***
էս քաղաքի համար դժվար ժամանակներ են
էստեղ ապրում եմ ես
ու դու բացակա ես
ու քաղաքը ծանր է տանում բացակայությունդ
ու քաղաքն անտանելի է առանց քեզ
ու անտանելի հոգնել եմ էս քաղաքի լույսերի մեջ քո սիլուետը փնտրելուց
ու անտանելի զգացում է փնտրել՝
չիմանալով ում ես փնտրում
երբ
ու որտեղ
ու անտանելի է պատկերացնել
որ մի օր ես ու դու էս ծանր ժամանակներին էս քաղաքում կարող էինք հանդիպել
ու փրկել իրեն
գուցե նաև մեզ
ու գուցե քաղաքը շնորհակալ չլիներ իրեն փրկելու համար
բայց ես պատրաստ եմ շնորհակալությունս անձայն հայտնել իմ փրկչին
եթե գտնեմ էս դժար ժամանակներում։
հիմա քաղաքի համար ծանր ժամանակներ են
ու քաղաքն արդեն հրաժարվում է իմ ծանրությունն էլ վերցնել իր ուսերին
ու հրաժարվում է ինձ քարշ տալ իր փողոցներով
ու հրաժարվում է լույսերն անջատել,
ու ես հոգնել եմ համոզելուց
ինձ համոզելուց
քեզ համոզելուց
ու էս քաղաքին համոզելուց
որ իմ մի թիքյա ծանրությունն ուրիշ ոչ մեկին չունեմ տալու
որ իմ մաշկը շնչում է էս քաղաքի մեքենաների թողած կեղտաօդը
որ ես կեղտ ու փոշու մեջ միևնույն է փնտրում եմ
ու ծանր է չիմանալը ում եմ փնտրում
ու ծանր է չիմանալը որտեղ փնտրել
ու ծանր է չիմանալը երբ է ճիշտ փնտրել
***
առաջին սերը գալիս ա միանգամից,
մեռնում ա դանդաղ,
ու մարսվում ա ծանր.
հետո գալիս ա չկարողանալու ժամանակը.
էդ չափ սիրել չկարողանալու,
չտեսնելու էդ աչքերից,
չզգալու էդ հոտից,
չքայլելու էդ փողոցներով,
չլսելու էդ երգերը.
ու դառնում ես որոնող.
Հետո գալիս ա ինքդ քեզ հանգիստ տալու ցանկությունը.
հետո հանգիստդ տալիս ես բոլորին,
ու քեզ խժռում ա ներսից՝ կյանքի մեջ եռալու ցանկությունը.
օնլայնից դառնում ես օֆլայն,
քեզ թվում ա,
որ հեսա-հեսա սկսելու ես իրականությունը զգալ մաշկիդ վրա,
բայց քաշում են հետ,
ու դու զսպանակվում ես՝
երազնաքներդ խառնելով ռիլլերի իդեալական կյանքի հետ,
ու մի օր որոշում ես,
որ քեզ էլ պիտի նայեն ռիլլի պես.
ու դառնում ես քլին գըռլ,
հետո մոդա ա դառնում փիքմին,
հետո սկսում ես բոլորի մեջ ռեդ ֆլագներ տեսնել,
հոգեբանի համար փող ես հավաքում,
առանձին ապրելու մոդան նորից ես բերում քո կյանք,
հանգստի չգնալու տեղը քաղաքի լողավազաններն ես չափչփում,
որ սթորիներով տեսնեն «ռելաքսվելդ»,
անկապ փաբերի փոխարեն թանկ տեղեր ես գնում,
որ քեզ լավ մասսայի հետ ասոցացնեն.
հետո ժամանակ ա անցնում,
սովորում ես «պռայմ էռա» արտահայտությունը
ու հիմա էլ կյանքը գնում ա էդ էռան հիշելու,
ամեն ինչ դրա հետ կապելու վրա.
էլի հետ ես գնում փաբերին,
եթե հավես ունես,
հետ ես գալիս ռիլլերի մոդայից դուրս եկած հարմար ու սիրածդ շորերին,
հեռախոսիդ ֆոտոների մեջ «քուլլ» շութերդ էլի դառնում են
սովորական ընկերների հետ բամբասվելու սքրինշոթեր,
ռիլլերի տակ մնացածները դառնում են «կրինժ»,
դու էլ՝ էս ամենինչի խառնուրդը,
որովհետև առաջին սերդ դասավորել ա իրա կյանքն ու չի հարցրել քեզ․
«դու պատրա՞տ էիր իմ ընտրյալին տեսնելուն»։
Ես մարսողությունս լավացնելու համար
ամեն օր
ուտելուց հետո
ածուխի կոճակներ եմ խմում։
****
ես էս քաղաքում գտնում եմ ինձ
գտնում եմ փոքր ժամանակ
պաղպաղակ եմ տալիս ձեռքս
ու պատմում եմ
թե ոնց պիտի մեծանամ.
պատմում եմ ապագա սերերիցս
ապագա փաբերից ու փարթիներից
ապագա աշխատատեղերիցս
կիսատ թողած երազանքներիցս
պատմում եմ թե ոնց եմ առաջին անգամ հիասթափվելու
ոնց եմ առաջին անգամ խմելու
անունս չհիշելու չափ
ոնց եմ առաջին անգամ գալու Երևան
ու սիրահարվեմ էս քաղաքին
ոնց եմ հետո էս քաղաքում ամեն օր գտնելու ինձ
ոնց եմ ամեն օր պատմելու ինձ
անցած օրերի մասին
որոնց մեջ բոլորը կան
ինձնից բացի
որտեղ իմ մեջ կան մարդիկ
ու ես չկամ ոչմիտեղ
որտեղ մարդկանց մեջ կան ինձնից հատվածներ
բայց ես չունեմ
ոչ իրենց
ոչ ինձ.
էս քաղաքում ես ամեն օր գտնում եմ ինձ
ու ամեն օր հալվում է ձեռքիս պաղպաղակը
ու ավելանում են պատմություններն իմ մասին
ու ձեռքս բռնած ման եմ տալիս քաղաքով
ու քաղաքը ճանաչում է ինձ
ու ես անցնող անծանոթ եմ
****
ես հիմա քայլ առ քայլ արյունոտ ու երկար ճանապարհով
բարձրանում եմ իմ խաչվելու սարը,
որի անունը Գողգոթա չէ
ու որտեղ խաչի փոխարեն ինձ խաչողների փուշ բառերն են սպասում.
ես բարձրանում եմ երկար՝
ոտքերիս տակ փշուր-փշուր անուններ ու ձայներ,
ձեռքերիս մեջ` անսեր հպումներ
ու մեջքիս վրա` թեթև մեղքերիս կույտը։
Ես քայլում եմ վերև ներքևից,
որտեղ փուշ բառերը թունոտ եզրերով
սպասում են իրենց հարձակման հերթին,
ու հետս շքերթ եմ տանում՝
անհույս սերերի,
ու հետս շքերթ եմ տանում՝
անտուն մտքերի,
որ տեղ հասնելուց պաշտպանեն ինձ փշերից,
որ սովորւթյան համաձայն առաջինը ես չնետվեմ վախի առաջ,
որ քավության նոխազ չդառնամ,
որ կարողանան գոնե մի անգամ պահել ինձ իրենց մեջքի հետևում՝
որպես թուլանալ կարողացողի,
որպես անվերջ հույս տվողի,
որպես հորթի լավատեսության վկայի,
որպես սիրուն հավատացող եզակի մեկի։
ես բարձրանում եմ սարը,
ու այն տեղից շարժվում է,
հեռանում է ինձնից՝
քարոտելով ճանապարը իմ և իր միջև,
ու տատանելով սրտիս ճնշումը,
որից սիրտս խառնում է
ու ես սկսում եմ փսխել ճանապարհի կեսերին.
ու գնում եմ առաջ,
ու տանում եմ հետս
փշրող անուններ,
անսեր հպումներ,
մեղքերիս ծանրացող կույտը…
ու թունոտ փշերից ընկնելուն դեռ անասելի երկար է մնացել։
