Արփի Ոսկանյան / Քաղաքական հանելուկներ (1)

Այն ո՞վ է, այն ո՞վ

Երկիրն ուզում է սարքել ապահով
Զենք ու զրահով,
Ոստիկանների տարածած ահով։
Ատկատի պահով`
Անում է նա հա խորհրդաժողով,
Ցուցադրում կորով
Եվ ընտրողներին առնում է փողով։
Անկապ բարբաջում,
Ասում է առաջ, բայց տանում է հետ։
Դուքով պահանջում,
Դուով է խոսում քաղաքացու հետ։

Սիրում է ղումար,
Մոլախաղի պես խաղում է շախմատ,
Ունի մի եղբայր,
Որ ցույց է տալիս ազգին երեք մատ։
Բռնել է «հարուր»,
Տոկոսներ խփել ու հելել դամա,
Թերթեր ու հայլուր՝
Փեսան է հսկում բոլորը հիմա։
Կայֆն էլ է հարգում
Եվ մարդկանց վրա լինում կայֆավատ.
Փոխել խոստանում,
Փոխվելու համար` պահանջում հավատ։
Երկիրը դեղից
Երկիր է թվում ու բարգավաճում,
Եվ հանկարծ մեկից,
Խիարն է անգամ աչքին թարս աճում։
Ջահել ժամանակ
Կրակ է եղել, կրակոտ մի ճիժ,
Բայց անժամանակ
Մեծացավ, դարձավ կրակ ու պատիժ։
Խոստացավ սարքել
Ատոմակայան ու երկաթուղի,
Խոստացավ, որ էլ
Չպիտի լինի աղետի գոտի,
Նա հայտարարեց,
Որ առաջինը կթռչի Արցախ,
Նա թույլ չտվեց
Օլիգարխներին թաքուն գնալ ձախ։
Ու երբ նրանցից
Մեկը ռիսկ արեց քիչ ընդվզելու,
Իսկույն շներին
Իր քսի տվեց նրան գզելու։
Հրահանգում էր,
Որ գլխից պետք է բռնել՝ մեծերին,
Բայց բանտարկում էր
Ազգի հերոսին ու կռվածներին։
Նա խոստանում էր,
Թե չի հավակնում ընդմիշտ մեզ իշխել,
Թե պատրաստվում է
Իշխանությունն իր ուրիշին բաշխել։
Ու երբ որ հանկարծ
Իր այդ խոստումն էլ նենգորեն դրժեց,
Ազգը կատաղած
Տեղից վեր կացավ եւ նրան մերժեց։

 

Այն ո՞վ է, այն ո՞վ

Որ չի ճանաչում տառերն ու գիրը,
Բայց թողնում է հա իր ձեռագիրը։
Ֆեոդալ է նա ժողովրդական,
Ունի քաղաք ու գյուղեր սեփական,
Ունի հայ ազգը այս մանր ածու
Եւ դիպլոմների մեծ հավաքածու,
Եւ կուսակցություն, եւ իշխանություն,
Իսկ հիմա դարձավ եւ ընդդիմություն։
Նա յուրացրել է այս երկրի ինչքը,
Եւ ինքն է երկրի ամենայն ինչը.
Գործարարն է ու պատգամավորը,
Համ սպորտսմենն է, համ պրոֆեսորը,
Համ բռնաբարն է, համ բարերարը,
Եւ հալածողն է, եւ հալածյալը։
Թագավո՞ր է նա, թե՞ մի ծաղրածու,
Մսացո՞ւ է, թե՞ նախագահացու։
Ստույգ է լոկ մի բան՝ որ ինքնըստինքյան
Դարձավ այս երկրին տեր ու տիրական:

Այն ո՞վ է, այն ո՞վ…

Նա՝ մի խոշոր ներկրող,
Նաեւ խոշոր արտադրող,
Այն, ինչ պիտի ներկրի,
«Արտադրում է» անթերի։
«Արտադրանքն» այդ զենքն է իր,
Անզգուշաբար մի փորձիր.
Թունավորվել կարող ես,
Թե հիվանդ ես, կմեռնես։
Կեղծում է նա ամեն ինչ՝
Խմիչք, դեղեր, ընտրություն,
Չունի ամոթ, չունի խիղճ
Եվ տարրական կրթություն։
Ունի մի շարք խանութներ,
Զեղծարար է անվեհեր,
Մաքսանենգ է շարքային,
Դուրս է դաշտից հարկային,
Կա թաղամաս մի հայտնի,
Աշխարհազոր ուր ունի,
Այնտեղ մարդիկ անատամ
Կգզգզեն եւ անգամ
Կոկորդը քո կկրծեն՝
Կոչես նրան անօրեն։
Այստեղ դարձել է նա արդ
Աստծուց հետո երկրորդ մարդ։
Ձրի լավաշ բաժանում,
Նստում է մեր ԱԺը-ում,
Ունի մանդատ գրպանում
Եվ մեր փողն է գրպանում։
Բայց թե նրան դու լսես,
Խղճմտանքով կլցվես.
Հիվանդ ու խեղճ մարդ է մի,
Թողեք կոճակն իր սեղմի,
Չունի բիզնես սեփական,
Կինն է սյունը նրա տան։

 

Այն ո՞վ է, այն ո՞վ

Բուծիկների, սիլիկոնե ծիծիկների սիրահար,
Նեոնային թիթեռների, պեգասների թագավոր,
Դալանները նկարներով զարդարեց նա բավարար,
Աներձագին իր սեփական դարձրեց պատգամավոր։
Բարձրաստիճան պաշտոնյայի տղա է նա «փափկասուն»,
Սովոր է, որ շուրջը վխտա ամեն տեսակ անասուն,
Այդտեղից է սերը նրա կենդանիների հանդեպ,
Ասում են, թե երբ մանուկ էր, եղել է լավ թաղապետ։
Ասում են, թե թաղի համար հորից հա փող էր ուզում,
Հայրը նրան սիրում էր շատ, պետբյուջեն չէր ափսոսում,
Անգամ հիմնեց որդու անվամբ աղանդավոր մի շարժում,
Որը տեղում դոփում էր լուռ ու ոչ մի տեղ չէր շարժվում։
Նա սիրում է առեւտուր ու առեւտրական տաղավար,
Թե չլիներ այդ հոր որդին, գուցե լիներ բուդկչի,
Դրա համար նա հոր վրա դրեց շքեղ շիրմաքար,
Վերեւներից ոչ ոք չասեց՝ ախր, բալամ, սիրուն չի։
Երբ փոքրիկ էր, նա մարշրուտնու գծեր ուներ մի քանի,
Երբ մեծացավ, հյուրանոցներ ունեցավ՝ շատ աստղանի,
Չորս-հինգ տաքսի ծառայություն, այլ բիզնեսներ ստնտու,
Բայց պահպանեց որպես թանկ հուշ գծերը իր մարշրուտնու։
Նրա հայրը թողեց նրան մեծ տուն, ոչ թե խեղճ հյուղակ,
Վեց որդի է կինը ծնել, ինչպես թուրքի մի բաջի,
Եվ որպեսզի ամեն մեկին թողնի գոնե մի դղյակ,
Դրա համար արագ-արագ թալանում էր նա բյուջեն։
Մեր բյուջեից նա սնվում էր հուշիկ, ինչպես գող կատու,
Մեր գրպանից նա նվիրեց մորը այգի պտղատու,
Մեր գիտության հաշվին մեզնից թեզն իր կրծքով պաշտպանեց,
Սաքուլիկներ բուծեց, նրանց լրագրողի դեմ հանեց։
Նրա մասին գրվեց անգամ աշխատություն «գիտական»,
Որ երեւի պարզվի տեղն իր սննդային շղթայում,
Էվոլյուցիոն բավիղներում մոլորված մի «գիտնական»
Աշխատությամբ այդ քծնառատ նրա փողն էր հմայում։
Այնտեղ կար գովք քաղաքային նստարանի «մակնիշի» ՝
Գրված ասես ազդեցությամբ ամենազոր հաշիշի,
Եվ խոսվում էր նրա մասին որպես անվախ հերոսի,
Որ դասալիք իրպեսների հետ կռվել է ուս-ուսի։
Սակայն չկան գիտնականներ կամ բժիշկներ՝ քիչ անգութ,
7-ի հանդեպ նրա սերը մեկնաբանեին, բացեին,
Նրա բոլոր համարներում առկայծում է թիվը 7,
7-երով է փոխարինել թվերն իր տան հասցեի։
Բայց 7-երն այդ անզոր եղան, վախ չափող էր պետք նրան,
Երբ դեպի նա քայլեց կինն այն՝ ձեռքում հայտնի էն տարան,
Կոյուղաջուր կար որի մեջ, հանց չարագույժ «կիսլատա»,
Կարատեիստ ավագանին արեց կնոջ դեմ կատա։
Հարմարվել էր նա բյուջեին, ինչպես քնքույշ մի տզրուկ,
Շուտով սակայն պայթելու է, որպես հասած մի պզուկ,
Շուտով նրան կկարոտենք, եկել է այլ ժամանակ,
Այդ օրերի հիշատակին կմատուցվի պատարագ։

 

Այն ո՞վ է, այն ո՞վ

Շրջում է ոտքով,
Բարեւում ձեռքով,
Ծլում ամենուր,
Լինում ամեն տեղ:
Ուներ նա բեղեր, բայց թրաշել է,
Ուներ նա ճարպեր, դրանք մաշել է։
Բայց դեռ մազ ունի, ասում է՝ կտրիր,
Դու, պատահական, անհայտ վարսավիր:
Բռնել է տատիկ,
Արել է պաչիկ,
Մտել է շուկա,
Կերել է պոնչիկ։
Ուզում է թվալ ժողովրդին մոտ,
Պատրաստ է շնչել ամեն տեսակ հոտ,
Մարշրուտկաներում սեղմվել, կզել
Եվ պատահական անցորդին բզել:
Մեկնել է դիրքեր,
Սեղմել է ձեռքեր,
Հնարավոր է՝
Լվացել ոտքեր:
Հարսանիքներին անծանոթ մարդկանց
Հանկարծ հայտնվում, ասում է կենաց,
Քաղաք ու գյուղեր ոտի տակ տալիս,
Խալխի քելեխին դառնաղի լալիս։
Վառել է նա մոմ,
Պահել է նա ծոմ
Եվ Ազատության
Հրապարակում
Խփել է վրան, նստել անվարան,
Սպասել բարեւի, ուզել երեք բան՝
«Լինենք միասին` միայն մեկ անգամ»,
«Դա հնարավոր է», մեկ էլ՝ «Հայաստան»:
Սարքել է թատրոն.
Չի ուզում պաշտոն
Եվ աշխատավարձ
Բա ի՞նչ է ուզում։
Ուզում է կոչում նա առաջնորդի,
Ծիծեռնակաբերդ որ առաջնորդի
Հրապարակում հավաքված մարդկանց,
Եռաբլուրով պտտի նրանց,
Ոստիկանապետ
Գտնի մի տգետ
Եվ աղոթելու
Գնան իրար հետ։
Ուզում է թվալ հասարակ, բարի,
Նոր կերպար կերտել՝ գեղջուկ ախպարի,
Մարդկանց համոզել՝ կարելի է դեմ
Լինել՝ լինելով բարի, ժպտադեմ։
Սիրում է ասմունք,
Հիմնել է ուսմունք՝
Ինչպես բարեւով
Հարուցել հուզմունք:

 

Այն ո՞վ է, այն ո՞վ…

Բանկիր է նա, սիրում է փող՝
Ուտել, մարսել, լվանալ,
Օֆշորային գոտիներում
 
Ունի հսկա կապիտալ։
Շատ սիրում է նաեւ ոսկի,
Հատկապես մեծ քանակով,
Ոսկու պաշար մի ողջ երկրի
Կարող է անել տակով։
Սիրում է ռոք ու ռոքերներ
Ու նկարվել կիթառով,
Պահում է բլոգ ու բլոգերներ՝
Տակները չոր, ապահով։
Երազող է նա մի խոշոր,
Ունի ճոխ-ճոխ ծրագրեր,
Թե ոնց սարքի երկիրն օֆշոր,
Ոնց ծաղկեցնի քաղաքներ։
Գյուղն էլ է շատ հարգում-սիրում
Ու երազում զարգացնել,
Չի զլանում նա գյուղացուն
Սովորեցնել կով կթել։
Ով գաղթում է դուրս` մի գործի,
Ասում է՝ հաջողություն,
Որ չմնա ու չփորձի
Անել հեղափոխություն։
Կնոջն անգամ, զավակներին
 
Հանուն ապահովության,
Դարձրել է քաղաքացի
Ուրիշ, կարգին պետության։
Հայերենից չի ակնածում,
Հարգում է այլ լեզուներ,
Ցանկանում է վերաբացել
Ռուսալեզու դպրոցներ։
Ինքը՝ այդքան կոսմոպոլիտ,
Առաջադեմ, լայնախոհ,
Բլոգերներն իր՝ կղերամիտ,
Ազգայնական, հոմոֆոբ։
Ուզո՞ւմ է նա, թե՞ չի ուզում
Բազմազանության շքերթ,
Շոուներն են նրան հուզում,
Հարցը, թե ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ:

 

Այն ո՞վ է, այն ո՞վ

Կենսագիր էր, վարքաբան
Պատմական նոր դեմքերի,
Բայց որոշեց դեմք դառնալ,
Նետվել բովը դեպքերի։
Աշակերտի իր դեմքով
Մտավ քաղաքական դաշտ,
Դեմագոգի իր ձիրքով
Ստեղծեց կուսակցական վաշտ։
Իշխանության մաս դառավ
Ու որ չկռռա ոչ ոք,
Կոտորեց ծիտ ու ագռավ
Հրամանով անողոք։
Ընտրությունից հինգ պակաս
Ընդդիմադիր նա դարձավ,
Պոպուլիզմով անպակաս
Ախտերին անդրադարձավ։
Փորձեց շահել դիվիդենտ.
Նորից գալ իշխանության,
Դառնալ մի օր պրեզիդենտ՝
Երազանքն էր մանկության։
Դեմքին ցասում ու խոր ցավ՝
Լքեց պաշտոնն իր անդարձ,
Նորից, կրկին խոստացավ
Ավանդների վերադարձ,
Ընտանիքներին՝ տներ,
Զոռբաներին՝ դատաստան
Եվ կառուցել աներեր,
Օրինաց մի Հայաստան։
Բայց ուժերը մութ, անտես
Նրան հանեցին մասոն
Եվ դավաճան մի լրտես,
Ում դատ ու մահ է հասնում։
Հետո ուժն այդ փոշմանեց,
Նրան անվտանգության
Պահապանը դարձրեց
Իր վտանգած պետության։
Ընտրություններին նախորդ
Նա բյուր ձայներ փախցրեց
Եվ արդ որպես հաճախորդ
Իր կարիերան ավարտեց։
Բացի պաշտոնն իր ունի
Նոր կոնյակի գործարան,
Արտադրում է հին գինի՝
Տասը և քսան տարեկան։
Էլ չի խոսում նա կրքոտ,
Մատնանշում ցավ ու ախտ,
Նրան տեսնող ամեն ոք
Կրկնում է մտքում՝ յախք։

 

Այն ո՞վ է, այն ո՞վ

Նա՝ մի կարկառուն հանրապետական,
Սիրում է շուլուխ,
Ինչ-որ իմաստով՝ նեղ-կուսակցական,
Դարձել է գլուխ։
Ունի մարշրուտնու գծեր շատ, անվերջ ,
Գծատեր է նա,
Ինքն է որոշում, թե պատմության մեջ
Ով պիտի մնա։
Ինքն է որոշում, թե որն է զրո
Ու թե որն է մեկ,
Սակայն թե որն է որ մեկից հետո՝
Խառնում է մեկ-մեկ։
Քանզի մտքին են գիծ ու երթուղի
Եվ երթուղային,
Թվում է նրան մի լայն մայրուղի
Ժողովն ազգային։
Պատգամավորին, որ կին է զուգված
Ասում է՝ էլ մի
Բողոքեք, եթե գազելը լցված
Հանկարծ չկանգնի։
Չի վիրավորում խոսքով նա կանանց՝
Կտոր կրակի,
Թե վիրավորել ցանկանա հանկարծ,
Լուռ կկրակի։
Նա հորդորում է՝ կինը կնոջ պես
Իրեն թող պահի,
Եվ պետք չէ խոսել համարձակ այդպես
Ու առանց ահի։
Կարող է ցմահ նա մահապատիժ
Վաստակել անփորձ,
Իրենց ոլորտում չկա ոչ վաշ-վիշ,
Ոչ էլ էգ ու որձ
Տեսել կանացի մերկությունը ու
Չի գայթակղվել,
Դրա համար էլ նա այդքան հեռու
Առաջ է մղվել։
Խոսքերը հիմար փառք ու մականուն
Բերեցին նրան,
Մարդիկ կոչեցին նրան Իմաստուն
Ու Ոսկեբերան։
Իր այդ մտքերը անդուլ ու անվերջ
Լսելու համար
Նա տվեց իր իսկ վարորդին էն խեղճ
«Ծանր խաչ» մեդալ։
Նրա դեմքը գորշ դեմքն է անլվա
Իր կուսակցության,
Որը ըստ նրա երկար կմնա
Դեռ իշխանության։
– Լավը չենք հաստատ,- ասում է անկեղծ,-
Վատն ենք, մի հերքեք,
Բայց մեզնից լավը չկա, չի եղել, 
Չի լինի երբեք,
Իշխանությունը կզիջենք այնժամ,
Երբ մի սասնա ծուռ
Ազատ արձակվի, դուրս գա վաղաժամ, 
Քարայրից անդուռ։
Բայց անշուշտ կգա շաբաթից առաջ
Ուրբաթը մի օր,
Եւ նա կարձակի զարմացած հառաչ,
Նոր խոսք թեւավոր.
– Հրապարակում տեղ չեն անի, չէ,
Կասի նա վռազ,-
Այդքան շատ մարդիկ, էլ չեմ ասում, թե՝
Դրանից պակաս։
Ցուցարարներին կհորդորի նա
Միտինգի գնալ,
Փողոցը լքել ու ժողովրդին
Իսկույն միանալ։
Երեխաներին, որ պարտավոր են
Մեծանալ հերթով,
Խորհուրդ կտա, որ դասադուլ անեն
Դասերից հետո։
Ու թեպետ կգա մի ձանձրալի օր՝
Չի լինի մեզ հետ,
Մեր շուրջ խոսքերը նրա թեւավոր
Կբզզան հավետ։

 

Այն ո՞վ է, այն ո՞վ…

Նա չի եղել բնապահպան,
Բայց փոխնախարար
Այդ ոլորտի նա մի անգամ
Եղել է՝ կարճ պահ։
Ձեռի հետ էլ ոսկու հանք է
Ձեռք գցել, բացել,
Որ հետո փողն օգնի իրեն
Դեպ վեր մագլցել։
Հիմնարկում է մի աշխատում,
Հիմա ջոջ է մեծ,
Ուր սխալմամբ մտած մարդուն
Տալիս են լուրջ ծեծ։
Արքան է նա բանտերի մեր,
Ուր կալանավոր՝
Առանց թիկունք մարդիկ անտեր
Եվ բողոքավոր
Թել-ասեղով աչքերն իրենց,
Բերանն են կարում,
Որ բողոքը հասցնեն հենց
Գուցե այդ մարդուն։
Նա ասում է լրագրողին՝
Մի արեք միտինգ,
Դա նույնն է, թե դուք ձեր պորտին
Անեք մի պիրսինգ։
Երբեմն նա արաբերեն
Բառեր է ասում
Ուժերին այն, որոնք նորեն
Իշխել են ուզում,
Սխալներ են նրանք անում,
Անում են ղալաթ,
Շեֆի վրա հալ չեն թողնում,
Ոչ էլ հարաքյաթ։
Պատասխանը թուրքերեն էր՝
Զնգուն չափալախ,
Մեր ԱԺ-ում այդ նրան էր՝
Կոչեցին չաթլախ։
Նա դեռ կանի էդ «ջահելին»
Սամասուդ կարգին,
Երբ պաշտոնին իր չլինի,
Կոստյումն էլ՝ հագին.
Օրենքին իր չի վստահում,
Գողական չէ, բայց
Չգրվածը հոգու խորքում
Ամուր է նստած։
Կգա օրն այդ, նրա համար
Կանեն հանրաքվե,
Կհասցնի՞ իր անհամար
Մեղքերը քավել։

Please follow and like us: