***
Ինչի՞ մասին ես,
Դու,
Սե՛ր իմ,
Որ տողերս այսքան հուզվում են
Քեզ մոտենալիս․․․
***
Այս խելագար
Ու
Պատերազմահոտ աշխարհում
Գտնել քո գիրկն
Ու
Լինել,
Խաղաղ լինել․․․
***
Հոգի՛ս,
Տունը, որ տանում ես ուսերիդ,
Ո՛չ քաղաքում է, ո՛չ գյուղում․
Սրտումդ է՝
Աշխարհի որ անկյունում էլ ցանկանաս,
Կառուցես տունդ, տեղդ, քեզ․․․
***
Իսկ իմ խաղաղությունն
Ու
Տունը
Քո ափերի մեջ են․․․
***
Ափեափ լցված քեզնով՝
Խճճվում եմ սովորական օրերիս մեջ։
***
Քո աչքերը
Մի գեղեցիկ պոեզիա են,
Որոնց անգիր գիտեմ,
Բայց
Դանդաղ եմ կարդում,
Որ չավարտվեն․․․
***
Իմ ծրարված կարոտները
Քո հասցեով են,
Սե՛ր իմ,
Որոնք թևածում են
Տանդ կարմիր կտուրներին․․․
***
Քեզ կարոտելու համար
Ինձ
Հեռավորություն
Պետք չէ․․․
***
Ողջ գիշեր մութը հրել, որ
Այգաբացի հետ
Կրկին ու գլխահակ դառնամ քեզ,
Սիրելի՛դ իմ․․․
***
Մի գեղեցիկ սրտի թրթիռ է կախված հունվարից,
Սե՛ր իմ,
Որն այնքան չի ամաչում իր մերկությունից։
***
․․․իմ օրերի մեջ
Այնքան հավատ է լցվել
Քո գալուց ի վեր,
Սիրեցյա՛լս,
Որ
Բոլոր մեղքերիս համար
Ներում կգտնվի․․․
***
Ես
Ու
Դու
Ամեն օր
Հանդիպում ենք
Իմ բանաստեղծություններում,
Որոնք չունեն
Ձև,
Համաչափություն,
Ժամանակ,
Որովհետև
Ես քեզ հետ սովորեցի
Ապրել
Ձևից, ժամանակից անդին․
Իսկական, բնական
Ապրել․․․
***
Դու
Պարզապես արի
Ու
Ձեռքդ դիր ուսիս․
Ոչինչ էլ
Հարկավոր չէ,
Միայն թե ձեռքդ
Համոզի կարոտիս․․․
