Վովա Արզումանյան/ Ինքնության ապրանքայնացումը և տեքստի ազատությունը

1990-ականների վերջից ի վեր Մարիուս ֆոն Մայենբուրգը դարձել է որպես ժամանակակից գերմանական դրամատուրգիայի առանցքային դեմքերից մեկը։ Նրա ստեղծագործությունները, ստանալով համաշխարհային ճանաչում, այսօր դասվում են գերմանալեզու ամենաշատ թարգմանվող պիեսների շարքին. միայն «Տգեղը» պիեսը թարգմանվել է ավելի քան 30 լեզվով՝ չկորցնելով իր արդիականությունը բազմաթիվ բեմադրություններում։

Մայենբուրգի գրելաոճն առանձնանում է կառուցվածքային մինիմալիզմի, լեզվական վիրահատական ճշգրտության և սոցիալական սուր հայացքի ինքնատիպ միաձուլմամբ։ Նրա դրամատուրգիան զերծ է ավելորդ հոգեբանական շերտավորումներից. հեղինակը նախապատվությունը տալիս է հակիրճությանը՝ կերպարներին դիտարկելով ոչ թե որպես ավանդական բնավորություններ, այլ որպես որոշակի գործառույթներ, սոցիալական դերեր կամ ինքնության մոդելներ։

Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում բեմադրվել է դրամատուրգի «Տգեղը» պիեսը։ Այս դրամատիկական ստեղծագործության սյուժետային շերտը պարզապես առիթ է՝ ներթափանցելու էկզիստենցիալ ավելի խորը շերտեր։ Առաջին հայացքից սա սուր սատիրա է պլաստիկ վիրաբուժության և գեղեցկության համընդհանուր մոլուցքի մասին, սակայն վերլուծական հայացքը բացահայտում է շատ ավելի հիմնարար հարցադրումներ. ինչպե՞ս է ձևավորվում անհատի ինքնությունը մի աշխարհում, որտեղ այն դարձել է կամայականորեն վերարտադրելի և հասարակության կողմից վավերացվող «ապրանք»։ Այստեղ հարկ է առանձնացնել մի առանցքային թեզ. ժամանակակից գերմանական դրաման ոչ միայն վերաձևում է գրական տեքստը, այլև արմատապես վերափոխում է թատրոնի բնույթը։ Հաճախ այս նորամուծությունները դիտարկվում են լոկ որպես ձևական փոփոխություններ՝ հատվածայնություն, բաց երկխոսություններ կամ հոգեբանական կայուն կերպարի քայքայում։ Թեև այս բնորոշումները ճշգրիտ են, սակայն դրանք չեն արտահայտում ամբողջական պատկերը։Վճռորոշն այն տրանսֆորմացիոն ազդեցությունն է, որն այս տեքստերն ունենում են թատերական պրակտիկայի վրա։

Ի տարբերություն դասական դրամայի, որը կանխորոշում է բեմադրության ընթացքը, Մայենբուրգի տեքստը բաց կառուցվածք ունի։ Այն ստեղծում է ազատ տարածություն ռեժիսուրայի, մարմնի լեզվի և տարածության համար՝ ստիպելով թատրոնին հարցականի տակ դնել սեփական կանոնները։

«Տգեղը» պիեսն աշխարհի փակ կամ պատրաստի մոդել չէ։ Այն ավելի շուտ ինտելեկտուալ մարտահրավեր է նետված թատերական որոշումներին՝ պահանջելով ոչ թե պարզ վերարտադրություն, այլ ակտիվ երկխոսություն բեմի և տեքստի միջև։ Մայենբուրգը օգտագործում է բրեխտյան «օտարման էֆեկտի» ժամանակակից տարբերակը։ Նա թույլ չի տալիս, որ հանդիսատեսը հուզականորեն կապվի հերոսի հետ, այլ ստիպում է նրան դիտարկել կատարվածը որպես սոցիալական փորձարկում։

Բեմադրող ռեժիսոր Մհեր Զաքարյանի բեմադրությամբ այս ներկայացումը հագեցած է այնպիսի լուծումներով, որոնք լիովին համադրելի են ժամանակակից թատրոնի գեղարվեստական մտածողության և լեզվամիջոցների հետ։ Ռեժիսորին հաջողվել է ստեղծել մի տարածք, որտեղ ժամանակակից դրամատուրգիայի հանրահռչակումը զուգակցվում է սոցիալական սուր ռեֆլեքսիայի հետ՝ վեր հանելով անհատի ինքնության փխրունության և հասարակական արժեհամակարգային հակասությունների բարդ շերտերը։ Այնուամենայնիվ, ներկայացման տեքստային և կառուցվածքային ամրությունը երբեմն բախվում էր դերասանական մարմնավորման անհամաչափությանը։ Պետք է արձանագրել, որ դերասանական խաղը ոչ միշտ էր համապատասխանում ռեժիսորական լուծումների թելադրած բարձր տեմպին և էսթետիկական պահանջներին։ Այս համատեքստում իր դերակատարմամբ ակնհայտորեն առանձնանում էր դերասան Արսեն Ազիզյանը, ում հաջողվել էր գտնել միաժամանակ մի քանի կերպարների ճիշտ գոյաձևը՝ պահպանելով Մայենբուրգին բնորոշ «դեր-գործառույթի» և հուզական ներքին դինամիկայի նուրբ սահմանագիծը։ Զգալի էր դերասանների հետ հետևողական և տևական աշխատանքի անհրաժեշտությունը (դերերում՝ Կարեն Առաքելյան, Արսեն Ազիզյան, Մարիա Գևորգյան, Արսեն Ներսիսյան)։ Որպեսզի ռեժիսորական հայեցակարգը չմնա լոկ որպես արտաքին ձևական կառույց, կատարողական արվեստը պետք է հասնի տեքստի սուր անկյունավորությանը և մինիմալիստական ճշգրտությանը, ինչը տվյալ բեմադրության մեջ դեռևս կատարելագործման փուլում է։ Մհեր Զաքարյանի բեմադրությունը Երիտասարդական էքսպերիմենտալ թատրոնում փորձ էր՝ ցույց տալու, որ ժամանակակից թատրոնը ոչ թե պատասխաններ տալու, այլ ճիշտ հարցադրումներ անելու արվեստի մասին է, և «Տգեղը» պիեսն այդ հարցադրումների համար լավագույն տարբերակն էր։

Այս բեմադրության մեջ բեմանկարչական լուծումներն առանցքային նշանակություն ունեն՝ ամբողջացնելով ռեժիսորական մտահղացումը և ընդգծելով դրամատուրգիայի սիմվոլիզմը։ Ներկայացման վիզուալ կոնցեպտը հենվում է մինիմալիստական, բայց խիստ խոսուն տարրերի վրա (բեմանկարիչ՝ Դիանա Լևոնյան):

Հավելենք, որ ներկայացումն իրականացվել է Հայաստանի Գյոթե ինստիտուտի «Թարգմանելով թատրոնը․ Գերմանական նոր թատերագրություն» նախագծի շրջանակներում։  Ներկայացման մեջ ներգրավված են նաև Երևանի Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանողները։

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *