Էրիկ Բեկնազարյան/Լկտի ձուկ


Ձմռանն Աղստևը ծանծաղ էր ու մի տեսակ բռնաբարված, ինչպես մեր հոգիները Դիանա Գրիգորյանի սերիալներից հետո. ամռանն այն վարարում է, գազազում, ալիքները, հերթ չտալով իրար, վազում են անհայտության ծոցը, ջուրը դառնում է գետ, այն կենդանություն է ստանում:
Երկու տղա, որ ջահել էին ինչպես ամռան գիշերվա զով քամին, ուրախ ծիծաղով անցնում էին գետի եզերքով: Խոսում էին նրանք, բայց լռության պահին, երբ ծիծաղը չքանում էր, տրտմության ամպն էր կախվում նրանց կոպերից, ու թե լիներ մեկը ով էդ պահին, էդտեղ ասեր ճիշտ բառը, ամպը գուցե լցվեր ու ճայթեր, ջուրը վերածվեր լացի:
Վաղ առավոտ էր, արևը դեռ նոր նոր ուզում էր երևալ հորիզոնում: Արև էր ու ցուրտ, այն դեռ չէր այրում: Նրանք քայլում էին լռության միջով, որը միայն ծտերի ծլվլոցն էր ընդհատում: Հազվադեպ պատահում էին մեկ-երկու ջահել աղջիկներ, որ դուրս էին եկել վազելու, մեկ էլ քառասունն անց կանայք ու տղամարդիկ, որ արագ քայլում էին նիհարելու համար: Ուրիշ ոչ ոք չկար, ոչ մի կենդանի շունչ:
Նրանք քայլում էին դանդաղ, բայց չէին զբոսնում: Նրանցից մեկի ձեռքին ձկնորսական կարթ էր, մյուսն ուսապարկ ուներ, որ գցել էր մի ուսին:
Նա, ով բռնել էր կարթը, մի փոքր առաջ էր ընկել: Նա առաջին անգամը չէր գնում ձկնորսության՝ ի տարբերություն մյուսի:
– Նայիր, էն ձկնորսեր չե՞ն, չգնա՞նք մենք էլ թառենք էնտեղ:
– Ես ավելի լավ տեղ գիտեմ,- ասում է մյուսը,- էնտեղ ոչ մարդ կա ոչ աղմուկ, ոչ էլ ավտոներ կանցնեն:
Չհակադարձեց: Երևում էր՝ վաղուց գիտեին ու արագ էին հասկանում իրար: Շարունակում են իջնել գետի հոսանքով:
Երկու ժանգոտ ճոճանակ, որ ճռռում են քամուց: Նրանց վրայից սովետի մանկության հոտ էր գալիս, հասարակ, հոգատար պապիկի շունչ, որ թոռներին կբերեր էդտեղ: Վստահաբար կարելի էր ասել, որ վերջին անգամ հենց սովետի ժամանակ էին ոտք դրել էդտեղ: Խոտեր ու թփեր՝ երկար ու վայրի, ոչ մի արահետ:
Կարթն առաջ պարզած՝ ճամփա էր բացում թփերի միջով, մյուսը հետևում էր նրան: Թեպետ ի տարբերություն առաջինի՝ երկրորդն էնքան էլ չէր խուսափում դրանցից. ձեռքով բռնում էր թփերը, ճամփա բացում ու մինչ բաց թողնելը մատները սահեցնում դրանց վրայով:
Գցում են կարթը, նայում ալիքներին: Գետը վարարել էր: Առաջինը համբերատար էր, երկրորդը ոչ էնքան:
– Այ եթե ծանծաղ լիներ, կարելի էր մտնել մեջն ու ուռկան դնել, թե չէ հիմա գցի՜ր, սպասի՜ր:
– Էն որ ասում են է՝ էս գործը հանգիստ է սիրում, այ հենց սրա համար են ասում: Ամենից շատ ձկնորսության փիլիսոփայությունն եմ սիրում: Այն է՝ ժամանակ և իմաստնություն: Կարթը գցելը միայն հեռավոր կապ ունի ձկնորսության հետ: Իրական գործը մինչև էստեղ գալն է լինում՝ պետք է ճիշտ խայծ ընտրել, պետք է ճիշտ ձևով ամրացնել, պետք է լավ տեղանք ընտրել, ու ամենակարևորը՝ սպասել: Չե՞ս կարծում, որ էս փիլիսոփայությունը կյանքում շատ պետքական բան է:
– Ըհմ:
Ու չե՞ս կարծում, որ մարդամեկը Երևան գնալու տեղը լավ կաներ մնար էստեղ ու ձուկ բռներ:
– Արի թարգենք էլի քաղաքականությունը, էլ ուժ չկա քամի բրթելու:
Լուռ են նրանք ու քաղաքը, լուռ են մեքենաները: Հիմա գետի մենախոսությունն էր: Նրանց մտքերն էլ տրվում են հոսանքին ու գնում գետի հետ: Հետաքրքիր է՝ նրանցից ոչ մեկը ձուկ չէր ուտում: Ոչ էլ վաճառականի ջիղ ունեին, որ ասեիր՝ տանելու են ծախեն: Բա լավ տղաներ, ի՞նչ եք անում էստեղ, էս ժամին:
Փախուստ: Իրականությունն այլևս դադարել է տանելի լինել: Հույսն այլևս գետի ալիքը չէ, որ զարնվի քարին ու շարունակի իր ճամփան: Հույսը այլևս չի զարնվի քարին, հույսը քարի տակ է արդեն, ու տիղմ է: Ուրեմն թող զարթնենք՝ մինչև լույսը կարգին բացվելը, թող մարդու երես չտեսնենք, որովհետև արդեն տեսել ենք ամեն երես, թող էլ չխոսենք, էլ խոսելու բան չկա, ասելիքն ասվել է, լինելիքը եղել:
Բայց ահա կարթն է ճոճվում: Երկուսով վրա են հասնում, բռնում, մեկը սկում է քաշել: Ոչինչ՝ կեղծ տագնապ էր:
Բայց և այնպես՝ առաջինն արդեն բաց չէր թողնում կարթը:
– Կլինի, շուտով կլինի,- ասում է նա:
Մի ժամ է, ոչինչ չկա:
– Գուցե քնած են ձկներն էս ժամին,- ասում է երկրորդը:
Բայց ահա, մի բան կա ոնց որ: Արագ ու ճարպկորեն քաշում է կարթը, բռնում է ձկանն ու գցում դույլը:
– Էս ի՞նչ ձուկ է, հը՞ն:
– Սիգի նման չէ:
– Բա սրա գույնը, սենց ձո՞ւկ, Աղստևո՞ւմ:
– Անցած տարի, երբ էս գետից եղնիկ հանեցին, ես էլ ոչ մի բանի վրա չեմ զարմանում:
– Եվ շատ ճիշտ եք անում ընկերներ,- հանկարծ խոսեց ձուկը:
– Երևի շատ ենք խմել հա՞,- ասում է երկրոդը՝ նայելով ընկերոջը:
– Չէ, հենց էն է, որ ոչ մի բաժակ չենք խմել:
– Ըըը, երևի էնքան ենք խմել, որ մոռացել ենք, որ խմել ենք:
– Ես սթափ եմ, նայի՛,- ասում է նա ու կանգնում մի ոտքի վրա,- ու ես երդվում եմ՝ էս ձուկը խոսում է :
– Դուք ավելի լավ է՝ մի քիչ ջուր լցնեք էս դույլի մեջ, քանի չեք սպանել ոսկե ձկանը, հո չքյառուկ չեք խեղդում,- ասում է ձուկը:
Շոկը ստիպում էր, որ նրանք այդ բանն անեն և բավական արագ:
– Դեհ, բռնեցիք ինձ, մա՛-լա՛-ձյե՛ց: Կանոնները մանկապարտեզի երեխան էլ գիտի: Երեք ցանկություն: Այո, նույնիսկ հեքիաթը աղերս ունի իրականության հետ, բայց կարծում եմ հասկանում եք, որ դա մի քիչ ուռճացված է:
– Այսի՞նքն:
– Այսինքն էն, որ ես օրինակ փող չեմ տպում, ուստի էդ մեկը մոռացեք:
– Բա էլ ի՞նչ ես կարողանում անել:
– Իմը ջրի մոգությունն է: Կարող եմ անել էն ամենը ինչ վերաբերում է կյանքի անտեսանելի կողմին: Ես չեմ կարող քեզ միլիոն դոլար տալ, բայց կարող եմ դրա ուղին քեզ տալ: Կարող եմ բախտ տալ քեզ ու արկածներ: Կարող եմ սեր տալ քեզ՝ ամենասիրուն աղջիկը: Կարող եմ փոխել ճակատագիրդ: Ես ամեն ինչ կարող եմ տալ: Ու հաա, մի բան էլ կա՝ ձեր ցանկությունը չպետք է շահերի բախում պարունակի: Դե, ասեք ինձ, տղաներ, ձեր ամենանվիրական ցանկությունները:
– Ես, ես զգացողություններ եմ ուզում,- ասում է երկրորդը, ուզում եմ, որ կյանքը նորից թրթռա արյանս մեջ, ինչպես գարնան առավոտի զով քամին կամ… կամ աղջկա համբույրը, ես կյանքն եմ ուզում, չեմ ուզում սաղ կյանքս փտել էստեղ, ուզում եմ շրջել ու ճաշակել կյանքը, նրա բերկրանքն ու թախիծը, ուզում եմ մաշկս սարսռա գոյության շնչից:
– Եվ կլինի դա քեզ,- ասաց ձուկն ու մի ցատկ կատարեց դույլի մեջ,- դու կտեսնես, թե օր օրի ինչպես է փոխվում կյանքդ ու կհիշես ինձ: Դե, իսկ դու ինչ ես ուզում, դո՛ւ, որ անձամբ բռնեցիր ինձ:
– Ես ուզում եմ դառնալ լավագույն ճարտարապետը, ինձ քարտեզ տուր դրա համար: Գիտես չէ, երբմեն թվում է, որ հիմա կանեմ դա, հիմա կհասկանամ, կանեմ, բայց մեկ էլ թելը կտրվում է, ուզում եմ չկտրվի էդ թելը, ուզում եմ անտառում քաղաք կառուցել, բայց էնպես, որ բնությունը մի կաթիլ չտուժի դրանից, ինձ լուծումներ, ինձ քարտեզներ են պետք դրա համար: Դե ասա, ձուկ, ձեր ջրերում մի բան կա՞ ինձ համար:
– Կա և կլինի քո ուզածը,- ասում է ձուկն ու ցատկում դույլի մեջ:- Օր օրի դու կզգաս, թե ինչպես ես դառնում լավագույն ճարտարապետը և այդժամ դու կհիշես ինձ: Դե ի՞նչ, տղաներ, ձեզնից ո՞ վ է ասում երրորդ ցանկությունը:
Երկու տղաները մի պահ իրար նայեցին, ապա մի փոքր հեռացան՝ խորհրդակցելու:
– Արի ասենք նրան, թող իր ջրերի մոգությամբ էնպես անի, որ մեզ նման բոլոր մարդիկ հավաքվեն մի տեղ: Պատկերացնում ես, ասենք մի քաղաք, ուր բոլորը կրում են էն գաղափարները, ինչ մենք, մարդիկ կժպտան իրար ըմբռնող ժպիտով:
Մտածում են, խոսում են, բայց ինչ-որ բան էն չի: Մի բան է ծանրացել սրտին, մի տագնապ, մի պարտք կա դեռ: Ի վերջո նրանք դանդաղ, վարանելով մոտենում են դույլին:
– Լսիր ձկնիկ, մենք մտածեցինք ու որոշեցինք հետևյալը. մենք ուզում են, որ մեր երկիրն աշխարհի ամենաուժեղ տնտեսությունն ունենա:
Ձկնիկը ցատկում է դույլի մեջ:
– Չէ, դա հնարավոր չէ,- ասում է նա,- չեղավ:
– Ո՞նց հնարավոր չէ, նորից փորձիր:
– Չի լինի:
– Խի՞:
– Որովհետև ձեր հասարակությունը պատրաստ չէ դրան: Հարկեր վճարել, օրենք պահպանել, դա ձեր հագով չէ: Դուք չափազանց շատ եք տարված ձեր ու ձեր ազգի բացառիկությամբ: Առաջին քրիստոնյա ազգն ենք, էս ենք, էն ենք: Ինչո՞ւ մինչև հիմա մարմնավաճառությունը չեք օրինականացրել: Էդ ո՞վ չգիտի, որ դա կա ու միշտ էլ լինելու է: Չէ, մենք առաջին քրիստոնյա ազգն ենք, դա մեզ սազական չէ: Դուք չե՞ք, որ եկեղեցի կառուցելը գերադասում եք գործարան սարքելուց: Դե գնացեք ուրեմն Հիսուսին էլ խնդրեք թող զարգացնի ձեր տնտեսությունը Բայց ախր նույնիսկ ձեր հավատքի մեջ դուք անկեղծ չեք: Դուք վաղուց մոռացել եք ձեր Աստծուն: Իսկ եթե էդքան հավատացյալ եք, ձեր ինչի՞ն է պետք տնտեսությունը: Ապրեք հացով ու ջրով ու հավատքով ու մի բողոքեք:
Վրդովված իրար են նայում:
– Լոմբարդը ե՞րբ է բացվում, տանենք հանձնենք սրան, ավելի շատ օգուտ կանենք:
– Մի խոսքով ուրիշ ցանկություն ասեք, դա չի լինի:
– Լավ ձկնիկ, էդ դեպքում ուրեմն մենք ուզում ենք խելամիտ, ուժեղ, հավասարակշռված ու արդար առաջնորդ:
– Էհ, ունեցել եք, էլ ի՜նչ եք ուզում:
– Ո՞նց ենք է ունեցել:
– Բա ո՞նց չեք ունեցել. առաջին նախագահը խելամիտ էր, երկրորդը ուժեղ էր, Սերժս հավասարակշռված էր, Նիկոլն էլ՝ արդար:
– Ուզում ենք, որ էդ ամենը մի մարդու մեջ լինի:
– Չի լինի:
– Խի՞:
– Որովհետև ինձնից բացի ավելի խոշոր ձկներ էլ կան, և նրանք հովանավորում են, որ ձեր երկրում միայն դալբայոբները իշխանության գան:
– Մի վիրավորիր պաշտոնյային, կտուգանեն:
– Խռիկս կուտեն: Ես ձուկ եմ, ինձ կարելի է:
– Դե ուրեմն ուզում ենք գոնե աշխարհի լավագույն կրթությունը ունենալ:
– Երբ դադարեք ոռ տալ դիպլոմի համար, էդ ժամանակ նոր կսկսի ձեր կրթությունը:
– Կեղտոտ ձուկ:
– Ուրիշ բան ասեք:
Լռում են, մտածում:
– Լավ, ձուկ, իսկ ի՞նչ անենք, որ գոնե մի քիչ լավ լինի էս երկրի համար:
– Վեշերներդ հավաքեք, բոլոր ձեր ծանոթներին հավաքեք, վերջում էլ ձեր էն զեմլյակին վերցրեք ու սիկտիր եղեք էս երկրից:
Փլվում են խոտերին, երկար ու լուռ, էնքան են լռում, որ սկսում է ցավել: Բայց ձուկն ի վերջո խախտում է դադարը:
– Լսեք, ես ժամանակ չունեմ, ասեք ձեր երրորդ ցանկությունն ու ինձ ջուրը գցեք:
– Ծխելու կա՞:
– Դա՞ է ձեր երրորդ ցանկությունը:
Հա, տուր մի հատ ծխենք, բո՛զը, ուժեղ բան տուր:
Ձուկը ցատկում է դույլի մեջ: Մի սիգարետ՝ կարմիր ֆիլտրով: Երեքով նստում, ծխում են, ֆռում նույն սիգարետը, երկու ջահել տղաներն ու ոսկե ձուկը:

Please follow and like us: