Լուսինե Ավետյան/Ես գնում եմ Կասկադ

Փետրվարյան կիսատաք, կիսացուրտ եղանակ է: Մթամած ամպերը կախվել են՝ պատրաստ պայթելու ու մեզ անձրևահեղեղով ողողելու: Տերևազուրկ ծառերը սվսվացնում են քամուց, վերարկուների մեջ կուչ եկած, մոտալուտ անձրևից նեղսրտած` ավտոբուս ենք նստում: 

Ձյունը հալվել է, բացել հին ու մաշված դարպասները, տանիքները, մայթերը, իսկ ծառերը դեռ չեն ծաղկել, որ քողարկեն դրանք:

Ավտոբուսը դանդաղ ու ծանրորեն շարժվեց Երևանի ամենահեռավոր թաղամասից դեպի կենտրոն: Վարորդը չի շտապում, անհավես է: Կռահեցինք, որ ուշ ենք տեղ հասնելու և հայացքներս հառեցինք ճանապարհին: Փողոցի երկայնքով քարերի կույտեր են, կիսասարքել տներ ու շինություններ, որ արդեն փուլ են գալիս: Որոշ տների վրա «վաճառվում է» ցուցանակի վրա նաև գին է գրված և այնքան բարձր գին, որ տրամադրությունդ մի ակնթարթ բարձրանում է: 

Ուրեմն քաղաքում շատ մարդ է ապրում, հեռացողներ չկան, նոր բնակիչներ են գալիս, եռուզեռ է: Հետո նկատում ես, որ գրեթե ամեն ինչի վրա է գրված «վաճառվում է». փլուզված կիսակառույցի, փողոցում թափված ավազի բլուրի,  մետաղների ընդունման կետի, ժանգոտված ավտոտնակի: Մարդիկ «վաճառվում է» ցուցանակը դրել են, որ հավատան, որ կարողություն ունեն, որ վաճառելու բան ունեն: 

Քաղաքի հեռավոր թաղամասերը տխրության մշուշով են պատված․ առանց զարդարանքի են. չկան պուրակներ, լուսատուներ, կիթառով երգող երաժիշտ ու շուրջը՝ ձայնակցող մարդիկ: Տներ են՝ մեծ ու փոքր, անկանոն, երբեմն իրար մեջ մտած, որ կառուցված են մարդկանց գումարին ու ճաշակին համապատասխան, առանց ճարտարապետական ներկայության: 

Բայց այս թաղամասը մոռացվածության ու լքվածության մասին է, կարծես այստեղ այլևս ապրողներ չկան, ապրել են, հետո զղջացել ու հեռացել: Ամեն ինչ խունացած է, խառնիխուռն, մոռացված, անտեսված: Գետնին թափված աղբի կույտերի կողքին ռեստորան է, հացատուն, գիշերային ակումբ, բոլորը խարխլված ու մաշված: Ամենուր ժանգոտված ու փտած մեքենաներ են, երևի տասնյակ տարիներ այստեղ նետված: Ուզում էին ժանգոտված, շարքից դուրս եկած մեքենաները հանել քաղաքից և թանգարանի նման մի տարածք սարքել որևէ դաշտում, բայց խոսեցին, խոսեցին ու այդպես էլ չարեցին: Յուրահատուկ գաղափարներ արտահայտող բայց չիրականացնող մարդիկ ենք: Կարծես  պատմելիս, ծրագրերի մասին խոսելիս այնքան ենք հոգնում, որ իրագործելու ուժ չի մնում… 

Անձրևախառը քամին ներխուժում է փողոցի երկայնքով շարված գործարանների կմախքներից ներս, որոնք առանց տանիքի, դռների ու լուսամուտների են մնացել, և սուլելով պտույտներ գործում՝ օդ հանելով աղբն ու փոշին: 

Վարորդը կտրուկ արգելակեց: Զգաստացանք ու տարակուսած նայեցինք, կրկին դանդաղ շարունակեց ճանապարհը: 

Կողքիս նստած կինն ասաց.

– Լավ վարորդ չէ…

– Այո,-հաստատեցի: 

– Ճանապարհից է նաև, խորթուբորդ է,- ասաց մեր դիմաց նստած կինը, որ գեղեցիկ, գունավոր շլյապայով ու շարֆով է: Այնքան սիրուն են նրա գլխարկն ու շարֆը, որ մի պահ մոռացա փողոցի անախորժ պատկերները: 

– Անփույթ է վարում, անուշադիր, կարծես վարորդ չլինի,- նորից ասաց կողքիս նստած կինը: Ուշադիր նայեցի տիկնոջը. սև վերարկուով է, սև պայուսակով, սև սապոգներով: Նրա ձայնի մեջ տագնապ կա, և երբ նայում ես մուգ հագուստին, ավելի մռայլ է դառնում նրա ձայնը:   

– Հայաստանում շատ վարորդներ հենց այսպես են քշում, կարծես սովորական է դարձել,- կրկին միջամտեց գլխարկով կինը:

– Մի՞թե ոչինչ չեք նկատում,- շարունակեց վերարկուով կինը: 

Զննող հայացքով նայեցինք վարորդին: Իսկապես տարօրինակ է: Աննպատակ, առանց պատճառի կանգ է առնում, երբեմն կտրուկ արգելակում է, ճանապարհին չի նայում և կարծես մոռացել է մեր գոյության մասին: 

– Մի՞թե վարորդն այդպես կարգելակեր… 

– Փոսեր են, ասֆալտ չկա…

– Մենք այսօր տեղ չենք հասնելու,- ավելի վճռական ասաց վերարկուով կինը: 

Տիկնոջ չարագուշակ ձայնը տարածվեց ավտոբուսում, հասավ մյուս ուղևորներին և նրանք սկսեցին պատմել իրենց լսած դեպքերի մասին՝ մի քանի օր առաջ ավտոբուսի ղեկին սիրտը կանգնած տղամարդու, հարբած կամ վարկերի պատճառով մտացրիվ և վթարների պատճառ դարձող վարորդների մասին: 

– Ջախջախվելու ենք,- լսեցի՞, թե՞ թվաց: Գուցե ոչ ոք նման բան չասաց: Հնարավոր է՝ չարագույժ փսփսոցներից առաջացած վախն էր, որ շրջում էր ականջներումս: Շշուկները պատահարների ու վթարների մասին ահագնացան, և տագնապը համակեց բոլորիս: Մեր մտքում հիմա այն պատահարներն են, որոնց մասին կարդում ենք ամեն օր, բոլոր մանրամասնություններով, բայց դրանք մեզ մղում են ոչ թե ինչ-որ բան փոխել, ավելի ուշադիր լինել, այլ սաստկացնում են մեր վախերն ու խանգարում հոգեկան աշխարհը: 

Գլխարկով կինը փորձում է հանդարտացնել անընդհատ ուժգնացող խուճապը, համոզել, որ սովորական իրավիճակ է: 

– Ճանապարհից է, Հայաստանում վարորդներն այնքան էլ իդեալական չեն, ոչ մի արտառոց բան չկա, ձեզ ներշնչում եք,- անընդհատ լսում եմ նրա ձայնը և ուզում եմ լսել միայն նրա ձայնը: Կծկվել եմ վախից, ոտքերս բռնվել են, և եթե հիմա անհրաժեշտություն լինի դուրս գալ ավտոբուսից, արագ դուրս գալ, նետվել, անհնար կլինի, քանի որ քարացել եմ և ինձ թվում է՝ չեմ կարողանա քայլ անել: 

Նայեցի լուսամուտից, որոնում եմ ինչ-որ լուսավոր կետ. ծառ, ծաղիկ, ժպտալով փողոցն անցնող զույգեր, բայց ժանգոտված դարպասներ են և ցեխաջրերի լճակներ: 

Փրկություն որոնելով նայեցի գլխարկով կնոջը, նա, կարծես, նկատեց իմ հայացքը: 

– Բայց ինչու՞ ենք սարսափած սպասում աղետի, եկեք իջնենք ավտոբուսից, ուրիշ տրանսպորտ նստենք և ապահով տեղ հասնենք: Մի՞թե ախ ու վախերը մեզ օգնում են, եղած անհարմարությանն ավելացրել է մեր խուճապը․ եթե հիմա ևս մեկ անգամ կտրուկ արգելակի, հնարավոր է՝ վախից սիրտներս կանգնի: 

Լռություն տիրեց, ոչ ոք տեղից չշարժվեց: Կարծես անհնարին էր ավտոբուսից իջնելը, կարծես բոլորին ավելի հարմար էր նստած մնալն ու աղետը դիմավորելը, կարծես ավելի կարևոր էր ոչ թե փրկվելը, այլ նախօրոք աղետը գուշակելը: Հիասթափություն գծագրվեց ուղևորների դեմքին` իրարանցման ու խուճապի ընդհատման պատճառով:  

«Կասկադը» լույսերի մեջ է: Սիրտս խաղաղվել է, ոտքերիս դողն անցել: Փորձում եմ մոռանալ ավտոբուսը, վարորդին, կնոջը, որ Կիկոսի մահն էր սգում: Բայց ամենադժվարը տիկնոջը մոռանալն է․ եթե կարողանամ էլ, մեկ այլ տեղ, այլ վայրում կրկին հանդիպելու եմ նույնանման մեկի. ամենահաճախ հանդիպող կերպարն է, ամենաակտիվը, աղմկողը, որ շատ արագ մեր մեջ արթնացնում է Կիկոսի մահը սգացողներին, և կյանքի ոչ այնքան թեթև իրավիճակները համընդանուր դարձնում ենք անտանելի: Սպառվում ենք, հետո գիտակցում, որ ուժերն իզուր ենք վատնել, և երբ վրա է հասնում իսկապես դիմադրելու ժամանակը, ուժասպառ եղած ենք լինում: Իսկ ո՞ր հերոսին է նման գլխարկով կինը, չեմ կարողանում հիշել հեքիաթը: 

«Կասկադի» աստիճաններին մարդիկ բարձր ձայնով  զրուցում են: Մոտեցա, որ լսեմ զրույցը: 

– Շուտով «Կասկադ» համալիրի շինարարությունն ավարտին կհասցնենք, աստիճանների ողջ երկայնքով էլ մշտադալար ծառեր ենք տնկելու, որ փակեն շրջակայքի անկանոն տներն ու շինությունները, և «Կասկադի» հմայքը չկորի,-ասաց ներկաներից մեկը:

– Արդեն քանի՜ տարի այդ մասին հայտարարում եք, բայց այդպես էլ չեք անում,- միջամտեցի նրանց զրույցին:

– Այս տարի անպայման անելու ենք,- զարմացած ինձ նայելով՝ պատասխանեց տղամարդը:

– Երանի այն բոլոր նախագծերը, որոնց մասին լսում ենք, իրականանային,- ասացի և հեռացա: Եվ պատմելով, ներկայացնելով այնքան չհոգնեն, որ նորից հետաձգեն,- մտածեցի:

Անձրևը կաթիլները հատիկ-հատիկ ընկնում են արձաններին, քարահատակին և շողշողում գույնզգույն լույսերից: Մի շուն թինկն է տվել աստիճաններին ու սիրահոժար ընդունում է իրեն հպվող ձեռքերի գուրգուրանքը: Մենք նստել ենք աստիճաններին, բարձունքից դիտում ենք քաղաքն ու վայելում երաժշտությունը:  «Կասկադում» մարդաշատ է, քաղաքում շատ մարդ է ապրում և ինչ հրաշալի է:

Please follow and like us: