Այն ո՞վ է, այն ո՞վ…
Կարմիր չէ հաստատ,
Ստուգված սև է,
Սևությունը այդ
Զըռ- ակներև է՝
Այնքան, որ ոչ ոք
Չի տարակուսում,
Բոլորը նրան
Հենց սև են ասում։
Ինստիտուտ է նա
Ավարտել թեպետ,
Չի թվում ուսյալ,
Կրթված, գրագետ,
Այլ մի շարքային
Մաֆիոզ հղփացած՝
Ճշտի ուսմունքին
Միշտ դավաճանած։
Նա միշտ քաղաքի
Լավն է կամեցել,
Բյուջեն ահագին
Սիրով լվացել,
Սրբել շենքերի
Ճակատի մուրը
Քաղաքի դեմքի
Բացացրել գույնը։
Բայց ունի մի կին
Երաժըշտասեր,
Որ պիտի այդ իր
Երթը կասեցներ՝
Համերգին սխալ
Եվ ոչ իր հալով
Տեղում էլիտար
Հանգրվանելով։
Ի՞նչը կհաղթեր
Կյանքում հերոսին,
Կինը չմղեր
Թե սխրանքի սին։
Զուր աքլորացավ
Ու չկատակեց,
Ու թեպետ անցավ,
Սակայն ապտակեց
Մարդուն էն՝ կարգված
Շեֆին պահապան,
Որ իր կնոջը
Արեց տեղահան։
Շեֆն էլ հենց իրեն
Տեղփոխով պատժեց․
Հանեց պաշտոնից,
Նոր պաշտոն տվեց։
Լավն է կամենում
Նա էլի ու միշտ
Եվ ինչ անում է,
Անում է միշտ ճիշտ,
Ափսոս, որ ազգն այս
Չի գնահատում
Ջանքերը նրա.
Այդպես է կյանքում։
Մրոտ շենքերի
Ճակատը լվաց,
Բայց ինքը էլի
Սևերես մնաց։
Եվ կգա օր մի՝
Իրենից էլ սև,
Ու այնժամ պիտի
Փախչի հևիհև։
Խիզախի ու թե
Եվ փորձի հետ գալ,
Նրան կդրդեն
Կերածը հետ տալ։
Ինչե՜ր դուրս կգան
Բկից գազուկես,
Ինչքա՜ն փակ մսուր
Ու մանկապարտեզ։