Մհեր Իսրայելյան/Վիքիլիքսն ու  Արտաշի փուչիկը

Հետո ի՜նչ, որ բամբասանք չեմ սիրում, հետո ի՜նչ, որ ուիշների, մանավանդ հանրապետության ամենաերկարակյաց շաբաթերթի բազմամյա թղթակից Արտաշի կյանքն ինձ բնավ չի հետաքրքրում։ Քավ լիցի, ինձ ի՞նչ, թե կինը վաղուց աչքովս չի ընկել, գուցե լքել է կողակցին, գուցե սուսուփուս մահացել: Հո առաջվա պես չի, որ դագաղը բակում էին դնում, սեղան գցում, գորգ փռում, երեք պտույտ անում, մարդավարի ճանապարհում, ամբողջ թաղն էլ թամաշա էր անում, որն առատ, որն էլ սակավ արցունք թափում։ Հիմա սգո սրահներում անշուք ծածկադմփոց են անում, հաշիվը փակում պրծնում։  Իբր կան ավելի կարևոր արժեքներ` խոսքի ազատություն, մարդու իրավունքներ և մեղա-մեղա՝ նույնիսկ կենդանու իրավունքներ, այն էլ հիմնական ու անքակտելի։ Չէ՞ որ բոլորին էլ նույն Աստվածն է արարել ու բաց թողել աշխարհն ի սփյուռ որպես շնչավոր էակներ։ Ասում են, այդ հետո է մարդու վրա բանականություն իջել, գլխում հումորի զգացողություն բույն դրել, ու նա սկսել է տարբերվել կենդանիներից, ինչն անխուսափելիորեն բերելու էր մեծամտանալու ախտին՝ հատկապես բնորոշ մեծ երկրներում ապրող առանձնյակներին։ Հիմա հետահայաց հեշտ է այսպիսի կանխատեսումներ անել, գիտունիկ ձևանալ, մինչդեռ երբ բացեցի Վիքիլիքսի՝ Հայաստանին առնչվող հղումը, մտքովս էլ չէր անցնում, որ փաստաթղթերի խառնակույտի մեջ կհանդիպեմ մեր հարևան Արտաշի անհավանական, իսկ գուցե առտնին պատմությանը, որ մենք ենք փորձում անտեղի ուռճացնել։ Ով չի հիշում, հիշեցնեմ՝ Վիքիլիքսը ամերիկյան գաղտնի փաստաթղերի մի հոսք էր, որ հեռավոր Ավստրալիայից ծլած արկածախնդիր  մեկը հանդգնել էր գաղտնազերծել ու նետել քննախույզ մարդկությանն ի դատաստան․ մի կողմ տարեք քողը ու տեսեք, թե ինչեր կան աշխարհում, հերիք է ուղտի ականջում քուն մտնեք, մինչ դուք էշ-էշ գնում, ձեր ձայնը տալիս եք սրան-նրան, տեսեք՝ տակից ինչ են ձեր գլխին բերում ձեր իսկ սիրած կառավարությունները։ Ինչ խարդավանքներ, ինչ ծուղակներ, իսկը պարարտ հող դավադրությունների տեսության սիրահարների համար։ Նման դեպքերում դժվար է թացը չորից զանազանել, ու ինչպես ցեխն է ջրին խառնված գնում, այնպես էլ բազմաթիվ մարդկային պատմություններ էին սպրդելու քաղաքական փնթի հոսքի մեջ ու նյարդայնացնելու հիասթափված ընթերցողներին։ Պատահական չէ, որ ինքն էլ որպես այդ շիլաշփոթի խոհարար ստիպված էր լինելու Լոնդոնում էկվադորի դեպանատանը յոթ տարի խռմփացնել ու պատկերացնել, թե հասարակածով պտտվում է աշխարհի շուրջը։ Վաղուց է հայտնի` ճշմարտությունը զոհողություններ է պահանջում․ եթե պետք լինի, կարելի է մի քսան տարի էլ բանտ նստել դավաճանության կամ թե բախտը բերի ու ինչ-ինչ մեղմացուցիչ հանգամանքներ հաշվի առնեն՝ լրտեսության հոդվածով։ Ի վերջո Էկվադորի շունչը յոթ տարի էր հերիքել, ինչը, հաշվի առնելով այդ երկրի չափն ու չնչին դերակատարությունը համաշխարհային գործընթացներում, այնքան էլ վատ ցուցանիշ չէ։ Եթե ավելի մեծ երկիր ընտրեր ապաստան խնդրելու համար,  գուցե ցմահ խարիսխ գցեր դեսպանատանը ու վայելեր անձեռնմխելիության դափնիները՝ ձեռի հետ ձրի պիցա կուլ տալով։ Բայց ինչ եղել, եղել է, անիվը հետ չես պտտի։ Ավելի լավ է թողնենք մեր շիկահեր հանդուգնը, վայթե Ասանժ անունով, հարազատ աբորիգենների բումերանգի օրենքը մոռացած Լոնդոնի բանտում իր ու աշխարհի յուղի մեջ տապակվի, մենք էլ դառնանք մեր Արտաշին։ Եթե մտածում եք, թե Արտաշը երևելի մեկն էր, որ արժանացել էր աշխարհի ամենահզոր երկրի հատուկ ծառայությունների մեծահոգի ուշադրությանը, չարաչար սխալվում եք։ Իսկ միգուցե մենք ենք սխալվում, մտածելով, թե թերթի հասարակ թղթակից Արտաշը աննշան մարդ էր էս անցավոր աշխարհի երեսին։ Ձեզանից քանի՞սն են ի վերջո Վիքիլիքս ընկել։ Ինչ մեղքս թաքցնեմ, երբ մի կարգին քաղաքական սկանդալ պեղելու փոխարեն աչքս բռնեց «Արտաշ Անցողիկյան» բացառիկ անուն-ազգանվանը, որ երբեք ուրիշ բանի հետ չես շփոթի, աչքերս ճակատս թռան։ Մի պահ նույնիսկ առկայծեց այն միտքը, թե Սարոյանի հայտնի հերոս Արտաշի ազգանունը գուցե Անցողիկյան էլ եղել է, բայց ժամանակին զսպեցի այդ անհեթեթ վարկածը ու պրկեցի ուշադրության նյարդս։ Ամերիկացիների ասած՝ լրիվ ականջ դառա։    

– Այ քեզ բան, էս Արտաշը տեսնես ի՞նչ ղալաթ ա արել,- մտածեց մեջիս նախանձը։

– Հաստատ շպիոն ա,- եզրկացրեց մեջիս կասկածամիտը։

– Իսկ միգուցե մեր հաջորդ նախագահն ա,- խնդմնդաց մեջիս կատակասերը։

– Էս Ասանժն ու Արտաշը ի՞նչ ընդհանուր բան ունեն տեսնես,- մտմտաց մեջիս հետաքրքրասերը։

– Չէ, երևի ուղղակի պատահականություն կլինի եղած,- հանդարտվեց մեջիս իրատեսը։ 

Մինչ ես վարկածներն էի գցում-բռնում, Ամերիկայի դեսպանության հյուպատոսը, հավանաբար ուղիղ Արտաշի աչքերի մեջ նայելով, պարզապես հարցրել էր․

-Անուն, ազգանուն, մասնագիտություն։ 

-Արտաշ Անցողիկյան, թերթի թղթակից։

– Ի՞նչ թեմաներով եք գրում։

– Ինչ պատահի, ինչ խմբագիրը հանձնարարի։

– Ինչու՞ եք ուզում Ամերիկա գնալ մշտական բնակության։ 

-Ես չեմ ուզում, կինս է այնտեղից կանչում, որ ընտանիքն իբր չփլվի։ 

Պահո, մտածեցի ես, փաստորեն քիչումիչ դեռ սիրում են իրար, քառասուն տարին էլ չի օգնել խելքի գալու, ես էլ արդեն մտքիս մեջ ճամփու էի դրել խեղճ կնոջը։ Պարզվում է կինը, Արտաշի խեղճությունը հայրենիքում պատանդ թողած, ճեղքել է անհուսության պատն ու հայտնվել ազատության ափերում։ Եթե գլխի չընկաք, պարզաբանեմ, որ Վիքիլիքսի սղագրությունը, որ Ասանժի թեթև ձեռամբ հանրության սեփականությունն էր դարձել, վերաբերում էր Արտաշ Անցողիկյանի հարցազրույցին, ձայնագրված Ամերիկյան դեսպանատանը, որպես Գրին Քարտ ստանալու պաշտոնական ընթացակարգի կարևոր պահանջ։ 

– Պատրաստվու՞մ եք ահաբեկչություն անել այնտեղ կամ երկրի  նախագահին սպանել։

– Ինչ-ի՞նչ։

-Մինչև չպատասխանեք հարցին, չենք կարող շարունակել հարցազրույցը, մտածելու համար երկու րոպե է տրվում։

– Ոչ, չեմ պատրաստվում որևէ մեկին սպանել,- մի կերպ կմկմացել էր Արտաշը, մի տեսակ չեմուչում անելով, որ բացահայտվում էր սղագրության տեքստի բազմակետերից ու հարցական նշաններից։ Հավանաբար մտածել էր՝ ի՞նչ իրավունքով են նախապես մարդուն սահմանափակում, էս անելու ես, էս չես անելու։ Մի խոսքով, կարելի է ասել, որ հենց սկզբից էլ ամերիկացի հյուպատոսի ու Արտաշի ջուրը նույն առվով չէր հոսել։ Մանավանդ երբ տվել էր հաջորդ հարցը.

– Ասում ես կինդ ի՞նչու թողեց, Ամերիկա գնաց։

«Մեր խեղճությունից»,- մտածել, բայց լեզուն կծել էր Արտաշը։ Ու մինչ մեր հերոսը ընկել էր մտատանջության մեջ, օգնության էր հասել հաջորդ հարցը, որ դառնալու էր այս խուճուճ, մի քիչ էլ սրտաճմլիկ պատմության մեխը․

– Շու՞նն էր մեղավոր։

– Ո՞վ,-ականջներին չէր հավատացել Արտաշը։

– Ձեր շունը, Մաքսիմելիանը, որ կարճ Մաքս էիք կանչում,- պարզաբանել էր ամերիկացին,- շատ եմ ցավում նրա համար։ 

Էս երևի ձեռ ա առնում ինձ՝ մտածել, բայց զայրույթը մի կերպ ատամի  տակ զսպել էր Արտաշը։ Էհ Վարդուշ, Վարդուշ, մնայիր քո երկրում, մի կտոր ցամաք հաց ծամեիր, արդար քրտինքով վաստակած, ապրեիր, էս ինչ փորձանք բերեցիր գլխիս, ինձ տվեցիր էս երեկվա լակոտի ձեռքը, որ ոնց ուզի ծաղրի, մեծ երկրի մեծամիտ առանձնյակը։ 

– Պարոն հյուպատոս, եթե շուն ունենայինք, հաստատ անունը Մաքսիմելիան չէինք դնի, որ հետո էլ աղավաղեինք ու կարճ Մաքս կանչեինք, էնքան հայկական բարեհունչ անուններ կան՝ Չալո, Քոթոթ,- փորձել էր կատակին կատակով պատասխանել Արտաշը։

– Եթե կատակ եք անում, ուզում եմ զգուշացնել, որ Կոնգրեսի համար հարյուր քսանչորս բանաձևի համաձայն պետական  մարմինների հետ կատակ անելը խստիվ արգելվում է,- ձայնի հնչերանգը հավանաբար բարձրացրել էր հյուպատոսը, ինչն ակնհայտ էր դառնում սղագրությունից, որտեղ պատահմամբ թե միտումնավոր այդ մասը մեծատառերով էր տպագրված։

– Կյանքիս մեջ ավելի լուրջ բան ասած չկամ,-արդարացել էր Արտաշ Անցողիկյանը։ 

Հետո հյուպատոսը ձայնը ցածրացնելով (ինչը ենթադրելի էր սղագրության՝ նորից փոքրատառերի վերադառնալու հանգամանքով) պատմել էր Արտաշին, որ Անցողիկյան ազգանունը չի համապատասխանում ԱՄՆ սահմանադրությանն ու հիմնարար արժեքներին, մարդն է մեծագույն արժեք և երբեք չի կարող անցողիկ լինել։ Խորհուրդ էր տվել Ամերիկա գնալու դեպքում մտածել այն փոխելու մասին։ Արտաշը հավանաբար լռել էր, քանի որ որևէ արձագանք սղագրության մեջ ներառված չէր։ Փոխարենը հյուպատոսն էր անցել շան առեղծվածի հետաքննությանը։ 

– Պարոն Անցողիկյան, Դուք հավանաբար հիշողության հետ խնդիրներ ունեք, ձեր շունը՝ Մաքսիմելիանը, պարբերաբար ենթարկվել է հալածանքների թաղային ոստիկանության տեսուչի կողմից, ում հրահանգով էլ ի վերջո խլել են ձեզնից ու ուղարկել թափառական շների ոչնչացման բաժանմունք։ Դեպքը պատահել է այն բանից հետո, երբ շունը հաչացել է ձեր պատգամավոր հարևանի վրա։ 

– Էս ինչ հեքիաթ ես պատմում,-ակներևաբար Արտաշի նյարդերը տեղի են տվել,- լավ հեքիաթագիր կլինեիր։

– Հեքիաթը ես չեմ պատմում, այլ ձեր կինը՝ տիկին Վարդանուշ Անցողիկյանն է պատմել։ Խեղճ կենդանու նկատմամբ հալածանքերը տառապանքի են մատնել նրան, ու ի վերջո քայքայել փխրուն հոգեկան առողջությունը, և այլ փրկություն, քան փախնել Ամերիկա, մարդուն չի մնացել։ Իսկ Ամերիկան, գիտեք, գնահատում է մարդու և կենդանու հիմնական իրավունքները և չի կարող անտարբեր մնալ ցավի հանդեպ, միանգամից արձագանքել է ու Գրին Քարտ շնորհել բազմաչարչար տիկնոջը։ 

– Մենք շուն չենք ունեցել,- ինքնաբուխ արտահայտությունը սղագրության  մեջ Արտաշի խոսքի վերջին առկայծումն էր։

Եթե Վիքիլիքսը հնարավորություն ունենար կարդալու մարդու մտքերը հավանաբար հյուպատոսի միջնորդությամբ սղագրության մեջ կավելացներ, որ Արտաշը մտահոգվել է մարդու անցողիկ լինել-չլինելու մասին հյուպատոսի ասածներով։ Հավանաբար մի քանի ավանդական խոսքերով նախշել է կնոջը, իսկ միգուցե գովաբանել նրա հնարամտությունը, ի վերջո ընտանիքի բարեկեցության համար է արել, երևի տուրք տալով փաստաբանի հորդորներին։ Բայց քանի որ Վիքիլիքսը մտքեր կարդալու կարողություն առայժմ չունի, պարզապես արձանագրել է հյուպատոսի սառը եզրակացությունը։ Իսկ հյուպատոսը սևով սպիտակի վրա սեպել է, որ պարոն Անցողիկյանի կինը ժամանակին ըստ երույթին խաբել է ամերիկյան իշխանություններին, սակայն դա բնավ չի խանգարում պարոն Անցողիկյանին շնորհել Գրին Քարտ։ Հյուպատոսը իր զրուցակցին բնութագրել է որպես պարկեշտ և օրինապաշտ քաղաքացի, մարդ, որ միանգամայն արժանի է Ամերիկայում ապրելու բարեբախտությանը։ Մի վերջին հետգրությամբ էլ կարծիք է հայտնել, թե նպատակահարմար չի դիտարկում անդրադառնալ շան առեղծվածային պատմությանը, և գործը համարում է վերջնականապես փակված։

Ընդամենը այսքան բան։ Մնացածը կփորձեմ ես պատկերացնել, քանզի հանրապետության ամենաերկարակյաց թերթի բազմամյա թղթակից  Արտաշ Անցողիկյանը վերջերս աչքովս չի ընկել, որ հարցուփորձ անեմ։ Երբ ասում էի նրա կյանքն ինձ բնավ չի հետաքրքրում, այնքան էլ անկեղծ չէի։ Մի բուռ ազգ ենք մնացել։ Որոշել եմ ուխտի ականջից դուրս գալ։ Հակված եմ հավատալու լավատեսական տարբերակին։ Կասկած չունեմ` դեսպանատնից դուրս գալուց հետո Արտաշը հպարտացել է, որ չի տրվել կյանքի մեջ առաջին անգամ սուտ խոսելու գայթակղությանը։ Եթե Աստված կամենա, շուտով կգրկի Վարդուշին ու մտքի մեջ ներողամտաբար կժպտա։ Ի վերջո իր ճիշտը պաշտպանելու փոխարեն հո նրա սուտը չէր պաշտպանելու, ի վերջո վերևն Աստված կա։  Դեսպանատան մանրամասները գաղտնի կպահի, պետական մարմինների հետ էլ երբեք կատակ չի անի։ Գուցե շուն էլ պահեն, ով գիտի, անունն էլ Մաքսիմելիան դնեն ու կարճ Մաքս կանչեն։ Մարդն անցողիկ է, անցողիկ չէ, այլևս կարևոր չէ։ Հիմա մի փուչիկ կառնի, վրան կգրի «Ամերիկա» ու կտանի իր սիրելի թոռնիկին նվեր։ Եթե բախտը բերի ու ճամփին փուշ ու ասեղ չպատահեն, Արտաշի փուչիկը չի պայթի։ Եթե  պայթի էլ, փույթ չէ, Լոնդոնի բանտում զմռսված ավստալիացին  դժվար թե գլխի ընկնի։ Նա հիմա զբաղված է հասարակածով աշխարհի շուրջը պտտվելով։ Նման մանր-մունր բաները այլևս ոչ մեկին չեն հուզում։

Please follow and like us: