Արփի Ոսկանյան / Քաղաքական հանելուկներ (4)

Այն ո՞վ է, այն ո՞վ

Վոյին է նա քաջարի,
Եկավ, տեսավ, գրավեց,
Կռվում բարու ու չարի
Նա երկուսին էլ հաղթեց։
Ալբանացի է խրոխտ
Եվ չգիտի «Հայր մեր»-ը,
Եվ անիծեց քարքարոտ
Այս երկրի տիրումերը։
Նա բազմացնել սկսեց
Օլիգարխներ ձեռնասուն,
Բարգավաճել հասցրեց
Ամեն տեսակ անասուն։
Ու լցվեցին պառլամենտ
Մուկ ու կատու, գելգազան,
Դհոլներ ու կլառնետ,
Այլ գործիքներ զանազան։
Նա չի սիրում գիրք կարդալ,
Եվ դրանով հպարտ է,
Սիրում է հա դատի տալ
Թերթերին ու անպարտ է։
Բասկետբոլ է նա սիրում
Եվ սիրում է որս անել
Եվ սպանված կենդանու
Կողքին հպարտ նկարվել։
Նա սպանում է անվարան
Մրցակցին ու ոսոխին,
Բողոքողին ու անգամ
Իրեն բարև ասողին։
Երկիրը նրա տակին
Ցատկոտում էր վագրի պես,
Որպես քարվան կտրող մի
Նա ագահ էր ու չտես։
Երակ մտավ ոչ միայն մեծ,
Այլև փոքր բիզնեսին
Եվ երկիրը գրպանեց՝
Ծուռ ժպիտը երեսին։
Պարտքի դիմաց տվեց նա
Գույքը երկրի մի ամբողջ
Պուտինին, ում հանդեպ նա
Տածում է սեր անառողջ։
«Տղամարդն էր նա միակ»
Անտղամարդ այս երկրի,
Սակայն դառնալով դիակ՝
Թողեց շատերին այրի։
Բայց խոստացավ չդառնալ
Նա ջահել թոշակառու
Եվ սպառնաց հետ դառնալ,
Հանց դաժան վրիժառու։
Նա սպառնում է ու նորից,
Ամենուր, ամենեցուն,
Ամեն ինչի հետևից
Ականջներն են յուր ցցվում։

 

Այն ո՞վ է, այն ո՞վ

Ամերիկայում շքեղ տուն թողած,
Թողած հանդեսը՝ իր իսկ խմբագրած՝
Եկավ ծառայի իր հայրենիքին,
Բայց վնաս տվեց նրան ահագին։
Կոմպլիմենտներ էր անում աջուձախ,
Ոչ աջ էր քաշում, ոչ գնում էր ձախ՝
Խառնելով ռուս ու ամերիկացի,
Պարսիկ ու արաբ, թուրք ու վրացի,
Օգուտ ու վնաս, թրիք ու կոմպոստ,
Մինչև երկիրն այս դարձրեց ֆորպոստ։
Փակուղի քշեց հայոց նոր հարցը՝
ԼՂ ճանաչման բուն գործընթացը,
Եվ տարածքները ազատագրված
Առաջինն էր, որ կոչեց գրաված։
Ի լուր աշխարհի տարածեց լուրը
Եղեռնի մասին, ինչպես Հայլուրը,
Եվ անկյունաքար ամուր դարձրեց
Ճանաչման հարցը Եղեռնի մեր Մեծ։
Երբ տերերն իր նոր եղեռն արեցին
Եվ ժողովրդին այն կոտորեցին,
Որի համար էր իր տունն ու այգին
Թողել ու ճամփա կտրել ահագին,
Նա ամբիոններից բորբոքված ճառեց,
Պայքարող մարդկանց ճառերով վառեց,
Իսկ հետո փորձեց նաև պարտակել
Հանցանքը այդ մեծ՝ գործված անարգել։
Շուտով ստիպված էր նա տալ հրաժեշտ
Պաշտոնին՝ տվող թափը անհրաժեշտ,
Բայց կուսակցական շարքերը անցավ,
Որ վերադառնա սահուն ու անցավ։
Նա գտավ իրեն հարմար առաջնորդ,
Որ գուցե լիներ նրան լավ վարորդ՝
Մի ուրիշ կյանքում, երկրում մի նորմալ,
Ուր անկարող էր շատ առաջ գնալ։
Վերադառնալու մղումով նորից
Նա ընդդիմադիր կեցվածք որդեգրեց,
Քննադատեց ողջ համակարգը այն,
Որի մեջ ունի իր շատ մեծ լուման։
Փող լվանալու հզոր մեքենա
Հիմնադրամը իր դարձավ մահանա,
Որ ճնշեն նրան և սպառնան դատել
Ու ստիպեն անկապ չքննադատել։
Հենց մեղադրյալ ու հալածյալ դարձավ,
Հին թշնամիներն իր կողմը անցան,
Նրան սարքեցին սուրբ ու մարտիրոս
Եվ համարյա թե ազգային հերոս։
Ու երբ նա ընկավ ծուղակն իր լարած՝
Չկարմրեց էլ դեմքը լղարած,
Ասես թե ոչինչ երբեք չի լսել,
Քարոզարշավ է արդեն սկսել
Եվ մենաշնորհն է ջարդել քարոզում,
Դռնեդուռ ընկած մարդկանց համոզում,
Որ անցնեն չարից ու բարուց անդին,
Ընտրեն իրեն ու իր առաջնորդին։

Այն ո՞վ է, այն ո՞վ…

ՀՀԿ-ում նա մի վախտ
Կույս է եղել անարատ։
Կուսությունը կորցրեց,
Կուսակցություն նոր բացեց,
Որ կրում է գաղափար
Ավանդույթ ու կաղապար
Ջարդել, նետել աղբանոց
Եվ չսարքել կուսանոց
Երկիրը մեր հայրենի։
Տղամարդկանց վայրենի,
Սեռաքաղց են որ, չտես,
Բերեց մի մեծ ավետիս,
Աղջիկներին հայ ու կույս
Տվեց աղոտ, պստիկ հույս,
Որ չեն մնա կույս ընդմիշտ,
Թե չսարքեն ծանր վիշտ
Կորուստը փուչ թաղանթի,
Թողնեն՝ մեկն իրենց չանթի։
Լուրջ փորձագետի հանգույն
Կուսազրկման լավագույն
Տարիքը նա սահմանեց
Ոչ դես, ոչ դեն՝ քսանվեց։
Մնաց պատճառը անհայտ
Ինչու ընտրեց թիվը այդ,
Գուցե, ասենք, ակնարկեց՝
Որ Բաղրամյան 26
Գնալը հենց այս է լոկ՝
Հեղափոխությունն իրոք։
Սակայն բոլորը նրան
Ծաղրեցին ու ձեռ առան՝
Թե մարդիկ իշխանամետ,
Թե ընդդիմադիր հավետ,
Քաղաքական գործիչներ,
Դերասաններ, երգիչներ,
Երեխեքը երեկվա,
Մեռելներ հազար տարվա
Կենդանացան հապշտապ,
Որ գլխին կարդան խրատ
Եվ անեն անդուլ քարոզ,
Որ շատ վատ է դառնալ բոզ։
Քաղաքական մեր էն մյուս
Գործիչներին շատ անհույս
Թվում է, թե երևի
Իրենք լուրջ են ավելի։

Այն ո՞վ է, այն ո՞վ…

Այլազգի է նա, բայց և կարկառուն
Հայ ազգայնական,
Ունի օտարի անուն, ազգանուն
Մի ոչ հայկական,
Բայց ցեղն է պաշտում հայոց՝ հնագույն
Եվ արիական,
Ցեղակրոն է նա իր շեֆի հանգույն,
Հանրապետական։
Եղել է ճարպիկ, բջոտ ուսանող,
Կարիերիստ անմիտ
Եվ ուսխորհրդի նախագահ՝ քծնող
Ու ծառայամիտ,
Օգնականն է նա եղել ռեկտորի,
Աջ ձեռքը հմուտ․
Գրպանը նրա կաշառք խոթելիս
Արել ելումուտ։
Փորձել է դառնալ ծննդավայրի
Գլուխը անգամ,
Բայց չի հաջողել, դարձել է վայրի
Բանդայի անդամ։
Նա չի ունեցել հայոց բանակում
Ծառայելու հալ,
Բայց ստացել է Անդրանիկի ու
Նժդեհի մեդալ։
Նա քաղաքական գործիչ չէ միայն,
Այլև գիտնական,
Գրել է բազում հոդվածներ ունայն,
Թեզեր գիտական.
Նժդեհի մասին գրել է, ասում են,
Լրջագույն երկեր,
Բերան է բացում, միջից հոսում են
Անհեթեթ մտքեր։
Բացի Նժդեհից կարդացել է նա
Մի քիչ էլ Պլատոն
Եվ ձեռք է գցել ահա մի բարձր,
Շատ բարձր պաշտոն։
Երևում է, որ կարդացածն իսկույն
Թթվել է վրան,
Նա այդ չմարսված մտքերն է փսխում
Բոլորիս վրա։
Ոսոխի վրա մեր էն խառնածին,
Ոչ ազնվացեղ
Նա հերոսաբար հայոց եթերից
Շպրտում է ցեխ,
Հոխորտում է նա, անում է թիփի,
Մարտնչում բանիվ,
Հո պատերազմի դեպքում չպիտի՞
Գնա նա կռիվ։

Այն ո՞վ է, այն ո՞վ…

Թեպետ պետական դեմք է կարկառուն,
Զորեց չդառնալ նա կուսակցական,
Ինչպես գետակից պոկված մի առու՝
Բացեց միություն հայրենակցական։
Նա՝ ծաղիկների մի մեծ սիրահար,
Ծաղկանոց սարքած իր մեծ բոստանը,
Կառուցում է ՀԵԿ ու տնկում խաչքար,
Խաչքարով պատում ողջ Հայաստանը։
Իր ծաղկանոցում դարանակալած՝
Նկարում է թե համեստ ու անտես,
Թե ճոխ ծաղիկներ՝ հոգեխանգարված,
Բացել է անգամ նա ցուցահանդես։
Սիրում է նաև վայրի ծաղիկներ՝
Ինքնաբուխ բսնած քարին ու ժայռին,
Ճանապարհներին տնկում է տառեր
Եվ դավաճանում օրենքի տառին։
Սիրում է կյանքը նա գեղեցկացնել,
Հղանում մտքեր ցնցող, ծախսատար.
Ուրիշ ո՞ւմ մտքով կարող էր անցնել
Շուրջկալել սարը և բռնել շուրջպար։
Ու թեպետ ունի նա հոգի փխրուն
Եվ անզուսպ սեր առ ծառ ու ծաղկունքը,
Աչքը չէր թարթում ու չէր էլ տխրում
Ոտնահարելիս մեր իրավունքը։
Երկիրը սարքած բանտախուց անդուռ,
Մարդկանց՝ գործ տվող կամ քաղբանտարկյալ,
Նա վեր խոյացրեց տաճար ու մատուռ՝
Որպես հրեշտակ, թեկուզև անկյալ։
Նա նկարիչ է ու հոգով պոետ,
Նկարիչների միության անդամ,
Բողոքի ցույց է եղել ու պիկետ
Նրա հիմնարկի դիմաց շատ անգամ։
Բայց չի ափսոսում, որ գործն այդ ընտրեց՝
Մարդկանց դատելու, թեկուզ՝ անհարկի,
Նա հեռանալիս տխուր խոնարհվեց,
Դուռը համբուրեց իր այդ հիմնարկի։

Այն ո՞վ է, այն ո՞վ…

Կարգել է ինքն իրեն սփյուռքի թագավոր,
Նախագահ խոպանչի հայի՝
Դեգերող հոգնատանջ, շվարած ու մոլոր
Ճամփեքին օտար, ամայի։
Բայց շառի եկածի թիկունքին կկանգնի՞,
Կթողնի թե նրան անտեր,
Նա հազիվ խոպանչուն ռեկետի ենթարկի,
Փոդրաչուց հավաքի հարկեր։
Սաբաբ է չընտրված տերերի արանքում,
Որ կցվեն ու տան ուս-ուսի,
Մոմ բռնել է պատրաստ միշտ իր ապարանքում՝
Կառուցված հեռու, մեկուսի։
Ունի նա Կրեմլում շատ ազատ ելումուտ,
Կարևոր գնում է-գալիս,
Իր տիրոջ համար նա՝ հաճելի սրատուտ,
Հետանցքը խուտուտ է տալիս։
Երբ բերանը բացում ու խոսել է փորձում,
Ապշում ես, որ այդքան տարի
Ռուսի հետ և ռուսի օգտին է գործում,
Բայց լեզուն այդ տալիս է վարի։
Հայերեն էլ կապել չի զորում երկու բառ,
Նա ունի IQ բացառիկ.
Կապ չունի՝ մայրենի է լեզուն, թե օտար,
Լեզվի դեմ բերդ է անառիկ։
Խոսում է, մեջբերում Սոկրատից էն ֆիլոս,
Բարբաջում է նա անդադար,
Մարդ ինչքան պիտ ուտի կոմբիկեր ու սիլոս
Նրա պես խոսելու համար։
Եվ պիտի ազգովի քարշ տան մեզ դատարան
Խալաթով չթե, ծաղկավոր,
Քանի դեռ խոսում է այդ ճարպիկ ավարան
Հայերի անունից բոլոր։

Այն ո՞վ է, այն ո՞վ…

Նա միշտ եղել է մեր երկրի դեսպան,
Հետո դարձել է մի օր նախարար,
Կսազեր նրան լինել նախրապան,
Սակայն լեզուներ գիտի նա օտար։
Նրա համար է վարձվել ամենա
Թանկ, շքեղ ու մեծ դեսպանատունը,
Ուր տեղափոխվել իր իրերով նա,
Դարձրել է իր առանձնատունը։
Ուրախ ու կուշտ է կյանքը իր անցնում
Ճանապարհներին օտար, ամայի,
Զի խոպանչի չէ տանջված ու անտուն,
Դեմքով էլ բնավ նման չէ հայի։
Ունի նա կարմիր ու թմփլիկ թշեր,
Որ քաշքշել է քնքուշ, մտերմիկ
Ու ապտակել է սիրով մի գիշեր
Մի դիվանագետ օտար մի երկրի։
Կամակատար է՝ հնազանդ, հլու,
Չի հասնի երբեք իր շեֆի փեսին,
Նրան տանում են ստորագրելու
Փաստաթղթերը գիշերվա կեսին։
Բայց պատմության մեջ մնալու է յուր
Անունը որպես մի մարդու անուն,
Որ չարեց ոչինչ, որպեսզի մեր բյուր
Աշարհասփյուռ հայերը անտուն
Նաև որբ չզգան իրենց ու անտեր,
Պահեն երկիրը ոչ միայն հուշերում,
Սերունդները պիտ ասեն՝ այդ նա էր,
Եղեռնն ուրացավ լոկ մի գիշերում։

Այն ո՞վ է, այն ո՞վ

Ուսխորհրդի նախագահ էր,
Ճարպիկ, ճկուն ու կայտառ էր,
Խոսք էր ասում վարժ ու սահուն՝
Չդնելով միտք դրանում։
Խաղում էր նա ՙ«շտոգդեկագդա»,
Մուտք էր գործել բարձր լիգա,
Պոետական ձիրք էլ ուներ,
Գրում էր նա երգի բառեր,
Բայց գրում էր միայն ռուսերեն,
Ռուս մեծ պոետ զգում իրեն։
Մեր խեղճ գլխին պիտի աղետ
Բերեր՝ դառնար մեկ այլ Ավետ,
Էլ չեմ ասում՝ բժիշկ դառնար,
Հիվանդներից ինչ կմնար։
Լավ է էլի, Տերն է վկան,
Դարձավ մի օր կուսակցական։
Շատ բան պետք չէր դրա համար.
Սոսկ քծնելու ձիրք բավարար,
Կարողանալ տալ սուտ խոստում
Եվ արդուկած շալվարկոստյում։
Մտավ իշխող կուսակցություն,
Ուր չկա միտք, գիտակցություն,
Պահանջված են այստեղ մարդիկ,
Որոնք գլխում չեն կրում միտք,
Կարող են բայց մի քիչ խոսել
Ու հոդաբաշխ մի բան ասել։
Խոսքը նրա դատարկսահուն
Սարքեց նրան դեմք կարկառուն։
Սակայն նրան թևեր տվեց
Եվ մագլցել դեպ վեր օգնեց
Իր ելույթը հանց վարդ քյաֆուր
Ծաղկեցրած մի քուչի քֆուր։

Իշխողերի դասը երեց
Այն շատ բարձր գնահատեց,
Նշանակվեց նա նախարար,
Որ ավերի ոլորտն արար։
Այդ նա էր, որ մի սիրուն օր
Ստիպողաբար, թե կամավոր
Դեռ վերջերս փակված բազում
Դպրոցները ռուսալեզու
Վերաբացել կամեց նորեն,
Որ ռուսերեն դաս սովորեն
Մանուկները մեր հայազգի,
Դառնան զարկը ռուսաց բազկի,
Իրենց ազգից որ ամաչեն,
Օտար լեզվով հանգ բարբաջեն,
Լինեն իր պես միջակություն
Ու մտնեն իր կուսակցություն։
Սակայն ազգը ոտքի կանգնեց
Եվ շան լափը տաքտաք թափեց
Շ
ուշաթրաշ նրա գլխին,
Նաև իսկույն ընկավ գլխի,
Որ գլխի մեջ մի բան այն չէ,
Գանգի ձևով մարդն այդ հայ չէ։
Բայց այդպես էլ անհայտ մնաց՝
Որ ազգից է մարդն այդ սերված։
Այն քֆուրը հանց բումերանգ
Վերադարձավ նրան արագ
Ազգանունն իր դարձավ անուն,
Որով մարդու ռադ են անում։

Այն ո՞վ է, այն ո՞վ

Թեպետ գործիչ չէ նա քաղաքական,
Այլ սոսկ կուսակրոն հոգևորական,
Որ երազում էր դառնալ մարտիրոս,
Բայց ձեռնադրվեց արքեպիսկոպոս,
Իրեն գործիչ է զգում պետական
Եվ ասես լինի հանրապետական,
Թե կուսակցական ժողով ու նիստ կա,
Նա չի ստանա հաստատ բացակա։
Հայրություն է նա անում հոգևոր
Մեր գլխին կարգված մարդկանց մեղավոր՝
Խոշոր բիզնեսմեն պատգամավորին,
Գողականին ու օրենքով գողին,
ԱԺ նախագահ և թե վարչապետ՝
Չի դնում երբեք ոչ մի անջրպետ։
Սիրում է իր այդ մեղավորներին
Եվ երկնում բազմած էն հալևորին
Փողով կաշառել իսկ չի վարանի,
Որ նրանց համար տեղ բրոնյա անի
Դրախտի վիպ ու լյուքս համարներում
Եվ հանուն նրանց տա համաներում։
Դրա համար է գուցե անդադրում
Գանձեր կուտակում երկրային կյանքում,
Քցում ձկներին մանր ու խոշոր
Եվ թևակոխում մշուշոտ օֆշոր։
Սակայն ասում է, թե չունի ապրուստ,
Սանիկներից զատ իր մեծահարուստ,
Մեկն էլ դրանցից նվիրել«Բենթլի»,
Կրակն է գցել իրեն լիուլի։
Հաշվում են թարախ լրագրողները
Արդ իր անաշխատ ինչքը, փողերը,
Մինչդեռ ինքը այն սկի չի քշում,
Ծառայողական ավտոն է մաշում։
Նախանձում է նա հինգերորդ դարի
Ճգնավորներին ժուժկալ ու արի՝
Սնվող կանաչով ու արմտիքով,
Առ Աստված հղած իրենց աղոթքով։
Ինքն էլ փորձում է քշել հեծանիվ,
Բայց չի ապրվում սոսկ Աստծո բանիվ,
Շրջապատը իր շատ է քրեական,
Ինքն էլ խոսում է, ինչպես գողական,
Սիրում է անչափ կայֆերն աշխարհիկ,
Չի էլ մտածում, թե ապաշխարի։

Այն ո՞վ է, այն ո՞վ…

Կրծողների կարգից է նա,
Բայց դիզածը իր անխնա
Ցորեն չէ, այլ փող՝ կուտակած
Լումալումա:
Եղել է նա քաղաքապետ, 
Եղել է նա նաեւ մարզպետ,
Մի քիչ պակաս, մի քիչ ավել,
Քան վարչապետ:
Բարձր է պաշտոնն իր առավել,
Դժվար է այն չկռահել,
Բայց տենչում է հանց վարչապետ
Նա պառավել:
Ունի առյուծ մի խնամի,
Որ կարող է եւ հարամի
Երազանքն իր վասն փառքի
Ու դրամի:
Բայց կարող է եւ աջակցել,
Ինքն էլ՝ նրա ճամփան բացել,
Նա ական է, որ կարող է
Եվ բանակցել:
Կողմնակիցն է նա բիրտ ուժի,
Սիրում է ճոխ «զավտրիկ», «ուժին»,
Ու որպեսզի մեր պետբյուջեն 
Շատ չտուժի,
Նա որոշեց, որ իր հաշվին
Պիտի ուտի, որ չհաշվեն
Իր կերածն ու ողջողջ դնեն,
Քերթեն կաշին:
Ախորժակից չի ամաչում,
Բայց շատերն են վրան հաչում,
Չէ, մլավում, ճանկ են գցում,
Պոչից կառչում:
Ավարտել է նա ինստիտուտ,
Բայց թվում է դա լկտի սուտ.
Կրթությունը նրա կողքով 
Անցել է փուստ:
Ասում է՝ խելք, անգամ չնչին,
Պետք չէ քաղաքական գործչին,
Նա կարող է փողով առնել
Պաշտոն ու չին:
Առաջ գնաց ինքը փողով,
Հուշիկհուշիկ, սրտի դողով,
Սարքեց ժողովն ազգային մեր
Մկան ժողով:

Հասավ շուտով իր մուրազին,
Հանել տվեց բեմուրազին,
Չնայելով սրա-նրա
Խփող ֆազին,
Խառնեց իրար ֆլան-ֆստան,
Կերան կատվին էն լկստան,
Որ երկիրը հանգիստ սարքի
Նա Մկստան։

Please follow and like us: