Նարինե Կռոյան/Բոզ գուզեմ

Պարոն Կարպիսը 1947 թվականի ներգաղթյալներից էր: 

Աստծո ամեն առավոտ Կարպիսն անիծում էր այն շոգենավը, որ իրեն ու իր ընտանիքը, խորհրդային երկրի մեղրածոր գետերի ու քաղցրահաց ափերի խոստումներով տարված, բերեց և թողեց նոր, բայց մշտապես կարոտյալ հայրենիքում: Կարպիսի ընտանիքն այդպիսով, ըստ նախապես կազմված ցուցակի, հայտնվեց Խորհրդային Հայաստանի քաղաքներից մեկում:

Դատա՞րկ բան է. միայն Երկրորդ համաշխարհայինում իր բզկտված, քրքրված տարածքից և եղեռնից հետո այդ տարածքում մի կերպ իրար գլուխ հավաքվածներից երկիրը պատերազմ ուղարկեց իր զավակներից մոտ կես միլիոնին՝ այնտեղ թողնելով նրանցից երեք հարյուր հազարին: 

Նրանց չգալու մասին լուրերը վերադարձան, ու երկինքը երեք հարյուր հազար սև թղթերից սևացավ: Սակայն երկինքները սովորաբար բացվելու բնավորություն ունեն, և ի վերջո, ԽՍՀՄ-ին նոր արյուն՝ բանվոր և զինվոր էր պետք, առավել ևս՝ դրանք վերարտադրող: Ուրեմն՝ ինչո՞ւ չկանչել, չբերել արդեն կայացած արհեստավորների, բժիշկների… Մի խոսքով, սեփական հայրենիքում ապրելու ցավոտ մազոլը կարելի էր սեղմել և ստանալ աշխատող ձեռքերի և մտքի հսկայական զանգված ու հետո… թողնել նրանց անտեր-անտիրական:

Եկվորներին տեղաբնակները շատ արագ «ախպար» որակեցին: Պատճառն առավել քան պարզ էր. որոշ հնչյուններ արևմտահայերենով արևելահայերենին սովոր ականջների համար այլ կերպ էին հնչում և ընկալվում. ներգաղթյալները տեղացիների հետ շփվելիս՝ նրանց «ախպար» էին անվանում, այն է՝ «եղբայր»:

Ախպարները նման էին ցանցն ընկած ձկների, որոնց՝ սկզբում դինամիտով էին շշմեցրել, հետո որսացել: Սակայն այդ շշմածությունը մի օր պիտի անցներ և անցավ. Կարպիսն ու իր  նմանները կանգնեցին մի այնպիսի խնդրի առջև, որը լուծում չուներ: Սեփական խանութ, արհեստանոց ունենալ չէր կարելի, և ընդհանրապես մանր-բուրժուական ինքնության ցանկացած դրսևորում պիտի արմատախիլ արվեր ժամանածների միջից՝ փոխարենը արմատավորելով հանրայինի և սոցիալիստական հայրենիքի նկատմամբ պարտքի անանց զգացումն ու անվերապահ նվիրումը: Այդպես, շատ-շատերի նման, Կարպիսի ընտանիքը ևս սովի մատնվեց: 

Հավաստիքը Կարպիսի՝ օրեցօր մաշվող երբեմնի պատկառելի փորն էր: 

Պարոն Կարպիսն իր ծննդավայր Հալեպում ժամանակին տարբեր տրամաչափի եղջերավորների կոտոշներից սանրեր էր պատրաստում և վաճառում յուր փոքրիկ կրպակում: Նրա սանրերը շահեկանորեն տարբերվում էին իր մրցակից հայ և այլազգի մյուս սանրագործների աշխատանքներից: Կարպիսն այնքա՜ն էր տքնում պոզի, երբեմն էլ՝ կճղակի վրա, միչև հերթական գլուխգործոցն սկսում էր սադափի նման երփներանգվել Առաջավոր Ասիայի բորբ արևի ոսկու տակ: Հասկանալի է, որ առևտուրը վատ չէր ընթանում, և եկամուտն էլ բավարարում էր բազմանդամ ընտանիքին բարեկեցիկ ապրելու համար, երբ նրա տիկինը` Արփենիկը, երբևէ տան հոգսերից բացի՝ տնից դուրս մատը մատին չէր խփած:

Իհարկե, ներգաղթյալներն ընդգրկվեցին հանրային կյանքում` առնվազն աշխատուժի կարիք ունեցող և օրեցօր ընդլայնվող գործարաններում և ֆաբրիկաներում` միևնույն ժամանակ աշխատատեղի ընտրության հնարավորություն չթողնելով ոչ եկվորների, ոչ էլ տեղաբնակների համար: Ի վերջո այդ ամենը հանրօգուտ աշխատանքից խուսափելու պատրվակներ էին, երբեմն էլ` ծպտյալ հակահեղափոխական-ահաբեկչական գործունեություն, որի դեմ երկիրը նաև անողոք պայքարի համապատասխան հոդված ուներ: 

Պարոն Կարպիսը իր ողջ անգիտակցական, առավել ևս` գիտակցական կյանքում քաղաքականությամբ չէր զբաղվել, ուր մնաց` զբաղվեր նոր տեղում և իր համար անըմբռնելի ժամանակներում: Ի վերջո նա պորտաբույծ չէր և որպես բանվոր գործի անցավ քիմիական գործարանում: Սակայն կամաց-կամաց հասկանալի էր դառնում, որ միայն նրա աշխատավարձով ապրելը ընտանիքին պարզապես սովի էր մատնում, ինչի իրավունքը չուներ: Եվ մի օր էլ, հերթական անգամ տեսնելով իր ընտանիքի կցկտուր ճաշացանկը, պարոն Կարպիսը չդիմացավ.

– Աս ի՞նչ է: Որքա՞ն գարելի է՝ առավոդյան փթեյթո, գեսօրին՝ փթեյթո, երեգոյան՝ փթեյթո:

Ասաց ու կյանքում առաջին անգամ բռունցքը խփեց սեղանին և որոշեց թքել ինչ-որ մեկի մետաղյա քանոնով գծած բոլոր օրենքների և կանոնների վրա. կաշխատի ընդհատակում և իհարկե առանց կրպակի: Նա անձնազոհաբար պատրաստ էր շրջիկ վաճառականի կամ ինչպես ինքն էր ասում՝ կոմիվոյաժերի նման շրջել բակերով, բնականաբար՝ ոչ աշխատանքային օրերին,  միայն թե տիկին Արփենիկի գեղեցիկ, փամփլիկ ու առավել ևս` սրտաձև հետույքը իր փորի տխուր ճակատագրին չարժանանար:

Կարպիսը գրեթե անմիջապես էլ անցավ իր մտահղացման իրականացմանը, մանավանդ որ արդյունաբերական քաղաքի համբավ ձեռքբերող և կարծես արդեն ունեցող քաղաքը միաժամանակ շարունակում էր նաև նախկին գյուղաքաղաքի ավանդական զբաղմունքը` անասնապահությունը: Իհարկե, զարգացող քիմիական արդյունաբերությունը կամաց-կամաց բնակիչների կենցաղից դուրս էր մղում հողագործի և անասնապահի նրանց զբաղմունքը, որի առկայությունը պայմանավորված էր նաև ետպատերազմյան կիսաքաղցությամբ: Սակայն ոմանք շարունակում էին մաքառել և անգամ քաղաքի կենտրոնից ոչ հեռու, իրենց փոքրիկ առանձնատների բակում սյուրռեալիստական, երբեմն ժամանակակից արվեստին հարող արտաքին դիզայն ունեցող գոմերում անասուն էին պահում: Այդպիսով` պարոն Կարպիսի առջև անսահմանափակ հնարավորություններ պիտի բացվեին և հատկապես Ամանորի զանգվածային մորթերի ժամանակ:

Մի օր էլ Կարպիսը բացահայտեց, որ գործերն իսկապես լավ են ընթանում. քաղցը հաղթահարված էր,  և տիկին Արփենիկն այլևս չէր տրտնջում: Բնականաբար չէր տրտնջում նաև պարոն Կարպիսը` նկատելով տիկնոջ բարեմասնությունների փթթումն ու ծաղկումը:

Սակայն հեռացող գարունն ու սարերի ետևում չգտնվող ամառը մթագնում էին բարեկեցության հեռանկարը. փթթող և ծաղկող կանաչը անասունների մորթը ոչ միայն սահմանափակել էր, այլև բացառել: Ինչո՞ւ մորթել կենդանիներին, եթե կերի խնդիր չկա: Ուրեմն` չկա նաև պոզ ու կճղակ:

Այդպես հունիսյան մի կիրակի, երբ մեջքին կպած փորը առաջ հրելով՝ պարոն Կարպիսը թափառում էր քաղաքի թաղամասերով` սանրի համար հումք հայթայթելու փափագով և հերթական մերժումի հիասթափությունը շալակն առած, դեպի անտառափեշ տանող ճանապարհին գտնվող խարխուլ առանձնատներից մեկի մոտից հանկարծ բառաչ լսեց:

Նրա աչքերը սադափի նման անսպասելի փայլեցին, կարծես այս անգամ էլ Հայկական լեռնաշխարհի հյուսիս-արևելքում մեխված արևն էր որոշել փայլեցնել նրա ճաղատացող գլխի՝ հոգսերից խորշոմող մաշկը:

Կարպիսը, գողի նման չորս բոլորը նայելով, մոտեցավ առանձնատան ցանցառ դարպասներին և բառաչողին տեսնելու ակնկալությամբ գլուխը մտցրեց դեպի բակ տանող դռան փայտյա ճաղերի արանքը: Տեսարանը ցնցեց նրան, և հուզմունքից ոտքերը երերացին. բառաչողները բազմաթիվ էին: Աչքերի առջև մի ամբողջ նախիր էր` իհարկե ոչ մեծ, բայց… նախիր:

Պարոն Կարպիսը մինչ իր անելիքն էր մտմտում, տան դուռը բացվեց և այնտեղից ոսկրոտ և բարձրահասակ մի կին դուրս եկավ:

Կինը նրան չտեսավ: Կռացավ` ոչ մի հույզ չծնող հետույքը եկվորի կողմը ցցելով և սկսեց բակում փռած ոչխարի բուրդը շրջմրջել, արևին տալ:

Կարպիսն այլևս համբերելու ուժ չուներ: Գլուխը ճաղերի արանքը մտցրած և բանտվածի պես երկու ձեռքով կառչելով այդ նույն ճաղերից` նա մահապարտի պես գոռաց.

– Քույրի՛գ, աղվոր քույրիգ ….

Կինն այդպես էլ կռացած` եկվորի կողմը շրջվեց: Նայեց-նայեց, սակայն չհասկանալով` անծանոթի ուզածն ինչ է, ուղղեց մեջքն ու ձեռքը դրեց ճակատին.

– Թաթուլ, դու ե՞ս …

– Ոչ-ոչ, ես Թաթուլը չեմ, Գարբիսն եմ …

– Ուզածդ ի՞նչ ա, ո՞վ ես, չլսեցի…

Պարոն Կարպիսը, լսելի լինելու համար, դեմքն ավելի խցկեց ճաղերի արանքն ու գոռաց.

– Բոզ գուզեմ, բոզ, բոզ գուզեմ ….

Կնոջը կարծես մեխեցին տեղում: Նա մի քանի վայրկյան քարացած նայեց գոռացողի կողմն ու ինքն սկսեց գոռալ.

– Ա՛յտա Ավե՜տիք, Սե՜րոժ, Մե՜րուժ… Այ ձեր քոքը կտրի: Եկեք, հասեք, մորներուդ օրը ցերեկով բոզ են հանել…  Վա՜յ, վա՜յ…

Կինը ձեռքերը գլխին խփեց, և գոռոցը վերածվեց անեծքախառը հայհոյանքի.

– Ես քեզ դեսը ղրկողի բալեն, …մերը ….տիրու մերը ….

Տնից դուրս եկող տղամարդիկ չուշացան` բոլորն էլ կաթ ու մածուն կերած, տավարի սիրտ ու պլոճիկ ճաշակած:

Պարոն Կարպիսը միայն մի բան հասկացավ՝ իրեն պատրաստվում են ծեծել, և այս դեպքում արդեն կարևոր չէր` ինչո՞ւ, մանավանդ որ սեփական մեղքի գիտակցումն իսպառ բացակայում էր: 

Պիտի փախչեր, սակայն ճաղերի արանքում լռված դեմքը հանել չէր ստացվում:

Տղամարդիկ, կնոջ հետ երկու բառ փոխանակելուց հետո, վերջապես ընկալեցին առավել քան ամոթալի իրողությունն ու աչքերն արյուն կոխած արշավեցին դեպի դռան մոտից չհեռացող անամոթը.

– Ա, դու հլա սրա ռիսկին նայի, է՛.- ասաց նրանցից մեկն ու աղբյուրի մոտից ընթացքում վերցրեց բուրդ լվալու ծանր թակը:

Վերջապես Կարպիսին, թեկուզև մի քանի ճանկռվածքով, հաջողվեց գլուխն ազատել ճաղերի գերությունից, և նա… փախավ:

Ե՞րբ էր կյանքում այդպես վազել …. 

Շուտով իր ետևից վազողներին միացան նաև թաղի մյուս տղամարդիկ, և…. կաթ ու մածուն, տավարի սիրտ ու պլոճիկ կերած ամբոխը կամաց-կամաց ետ մնաց: Երբ արդեն բավականին հեռու էր, Կարպիսը  կանգ առավ, շրջվեց դեպի հետապնդողներն ու  ցուցամատները գլխի երկու կողմում վեր տնկելով` աղաղակեց.

– Ինձմե ի՞նչ գուզեք, եղբայր: Ուզաձս բոզ չէ՞ … Դուք ալ շադ ունիք…

Ամբոխը, չգիտես ինչու, ավելի գազազեց, սակայն նախկին թափը վերականգնել չկարողացավ.

– Արա, սա մեզ լրիվ ընչի՞ տեղ ա դրել: Քու տիրու մերը…  

Եվ Կարպիսը կրկին վազեց: Այդպես վազելով էլ Ջուխտ ախպուր հասավ ու կտրուկ կանգ առավ. «Ինչ ըլլալու է, բիդի ըլլա»: 

Ջուր խմեց, լվաց փայտի տաշեղներից ճանկռված երեսն ու ճաղատը և վերջապես նստեց: 

Հետապնդողները չէին երևում:

Արցունքները գլորվում էին նրա հոգնած, ծերացած աչքերից: Շուտով շուրջը երեխաներ հավաքվեցին, մեկը նույնիսկ բռի մեջ եղած միրգը նրան մեկնեց.

– Ախպար քեռի, կեր: Մեր ծառի ցոգոլն է…

Կարպիսը նայեց խարտյաշ, ասես սանր չտեսած նրանց մազերին և ավելի հուզվեց: Նա զգուշավոր շոյեց մանուկների գլուխներն ու դանդաղ հեռացավ:

Ամաչում էր տուն վերադառնալ, ինքն էլ չէր հասկանում` ո՞ր մեղքի համար:

Երբ այնուամենայնիվ գաղտագողի սողոսկեց ներս, արագ էլ հասկացավ, որ իրեն նոր փորձություն է սպասվում: Տանը հյուրեր կային, ավելի շուտ` երկուսը:

– Գարբիս,- տիկին Արփենիկը ելավ տեղից,- քաղաքային թերթից են եգել: Փան մը գուզեն իմանալ:

Կարպիսն ակամա նստեց և ոչինչ չպատասխանեց:

– Ընկեր Կարպիս, – հյուրից մեկը մոտեցավ և ձեռքը պարզելով բարևեց տանտիրոջը:

Կարպիսը ձեռքսեղմումի համար ևս ոտքի ելավ` ձեռքն ստիպված հեռացնելով դեմքի ամոթալի ու նորահայտ հորիզոնական բծերից:

Հյուրը մտածեց, որ տանտերը հավանաբար նոր ածելիով է սափրվել, ի տարբերություն իր ունեցած «քոռացածի», նախանձեց ախպարին, ապա շարունակեց.

– Մենք մեր նոր քաղաքացիների շրջանում հարցում ենք անցկացնում, թե, զորօրինակ, ի՞նչ է ձեզ տվել ձեր նոր` Խորհրդային հայրենիքը: Ինչո՞վ կարող եք պարծենալ, շնորհակալ լինել…

Կարպիսը շփոթվեց: Նա, ձեռքերն ազդրերի տակ դրեց ու սկսեց նստած տեղում օրորվել:

Լռությունը երկարեց:

Լրագրողը հազաց, և Կարպիսը հասկացավ, որ լռել չի կարելի, մանավանդ, որ սենյակում գտնվողները ակնդետ, իսկ հյուրերը` արդեն կշտամբանքով իրեն էին նայում:

– Գարբիս …,- հուզված թախանձեց տիկին Արփենիկը,- փան մը չունի՞ս ըսելու …

Կարպիսը դանդաղ ոտքի կանգնեց և ասաց.

– Ունիմ, ինչբե՞ս չունիմ… Ահավասիկ… փորս:

Ներկաները տարակուսած իրար նայեցին, և Կարպիսը շարունակեց.

– Խորհրդային իմ նոր հայրենիքն այնբես մաշեցրեց նախկին գապիտալիսդական փորս, որ լողնալիս հաջաթս գդեսնիմ: Ուրախություն է. մեգ ալ քսան տարի առաջ եմ տեսաձ. փորս կխանքարեր: Շնորհագալ եմ, անչափ, անսահման շնորհագալ եմ: Իմ նախգին փորով այսօր ինչբե՞ս բիդի փրգվեի աս քաղաքի բոզերու դերերից: 

Please follow and like us:

1 thought on “Նարինե Կռոյան/Բոզ գուզեմ

  1. Շնորհակալ եմ, Նարինե Կռոյան «Բոզ գուզեմ» պատմվածքի համար:

Comments are closed.