հնարավորինս շատ հաճախորդների հետ գործարքներ կնքել։ Թե ինչու էր Ռոմեոն որոշել գնալ Հիսուսի տուն՝ դժվար էր ասել, բայց նա շատ ավելի վստահ դարձավ, երբ տան դուռը բացվեց։
Դռան հետևում կանգնած կինը (մոտ վաթսուն տարեկան, շիկահեր, բարետես արտաքինով, փոքրիկ կնճռոտ դեմքով, ինչն ամենևին էլ զարմանալի չէր այդ տարիքի համար) հարցրեց.
– Ինչո՞վ կարող եմ օգնել։
– Բարև Ձեզ, ես «Իլյուզիա» ապահովագրական գրասենյակից եմ, կարո՞ղ եմ խոսել Հիսուսի հետ։
– Նա տանը չէ։ Ի՞նչ հարցով եք, միգուցե ե՛ս օգնեմ։
– Գիտեք, ես կուզենայի հենց նրա հետ զրուցել, փոքր-ինչ մասնավոր հարց է, ես երկար ճանապարհ եմ եկել, խնդիր չէ, կսպասեմ,- ասաց Ռոմեոն։
– Ես նրա կինն եմ, կարող եք ինձ վստահել։
– Կինը՞։
– Այո, զարմանալի՞ է։
– Ես չգիտեի, որ Հիսուսն ամուսնացած է։ Կներեք, իսկ նա քանի՞ տարեկան է։
– Ամռանը կդառնա վաթսունչորս։ Ի՞նչն է այստեղ զարմանալի։
– Չէ, ոչինչ, պարզապես ես չգիտեի, կարծում էի, թե նա երիտասարդ է։
– Դուք նրան անձամբ չե՞ք ճանաչում։
Ռոմեոն ասես մի փոքր կորցրեց ինքնավստահությունը, թղթապանակն ամուր սեղմեց կրծքավանդակին ու դողացող ձայնով ասաց.
Ես նրա մասին շատ եմ լսել, նրան բոլորը գիտեն քաղաքում, որտեղ ես եմ ապրում, ես բացառություն չեմ, և որպես ապահովագրական ընկերության աշխատակից ուզում էի հատուկ պայմաններով գործարք առաջարկել։
-Ի՞նչ գործարք։
Հիսուսի կինը տեսնելով, որ պարոն Ռոմեոն շփոթված է ու ճակատի քրտինքը ծորալով իջել է վերնաշապիկի օձիքին, նրան ներս հրավիրեց՝ մի բաժակ ջուր առաջարկելով։
– Իսկ Հիսուսը ո՞ւշ կգա,- հարցրեց Ռոմեոն, ով արդեն նստել էր հյուրասենյակի բազմոցին։
– Չգիտեմ, վերջերս շատ անկանխատեսելի է դարձել, ինձ հաշվետվություն չի տալիս, թե ո՞ւր է գնում, ե՞րբ կգա։
– Երևի տարիքից է։
– Չեմ կարող ասել, տարեցներն ավելի ինքնամփոփ են, սակայն ընտանիքում շատ ավելի հանդուրժող ու զիջող են։ Իմ ամուսնու դեպքում՝ նույնը չեմ կարող ասել։
– Նա այնպիսին չէ՞, ինչպես երիտասարդ տարիքում էր,- հարցրեց Ռոմեոն։
– Ի՞նչ նկատի ունեք։
– Դե իր պայծառ մտքերը, իմաստուն ու ապշեցնող գործողությունները, քարոզները։
Հիսուսի կինը խոհանոցային սրբիչով սրբեց դեմքը, երկու բաժակ սուրճը ձեռքին մոտեցավ Ռոմեոյին, բաժակները դրեց փոքրիկ սեղանին։
– Եթե նրան չեք ճանաչում, ի՞նչ պայծառ մտքերի ու քարոզների մասին է խոսքը։
– Դե ես նրան անձամբ չեմ ճանաչում, բայց նրան ո՞վ չգիտի, – թեթևակի ծիծաղելով ասաց Ռոմեոն, հարմարվելով բազմոցի մեջ։ Կինը նստեց բազմոցին, Ռոմեոյի դիմաց ու սկսեց սուրճ խմել։
– Հետաքրքիր է, ես չգիտեի, որ Հիսուսն այդքան հայտնի է։
– Այո, նա մեծ հեղինակություն է, նրա մասին բոլորը գիտեն։
– Իսկապե՞ս։
– Այո, նա այնպիսի արարքներ է կատարել, որ հավերժ կմնա մարդկանց հուշերում։
– Մի ծիծաղեցրեք։
– Անկեղծ, ծիծաղելու բան չկա,- Ռոմեոն աստիճանաբար ավելի ինքնավստահ էր դառնում, նրա խոսքն ու ձեռքերի շարժումները շատ ավելի անկաշկանդ էին և ամենևին անհրաժեշտություն չկար հաստ թղթապանակից կառչած մնալ։ – Ես թեև նոր եմ ընդունվել աշխատանքի, բայց որոշեցի նախ այն մարդկանց դիմել, ովքեր ինձ համար հեղինակություն են։ Մենք շրջում ենք քաղաքով ու ապահովագրական գործարքներ առաջարկում։ Եթե գործարքը կայանում է, «Իլյուզիան» շահույթը կիսում է երկու մասի, այսինքն՝ որքան շատ գործարք, այնքան շատ աշխատավարձ։ Հատկապես, երբ հարկերը հանում ենք, մեզ շատ քիչ գումար է մնում։
– Պարզ է,- ասաց Հիսուսի կինը, ում առանձնապես չէր հետաքրքրում Ռոմեոյի աշխատանքը։
– Իրականում, ինչ թաքցնեմ, մեր գործը մարդկանց համոզելն է, թե որքան լավն ենք, որքան շատ կարող են մեզ վստահել, ինչով ենք առավել ուրիշներից։ Երբևէ Ձեզ այլ ապահովագրական գրասենյակից չե՞ն դիմել։
– Ոչ, մենք ինքներս ենք ընտրում ուր գնանք և ում հետ գործարք անենք։
– Զարմանալի է։
– Ի՞նչը։
Ռոմեոյի օձիքի քրտինքը վաղուց անհետացել էր, ձայնը շատ ինքնավստահ էր դարձել, իսկ ձեռքի շարժումները՝ տիկնիկային թատրոնի դերասանի էին հիշեցնում։
– Դե, որ ինձ ներս թողեցիք,- ասաց Ռոմեոն։
– Չէ որ Դուք խնդրեցիք, եթե իմանայի, որ նրան չեք ճանաչում, միգուցե և ներս չթողնեի։
– Կներեք, ես չեմ ցանկանում չարաշահել Ձեր համբերությունը։ Իրականում ես այստեղ եմ, որպեսզի Հիսուսին ցածր գներով մեքենա ապահովագրելու փաթեթ առաջարկեմ, ի դեպ, ամբողջական, ներառում է թե միակողմանի, թե երկկողմանի վթարները, վթարի դեպքում` հոգում առողջական ծախսերը, անվճար տրամադրում է մեքենա վարձելու հնարավորություն։
– Շատ լավ է, բայց չեմ կարծում, թե Հիսուսին կհետաքրքրի,- փոքր-ինչ սառնասրտորեն ասաց կինը։
– Ինչո՞ւ։
– Հիսուսը մեքենա չունի։
– Ինչպե՞ս թե։
– Այո, չգիտեի՞ք։ Նա ավանակով է տեղաշարժվում։
Պարոն Ռոմեոյի վստահությունը կրկին մարեց։ Նա վարանեց, գրկեց հաստ թղթապանակն ու շփոթված ասաց.
-Կներեք, միգուցե ես ուրիշ Հիսուսի մոտ եմ եկել։
Հիսուսի կինն արդեն վեր էր կացել Ռոմեոյին ճանապարհելու՝ նրան ուղեկցելով դեպի դուռը։
– Իսկ Դուք ո՞ր Հիսուսին եք փնտրում,- հարցրեց նա։
