Հովիկ Աֆյան/Թուր Կեծակին կամ ինչպե՞ս գրաքննադատները փրկեցին երկիրը

Ըստ վերջին տվյալների՝ Հայաստանում նորածինների ամենատարածված անունը Դավիթն է: Ուրեմն այդ Դավիթներից մեկը մեծանում է ու ենթադրենք որոշում է գրաքննադատ դառնալ, նույնիսկ դառնում է: Ճիշտ է՝ մաման, պապան, հորեղբայրը, նրա կինը, քեռին /քեռին դեռ ամուսնացած չէ/, հորքուրը, մորքուրը, նրանց պատվարժան ու քեֆչի ամուսինները, և իհարկե տատիկներն ու պապիկները ամեն օր արդարացիորեն, համառորեն ու անհաջող փորձում են պարզել, թե գրաքննադատությամբ տղան ինչպե՞ս է տուն պահելու ու որտե՞ղ է աշխատելու և ամենակարևորը՝ որքա՞ն աշխատավարձ է ստանալու, բայց այս համազգային հարցապնդում-դժգոհությունը Դավթին չի շեղում իր նվիրական նպատակից ու տղան դառնում է գրաքննադատ:

Հիմա ի՞նչ անի: Տարբերակները չորսն են: Գնալ Ամերիկա ու մարիխուանա աճեցնել, գնալ Ռուսաստան ու ասֆալտ փռել, մնալ Հայաստանում ու ամեն ինչով զբաղվել, այդ թվում ու նախևառաջ քաղաքականությամբ, բայց ոչ երբեք գրաքննադատությամբ, ու վերջապես մնալ Հայաստանում և զբաղվել գրաքննադատությամբ: Ենթադրենք Դավիթն ընտրում է չորրորդ տարբերակը ու կարդում է իր առաջին գիրքը՝ ինչպես ասում են «մուշտարու» աչքերով: Պարզվում է մի հանճարեղ բան է, լավ՝ տաղանդավոր, լավ՝ շնորհքով գրված՝ հիմնականում առանց տառասխալների ու կետադրական փնթի բացթողումների, ավելին, նույնիսկ սյուժետային գիծ ունի, կերպարները փառքով-պատվով կերտված են, լիարժեք են, նույնիսկ շնչում են: Հենց այստեղ Դավիթը կանգնում է երկրորդ ընտրության առաջ՝ գրե՞լ գրքի մասին, թե՞ ինչպես միշտ, ինչպես բոլորն են անում: Ենթադրենք Դավիթը որոշում է գրել գրքի մասին՝ դրսևորելով կատարյալ աննախադեպիզմ: Քանի որ գրաքննադատության համար թերթերն ու կայքերը հազիվ թե փող տան, գրում է սոցիալական ցանցերում ու սպասում: Հանկարծ լայքում են, հետո սրտիկում, հետո, ո՜վ զարմանք, մեկնաբանում: Մեկնաբանությանը Դավիթը կամ համաձայնում է, կամ ոչ, ու արձագանքում է՝ պնդելով կամ վերահաստատելով իր կարծիքը: Մեկնաբանությունը գրողն էլ՝ իրենը: Հետո հանկարծ ուրիշ մեկնաբանություններ են հայտնվում, ու քանի որ գրքի մասին հիմնականում գրում են նրանք, ովքեր գոնե մեկ-երկու գիրք են կարդացել, ստացվում է այնպես, որ Դավթի առաջին գրաքննադատության տակ ձևավորվում է ինտելեկտուալ, հետաքրքիր, ուսանելի, նույնիսկ լուսավոր բանավեճ-քննարկում-զրույց: Ընդ որում, շատերը, որոնք ուղիղ չեն մասնակցում այս քննարկմանը, ուղղակի լուռ հետևում են, ևս ահագին բան են ստանում ու մի տեսակ զգում են, որ շուրջբոլորը խելացի մարդիկ կան, որ խելացի լինելը, պարզվում է, լավ բան է, ու որ կարելի է խելացի լինել, ավելին՝ պետք է, անգամ հաճելի է՝ առնվազն թեմայի մեջ լինելու համար:

Դավիթն, անշուշտ, ոգևորվում է, ու անցնում է հաջորդ գրքին: Այս մեկը, սակայն, մի սարսափելի բան է լինում, թարսի պես էլ, գրողին Դավիթն անձամբ ճանաչելիս է լինում, նույնիսկ մի անգամ մի սեղանի շուրջ նստած են լինում և Դավիթն անձամբ գրողին փոխանցած է լինում սև պղպեղը, միայն որով է գրողն այդ սիրում ուտել լահմաջոն: Մի խոսքով… Դավիթը մտածում է՝ գրի՞ գրքի մասին, թե՞ ճշմարտությունն այդքան էլ թանկ բան չէ: Ի վերջո հանում է Թուր Կեծակին ու սկսկում գրել՝ անխնա, կծու: 

Ինչպես ստրեսային երկրներում հաճախ է պատահում, եթե ոչ միշտ, Դավթի այս գրառումն ավելի մեծ արձագանք է ստանում, ավելի շատ լայքեր, սրտիկներ, մեկնաբանություններ, լսարան: Ու չնայած՝ լահմաջո սիրող գրողը ջնջում է Դավթին իր ընկերների ցանկից, ու չնայած՝ ահագին մարդ՝ Դավթի ինադու, կամ զուտ հետաքրքրությունից դրդված՝ գնում ու առնում-կարդում է լահմաջոասերի գիրքը, ու չնայած՝ շատերը համոզվում են, որ այն իրոք սարսափելի վատն է, իսկ ոմանք էլ պնդում են, որ երբևէ ավելի լավ գիրք չեն կարդացել, ու չնայած՝ գրականությունը մի քիչ ավելի մաքուր է դառնում, ու մի քանիսը Դավթի ահից ավելի երկար են մտածում՝ գրել սկսելուց առաջ, Դավիթը սահմանում է համարյա Գինեսի ռեկորդ՝ մի քանի հազար մեկնաբանություն՝ մեկ գրառման տակ ու մեկ օրում մոտ 3 հազար նոր հետևորդ: Նույն օրը երեկոյան Դավթին աշխատանք են առաջարկում. «Ի՞նչ պետք է անեմ բայց», ճշտում է Դավիթը: «Պիտի գրեք գրքերի մասին»,-պատասխանում է հարուստ ու առատաձեռն գործատուն:

Դավթի օրինակին հետևում են շատերը ու երկրում սկսում են խոսել գրքերի մասին: Բոլորը չէ, միշտ չէ, բայց սկսում են: Իսկ այդ զրույցներից ու մանավանդ այդ զրույցներում քննարկվող գրքերը կարդալուց հետո երկրում առաջանում են նոր շրջահայաց մարդիկ, որոնք սկսում են մտածել, նույնիսկ կարողանում են, ստացվում է, ինչի արդյունքում երկիրն սկսում է ավելի շատ լոլիկ արտադրել, պետությունը ստիպված է լինում ավելի շատ սուբսիդավորել՝ պարարտանյութի համար, ոռոգման ջուրն ավելի հաճախ է սկսում կչկչալեն հոսել, արտադրամասեր են հայտնվում, որտեղ ոչ միայն նասկի են կարում, այլև վերնաշապիկ ու տաբատ, պետությունն սկսում է ոչ թե գնել զենք, այլ արտադրել, իսկ ներքին իշխանական կամ արտաքին դաշնակցա-թշնամական մուրճ-մուննաթին, թե բա «ձեզ զարգանալ պետք չի, մենք զարգացած ենք ու ձեզ կպահենք», մարդիկ, որոնք նաև քաղաքացի դարձած են լինում, արդեն կարողանում են պատասխանել: Ընդ որում ոչ թե գրքերից մեջբերումներով, այլ գործով: Ոչ թե սոցցանցերում, այլ հողի վրա: 

Այսքանը: 

Մոռացա ասել, որ ամենասկզբում Դավթի գրառումների տակ ոչ ոք ոչինչ չի գրում, բայց այդ լռությունն ստիպում է Դավթին ավելի շատ գրել ու ավելի լավ գրել:

Այ հիմա հաստատ այսքանը:

P. S.-Իմ գրքերի մասին գրում են, եսլի չտօ…Կամ ավելի լավ, որ չեն գրում:

Please follow and like us: