Հինավուրց ժամանակներից ի վեր աշխարհի բոլոր մշակույթներում գրողներն ու փիլոսոփաները խորհրդածել են մահվան և անդրշիրիմյան աշխարհի մասին: «Մահվան պոետիկա» խորագիրը կներկայացնի այս թեմայով բանաստեղծությունների շարք` Մերի Պողոսյանի ընտրությամբ և թարգմանությամբ:
Ամերիկացի լրագրող Քլեր Հարները «Անմահություն» բանաստեղծությունը գրել է եղբոր հանկարծակի մահվան առիթով և հրապարակել այն «Գնչուհին» ամսագրում: Այն շատ արագ գրավեց ընթերցողների ուշադրությունը և այնքան հաճախ էր վերատպվել, որ երկար ժամանակ հեղինակի անունը կամ չէր նշվում կամ սխալ էր նշվում:
Իսպանացի հայտնի գրող, բանաստեղծ և դրամատուրգ Ֆեդերիկո Գարսիա Լորկան իր «Հրաժեշտ» բանաստեղծությունը գրել է ընդամենը 23 տարեկանում: Պատշգամբի մետաֆորը ավելի հասկանալի է դառնում, երբ կարդում ենք նրա ավելի ուշ շրջանի դասախոսություններից մեկում. «Ամենուրեք մահը ավարտ է։ Մահը գալիս է, և վարագույրները քաշում են։ Բայց ոչ Իսպանիայում։ Իսպանիայում դրանք բացում են»: Գարսիա Լորկան սպանվեց Ֆրանկոյի ռեժիմի կողմից 38 տարեկանում. նրա գերեզմանի տեղն անհայտ է:
Գազայի համալսարանի անգլերենի պրոֆեսոր և թարգմանիչ Ռեֆաաթ Ալարիրի «Թե ես պիտի մեռնեմ» (If I Must Die) բանաստեղծությունը գրվել է 2023 թվականի նոյեմբերի 1-ին Գազայում ռմբակոծությունների օրերին: Ալարիրն այս տողերը հրապարակել է իր մահից ընդամենը հինգ շաբաթ առաջ: 2023 թվականի դեկտեմբերի 6-ին նա սպանվեց իր քրոջ տանը տեղի ունեցած ավիահարվածի հետևանքով: Հեղինակի մահից հետո այս գործը վերածվեց համաշխարհային դիմադրության և մարդասիրության խորհրդանիշի՝ թարգմանվելով ավելի քան 40 լեզուներով:
Քլեր Հարներ
Անմահություն
Մի՛ կանգնիր
Շիրիմիս գլխին և մի՛ արտասվիր:
Ես այնտեղ չեմ,
Ես չեմ քնում—
Ես հազարավոր փչող քամիներն եմ,
Ձյան մեջ ադամանդի փայլերն եմ,
Հասուն հասկի վրայի արևի լույսն եմ,
Ես մեղմ աշնանային անձրևն եմ:
Երբ արթնանում ես վաղորդյան անդորրին,
Ես հանդարտ թռչունների պտտաձև ճախրի
Դեպ վեր ընթացող հանկարծակի սլացքն եմ,
Ես գիշերից անդին անցնող ցերեկն եմ:
Մի՛ կանգնիր
Շիրիմիս գլխին և մի՛ արտասվիր
Ես այնտեղ չեմ—
Ես չեմ մահացել:
1934 թ.
Ֆեդերիկո Գարսիա Լորկա
Հրաժեշտ
Եթե մեռեմ,
բաց թող պատշգամբը:
Տղան նարինջ է ուտում:
(Իմ պատշգամբից տեսնում եմ նրան)
Հնձվորը ցորեն է հնձում:
(Իմ պատշգամբից զգում եմ նրան)
Եթե մեռեմ,
բա՛ց թող պատշգամբը:
1921 թ.
Ռեֆաաթ Ալարիր
Թե ես պիտի մեռնեմ
Թե ես պիտի մեռնեմ,
դու պիտի ապրես,
որ պատմես իմ պատմությունը,
որ վաճառես իմ իրերը,
որ գնես մի կտոր գործվածք
ու մի քանի թել,
(թող լինի սպիտակ ու երկար պոչով),
որպեսզի մի մանուկ, Գազայում մի տեղ,
երբ նայելիս կլինի երկնքի աչքերին`
սպասելով հորը, որ գնաց բոցերի մեջ —
առանց ոչ մեկին հրաժեշտ տալու,
նույնիսկ իր մարմնին,
նույնիսկ ինքն իրեն —
տեսնի օդապարուկը,
քո պատրաստած իմ օդապարուկը
վերևում սավառնող,
ու մի պահ կարծի, թե հրեշտակ է այնտեղ,
որ սեր է բերում:
Թե ես պիտի մեռնեմ,
թող դա հույս բերի,
թող դա դառնա հեքիաթ։
2023 թ.
Թարգմանեց Մերի Պողոսյանը
