Խանդութ Թորոսյան/Խերից փախածը մեքսիկաներում

Կյանքիցս քանի գարուն էր անցել ու նույնքան  աշուն, ամառ ու ձմեռ։ Անկախանում էինք՝ չգիտեմ ինչից կամ ումից։  Հոկտեմբեր ամիսն էր, բայց նոյեմբերի էր նման։ Մանր անձրևը չէր էլ զգացվում, բայց անդուր սառն էր, ու արևն արդեն պակասում էր, ինչից արդեն հասուն կանայք հիվանդանում էին, չգիտեմ արևի՞ց, թե երջանկությունն անդարձ կամ անվերադարձ կորցնելուց։ Արևը երջանկացնում է, հա՛ ու իր պայծառ շողերով էդ անդարձ ու անվերադարձ երջանկությունը կորցրած կանայք մի պահ մոռանում են, որ երջանիկ չեն, որ չունեն սեր, որ խաղում են ու դեռ պիտի խաղան արևին, մթին, կեսօրին, հետո՝ միջօրեին ու հատկապես գիշերը։ Արևը ջերմացնում է ու երջանկացնում, մի շատ կարճ ժամանակով ապերջանիկը դառնում է երջանիկ՝ առանց խաղալու։

Սոնան երջանիկ էր, գոնե այդ պահին անձրևն ի զօրու չէր նրան տխրեցնել։ Ու այնքան երջանիկ, որ անգամ էդ անձրևը չնկատելով՝  էդ մռայլ ու սառը օրով ամբողջովին սպիտակ էր հագել։ Նույնիսկ անձրևանոց չուներ։ Արևն իր ներսն այրում էր, տոթ էր, ու անգամ անցորդների զարմացած ու շվարած հայացքը նրան շատ տարօրինակ էր թվում։ Արդեն իրեն մի քիչ մեծ էր զգում ու սկսել էր զգալ միջի կնոջը, չնայած չէր գործածում որևէ կոսմետիկ միջոց։ Բացի միջի կնոջը զգալուց հասկանում էր, որ երբ աղջիկները մեծանում են արդեն սրճարան էլ են գնում երբեմն։ Սուրճ դեռ չէր խմում, բայց դե սրճարան ուզում էր գնալ ու մեծավարի մի երկու բան պատվիրել։ Հիշեց, որ ուսանող քույրը երբեմն գնում ու բացի սուրճն էլի մի քանի բան էր պատվիրում՝ սնկով կամ կաթնաշոռով  բլինչիկ։ Տանը պատմում էր, թե ինչ վայելք էր, մանավանդ սնկովը։ Ու հենց միայն այս բլինչիկները համտեսելու համար արժեր մեծանալ։ Կարելի էր ասել, որ հենց այդ պահից Սոնան այլևս մեծ աղջիկ էր։ Ընկերուհին աչքաբաց աղջիկ էր ու գիտեր քաղաքի գրեթե բոլոր սրճարանները, ու էն, որ Սոնան ճաշակեց իր կյանքի ամենահամեղ սնկով  բլինչիկները, երբեք չի մոռանա։ Արդեն ուշ էր, ինչքան էլ որ մինչև վերջին վայրկյանը փորձում էր վայելել կյանքում առաջին անգամ որպես մեծ աղջիկ սրճարան գնալը ոչ թե սուրճ խմելով , այլ բլինչիկ ուտելով, միևնույնն է՝ պիտի տուն գնար։

– Հավե՞ս ա, չէ՞, որ ընդունվենք, արդեն ամեն օր սրճարան ենք գալու, գիտե՞ս,- ասաց աչքաբաց Սյուզին։

– Բայց ես ընդունվելու եմ , որ սովորեմ, ոչ թե սրճարան գամ, դու սրճարան գալու համա՞ր ես ընդունվում։

– Վա՛յ, չէ, ի՞նչ ես ասում, ես ընդունվում եմ, որ զագսի վարիչի դիպլոմ ստանամ։

– Բայց կա՞ նման մասնագիտություն։

– Չէ, բայց ես կունենամ էդ դիպլոմից։

– Իբր էդ ի՞նչ գործ է։ Չնայած լավ է այն առումով, որ կօգնես ընտանիքներ կազմվեն,  կարևորը՝ սիրով։ Բայց կաշխատես քիչ ընտանիքներ քանդել։

– Կարևորը փողոտ գործ ա, ընտանիք կազմվի, թե քանդվի, միևնույնն ա գրպանս փող են դնելու։

– Շատ անսիրտն ես, էդ փողը կուտվի՞, Սյուզի՛։

– էն էլ ոնց կուտվի։ Լավ , դու՞ ինչ ես դառնալու։

– Մի բան կդառնամ, էլի։ Ամեն ինչ ուզում եմ դառնալ՝ մի օր բժիշկ, մի օր երաժիշտ, մի օր կենսաբան, մի օր էլ լեզվաբան կամ արևելագետ, ասենք՝ թուրքագետ։ Բայց գիտե՞ս մի բան կա, որ երբեք չեմ ցանկանա դառնալ։ Այ միայն իրավաբան դառնալու մասին չեմ մտածել։ 

– Յա՛խք,  թուրքագետ, էդ էր պակաս, ո՞նց ես սովորելու։ Դե դու ո՞նց կարող ես կաշառակեր դառնալ։ Ես կդառնամ, գիտե՛ս։ Ես պատվով կաշառակեր եմ դառնալու։

– Պատվով կաշառակերը ո՞րն է։

– Կա նման բան, Սոնա՛, ու դու կտեսնես՝ դա որն ա։

– Էլի ապուշ-ապուշ դուրս ես տալիս,  շուտ արա, վերջացրու։ Թե ի՞նչն է քեզ այդքան ոգևորում։ 

Հոկտեմբերին ոչ հատուկ սառը անձրևը անխնա թափվում էր թանձրացող մթի մեջ ու աննշմար դառնում, պարզապես իր սառը մատներով դիպչում հատուկենտ անցորդներին, ու նրանք կուչ եկած, մեծ-մեծ քայլերով փորձում էին րոպե առաջ հասնել մետրոյի  մոտակա կայարանը։

– Սոնա՛, եթե ասեմ, որ էս մթին ես ծիածան եմ տեսնում, շատ կզարմնա՞ս։ Ու հերիք չի էս մթին ծիածան եմ գտնելու,  դեռ տակով էլ անցնելու եմ։

– Հերի՛ք է ավելի ապուշանաս, ծիածան տեսնելու համար արև է պետք։ Առհասարակ, ամեն սիրուն բանի համար արև ու ջերմություն է պետք։

Սյուզին ընդունվեց այդ տարի՝ ինչ-որ տեղ, նրա ընդունելության քննությունները հիմնականում Սոնան էր հանձնել։ Սոնան ընդունվեց հենց այն ֆակուլտետը, որի մասին չէր էլ մտածել, ուր մնաց երազեր, չնայած մինչև հիմա շատերն են երազում այնտեղ ընդունվելու մասին։ Հետո, իհարկե, լեզվաբան դարձավ, արևելագետ ու հենց թուրքագետ։ Սյուզին զագսի վարիչ չդարձավ, այլ անվերջ մտածում էր Հայաստանից հեռանալու մասին։ 

– Էլի իմ հաստ վերմակը վերցրել ես ու քո բարակ վերմակն ինձ տվել,- փնթփնթում էր Առաքելը։

Խոր գիշեր էր կամ էլ նույնիսկ լուսաբաց։ Ու Սոնան չէր հասկանում՝ երազո՞ւմ էր Առաքելը մրթմրթում, թե՞ քնից էր վեր թռել, ոտքով վերմակը ցած գցել ու դողալով փորձում էր Սոնայի վերմակը իր գլխին քաշել։

– Մրսում եմ, դողում, իսկ դու տաք-տաք քնած ես։

– Ծածկվիր ու խելոք քնիր, առավոտյան կփոխեմ մեր վերմակները, էլի փոխս է ընկել,- կիսաքնած դժգոհեց Սոնան ու ձեռքը գցեց հեռախոսին՝ փորձելով մի աչքով հասկանալ ժամը քանիսն է։ Մի աչքով չհասկացավ ժամը քանիսն է ու ստիպված բացեց երկրորդ աչքը, էլի չհասկացավ, ինչ-որ լղոզված պատկերներ էին լող տալիս էկրանին։ Ու քանի որ արդեն բացել էր երկրորդ աչքը, ուզած-չուզած պիտի արթնանար, էդպես էր։ Դեռ պիտի պարզեր ժամը քանիսն է։ Արդեն աչքերը պարզել էին ՝ չորսն անց քառասուն էր։ Էկրանին կարդաց մի հաղորդագրություն՝ ինչ լավ է քնել գիտես։ Սյուզին էր, գրել-գրել էր ու վերջում հասկացել, որ Սոնան ու մի քիչ աննորմալ մարդիկ պիտի որ քնած լինեին չորսն անց  քառասունին։ Գրեթե անձայն մտավ հյուրասենյակ, լույսը վառելու հարկ չկար, քանի որ դեռ իննսնականներից մթին տեսնում էր, իհարկե, ոչ այնքան հստակ, որքան լույսով էր տեսնում, բայց տեսնում էր։ Ու մեկ էլ մի մեծ ծաղկեփունջ աչքովն ընկավ սեղանին դրված, չհիշեց՝ ինչ, ով, երբ։ Լույսը վառեց ու ալ կարմիր վարդերի մի մեծ փունջ ժպտում էր իրեն։ Ինքն էլ փոխադարձաբար ժպտաց նրանց։ Հիշեց, որ քանի հայրը կար , նա էր միշտ ավետում գարնան գալը՝  նրբիկ ձնծաղիկների փնջով գալիս էր տուն, ու անկախ այն բանից՝ քնած լինեին, թե արթուն, մոտեցնում ու մեղմորեն հպում էր ձնծաղիկը իր, քրոջ ու մայրիկի աչքերին ու մեղմ շշնջում՝ քո գարունը ինձ, իմ ձմեռը քեզ, քո գարունը ինձ, իմ ձմեռը քեզ, ու այսպես երեք անգամ։ Շշնջում էր, ու ամեն ինչ կախարդվում էր կարծես, էն մռայլ, դժնդակ ձմեռն  անմիջապես դառնում էր պայծառ ու միմիայն լուսավոր գարուն։ Քնքուշ ձնծաղիկը մեղմորեն հպվում էր անհուն աչքերին, համբուրում էր մոր, քրոջ ու իր աչուկները, իսկ բույրը ծակում-հասնում էր ուղեղին, թե քնած էին լինում, թարմացնում, արթնացնում էր քնած միտքը, ու  մինչ օրս  ձնծաղկից հոտ քաշելիս հաստատ մայրն ու քույրն էլ զգում են հոր ձնծաղիկների հպումը, ու ինքը, և հաստատ մայրն ու քույրը բացի հոտն զգալուց,  լսում են նաև հոր ձայնը՝  քո գարունը՝ ինձ,  իմ ձմեռը՝ քեզ։

Իսկ ալ կարմիր վարդերն ամբողջ գիշեր անտեր, անջուր մնացել էին հյուրասենյակի սեղանին։ Ու հիմա ժպտում էին իրենց վերջին տիրոջը։ Նա սկսեց հարմար, լայնաբերան մի ծաղկաման  փնտրել։ Հերթով բերեց, նայեց, փորձեց հասկանալ, թե որն է ավելի տարողունակ։ Ապա սկսեց քանդել-ազատել ծաղիկները փայլուն թղթերից։ Մի տասներկու շերտ թուղթ հանեց՝ մուգ կարմիր, հետո բաց կարմիր, թափանցիկ, հետո կիսաթափանցիկ։ Այս հերթականությունը կրկնվում էր մի քանի անգամ՝ այնքան, մինչև «Վայլդբերիզի» մի մեծ տոպրակ լցվեց անճաշակ թղթերով։ Թե ինչու՞ էին սովորաբար սենց սիրուն ծաղիկները անպայման հենց այսպես փաթեթավորում: Ու ինչքան թուղթն ու անճաշակությունները  շատ, այնքան՝  ծաղկեփունջը թանկ։ Կտրատեց սիրուն ծաղիկների ցողունները, պոկեց մի քանի տերև ու համաչափ տեղավորեց ծաղկամանի մեջ։ Նորից նայեց հաղորդագրությանը՝ արդեն լայն բացված երկու աչքով․

Լավ էլ քնել գիտես, ես Երևանում եմ, ինձ նորից արտաքսել են, արդեն չորրորդ անգամ։

«Փառավոր» կաշառակերն էր։ Գիտեմ, որ կաշառակերը նաև կաշառատու է լինում: Այ քեզ բան։ Մարդ էլ ամեն անգամ այդքան փող տա, որ իրեն արտաքսեն։ Չորս անգամ մարդուն համոզեն, որ չէ՛, գնա հայրենիքումդ  ապրի, չորս անգամ ուրանաս, չորս անգամ սուտ-սուտ պատմություններ հորինես, որ քեզ հալածում են, քեզ չեն հասկանում, որ չկա արդարություն հենց այն երկրում, որտեղ գղգղացել ու լոզոտել ես, որտեղ հաստատ փոքր ժամանակ քաչալացել ես, որ սիրուն,  հաստ մազեր գան, որտեղ մորդ ես կարոտել, երբեմն էլ մորդ կորցնելու մտքից մեկ թաքուն, մեկ էլ բացահայտ արտասվել, հետո էլ հասկացել , որ ախր դու մամայի արևն ես, ու մայրդ քեզ    կգտնի, ու երբ մաման եկել է, ամուր գրկել ես  ու շշնջացել՝  մա՛մ, ինձ մենակ չթողնես։ Ու հենց այստեղ ես  ատամներդ թելով կապել ու փորձել հանել, անատամ դպրոց ես գնացել, հետո ամեն անգամ, երբ դպրոցի բուժքույրը եկել է գլուխներդ ստուգելու, վախեցել ու աստված ես կանչել, որ քո գլխին հանկարծ ոջիլ չլինի, հետո խորը շունչ ես քաշել, բայց շատ տարիներ անց իմացել ես, որ աղջիկներից մեկը գլխիդ ոջիլ էր գցել, որ քո սիրուն երկար մազերը, որ ամեն առավոտ տատիկիդ մատների տակ դառնում էին ծամեր, ոջլոտեն,  ու դու զրկվես ամենասիրուն ծամերից։  Քեզ համոզեն, որ ապրես այն երկրում, որտեղ հասկացել ես, որ անկախությունը քաղցր բան է, որ հայրենիքը կարող է նաև տնտեսապես աղքատ լինել, մութ,առանց գազ ու վառելիք, բայց միևնույնն է, այն հարուստ է, լուսավոր ու ջերմ։ Չորս անգամ համոզեն, որ գաս, ապրես այնտեղ, որտեղ սիրահարվել ես առաջին անգամ կամ ՝ ամեն անգամ, որտեղ հիասթափվել ես՝ առաջին ու ամեն անգամ, որտեղ խաբվել ես, հետո՝ քանդվել, հետո էլ ատել, ապա հասկացել ես, որ էլ այսպես շարունակվել չի կարող, որ նորից պիտի սիրես կամ էլ՝ կրկին, չեմ վիճի՝ սիրում են նորի՞ց , թե սիրում կրկին, կարևորը սիրելն է։

Հեռախոսը ինչ-որ ձայն հանեց, հաղորդագրություն է․

«Երանի քեզ, ո՛չ պապ ես խփել, ո՛չ էլ՝ տերտեր։ Երեկոյան սպասիր ինձ»։

Հիմա՞ ինչ է ուզելու, միևնույնն է, Սոնան չի համաձայնելու որևէ սրտաճմլիկ սցենար գրել, որպեսզի էդ ամերիկացիները հուզվեն ու նրան ներս թողնեն իրենց երկիր։ Մա՞րդ էլ ամուսնուց իբր թե բաժանվի, բայց էդ նույն ամուսնու հետ որոշի, որ պիտի ամեն գնով հասնի երազանքների երկիրը։ Ու մեծ դեգերումներով հասնի Մեքսիկա, ու երբ գա բաղձալի օրը, մեկ էլ պարզվի, որ շատ վտանգավոր մարդ ես, մա՞րդ էլ իր երեխաներին սահմանի վրա հանձնի բաժանված ամուսնուն ու գնա բանտ, մի երկու ամիս բանտում նստի ու իր երեխաներին տեսնի մարդասեր մարդկանց սահմանած տեսակցության օրը միայն, այն էլ  միայն բարեվարքություն ցուցաբերելու դեպքում։ Մա՞րդ էլ այսքանից հետո, երբ արտաքսվում է մեքսիկաներից՝ առանց երեխաների ու առանց իբր բաժանված ամուսնու, վեց ամիս անց նորից հետ գնա մեքսիկաները, որտեղ նորից պիտի ձերբակալեն, էլի նույն հոդվածով՝ կասկածելի մարդ։ Հիմա էլ նորից երեք ամիս բանտում նստելուց հետո ուղարկում են Հայաստան։ Իսկ ինքը սիրում էր փող դնել սրա-նրա գրպանը ու ոնց էլ գտնում էր էդ մարդկանց։ Անցավ յոթ ամիս ու էլի գտավ գործ անողներին։ Այս անգամ մեքսիկացիները բարկացան ու առը հա, արտաքսեցին Սյուզիին Մեքսիկայից։ Հասավ Լոնդոն, չէ, ավելի ճիշտ՝ արտաքսվեց մինչև Լոնդոն։ Լոնդոնում առանց մի շիլինգ, կամ նույնիսկ առանց մի ֆունտ ի՞նչ կարող էր անել։ Մի երկու օր օդանվակայանում գիշերելուց հետո որոշեց օդանվակայանի աշխատակազմին հայտնել իր գումար չունենալու մասին ու նաև պատմել իր բոլոր դարդերը։ Թե ասա, Ատլանտյան օվկիանոսի էդ սառնասիրտ կղզիաբնակներին  արդյոք հետաքրքի՞ր ես դու  ու քո անհասկանալի խնդիրները։ Բայց արի ու տես, որ այս սառնասիրտ մարդիկ ապրումակցեցին ու որոշեցին նրան Հայաստան ուղարկել, բայց իհարկե անձնագրում էլի մի երկրի դեպորտ ավելացնելով, նույնն է, թե՝ արտաքսման կնիք դրոշմելով։ Էլ բանտարկված, էլ հոգեպես մեռած, էլ երեխաներից զրկված, էլ ամուսնուց բաժանված և վերջապես արտաքսված մի քանի երկրից՝  նա ժամանել էր Հայաստան։ 

Սոնան անհանգիստ էր, թվում էր, թե շատ սովորական օր է։ Չնայած իրականում բոլոր օրերն էլ անսովոր են։ Հիմա ի՞նչ պիտի ասի ընկերուհուն։ Գիտի, որ հենց հիմա պիտի բռնի ընկերուհու ձեռքը ու ոչ թե թողնի, հեռանա։

Ամբողջ օրը տանը մնաց։ Խոհանոցում էր, համով-համով եփում էր ու մեկ տխրում էր, մեկ կռվում ինքն իր հետ, բայց ամենից շատ Սյուզիի հետ էր կռվում՝  ինչու՞ էր գլուխը մտցրել էդ սուտ երազանքը։

Ամեն ինչ պատրաստ էր, նույնիսկ իր բարոյախրատական տեքստն էր պատրաստ։ Դռան զանգը աղաղակեց։ Սոնան շտապեց բացել դուռը։ Ու դուռը բացելով նրա հայացքը ոչ թե հանդիպեց Սյուզիին, այլ մի շատ բարձրահասակ ու սևաթույր խափշիկի ։

– Բարև,- ասաց խափշիկը։

– Հելլո,- շփոթվել էր Սոնան։

– Կարելի՞ է,- շարունակեց սևաթույրը։

– Վելքոմ,- շշմել էր Սոնան,- հիմա ի՞նչ, սա հայերեն գիտի՞ արդեն։ Ի՞նչ լեզվով մի հատ ջղայնանամ։ Էս ո՞վ է։

– Հանգիստ էլ հայերեն ջղայնացիր։ Իր իմացած հայերենն էսքանն էր։ Հենց նոր սովորեց։ Լա՞վ չի, լսի, ճամփեքից եմ գտել։ Մի քիչ գումարով համաձայնեց հետս ամուսնանալ։ Միայն Հայաստան կարող էի գալ ու զագսավորվել, գիտես, զագսում մի քիչ փող եմ դրել վարիչի գրպանը ու վերջ։ Հա՛, ի՞նչ, լավ չի՞։

– Լավն էն խոսքը չի, գերազա՛նց։ Փաստորեն չես մոռացել փող խցկելու քո լուսավոր մտքերը։ Ու բանից պարզվում է միայն հայերը չեն սենց գործեր անում։ Համամարդկային կամ հիմա դրան գլոբալ են ասում, հա՛։

– Բայց ի՞նչ կա, է։ Ավելի լավ չի՞ամուսնանամ էս բոյով-բուսաթով տղայի հետ, քան որպես արկղ դուրս գամ բաց ծով ու չիմանամ՝ կհասնե՞մ արդյոք ես տեղ։

– Ի՞նչ բաց ծով։ 

– Դե, մենակ մի ձև ա մնում Ամերիկա գնալու,  կամ որպես տուփ  ու արկղ, կամ էլ սրանից էժան ու՞մ էի գտնելու։

-Դու ամբողջ կյանքդ էժան եղար ու միայն սենց էժան գործարքների մեջ մտար։ Ինչի՞դ էր պետք էդ Ամերիկան։ Գլուխդ գցեցիր ու էլ հանել չեղավ։ Երազածդ զագսի վարիչ դառնալը չէ՞ր։ Չէ, ես զագսի վարիչների դեմ հակակրանք չունեմ, ուղղակի ես դեմ եմ էդ քո փող տալ ու վերցնելու մոլուցքին, քո էությունն է, ախր, հա՛, մեր սերունդը այ էդ աղբի մեջ էր, ժամանակներն էին էդպիսին, ո՞նց կարող է մարդ բացասական բանի մասին երազել։ Ո՞նց։ Ու գիտե՞ս՝ ինչու քո երազանքները չեն կատարվում։ Կյանքը ռեալ է, հեքիաթներին պետք չի հավատալ, ու եթե պայքարես, կհասնես։ Բայց կարևոր է նաև գիտե՞ս ինչը․ որ պայքարդ ազնիվ լինի։ Մի կեղծիր ոչինչ։ Չի կարելի կեղծել ոչինչ։ Ցավոք, այսօր համատարած կեղծիք է։ Բայց կա բումերանգի օրենքը։ Երազանքդ չպիտի հակատիեզերական լինի, դու պիտի դրական բաներ երազես։ Դու կյանքում էմոցիա ապրե՞լ ես կամ այն նվիրել մեկին։ Իհարկե, կեղծ էմոցիաներն անիմաստ են, պետք է ամեն ինչ ներսով զգալ։ Ներսի զգացածը երբեք անհետ չի կորչում, այն սրտեր ու հոգիներ է բուժում։ 

– Քեզ միշտ էլ թվացել է, որ ես կեղծ եմ, չէ՞։ Դե աս՝, ես չեմ, դու ես։ Երեխաներդ արդեն  գրեթե չափահաս են, իսկ դու ամիսներով բանտերում ես, հետո արտաքսվում ես, հետո՝ նորից բանտ։ Սխալն էն գլխից էր, որ չպիտի գլուխս մտցնեի։ Հիմա երեխեքիս եմ ուզում, ուրիշ ոչ մի բան։ Իսկ Սթիվին հենց տիեզերքն է ուղարկել , երևի մի պահ մի բան էմոցիայով եմ արել,  մեկին մի էմոցիա եմ տվել, ո՞վ գիտի,  ջահել ժամանակ հաստատ սիրել եմ անկեղծ, ինչն անհետ չի կորել, ի՞նչ էիր ասում ՝բումերանգ, բան։ Գիտեմ, ինչից ես վախենում։ Կարծում ես, կամ ավելի ճիշտ՝ վստահ ես, որ ես իրականում Սթիվի հետ էլ կմնամ, չէ։ Սխալվում ես։ Սթիվն ուղղակի իմ բումերանգն է՝ մի օր անկեղծ սիրած լինելու։ ԴԵ, ժպտա մի քիչ, թող չնեղսրտի, ինքն իմ դեպորտների միակ բուժումն է։  Հա, ու էն քո դասական անգլերենով, այսինքն՝ բրիտաներենով էս խեղճի ականջը շոյիր։ Թող իմանա՝ իսկական անգլերենը որն է։

– Հա, աչքիս վրա։  Հիմա բումերանգիդ էնքան հյուրասիրեմ ու էնքան զրուցեմ, բրիտաներենով չէ՞, ասացիր, որ արագացնի քեզ իրենց երկիր  տանելը։ Հա ու ամենակարևորը իր նման լայնաբերան ժպտամ։ Իսկ դու գիտե՞ս, որտեղից ամուսնական մատանի կարող եմ ձեռք բերել։ Առաքելի համար ուզում եմ ի վերջո ամուսնական մատանի առնել։ Արդեն քսանվեց տարի ամուսնացած ենք,  բայց դեռ մերոնք իրեն այդպես էլ  չեն տվել մատանի։ Երազում խոսում է, մերոնցից մատանի է ուզում։ Թե չէ, որ ինձ տվել են, ի՞նչ, դնու՞մ եմ։ Ամեն գիշեր կռիվ է տալիս, հետո էլ վերմակս տանում։  Սթիվ ջան, յու ար ըթ յոր հոում։ Փլիզ, հելփ յորսելֆ, ինջոյ յոր վիզիթ, յու ար  ին Արմենիա։

Please follow and like us: