Զավեն Բեկյան/Անցավոր, անցավոր․․․

Սարերում հնդկական ֆիլմերի սեզոնն էր սկսվել, երկարատև մուսոնային անձրևների համառությամբ, երբ մշուշները երկար ժամանակ չեն բացվում, և սրտաճմլիկ կինոդրամաներից կանանց աչքերի խոնավությունը տևական ժամանակ չէր հասցնում ցամաքել․․․ Տղամարդկանց վերաբերմունքն այլ էր՝ բացահայտել էին, որ հնդկական ֆիլմերում տուրուդմփոցների ժամանակ խփողի ձեռքը չի հասնում խփվողի դեմքին, բայց՝ իբր թե հարվածի ուժգնությունից, մի ուժեղ դմփոց է լսվում․․․ «Էդ վախտ,- մեկնաբանում էր գյուղական ինքնուս քննադատներից մեկը,- էդ վախտ՝ ձենը կինո գցելու համար, փետով խփում են լախանկին (թիթեղյա տազ՝ գեղջկերենով – Ծ Հ)․․․ »։ Կանանց սնքռտոցը սկսվում էր դեռ կինոյի դահլիճից ու շարունակվում մինչև տուն ընկած գիշերային գյուղական ճանապարհին՝ քարքարոտ ու խավար․ «Ախչի լա՛վ, հերիք է զռաս, կինո է, էլի՜, պատին գցած շողք․․․ »,- հանդիմանում էին իրար սնքռտացողները։ Իսկ նոր արբունքի հասած տղա երեխեքը երգում էին՝ չգիտես ում թարգմանած, շարժանկարային հիթերը, զորօրինակ․

 Ծառի վրա դանակով
«Ռիտա» անունն եմ գրում
Ախ, Ռիտա, ջան, Ռիտա,
Ես քեզ շատ եմ սիրում․․․

(«Պարոն 420» ֆիլմից)։

 Հարցը դժվարանում է, երբ տղա երեխեքը պարմանի են դառնում, իսկ աղջիկներն, ասես, հասունանում են մի գիշերում ՝ երկարատև, տաք անձրևներից հետո հանկարծաստեղծությամբ իրենց կատաղի կորությունները լցնող սունկերի պես․․․

Ամուր տղա էր մեծ եղբայրս, բայց Ամուրի նետն իրեն էլ կպավ։ Տարօրինակ էր պահում իրեն, ինձ հետ այլևս հանաքներ չէր անում, դեմքին մանուշակի պես նուրբ մի վիշտ էր ծաղկել ու պսակ փռել․․․ Հասկացանք ու իմացանք (փոքր բնակավայրերում դա երկար ժամանակ գաղտնի չի մնում ՝ ինչ էլ անես), որ սիրահարված է, ու այդ անխիղճ սունկը (որ հետո թունավոր սունկ դարձավ՝ դեռ կասենք այդ մասին) Լիլիթն է՝ դպրոցի տնօրենի աղջիկը․․․ Երկար ժամանակ նրանց սերը փոխադարձ մնաց, և եղբորս երջանկությամբ երջանիկ էի ես է՛լ։ Ասել կուզի՝ քաջ տղա էր եղբայրս, ու իր հեղինակությամբ ես պաշտպանված էի հասակակիցներիս շրջանում։ Հետո  նրա վարքը նորից տարօրինակ դարձավ՝ այն աստիճան, որ նույնիսկ սկսեց կռվել ինձ հետ տեղին-անտեղին առիթներով՝ զարմանալի բան, քանի որ ինձ շատ էր սիրում․ Լիլիթը լքել էր նրան։ Հետո եղբայրս պատմել էր մեծ տղաներին, նրանցից մեկից էլ հետո ես իմացա պատճառը։ Համբուրվել էր Լիլիթի հետ ու իր խորհրդավոր իղձը աղջկան հայտնել էր գռեհիկ բառապաշարով, դե՜, այսպես մոտավորապես․ «Արի՝ լոբին սարի տանք»։ Հա՜․․․ Իսկ Լիլիթը, որ արդեն մայրաքաղաքում էր սովորում, իբր թե կատաղել է այդ անտաշ արտահայտությունից ու լքել եղբորս։ Բայց հետո պարզվեց, որ դա ընդամենը հորինվածք է։ Պատճառն ուրիշ բան էր։ Աղջիկներն՝ ինչպես որ շուտ են հասունանում ու սունկի պես կատաղեցնում իրենց դիվային կորությունները, նույնքան արագ էլ կողմնորոշվում են կենաց հիերարխիայում՝ այսինքն, թե ում փեսացու ընտրել, որ տղան՝ ինչ դիրք ունի ու առավել ևս հետո կունենա հասարակություն կոչեցյալի մեջ։

Մի օր մի այդպիսի «դիրքավոր» էր եկել շրջկենտրոնից իր «շքախմբով» («Նախագահի Տղան»), ու եղբորս տանից դուրս կանչեցին, և ես էլ՝ վատ բան կանխազգալով, գնացի նրանց հետևից՝ զգույշ, պատերի անկյուններում ստեպ-ստեպ թաքնվելով․․․ Նախագահի Տղան թիկն էր տվել գյուղամիջում, Ջաղացքարի պատին (այդպես էր կոչվում տեղն՝ ինչպես, ասենք, Լացի Պատը՝ Երուսաղեմում)։ Նայում էր ամբարտավան հայացքով, «թիկնազորով» շրջապատված։ Ամբարտավան հայացքը ճիշտ իր հոր՝ Նախագահի հայացքն էր։ Հայրը՝ Նախագահը մի օր նախագահավարի, ամբարտավան հարցրել էր մի գեղջուկի, որի մականունը Խեխո էր, թե՝ «Քեռի, կարո՞ղ է խերխի ունենաս (ձեռքի փոքր սղոց՝ գեղջկերենով – Ծ ․Հ), վռազ պետք է»։ Համագյուղացին էլ՝ խորամանկ-սրամիտ մի մարդ, լավ հասկանալով անվայելուչ ակնարկը, պատասխանել էր, թե՝ «Նախագահ ջան, խերխի չունեմ, բայց լա՜վ խոշոր ատամներով բիրդաբիր (մեծ սղոց՝ գեղջկերենով – Ծ․ Հ․) ունեմ, պետք է՝ կտամ»։ Նախագահն էլ էր լավ հասկացել ակնարկը (նա անշնորհք խոշոր, դուրս պրծած ատամներ ուներ ) ու սուսուփուս թողել հեռացել էր իր ճամփով․․․

Հա՛, ուրեմն Նախագահի Տղան թիկն էր տվել Ջաղացքարի պատին, «թիկնազորով» շրջապատված, և գյուղամիջում, գյուղի պատվասեր ջահելների մեջ, հարցրեց եղբորս․Էդ դու՞ ես անհանգստացնում ուսուցչի աղջիկ Լիլիթին;

– Ապե՛ր,- անսպասելի հարցից շփոթվեց եղբայրս,- հա՛, ես եմ, ու դա ի՛մ գործն է։

– «Ապերն» արջին են ասում,- լկտիացավ Նախագահի Տղան,- էսօրվանից էդ աղջկա հետ գործ չունես։ Ինձ Այսինչի Այսինչն է ուղարկել, որ քեզ ասեմ էս բանը․․․ Աղջիկն իր հետ է խոսում․․․

Այդ Այսինչի Այսինչը այն ժամանակվա չափանիշներով, օլիգարխի տղա՞ էր, թե գողական ինչ-որ ոմն, այդպես էլ չիմացանք․․․

Բայց դրանից հետո՝ իմ քաջության խորհրդանիշ եղբորս այդպես խեղճացած ու վիրավորված տեսնելուց հետո, աղոտ կերպով՝ որքան որ տարիքս էր թույլ տալիս, դրամայի էությունը ըմբռնելուց հետո, իմ մանկական ներաշխարհում մի մե՜ծ, շքեղ հեքիաթ փլուզվեց ու ցիրուցան եղավ․․․ Հետո կյանքում շատ այդպիսի փլուզումներ եղան, բայց դա առաջինն էր իր ցավագնությամբ․․․

Please follow and like us: