Լուսինե Ավետյան/Ես գնում եմ Նորք

Յասամանները Երևանում ծաղկել են: Նայում եմ ավտոբուսի ուղևորներին. արդեն երեսուներրորդ անգամ եմ հայացքս պտտեցնում նրանց վրայով, մենք ավելի շատ միմյանց հայացքներն ու կնճիռներն ենք տեսել, քան՝ ֆիլմեր ու կտավներ, յասամաններին նայել ու բույրը շնչել: Ճանապարհն այնքան երկար է տևում, դառնում, թվում՝ կուտակած ողջ էներգիան ու լավատեսությունը ցնդում է ավտոբուսի անօդ մղձավանջի մեջ: Իսկ ամենազարմանահրաշը առույգ ու լավատես մարդկանց հանդիպելն է. -որտեղի՞ց է վերցրել էներգիան,- նայում ես մարդուն և որոնում ամենաբարդ հարցի պատասխանը: Կենսուրախ դեմքեր տեսնելը, սակայն, մի քանի վայրկյան է տևում. ավտոբուսի մեջ հայտնվելու պահից սկսում են ջղաձգվել. դուրս թռչելու, ազատագրվելու, փրկվելու մտքեր են գծագրվում նրանց դեմքին: Մշտական և անվերջանալի խցանումների պատճառով մի քանի րոպե տևող ճանապարհը դարձել է մեկ ժամ կամ ավելի երկար: Գեհենից դուրս պրծնելուց հետո վերականգնվելու ժամանակ չկա. օրերը շարունակվում են. ավտոբուսներն իրականացնում են մարդկանց մղձավանջային ուղևորափոխադրումները:

Մայթի հողաթմբի յասամանը բացել է ճյուղերն ու վայելում է արևը: Ձեռքս երկարացնում եմ, անց եմ կացնում մարդկանց թևատակերով և մատների ծայրերով դժվարությամբ բացում լուսամուտը:  Յասամանի բույրը լցվում է ավտոբուսից ներս. մենք անհագ շնչում ենք: Մի պահ մոռանում ենք, որ այնքան մոտ ենք կանգնած, որ զգում ենք միմյանց մարմնի ավելորդ կիլոգրամները, մտովի դժգոհում վատ օծանելիքից, ծանր շնչառությունից: 

Ծռմռվում ենք, սեղմվում, փոքրանում, որ խուսափենք հարվածներից ու ոտքերի տակ հայտնվելուց, բայց մեր ջանքերն իզուր են. կոշիկներիդ վրա դրոշմված են տարբեր չափսերի ոտնահետքեր: Իսկ մարմինդ անդադար ծամածռություններից ջղաձգվել ու ցավում է: 

Կողքիս կանգնած կինը նայում է ժամացույցին՝ դեղիս ժամն անցավ,-հառաչում է ու պայուսակից հանում կոճակն ու կուլ տալիս: Լուսամուտի մոտ նստած կինը զրուցում է հեռախոսով և պատմում իր տասնյակ հիվանդությունների, անալիզների, գումար չունենալու մասին, բժշկական ծառայությունների թանկ լինելուց և անելանելի վիճակից: 

Ինչ լավ է, որ գոնե նստած է պատմում իր ցավերի մասին,-մտածում եմ, բայց միևնույն ժամանակ ուզում եմ չլսել նրա խոսակցությունը, ուզում եմ լինել թեթև, անհոգս, գոնե մի փոքր երջանիկ, բայց ինձ վրա ընկնող, հրող մարմիններն ու զրույցները հասկացնում են, որ հնարավոր չէ, երևանյան ավտոբուսներում անհնար է:

Վարորդը բարձրացնում է ռադիոյի ձայնը, բոլորս սրում ենք լսողությունը՝ հույս ունենալով փոփոխության, ինչ-որ փոփոխության մասին խոսքեր որսալ: Լսվում են նախկին, ներկա, ապագա քաղաքական գործիչների ճղճղոցները: Ոչ մի էական խոսք. ինչպես միշտ:

Պատերազմի ժամանակ անտրտունջ դիմացանք զրկանքներին, բայց հիմա ինչու ենք դիմանում, այսքան դիմանում, անվերջ դիմանում…

-Ավտոբուսներում ամեն առավոտ գոնե մի փունջ յասաման դնեն,-հուսահատ ասացի, սակայն ոչ ոք չարձագանքեց: Անհավատալի թվաց երևի իմ ցանկությունը: Ավտոբուսն ընկավ փոսն ու թափ տվեց բոլորիս: Այս փոսերը հավերժ են, մենք երբեք բարեկարգ ճանապարհ չենք ունենում, փոսերը միշտ կան, որ ամեն եկող իշխանություն սրանց համար գումարներ հատկացնի…

Ակորդեոն փողոցներ, որ ծալվում են իրար վրա,

Իրար մեջ ու մարդկանց իրար գլխի լցնում։

Կամ բացում, փռում արևին։

Երևանը՝ պարզ ու դանդաղ, չարաճճի ու մեծամիտ նվագ արևի տակ։

Ակորդեոն ռիթըմ,-շշնջացի, այլևս չէի դիմանում այդքան մարդու մեջ սեղմված լինելուն և ինձ ճնշող մտքերին։

-Դա ի՞նչ է, բանաստեղծությու՞ն-հարցրեց կողքիս կանգնած կինը: Մենք բռնվել ենք նստարաններից, որ հանկարծ գլուխներով չզարկենք իրար:

-Այո, մի քանի տող բանաստեղծությունից:

-Ոչինչ չասող տողեր են, բանաստեղծությունը պիտի հուզի, սիրո, հպարտության, քնքշության զգացումներ առաջացնի: Չկա ոչ մի հանգ, մտքեր էին ուղղակի… ուրիշ էին Թումանյանը, Տերյանը, Չարենցը, Սահյանը, Սևակը…

-Թումանյանը, Տերյանը, Չարենցը, Սահյանը, Սևակը չէին ցանկանա, որ իրենց կրկնեն, եթե փորձեին էլ՝ վատ էր ստացվելու, նրանք ոչ մեկին չեն կրկնել, դրա համար էլ՝ մեծ են և ուրիշ, բայց, մարդիկ, կարծես, մերօրյա պոետներից հենց դա են պահանջում. գրել նրանց նման, չշեղվել նրանց ուղուց: Սիրում եմ մեր ժամանակակից պոեզիան, ճշգրիտ համընկնում կա ապրումի և բառի միջև, որ ներկայացնում են ոչ այնքան ազդեցիկ այլ ստույգ բառերով, կա վավերագրականություն, պարզություն, որ ինձ դուր է գալիս…

Սարսափելի դժվար էր զրուցել բռնակներից կախված, բայց ուզում էի` շարունակեինք զրույցը, միայն թե մոռանայի՝ որտեղ եմ գտնվում և գոնե մտովի հայտնվեի այլ տեղում, այլ միջավայրում: Այն բոլոր վայրերում, ուր չենք հասցնում լինել, և այն բոլոր զրույցները, որ մենք բաց ենք թողել, ուզում էի լրացնել այսօր․ միայն թե խոսեինք, ու երկար ձգվող ճանապարհը վերածվեր հաճելի ընթացքի: Զրույցների բացակայության պատճառով նոր երևույթները սիրում ենք կամ ատում, մերժում կամ վախենում, իսկ խոսակցություն սկսվելուց հետո ուրիշ են դառնում մեր ընկալումները, զգացողությունները: Մեզ թիկունքով կանգնած տղամարդը շրջվեց և ասաց.

-Մեր օրերն անցնում են տրասնպորտի ու անհարմարությունների մեջ, բայց սա մեկ տարում կարգավորվող հարց է, երեսուն տարի է՝ չեն լուծում, որ քարշ տանք մեր գոյությունը և ի վիճակի չլինենք այլ բաների մասին մտածել, պայքարել: Առօրյա անհարմարություների մեջ կուչ եկած՝ ուժասպառ տնից գործի ենք գնում, քնում, մի քիչ հանգստանում, որ հաջորդ օրն էլի կարողանանք դիմանալ չարչարանքներին, ինչքան բան կարող էինք անել, օգտակար լինել մեզ, մեր պետությանը, բայց…

-Իսկ ես սթրեսից անընդհատ ուտում եմ, որ այսօրն էլ այնպես չստացվեց, տարիներն ու ամբողջ կյանքը, հարևանս էլ ամբողջ օրը երգում է,-լսվեց ավտոբուսի վերջից: 

Երկու երիտասարդ բարձր ու զայրացած զրուցում են Երևանի ու յասամանների մասին: 

-Տղերք, ի՞նչ եք քննարկում, պատմեք, մենք էլ իմանանք, ոնց որ բոլորիս է վերաբերվում, մեր քաղաքի մասին եք խոսում-ասաց մեր զրույցին միացած տղամարդը:

-Պայքարողներ չկան, միայն խոսում են, հենց հարցը հասնում է գործ անելուն, բոլորը չքվում են,-բարկացած ասաց տղաներից մեկը:

-Բայց ինչու՞ եք համոզված, որ պայքարողներ չկան:

Տղաներն իրար նայեցին, նրանցից մեկն ասաց.

-Նորքի յասամանների այգիներն են կտրում, առանձնատների կողքին հիմա էլ քսանհինգհարկանիներ են ուզում կառուցել, առանց թոքերի, ծառ ու ծաղկի են թողնում Երևանը: 

-Իսկ ի՞նչ կարող ենք անել, ամեն ինչ վաճառեցին,-ասաց մի կին:

-Ասում էինք, չէ՞, որ իզուր ենք պատմում,-բարկացած փնթփնթացին տղաներն ու վեր կացան, որ կանգառում իջնեն:

Տղամարդը քայլեց նրանց հետևից, ես՝ նույնպես, իմ կողքին կանգնած կինը հետևեց ինձ, ավտոբուսն աստիճանաբար դատարկվեց: Տղաներն առաջ ընկան ու արագ սկսեցին բարձրանալ Նորքի բարձունքով, մենք՝ շնչակտուր՝ նրանց հետևից: Արագ-արագ քայլում ենք ու պատմում իրար մեր բակերի ու թաղամասերի, կտրված ծառերի ու ծաղիկների մասին: Հեռվում շողշողում են յասամանի այգիները, ինչքան մոտենում ենք, բույրն ավելի ուժգին ենք զգում: 

Հոգնած, բայց երջանիկ նստած ենք յասամանների այգում, տեխնիկան ու սղոցներով մարդիկ հեռանում են: 

-Մի՞թե հնարավոր էր, իսկ ինչո՞ւ չէինք փորձում, համոզված էինք, որ անհնար է: Ինչ լավ կլիներ, որ բոլորիս բակերում ու փողոցներում կրկին յասամաններ լինեն,-շշնջացի:

-Բայց դա անհնար չէ,-ասացին տղաները:

-Իհարկե, հնարավոր է,-կրկնեցինք բոլորս ու ժպտացինք: Երջանիկ ժպտացինք:

Please follow and like us: