1955 Օգդեն Նեշ

Օգդեն Նեշ/Քաղգործիչը

Քաղաքական գործիչ է այս առանձնյակը,

Գործի անունն է պահպանել իր քամակը․

Ամենուր, ուր նրան ես ու դու գործուղենք,

Նա կգտնի բարգավաճելու հիմք ու հենք։

Նշանակված լինի, թե ժողովրդի ընտրյալ,

Նա իրեն զգում է Աստծո օծյալ,

Եվ իրոք, պատված է յուղի շերտով անանցանելի՝

Այնքան հաստ, որ զրահի նման դարձնում է նրան անխոցելի։

Նա իր մեջ բացել ու մարզել է հմտություն, թե ինչպես կաշին

Պահպանել ու հաստացնել հանրության հաշվին

Մասնավոր մրցակցության հույսին թե մնար,

Հավանաբար սովից կզկռտար։

Նա ունի մի քանի շահավետ հոբբի,

Ամենից կարեւորի անունն է լոբբի:

Այս մարդը սեփական տատին կվաճառեր,

Բայց արտասանում է վերամբարձ ճառեր։

Հավաքում է ձայներ խոստումներով իր սին,

Եվ փող՝ բոլորից, որ բաշխի մի քանիսին,

Հավատացնում է դյուրահավատներին,

Թե քչերից քերեց, որ տա շատերին։

Քաղգործիչները դեմոկրատ են ու հանրապետական,

Նրանց թշնամանքը թատրոն է դրամատիկական՝

Բայց նրանք տարբերվում են միայն անուններով իրենց,

Մնացած ամեն ինչով նույնն են՝ ասես ծնված մի մորից։

Երբ քաղգործիչն անում է մի հիմարություն

Եվ դուրս տալիս մի նոր, շշմելու էշություն,

Բոլորից բարձր է բղավում, ասես կատարը կարմրած խորոզ,

Ինչո՞ւ են նրա ընտրողները լինում այդքան հպարտ եւ գոռոզ:

Խելացի ու պարկեշտ մարդիկ հանդիպելիս իրար

Քաղգործիչներից են խոսում, ինչպես եղանակից վատթար,

Բայց նրանք շատ պարկեշտ են քաղաքականություն մտնելու
համար եւ շատ խելացի ու հպարտ, որպեսզի գնան ընտրության,

Այնպես որ հույս ունեմ, որ նրանց բաժին հասած քաղգործիչները
նրանց դրամապանակներն ու հոգիները չեն արժանացնի գթության։


Թարգմանությունը անգլերենից՝ Արփի Ոսկանյանի

Please follow and like us: