Շոթա Իաթաշվիլի/Շալվա Բակուրաձեն Երևանում

Շալվա Բակուրաձեն Երևանում

Լուսադեմին Երևանի կենտրոնական փողոցներից մեկում՝ 

«Հոլիդեյ ին էքստրա» հյուրանոցի պատուհաններից մեկից

Կախարդական մեղեդի էր հնչում․

Նոր զարթնած Շալվա Բակուրաձեն էր,

Որ կախարդված նայում էր Արարատ լեռանը ու

Ջիվան Գասպարյանի մեղեդիներ էր երգում մեծ խանդավառությամբ,

Նրա կարմիր և կապույտ մարզաշապիկների վրա 

Հատուկ տպված ֆիններեն գրառումն էր պսպղում,

Իսկ սիրտը հնագույն լեզուների հանդեպ

Անսահման սիրով էր բաբախում։

Շալվա Բակուրաձեի ընկերները նստած էին սեղանների շուրջ,

Շատախոսում էին, անեկդոտներ էին պատմում,

Խոսում էին սիրուց, ֆուտբոլից, դժվար կյանքից,

Քիչ էին խմում և շատ ծիծաղում,

Իսկ Շալվա Բակուրաձեն գնում էր նրանց մոտ,

Ընդհատում էր ու

Աքքադերենի ստուգաբանությունից էր սկսում խոսել։

Նրան ուրիշ թեմաներ չէին հետաքրքրում,

Ու առանց այն էլ այլ բոլոր թեմաները

Գլխապտույտ վարպետությամբ տեղափոխում էր

Լեզվաբանական դաշտ։

Դիանա Անփիմիադին՝ նախկին լեզվաբանը,

Փայլուն սև աչքերով ու խորամանկ ժպիտով,

Կասկածանքով էր լսում Շալվա Բակուրաձեի փաստարկները

Ու երբեմն նույնիսկ վիճում էր հետը,

Բայց դա ոչ մի կերպ չէր փոխում հանգամանքը․

Բոլոր հատուկ կամ պատահական արտաբերված բառերը

Իսկույն անցնում էին Շալվա Բակուրաձեի

Լեզվաբանորեն մոտիվացված ուղեղով,

և հնչում էր ստուգաբանական տպավորիչ մեկնաբանություն։

Առավոտյան՝ նախաճաշելիս, նա ինձ ու Թեա Թոփուրիային ասաց, 

Որ աշխարհում վատ բառ ընդհանրապես գոյություն չունի։

Նա բոլորիս հետ միասին ու հետո առանձին-առանձին

Խոսում էր ութերորդ դարի չճանաչված

Վրացական բանաստեղծական հուշարձան «Աբուկուրա»-ի մասին,

Որն սկզբից մինչև վերջ

Անգիր գիտեր ու ուսումնասիրել էր, 

Եվ իր յուրահատուկ արտասանական ներկայացմամբ

Նա մեզ համար երգում էր հատվածներ այս անձեռակերտ տեքստից։

Շալվա Բակուրաձեն, նոր ծանոթացած հայ գրողների հետ,

Զրուցում էր հայոց լեզվի փառահեղության մասին,

Զրուցում էր այն մասին, որ հատուկ է ընտրել

Իր զավակի համար հայ դայակ,

Որպեսզի նա փոքրիկ Նիկոլոյին հայերեն սովորեցնի,

Եվ նրանք այս ամենը լսելուն պես սիրահարվում էին

Ոչ միայն Շալվա Բակուրաձեին,

Այլ ամբողջ վրաց պատվիրակությանը։

Շալվա Բակուրաձեն Երևան ժամանելու առաջին օրվանից 

Ասյա Դարբինյանից հայկական դրոշ էր խնդրում,

Եվ երբ վերջին օրը Ասյան բերեց դրոշը,

Նա խանդավառված ցատկում էր հյուրանոցի դիմաց,

Ծփծփում էր դրոշը,

Նա երգում էր Բեթհովենի «Ձոն ուրախության»-ը

Եվ այդ հարցում հյուրանոցի մոտ հայտնված

Ռատի Ամաղլոբելիին էլ ներգրավվեց,

Իսկ հետո լեփ-լեցուն գիշերային բարում՝

Էլեկտրոնային երաժշտության ներքո,

Դրոշը մեջքին գցած,

Նա դերվիշի պես պարում էր հայ երիտասարդների մեջ։

Շալվա Բակուրաձեն շատ է քնում իր համարում

Այս գեղեցիկ օրերի ընթացում,

Նա շատ բաներից էր բացակա,

Բայց երբ արթնանում ու միանում էր

Հայ-վրացական պաշտոնական և ոչ պաշտոնական միջոցառումներին,

Նա փառատոնի ամենալուսավոր կետն էր դառնում՝

Չնայած թուխ դեմքին և գանգուր մազերին։

Նա սիրում է ամեն հին բան և, հետևաբար, ուրախ էր,

Երբ քայլում էր  հայոց հողի վրայով,

Հայկական գրություններն էր դիտում

Եվ հայոց լեզու լսում։

Նա սիրում էր Արարատը ու չէր կարող

Հյուրանոցի պատուհանին հենված

Չերգել նրա համար,

Երբ տեսնում էր։

Ապոկալիպսիս

Չեն հիշում կանայք առաջին գիշերվա արցունքն ու արյունը,

Չեն հիշում շները տիրոջ ձայնը, հոտը և դեմքը,

Չեն հիշում ծառերը  իրենց ճյուղերի վրա հոսող ձյունն ու անձրևը 

Չեն հիշում մեղուները դեպի ծաղիկներ

Եվ այնտեղից հետ՝ դեպի փեթակ ճանապարհը,

Չեն հիշում տղամարդիկ, թե ինչպես եկան այս աշխարհ։

Ինքնաթիռները մոռացան, որ ծիտիկները իրենցից առաջ թռչում էին,

Աղբահանները մոռացան, որ աղբը  մինչև

Ձեռքն ավել առնելն ու գոգաթի վերցնելն էլ կար,

Գետերը մոռացել են, որ շտապում են դեպի ծովեր,

Փայտոջիլները մոռացել են, որ պետք է զգուշանան լույսից և մարդկանցից,

Մարդիկ մոռացել են, որ պետք է մահանան։

Բոլոր շնչավորները մոռացել են, որ  պետք է մեռնեն,

Բոլոր հողեղենները, բոլոր առարկաները, բոլոր իրադարձությունները,

Իսկ ծերուկները տղաների պես անլուրջ են դառնում,

Իսկ տղաները ծիծաղով ու կչկչոցով գերեզման են փորում։

Գնացքները փակում են աչքերը և գլխի վրա շրջվում ռելսերից,

Եկեղեցիները, քահանաներն ու ծխականները

Այլևս չեն սպասում երկրորդ գալուստին,

Չի սպասում աղջկան տղա՝ շքամուտքի մոտ վարդերը ձեռքին,

Չի սպասում աստղագետը (կամ աստղագուշակը) արևի խավարմանը,

Չի սպասում աքլորը լուսածագին, բանաստեղծը՝ մուսային,

Չի սպասում ջրհորը ծարավ մարդկանց, 

Չի սպասում ոչ ոք ոչ մեկին, 

Եվ ոչինչ ոչ մի բանի չի սպասում։

Բոլոր դռներն ու բոլոր սրտերը փակ են,

Բոլոր տները դատարկ են,

Բառերը միայն արևածաղկի կեղևներ են, և

Աստղերը՝ անօգուտ կետեր ինչ-որ տեղ հեռվում՝ վերևում,

Անօգուտ, ինչպես անսարք ռոյալն ու Բախի ֆուգան,

Անօգուտ, ինչպես հիշողությունը,

Ինչպես մահը, որն արդեն եկել է, և որովհետև

Նրան ոչ ոք ու ոչինչ չի սպասում։

Աշխատանք

Մարդիկ աշխատում են․

Բռնում են մկնիկն ու սլաքը շարժում մոնիտորի վրա։

Մարդիկ աշխատում են․

Ծաղիկներն են ջրում և երկնքում գալակտիկաները դիտում։

Մարդիկ աշխատում են․

Նստած են բանկերում, փող են հաշվում ու չեկեր դուրս գրում։

Մարդիկ աշխատում են․

Օղի են խմում ու քաբաբ ուտում։

Մարդիկ աշխատում են․

Մեկմեկու են առնում, մեկին՝  կիսով չափ, և երեխաներ ունենում․․․

Մարդիկ հոգնել են․

Բռնում են մկնիկն ու մահանում։

Մարդիկ հոգնել են․

Այլևս չեն կարող ջրել ծաղիկները, ու այգիներն էլ չորանում են։

Մարդիկ հոգնել են․

Մարդիկ նստած են բանկերում, և բռերից գրոշներ են թափվում։

Մարդիկ հոգնել են․

Ցիռոզի ախտորոշմամբ օղի են խմում։

Մարդիկ հոգնել են․

Մեկմեկու են առնում, մեկին՝  կիսով չափ, և երեխա չեն կարողանում ունենալ․․․

Մարդիկ աշխատում են ու հոգնել են․

Ծնվելուց ի վեր սիրո և

Ընկերության մասին խոսող

Հին և  նոր մարդիկ

Ազնիվ աշխատանքից հոգնել են

Եվ ծաղիկ են ջրում,

Օղի խմում,

Մկնիկ են բռնում

Մահից առաջ

Ուժասպառ ձեռքով և

Գոռում են, որ

Աշխատել են միշտ։

Ընկերություն

Երբ ընկերս վարակվում է բորոտությամբ,

Մի օրով մոռանում եմ բոլոր գործերը,

Գնում եմ բորոտանոցի մոտ,

Թակում եմ պատուհանը, հետո մենք

Երբևէ մաքրած ապակու մշուշում

Միմյանց ենք նայում

Երկար ու ագահաբար։

Հրաժեշտ տալուց

Փակ բռունցքներն ենք բացում և

ափերով պատուհանի ապակուն են հենվում

Սեփական տարածություններից։

Եվ մեր ափերը

Միմյանց են դիպչում

Այսպես,

Ընկերս ժպտում է, և

Այս ժպիտը վկայում է, որ

Ինձնից ավելին չի պահանջում,

Բայց դրանից պակասին  էլ չէր համաձայնի։

Եվ այդ ժամանակ մենք իսկական ընկերներ ենք։

Թարգմանությունը վրացերենից՝ Ասյա Դարբինյանի

Please follow and like us: