Ի՞նչ է նշանակում ապրել, գոյություն ունենալ, կենդանի լինել: Այս գոյաբանական և էկզիստենցիալ հարցերը հազարամյակներ շարունակ հուզել են մարդկային միտքը: Աֆրիկացի-ամերիկացի բանաստեղծ Օդրի Լորդը իր «Պոեզիան շքեղություն չէ» էսսեում մտորում էր. «Սպիտակ հայրերը մեզ ասել ենմտածում եմ, ուրեմն կամ. իսկ մեզանից յուրաքանչյուրի ներսի սև մայրերը պոետը, շշնջում է մեր երազներում՝ զգում եմ, հետևաբար կարող եմ ազատ լինել։
Ի շարունակություն մարտին հրապարակված «Մահվան Պոետիկա» շարքի` Մերի Պողոսյանն ընտրել և թարգմանել է 20-րդ դարի երկրորդ կեսի և 21-րդ դարի մի քանի բանաստեղծություններ «Ապրելու պոետիկա» խորագրի ներքո:
Արգենտինացի գրող, բանաստեղծ Խուլիո Կորտասարը «լատինաամերիկյան բումի» առանցքային դեմքերից էհատնի իր սյուրռեալիստական և էքսպերիմենտալ արձակով, էսսեներով և պոեզիայով: Այս շարքի համար ընտրված բանաստեղծությունը կյանքը ամեն բջջով զգալու և վերապրելու մասին, ընդգրկվել է նրա կենդանության օրոք տպագրված վերջին` «Salvo el Crepúsculo» գրքում:
Բրիտանացի բանաստեղծուհի Վենդի Քոուփը բանաստեղծություններ է գրում թե մեծերի, թե փոքրերի համար: Նա իր ամենահայտնի բանաստեղծությունը«Նարինջը», գրել է Լոնդոնում գործընկերների հետ ընդմիջման տպավորության ներքո հենց նույն երեկոյան: Կյանքի փոքրիկ հաճույքները վայելելու մասին այս գործը տեղ է գտել նրա 1992 թ. «Լուրջ մտահոգություններ» ժողովածուի մեջ:
Ն. Սքոթթ Մոմադեյը համարվում է բնիկ-ամերիկյան գրականության վերածնունդի կարևորագույն գրողներից: Նա Կայոուա ցեղի առաջին գրողն էր, ով 1969 թվականին արժանացավ Պուլիտցերյան մրցանակի իր «Արշալույսից շինված տունը» վեպի համար: «Ցոայ-թալիի բերկրանքի երգը» բանաստեղծությունը կառուցված է Կայովա ավանդական երգերի և աղոթքների նմանությամբ, որտեղ անհատի ինքնությունը անբաժանելի է բնության տարրերից։ Այն տպագրված է նրա «Արևի ներկայութամբ` պատմվածքներ և բանաստեղծություններ 1961-1991թթ.» գրքում:
Ջոյ Հարջոն ԱՄՆ-ի պատմության մեջ առաջին բնիկ ամերիկացի (Մասկոգի/Քրիք) դափնեկիր բանաստեղծն է (Poet Laureate): Նրա պոետիկ աշխարհընկալումը հիմնված է նախնիների հիշողության և բնության հետ անքակտելի կապի վրա: Ընտրված բանաստեղծությունը «Երկնքից ընկած կինը» ժողովածուից է: Այն յուրահատուկ մտորում է կյանքի շրջանում խոհանոցի սեղանի խորհրդանշական դերի մասին:
Մերի Օլիվերը ամերիկացի նշանավոր բանաստեղծ է, որի պոեզիան պատկանում է բնապաշտական ավանդույթին և կենտրոնացած է մարդու ու բնության հարաբերության վրա: Նրա «Ամերիկյան պրիմիտիվ» ժողովածուն, որից էլ ընտրվել է բնության, կյանքի ու սիրո մասին բանաստեղծությունը 1983 թ. արժանացել է Պուլիցերյան մրցանակի:
Բոլոր թարգմանություններում հնարավորինս պահպանվել է բնագրի կետադրության, փոքրատառի օգտագործման, տողի դասավորության առանձնահատկությունները:
Խուլիո Կորտասար
Հարցական հնչերանգով կարդալու
Դու տեսել ես,
իսկապես տեսել ես
ձյունը աստղերը զեփյուռի փափուկ ոտնաքայլերը
Դու հպվել ես
իսկապես հպվել ես
ափսեին հացին դեմքին կնոջ ում այդքան սիրում ես
Դու ապրել ես,
ինչպես ճակատին հարված,
ակնթարթը հևոցը անկումը փախուստը
Դու իմացել ես
մաշկիդ ամեն ծակոտիով իմացել ես,
որ քո աչքերը, ձեռքերը, անդամը, քո փափուկ սիրտը
պետք է դեն նետել,
պետք է արտասվել,
պետք է հորինել նորից։
Վենդի Քոուփ
Նարինջը
Ճաշին մի հսկա նարինջ գնեցի —
Դրա չափը բոլորիս ծիծաղեցրեց:
Կլպեցի և Ռոբերտի ու Դեյվի հետ կիսվեցի —
Քառորդ նրանց, կեսն ինձ:
Ու այդ նարինջն ինձ այնպես երջանկացրեց,
Ինչպես հաճախ է լինում է սովորական բաներից —
միայն վերջերս։ Գնումներ։ Զբոսանք այգում։
Սա խաղաղություն է ու գոհունակություն։ Նոր է։
Օրվա մյուս մասն էլ լավ հեշտ էր։
Ցուցակիս բոլոր գործերը կարգին արեցի —
Վայելեցի դրանք ու դեռ ժամանակ էլ մնաց։
Սիրում եմ քեզ։ Ուրախ եմ, որ գոյություն ունեմ:
Ն. Սքոթթ Մոմադեյ
Ցոայ-թալիի բերկրանքի երգը
Ես փետուր եմ պայծառ երկնքի գրկում
Ես կապույտ ձին եմ՝ դաշտում սլացող
Ես ձուկն եմջրում պտտվող, շողացող
Ես ստվերն եմմանուկին հետևող
Ես իրիկվա լույսն եմ, մարգերի փայլը
Ես արծիվ եմ` քամու հետ խաղացող
Ես պայծառ ուլունքների շարան եմ
Ես ամենահեռու աստղն եմ
Ես լուսաբացի պաղն եմ
Ես անձրևի շառաչն եմ
Ես ճաճանչն եմ ձյան կեղևի
Ես լուսնի երկար հետքն եմ լճի մեջ
Ես քառագույն բոց եմ
Ես մթնշաղին հեռվում կանգնած եղնիկ եմ
Ես սումախի ու շաղգամի դաշտ եմ
Ես ձմռան երկնքում սագերի երամ եմ,
Ես քաղցն եմ դեռահաս գայլի,
Ես այս բոլորի ամբողջ երազն եմ
Տեսնում ես, ես կենդանի՜ եմ, կենդանի՜:
Ես հաշտ եմ երկրի հետ
Ես հաշտ եմ աստվածների հետ
Ես հաշտ եմ այն ամենի հետ, ինչը գեղեցիկ է
Ես հաշտ եմ Ցեն-տեյնտեի դստեր հետ։
Տեսնում ես, ես կենդանի՜ եմ, կենդանի՜։
Ջոյ Հարջո
Գուցե աշխարհն այստեղ ավարտվում է
Աշխարհն սկսվում է խոհանոցի սեղանի շուրջ։ Ինչ էլ որ լինի, պետք է ուտենք՝ ապրելու համար։
Հողի պարգևները բերվում են, պատրաստվում, շարվում սեղանին։ Այդպես է եղել արարումից ի վեր, և այդպես էլ կգնա:
Հավերին ու շներին քշում ենք սեղանից: Մանուկներն անկյուններում ատամ են հանում։ Նրա տակ քերծում են ծնկները:
Հենց այստեղ են երեխաները ստանում խրատներ մարդ լինելու մասին։
Նրա շուրջ կերտում ենք տղամարդիկ, կերտում ենք կանայք:
Այս սեղանի շուրջ բամբասում ենք, հիշում թշնամիներին ու սիրեցյալների ուրվականներին։
Մեր երազները սուրճ են խմում մեզ հետ` իրենց թևերով գրկելով մեր երեխաներին։ Նրանք ծիծաղում են մեզ հետ՝ մեր խեղճ ու վայր ընկնկող ես-ի վրա, և երբ մենք նորից հավաքում ենք մեզ՝ սեղանի շուրջ։
Այս սեղանը տուն է եղել անձրևին, հովանոց՝ արևին:
Պատերազմներ են սկսվել ու ավարտվել այս սեղանի շուրջ։ Այն վայր է՝ թաքնվելու սարսափի ստվերում։ Վայր՝ տոնելու սոսկալի հաղթանակը։
Մենք ծննդաբերել ենք այս սեղանի վրա, և այստեղ ենք մեր ծնողներին պատրաստել հուղարկավորության:
Այս սեղանի շուրջ ենք մենք երգում բերկրանքով, թե տրտմությամբ։ Մենք աղոթում ենք տառապանքի ու զղջման մասին։ Մենք շնորհակալություն ենք հայտնում։
Թերևս աշխարհը կավարտվի հենց խոհանոցի սեղանի շուրջ, մինչ մենք ծիծաղում ենք ու լաց լինում՝ ուտելով վերջին քաղցր պատառը։
Մերի Օլիվեր
Բլեքուոթերյան անտառներում
Նայիր, ծառերը
փոխակերպում են
իրենց մարմինները
լույսի
սյուների,
արձակում են հարուստ
բույրը դարչնի ու
լիության,
կատվախոտի
երկար գլանները
պայթում ու սահում են
կապուտ ուսերին
ջրալճակների
ու ամեն լճակ,
ինչ էլ որ լինի
նրա անունը,
անանուն է հիմա։
Ամեն տարի
ամեն բան,
որ երբևէ սովորել եմ
կյանքիս ընթացքում,
հետ է գալիս է սրան. հրդեհներն
ու սև գետը կորստի,
որի մյուս ափը
փրկություն է,
որի իմաստը
մեզնից ոչ ոք չի իմանա։
Այս աշխարհում ապրելու համար
պետք է կարողանաս
երեք բան անել.
սիրել այն, ինչ մահկանացու է,
սեղմել այն
քո ոսկորներին՝ գիտակցելով,
որ կյանքդ է դրանից է կախված,
ու երբ ժամանակը գա բաց թողնելու, բաց
թողնել այն,
բաց թողնել այն։
Թարգմանեց Մերի Պողոսյանը
Լուսանկարի հեղինակ` Նարել Աուտիո
