Խանդութ Թորոսյան/Աստված էլ բեթարից ազատի

Չեմ հիշում ՝ գարուն էր, ամառ, թե աշուն։ Բայց ձմեռ չէր։ 

Դուռը թակեցին։ Դուռը շատ կտրուկ ու բարկացած էին թակում ՝ անընդմեջ։ 

Սոնան մի կերպ փորձեց ուղղել մեջքն ու, դատարկ սենյակի պատից բռնելով, փորձեց ցատկել ժավելաջրով  լցված թասիկի վրայով, ցատկեց ու մի երկու ոստյունով հասավ դռանը։ 

– Եկա՜, եկա՜, – բղավեց նա ներսից՝ թույլ չտալով , որ բարկացած կամ էս աշխարհից  նեղացած մարդը նորից ջղագրգիռ թակի դուռը։ Դուռը թակողն անհամբեր սպասում էր, ավելի ճիշտ՝ չէր սպասում, բայց անհամբեր էր, շտապում էր փարվել Սոնային։

– Արա՞քս, էս ի՞նչ է վիճակդ։ Սոնան ոչ էլ հասցրեց շարունակել , Արաքսը Սոնային իր գիրկն էր առել ու հեկեկում էր, հետո՝ հեծկլտում։ Սոնան լուռ էր՝ ամուր գրկած Արաքսին, Արաքսը հեծկլտում էր ՝ մարմինը տեղավորելով Սոնայի հոգու մեջ։ Սոնան Արաքսին հոգու մեջ մտցնելով ՝ մեղմ շոյում էր նրա գլուխն ու ոչ թե ասում`   հանգստացիր , այլ  ընդհակառակը, ոգևորում ու հորդորում՝ լացիր, լացիր մինչև դատարկվելդ։ 

– Լացի’ր , լացի’ր, հոգիդ հիմա կդատարկվի, սիրտդ մաքրիր  արցունքներով ու սրտումդ թող  գարշահոտություն չգոյանա, այլ թող այն բուրի բարով, սիրտդ թող բարի լսի ու կամ, բարի տեսնի։ Լացիր էնքան, մինչև կմոռանաս, թե ինչու՞ էիր լացում։ Հենց ջուր ուզես, կասես, հա՞։ Դե, հանգիստ լացիր։ 

– Սոնա՜, դա գիժ է։ Լրիվ  գիժ,- սնքրտալով սկսեց Արաքսը,- պատկերացնու՞մ ես՝ ինչ արեց, մի քառորդ կամ հնարավոր է կես սրվակ յոդը լցրեց  բերանս, ֆու՜, բա դա բժի՞շկ է։

-Հետո՞ , հետո՞։ 

-Հետո… ի՞նչ։ Հետո ՝ փոխանակ ատամի նյարդը հեռացներ, ատամը բուժեր, կամ ՝ ի՞նչ են անում բոլոր ատամնաբույժները… գիտե՞ս ինչ արեց…

Արցունքները հոսում ու հորդում էին յոդով բուրող Արաքսից։ 

-Արա’քս, քո յոդի հոտը հատակը մաքրելու էս ժավելաջրից ավելի ուժեղ է, կարո՞ղ է թունավորվենք։

– Սոնա’, քեզ ասում եմ՝ դա գիժ ա , ի՞նչ ժավել, էդ էր պակաս, ես ժավել չեմ խմի, ես ահագին յոդ եմ կուլ տվել։

– Դե լավ, ոչինչ, մենք Հայաստանում յոդի կարիք շատ ունենք։ Վահանաձև գեղձիդ շատ լավ է, զոբ չես ունենա։

-Դե’, դու էլ խմիր, -չարացավ Արաքսը, -բացիր յոդի սրվակն ու վայելիր, դու էլ զոբ չես ունենա։ Ինչ անսիրտ դուրս եկար։ Հա, յոդը հեչ, կուլ գնաց, բերանիս խոռոչն ու ըմպանը վառեցի, ոչինչ , որ մի երկու օր յոդի հոտ եմ տարածելու, բայց գիտես, թե դրանով պրծա՞։ Գիտե՞ս՝ ինչ արեց…

– Յոդաթերապիա , ի՞նչ։

–  Յա՛խք քեզ, յա՛խք, դե թող ասեմ , էլի՛։

Սոնան հասկացավ , որ պիտի լռի ու հոգու հետ էլ չխաղա։

-Սոնա’, նա ինձ համբուրում էր, ես ՝ անզգայացած բերանով, կիսապառկած դիրքով սպասում եմ , թե երբ է ավարտելու այսօրվա բուժումը, իսկ նա ինձ կուլ էր տալիս, ես նույնիսկ չհասկացա , թե էդ ինչ էր անում, միայն յոդի հոտն էի զգում։ Համարյա դիակ էի ՝ ո՛չ շուրթերս էի զգում, ո’չ լեզուս, ո’չ ատամներս, նույնիսկ քիթս չէի զգում, խելագարի նման բաներ էր անում։ Ես էլ ասում եմ՝ ինչու՞ դուռը ներսից կողպեց, քո մտքով երբևէ նման բան անցած կա՞։ Իսկ էդ մարդու մտքով անցել էր։Մտքով անցավ ու պաչպչեց, Սոնա’, պաչպչեց է՜, ոչ թե համբուրեց։ Հլը մի հատ էլ «Բժշկական Գիտությունների Թեկնածու» ցուցանակ ունի դրսից, դռան ձախ անկյունում։

-Հա’, նշանակում է ավելի թանկ պիտի վճարես , պաշտպանած ա։

-Ի՞նչ վճարեմ, էլ ի՞նչ վճարեմ,  է՜, ամբողջ կյանքիս երազանքը փշրեց։ Գիտե՞ս, էն օրից, երբ ունեցել եմ սեռի գիտակցություն ու հասկացել, որ ինչ սիրուն  է, չէ՞, երբ  աղջիկները ձգում են տղաներին   և ընդհակառակը, հետո մի քիչ էլ եմ մեծացել ու հասկացել, որ ամեն-ամեն սիրուն բան սիրով է սկսվում, իսկ սերն էլ ուղեկցվում է համբույրով, պատկերացրել եմ, որ առաջին համբույրը կամ սիրո քիմիան պիտի լինի սիրածս մարդու հետ՝ քնքուշ, մեղմ դողով, անպայման փակ աչքերով ու ձգվելով ոտքիս մատների ծայրերին, տաք անձրևի կամ սիրաթով երաժշտության ուղեկցմամբ։ Ախր, ես սրա մասի՞ն  էի երազել։ Իհարկե, ո՞վ սենց բան կմտածեր, ուր մնաց ՝ սենց առաջին համբույր երազեր,-քրքջում էր Սոնան ու չէր հասկանում  իր զգացածը։ 

– Լա’վ , էնքան հուզառատ ես , ի՞նչ է եղել , որ, բժշկական գիտությունների մի թեկնածու քեզ յոդակոխ ա արել ու ընդամենը պաչել , չէ՞, թե համբուրել։ Մի բարկացիր , լա’վ ։ Գիտե’մ , պաչել ա։ Համբույրը քո երազածով էլ լինելու է , հաստա’տ։ Հիմա ինչի՞ ես նեղվում, որ քեզ բիձա մա՞րդ ա պաչել , թե՞ որ պաչից էդպես էլ բան չես հասկացել։

-Լավ էլի, վերջ տուր։ Սուրճ եմ դնում, ուշքի գանք, Արա՚քս ։ Համ վատ բան ա եղել, համ էլ շատ ծիծաղելու, դե կյանք ա, չես կարդացե՞լ գրքերում, կյանքը բազմաշերտ է, կարող էր ավելի վատ բան լինել , չէ՞։ 

– Սրանից վա՞տ, հա’, կարող էր պատահել , որ մեռնեի , սրանից վատ միայն մեռնելս կլիներ։

-Չէ’, խոմ չասեցի՜ր, լիքը տարբերակներ կան, ինչ մեռնել, մեռնելն ամենահեշտը կլիներ։

-Օրինակ, դե մի տարբերակ ասա,- ուշադիր սպասում էր Արաքսը։ 

-Դե, ասենք, պատկերացնո՞ ւմ ես, որ էս քո պաշտպանած բժիշկը գինեկոլոգ լիներ, ոչ թե ատամնաբույժ։ 

-Հա՛, ի՞նչ, թող գինեկոլոգ լիներ, – անտարբեր կրկնեց Արաքսը։ 

-Պատկերացնու՞մ ես , ինչ կստացվեր , ու ես քեզ ոնց էի փրկելու։ Էս ժավելաջուրը  գլուխդ կքաշեիր։ Ու չգիտեմ , արդյոք մայր դառնալու ունակ կլինեի՞ր, թե՝ ոչ։ Ավելի լավ է առաջին համբույրը խլվի քեզնի՞ց , թե մայրանալու բերկրանքը։ Տեսնու՞մ ես, ինչ լավ ես պրծել։ 

Արաքսն ուշացումով հասկացավ , թե ինչ ահասարսուռ բաներ կարող էր պատահել իր հետ ու փառք տվեց աստծուն, որ մեծ փորձանքից էր ազատվել։ Արաքսին պատեց ուշացած  քրքիջը , որի մեջ մի քիչ էլ վախ կար։

-Աստված էլ բեթարից ազատի։ 

Սոնան մի քիչ ուշքի բերեց Արաքսին, հետո ՝ միայն ուշ երեկոյան նրան ճանապարհեց տուն։ 

« Խեղճ Արաքս,-մտածում էր Սոնան ,-ախր բոլորն էլ ողջ կյանքում հիշում են իրենց առաջին համբույրն այնքան , որքան առաջին սերը, չնայած , որ միշտ չի, որ առաջին համբույրը ստանում ես հենց առաջին սիրո ժամանակ։ Առանց առաջին համբույր առաջին սեր էլ է լինում։ Լինում է նաև  սեր ՝ առաջին համբույրով»։ Արաքսի դեպքում չկար սեր, կար ցավող ատամ՝ անզգայացրած, յոդով մանրէազերծած բերան ու ինչ -որ խելագարի անասնական  անհագ մի բան, որն անխոս կհիշեն Արաքսն ու Սոնան մինչև գերեզման, որը ո՛չ ֆիլմերում են տեսել , ո՛չ էլ  իրենց այդքան կարդացած գրքերում հանդիպել։ Թե’Սոնան, թե՜ Արաքսն  ունեին սիրո ու համբույրի մասին իրենց համընկնող տեսակետը։ Համբույրը սիրո կնիքն է, սիրո քիմիան, չնայած երբեմն լինում են անկնիք սերեր, ցավոք։ Այսինքն՝ ընկալումը կուզի ասել , որ սերն առանց համբույր  կլինի, բայց համբույրն առանց սիրո՝ երբեք։ Ու հենց այսպես կատեգորիկ է նրանց ընկալումը, ինչ արած…Սերը միանման են զգում ամենքն ու բոլորը, ու այսքան կարդացած գրքերից ամեն հերոսի ու հերոսուհու հետ զգում էին այն, ինչ հերոսն էր զգացել, ու այն, ինչ տիեզերքն ու հենց դու ես զգում՝ քաղցր կամ դառը։ Հնուց ի վեր իրենց սիրուն հասնելու համար մարդիկ դիմել են բախտագուշակներին։ Բայց Աստվածաշունչն ասում է, որ մենք ունակ ենք ինքնուրույն որոշելու ինչին հավատալ և ինչ անել, և որ մեր որոշումներն ազդում են մեր ապագայի վրա, բայց չպիտի  զբաղվել  գուշակությամբ , մոգությամբ , կախարդությամբ։ Այս ամենն անհաճո է տիեզերքին։ Գարշելի մի բան։ Սոնան մտքերի մեջ էր, ինչ -որ բան էր մտմտում՝ վաղը Արաքսին կտանեմ բախտ նայողի մոտ, որոշված էր։ Իհարկե, մեր հասարակությունը բախտագուշակների ու նաև ձեռնածուների կարիք չունի  և չի էլ ունեցել։ Բայց հիմա մենք ձեռնածուի հետ գործ չունենք, մեզ բախտ նայող է պետք։ Սոնան երբեք ու երբեք լուրջ չի ընդունել  նրանց ու ոչ էլ լուրջ է վերաբերել նրանց գուշակություններին։ Այսօր նա զգում էր, որ Արաքսին մի բախտագուշակ էր պետք ու հասկացավ , որ հենց այս ձևով կկարողանա շեղել ընկերուհուն։ Ամեն մի բնակավայր իր թաղի հեղինակիւթյունն ու գուշակն ունի, թեև Սոնան չէր ճանաչի ո’չ թաղային հեղինակությանը, և ո’չ էլ իրենց թաղի գուշակին, եթե համալսարանական իր ընկերներից չհայտնաբերեր, որ շատ հայտնի մի գուշակ ապրում էր հենց իրենց շենքից մի երկու շենք այն կողմ։ Գուշակը  գուշակ էր, բայց Մանուշակը չէր , այլ ՝ ոչ ավել , ոչ պակաս, հենց Դուխիկը։ Անունն արդեն խոստումնալից է էս գործում, կամ ավելի ճիշտ՝ արդեն գործի կեսն է։ Ու շատերին կթվա թե նրա անունը ոչ թե ծննդյան վկայականի կամ անձնագրում նշված նրա անունն է, այլ ՝ հարմարեցված -թիրախավորված կեղծանուն։ Բայց Դուխիկ անունը հենց այն անունն էր, որն արձանագրված էր բոլոր փաստաթղթերում, այսինքն ՝ Դուխիկը անձնագրով էլ էր Դուխիկ։ 

Հաջորդ օրը Արաքսն էլի հայտնվեց, ու օդն էլի սկսեց բուրել յոդով։

– Հը, ո՞նց ես,- խնդմնդաց Սոնան,-էլի հոտդ գալիս է։ 

– Դե ոչինչ, երեկվա վրա լավ եմ , բայց դե մարսել է պետք։ 

-Կմարսենք, չկասկածես։  

-Չէ’, սա շուտ չի մարսվի, ոնց որ կինոյի մեջ լինեի, բայց ժանրը չեմ հասկանում, մեջն ամեն ինչ էլ կա, բացի իմ սիրած ռոմանտիզմից։ 

Իրար հերթ չտալով թակում էին  բախտագուշակ Դուխիկի դուռը։ 

-Ի՞նչ եք դուռը ջարդում, աղջի’։

– Բարև ձեզ , կներեք , երևի սխալվել ենք, կոպտությունից շշմած՝ շփոթվել էին աղջիկները։ 

– Ոչ էլ շփոթել եք։ Դուխիկի մոտ չեք եկե՞լ , գիտեի, որ գալու եք, -ասաց Դուխոն։

– Հա դե , երազումդ սո՞ւրբն էր եկել ու ասել։ 

– Լեզվիդ մի տուր, Սոնա, դու ես, չէ՞, թե՞ Արաքսն ես։ 

Քարացան, ու երկուսով էլ միաժամանակ նույն բանն էին  փորձում հասկանալ։ Ու բացի քարանալը, նրանք նաև կորցրել էին խոսելու և շարժվելու  ունակությունը։ 

-Շշմեցի՞ք , աղջի՜, արի տեսնեմ էդ բիձեքը քեզնից ինչ են ուզում, Սոնա’։

Սոնան սթափվեց ու ինչպես վատ երազում անսպասելի բղավեց․

– Սոնան ես եմ , իսկ ինքը՝ Արաքսը։

-Դո՞ւ ես, բայց բիձեքը ոնց որ քեզ  հետ գործ չունեն, էս մեկին են հավանում բիձեքը,-Դուխիկը հայացքն ուղղեց դեպի Արաքսը։

Արաքսը ոնց որ այլևս չկար, ենթադրում եմ , որ լեզուն ուռել էր, ականջներն էլ խշշում էին, ըստ երևույթին։

-Ռադ արա դրանց , աղջի’։ Գիտե՞ս ինչ մարդ ես առնելու՝ քո շեֆին ես առնելու։ Մի վեց ամիս քեզ ուսումնասիրելու ա, ազիզ, համոզվի , որ հետևիցդ եկող-գնացող չկա ու ջրի երես ա դուրս գալու։ 

Արաքսը ոչ միայն զարմանում էր Դուխիկի կտրուկ շարժումներից , այլ նաև նրա բառապաշարից։ Կարծես վերակենդանացավ ու հենց այս պահին մոռացավ թե՜ աստծուն , թե՜ տիեզերքը, թե՜ պաշտպանած ատամնաբույժին ու նրա աննորմալ վարքագիծը։

– Հիմա , Սոնա’, քեզ կասեմ, թե ինչ է լինելու։

– Վա՜յ , ինձ մի ասեք, ես ու իմ աստված, ճակատագիրս մի փոխեք,- խեղճացավ Սոնան։

– Ամբողջ օրը տնքում ես ու տնքում, բայց բոլորիցս առողջ ես։ Մի հատ հիվանդություն ա հայտնվելու ու գերի վերցնի մարդկությանը, բայց մարդու սարքած հիվանդություն ա, քեզ էլ ա կպնելու, հայ-հայ գնալու ես։ Բժիշկները վայրկյաններդ են հաշվելու, աստված քեզ նորից շունչ ա տալու, վերածնվելու ես։ Էլ բան չունեմ քեզ ասելու։ Չես հավատում, մի հավատա, հետո կգաս, կասես՝ տիկին Դուխիկ էդ ո՞նց իմացաք։ 

Հիմա էլ Սոնան քարացավ։ Արաքսը, հրելով Սոնային, քարշ տվեց դուրս։ 

– Տիկի՞նը որս էր, Դուխիկ տոտա։ 

Արաքսը մի կերպ վրա բերեց դուռն ու Սոնային գցեց վերելակի մեջ։ Մինչ վերելակը ութերորդ հարկից կհասներ առաջին հարկ,  նրանք միմյանց գրկած դողում էին։ Նյարդային տենդ էր։ 

– Սուտ է, մենք ունակ ենք ինքնուրույն որոշել ինչին հավատալ  ու ինչ անել, Արա’քս , իզուր էլ եկանք, -անբնական դողում էր Սոնան։ 

Վերելակից ծանր քայլերով դուրս եկան՝ ուժասպառ եղած։

– Գիտե՞ս, բժշկվելու երկու ճանապարհ կա՝ մարմնականը՝ բժիշկների ու դեղերի միջոցով, ու հոգու բուժումը՝ աղոթքի միջոցով, աստծու զորությամբ։ Ախր էքստրասենսն ու կախարդ-գուշակը չեն կարող բուժել, ինչու՞, որովհետև մութ են, մութ։ Ինչու՞ մեղքը մեզ բարեկամ դարձրինք, որովհետև դեռ սիրում ենք մեղք գործել։ Քանի դեռ սիրում ենք մեղքը, այն գործելու ենք։ Ու էդ մեղքերը երբեք չեն կարող համակերպվել մարդու հոգու , ներաշխարհի հետ, ու հենց այստեղից էլ սկսվում է ներաշխարհի կամ հոգու քայքայումը։Քեզնից հիմա յոդի հոտ է գալիս, իսկ իմ սրտում գարշահոտություն է գոյանում։ Հոգիս ցավում է, գիտե՞ս։ Այսուհետ պիտի ընտրեմ միայն բարին, պիտի շնչեմ միայն բարու հոտը ու լսեմ բարուն։ 

Արաքսն արդեն մոռացել էր իր գլխին եկածը ու փորձում էր սփոփել բարին շնչող Սոնային։ Մի լավ արտասվեցին , սրտները մաքրեցին արցունքներով ու ականջներին օղ արեցին, որ ատամնաբույժի դիմելիս ՝ միայն կին ատամնաբույժի, իսկ Արաքսը գինեկոլոգիական հարցերի դեպքում հիշում է Սոնայի զգուշացումն ու նախապատվությունը տալիս հատկապես պաշտպանած ու մի քիչ թանկ բժշկի։

Տարիներ անց Արաքսն ամուսնացավ իր տնօրենի հետ: Իսկ Սոնան հասկացավ , որ այդ մարդաստեղծ ու մարդասպան հիվանդության անունը թագավարակ էր, որից ինքը հրաշքով էր  փրկվել՝ աստծու ողորմածությամբ, «Նարեկ»-ը բարձի տակ։

Please follow and like us: