Նանա Պայծառ Պետրոսյան/Ութսունութը

Սովետական դպրոցը լավն էր, ուսուցումն ասես դրված էր ռելսերին ու հանգիստ գնում էր իր հունով։ Մենք սովետական ուսուցման սերնդի վերջին մոհիկաններից ու նոր, փոձարարական ուսուցման սերնդի սկզբնական ճագարներից եղանք։

Հոկտեմբերիկ դառնալը չի տպավորվել առանձնապես, բայց այ պիոներների շերքերն ընդունվելը հատուկ կարգ ուներ, պետք է քառորդային գնահատականներում «3» թվանշանը բացակայեր կամ մյուս տարվան էր մնում պիոներ դառնալու պատվին արժանանալը։ Հատուկ օր էր նշանակվում, և Գայի արձանի շրջակայքում, շեփորի ազդանշանի ներքո շատ հանդիսավոր երդվում էինք, այնուհետև բարձր դասարանցիները կապում էին կարմիր վզկապը, պիոներջոկատավարները իրենց պատրաստած խոսքն էին ասում, դե մենք էլ շփոթված, հիմար ժպիտով, աջ ձեռքը քունքին մոտ ձիգ պահած, մեջքն ուղիղ, կուրծքն առաջ, հայացքը լուսավոր, դեպի պայծառ․․․ Բառը թողնում եմ ձեր հայեցողությանը։

87-ն էր, շատ երկար չտևեց կարմիր վզկապն արդուկել, պատրաստելը… Դպրոցում իրարանցում էր, փոքրերս լսել էինք, որ ութից տասներորդցիներն իջել են ցույցի, տնօրենն անխտիր ծնող էր կանչել, չեմ հիշում՝ ում գաղափարն էր տարածվել դպրոցում, բայց դասարանով որոշեցինք հետ չմնալ:

Մինչ ուսուցչուհին կգար, բոլորս վզկապները հանեցինք ու կախեցինք առաստաղի երկար ձգվող ջահերից: Մեր մեջ ասած, շատ սիրուն տեսարան էր: Մոտ քսանինը թե երեսուն վզկապ, առաստաղի երեք շարք ջահերի երկկողմ ծայրերից կախված։

Տարին ավարտվեց շատ բուռն ու խառը իրադարձություններով և երկրի, և դպրոցի համար։ Սկսվեց էքսպերիմենտալ շրջանը, տեղափոխվեցինք չորրորդ դասարան, դպրոցում կանոններ փոխվեցին, և քննություններ մտցվեցին չորրորդ դասարանցիների համար։ Ես առաջին անգամ մասնակցեցի քննության, հետո հենց հասանք վեցերորդ, նորից կանոններ փոխվեցին, և մենք նորից քննություն հանձնեցինք բոլոր առարկաներից, որպես վեցերորդ դասարանցիներ։

Այդ երկու տարում շատ ավելի մեծ փոփոխություններ էին տեղի ունենում երկրում: 88-ի հունվարից արդեն ցույցեր էին Լեռնային Ղարաբաղում: Բաքվի ջարդերին հաջորդեցին փետրվարի սումգայիթյան ջարդերը: Ապրիլի քսանչորսին մի խումբ հայ կանայք Սիլվա Կապուտիկյանի ուղեկցությամբ ցույց էին կազմակերպել դեպի ծիծեռնակաբերդ, Մոսկվան խորհրդային բանակի զորամիավորումներ էր մտցրել Երևան՝ շրջափակելով Օպերայի հրապարակը՝ կանխելու համար մարտի 26-ին նախատեսվող հանրահավաքը։ Մեզ արգելվեց բակում խաղալ ժամը յոթից հետո, ու մենք իմացանք՝ ինչ է պարետային ժամը։

Հայրս արդեն մասկանցում էր ցույցերին։ Մեզ՝ երեխաներիս, հազվադեպ էր տանում իր հետ: Երկու դեպք եմ հիշում, մեկն ընտանիքով՝ բոլորս էինք գնացել ցույցի, մյուսը հայրս ինձ հետն էր տարել, որ տանը մենակ չմնամ: Սումգայիթյան ջարդերից հետո մի քանի գործընկերների հետ օպերայի շենքի դիմաց նստեցին հացադուլի: Մայրս ամեն օր, իմ ու փոքր եղբորս ձեռքը բռնած, երեք լիտրանոց «բանկայով» ջուր էր իջեցնում օպերայի հրապարակ ու չէր էլ համոզում հորս դադարեցնել նստացույցն ու հացադուլը: Հայրս առանց այդ էլ շատ նիհար էր, այդ մեկ շաբաթում ավելի էր նիհարել իմ աչքերում:

Վերջապես ամառային արծակուրդներս սկսվել էին, ես ու հայրս մեկնեցինք գյուղ: Գյուղ գնալու պրոցեսը միշտ չէի սիրում, պետք էր մի ժամ շուտ հասնել կայարան՝ ավտոբուսում տեղ պահելու համար։ Ավտոբուսը միշտ լիքն էր գյուղացիներով, որ շուկայից հետ էին վերադառնում դատարկ արկղերով։ Այդ մի ժամն ինձ անտանելի երկար էր թվում։ Ավտոբուսի շարժվելուն պես մոռանում էի ամեն ինչ, պատուհանից դուրս դաշտեր էին ու ծառեր, հաջորդ մեկ ժամն անցնում էր արագ։ Հաճախ մի գյուղ առաջ էինք իջնում։ Երկու գյուղերի արանքում ճանապարհի երկայնքով թթի ծառեր էին` աջից ու ձախից, թթենիների մեծ տեսականիով։ Ծառերը հաշվելով, փորներս տռզեցրած հասնում էինք ամառանոց։ «Շատ մի կերեք, փորներդ կցավա, վաղն էլի կուտեք»։

Ավտոբուսում այդ օրը շատ անհանգիստ ու տարբեր խոսակցություններ էին պտտվում․

– Լսել ե՞ս, Վագիֆը Կարոյին դատի ա տվել, ասում ա տանս մի «չամադան» ոսկի ա եղել, գողացել ես։

– Պապ, իսկ որտեղի՞ց նրան այդքան ոսկի:

Բոլորը ծիծաղեցին։

-Ըհը, երեխեն իրենցից խելոք ա,- ասաց տղամարդկանցից մեկը։

– Աղջիկս ա, Մնաց ջան։

Հասանք գյուղ, շուրջը տանկեր էին ու ռուս զինվորականներ։

– Պապ էս ի՞նչ տանկեր են, ինչու՞ են մեր գյուղում,- հարցրի զարմացած:

– Ադրբեջանցիներն եկել են իրենց ունեցվածքի հետևից,- հոգոց հանեց հայրս:

Գյուղում իրար հերթ չտալով պատմում էին, թե ոնց են եկել, մի ամիս է տանկերն արդեն մեր գյուղում են։ Հավ, ճիվ, ամեն ինչ տարել են, տները փոխանակել, հիմա էլ եկել են գյուղացիներին դատի են տվել, թե մեր ունեցվածքն ավելի շատ էր։

Մեր ամառանոցի դիմաց, Սոնա Բաջիի տան կողքը Իսմայիլի չորորդ ընտանիքն էր բնակվում, կնոջ՝ Գյուլումսարի ու հինգ տարեկան Փոլադի հետ։ Հարևանները պատմում էին, որ երբ հայ կամավորականները մտել են գյուղ, Գյուլուսը (էդպես էին դիմում հարևանները) վազելով բարձրացել է հարևան Գալյա տոտայենց տուն, գոռալով․

– Գալյա՜, Գալյա՜, Էրմանլար գյալդըլար, Էրմանլար գյալդըլար։

Այսինքն՝ հայերը գալիս են։ Գալյա տոտան ուշաթափվել էր, ընկել Գյուլուսի գիրկը։ Գյուլուսն ուշքի էր բերել՝ ասելով․

– Այ Գալյա, թուրքերը չեն գալիս, է, հայերն են գալիս, ասում եմ՝ հայերն են գալիս։

Պատմում էին երեկոյան մեր տանը հավաքված հարևաններն ու ծիծաղում։ Գալյա տոտան հայերից վախենալու բան չուներ, հայ էր՝ Արցախից, ուսանողուհի ժամանակ եկել էր մեր գյուղ, բարեկամուհու տուն, սիրահարվել, ամուսնացել ու դարձել էր իսկական խալիսեցի: Խեղճ կինն արդարանում էր․

– Դե վախեցա, չհասկացա․․․

Իսմայիլի տունը (դե տունը որն է, բլոկից թափած հյուղակ էր, մի սենյականոց) փոխանակել էր երկու հոգու հետ, մի չորս սենյականոցի հետ Նախիջևանում ու մի երեք սենյականոցի հետ Բաքվում։ Երկու մեծ ընտանիք եկել էին տարբեր քաղաքներից, մնացել էդ մի հյուղակի հույսին, դատարաններով վազվզեցին, ոչնչի չհասան էդպես էլ։ Մի տարի կռվեցին, հոգնեցին, սկսեցին զրոյից տուն սարքել։

Հայրս ինձ թողեց գյուղում, ինքն արագ վերադարձավ Երևան, այդ տարի հող ու բերքի աշխատանքներն ընկան մորս ուսերին: Սովորաբար ամառանոցում աշխատանքը ծնողներս բաժանում էին, հողի ու բերքի հետ աշխատանքի մեծ հատվածը հորս էր բաժին ընկնում։ Մայրս ու մենք երեխաներով օգնողի դերում էինք, ինձ էլ որպես տան փոքրերից «մկան շեռը ջաղացին օգուտ ա» կարգավիճակն էր բաժին հասնում, ինձնից մեծ բահն առնում էի, ու մինչ եղբորս հետ կես մարգ փորում էինք, թե ով ավելի շատ ու շուտ կփորի, օրը մթնում էր։

Մինչ 88- ի մայիսը գյուղում ըներներ չունեի, ստիպված էի լինում տղաների հետ խաղալ: Դե, իմ տարիքի աղջիկ երեխաներ մեր փողոցում փաստացի միայն ադրբեջանցիներն էին, իսկ նրանք մի սովորություն ունեին, որն ինձ այդ տարիքում ահավոր բարկացնում էր։ Նրանք չէին խոսում հայերեն, և ասում էին․ «Մեն էրմենի դուսմուրեմ», այինքն՝ ես հայերեն չեմ հասկանում։ Ինձ ահավոր բարկացնում էր, որ բոլոր հայերը դա նորմալ էին ընդունում, և գյուղում բոլորը խոսում էին ադրբեջաներեն, չնայած գյուղը Հայաստանում էր, բնակիչների մեծամասնությանն էլ՝ հայեր։ Ինձ դա այնքան էր կատաղեցնում, որ ոչ մի կերպ չսովորեցի նրանց լեզուն։ Այդ աղջիկների աչքերի մեջ նայելով` հարցնում էի․

– Հիմա ինձ չես հասկանո՞ւմ։

Գլխով ասում էին՝ չէ՛։

– Սո՛ւտ ես խոսում։

Նրանք ժպտում էին, բայց աչքերը նենգորեն կայծկլտում էին ներսի կրակից՝ ցույց տալով, որ հասկանում են ինձ։

Այդ տարի մեր փողոցը լցվել էր իմ տարիքի հայ աղջիկներով: Առաջին անգամ լսեցի Դաշտային Ղարաբաղի, Նախիջևանի, Խանլարի, Բագիմսարովի և այլ քաղաքների ու համայնքների մասին, որտեղ ապուպապերով բնակվել ու այդ տարի տարհանվել էին հայերը՝ նույնիսկ հնարավորություն չունենալով իրենց հետ վերցնելու անհրաժեշտ իրերը: Մի քանի ամիս դեռ սովորում էի տարբեր բարբառներ, որ մինչ այդ չէի լսել։ Ինձ զվարճալի էին թվում այդ բոլոր բարբառները։ Հիշում եմ՝ խանլարեցի զույգ քույրիկները, որ տեղավորվեցին մեր փողոցի առաջին տանը, իրենց հայրիկին ասում էին պախան, տատիկին՝ դադա:

88-ի դեկտեմբերը շատ ցուրտ էր, պատրաստվում էինք մորս ծննդին, բայց ծննդից մեկ օր առաջ երկիրը դղրդաց, ցնցվեցին սարերը, Սպիտակ քաղաքն անցավ գետնի տակ, Գյումրին ցավ հագավ ու դարձավ աղետի գոտի…

Մի քանի օր անց, երեկոյան, արդեն երեխաներս գնացել էինք քնելու, ծնողներս շշուկով ինչ-որ բան էին քննարկում: Առավոտյան ընտանեկան դատին ներկայացրեցին: Հեռվից սկսեցին, թե արդյոք կցանկանայի՞նք ևս մեկ եղբայր ունենալ: Մեր ուրախ դեմքերը տեսնելով՝ ասացին, որ փոքրիկ հինգամյա Դավիթին ուզում են որդեգրել:

Մենք ուրախացել էինք ևս մի եղբայր ունենալու լուրով: Երկրաշարժի հաջորդ օրը՝ մորս ծծնդյան օրով, հայրս աշխատանքային ընկերներով որոնողական խմբի հետ կամավոր մեկնել էր Գյումրի: Երեք օր փլատակաների հետ կռիվ էին տվել: Երրորդ օրն արդեն, երբ խումբը հոգնած հավաքվել էր խարույկի շուրջը՝ մի կտոր հաց ծամելու, հայրս չէր նստել․․․

– Կուլ չէր գնում,- պատմում էր հայրս, որ անհանգիստ էր եղել, ու ինչ-որ բան ներսից ստիպել էր գնալ դեպի փլատակները: Ծխելով քայլել, պտտվել էր նույն տարածքում, այդքան դիերի տեսքից՝ խելագարության շեմին… Ձայն էր լսել, շա՛տ կամաց, նվաղած ձայն:

– Կարծեցի՝ խելագարվում եմ, արդեն ձայներ եմ լսում։

Գնացել էր ձայնի ուղղությամբ, ձայնն ավելի լսելի էր դարձել։ Ականջը դրել էր փլատակներին, սկսել էր ձեռքերով փորել: Ձայնն ավելի հստակ էր լսվել։ Կանչել էր ընկերներին: Վերջապես, մի քանի մետր փորելով փլատակները, պանելներ հանելով, տեսել էին սև-սև, խոշոր, գեղեցիկ ու կյանքով լի աչուկներ, որ գիշերվա մթության մեջ ասես հույսի լույս էին տվել․

– Էս ինչխ շատ մարդ եք հավաքվել։

Հայրս արտասվել էր փոքրիկի միամիտ պոռթկումից։

Երկու պանել էնպես էին փլվել, որ երեխայի համար անկյունային ապաստան էին հանդիսացել, երեխան ոչ մի կոտրվածք, վնասվածք, նույնիսկ քերծվածք չէր ստացել։ Ահա այդ փոքրիկին էլ դեռ տան ճանապարհին որոշել էր որդեգրել: Տուն հասնելուն պես մտքերը կիսել էր մորս հետ:

– Որտեղ չորսը, էնտեղ հինգը,- ասել էր մայրս։

Ոգևորված՝ առավոտյան հայտնեցին մեզ, որ շուտով մեր ընտանիքը կհամալրի ևս մեկ եղբայր: Նկարը ցույց տվեցին, այնքան նման էր եղբայրներիս, կարծես իրոք մեր հինգերորդն էր: Փոքրիկի անունը Դավիթ էր։

Որդեգրման թղթերի քաշքշուկի մեջ էին, երբ հայտնվեց Դավիթի պապիկը: Իհարկե, երեխային մերոնք փոխանցեցին պապիկին՝ ով երջանկության արցունքների արանքից անխոս շնորհակալությամբ նայում էր հորս: Պարզվեց՝ պապիկի ողջ գերդաստանից հինգ տարեկան Դավիթն ու երեք տարեկան քույրը՝ Լիլիթն են փրկվել… Մի քանի ամիս անց նրանք մեկնեցին Ամերիկա։

Մանկությանս մեջ դաջված մնացին երկու խոշոր, սև, կայծկլտան աչքեր:

Please follow and like us:

2 thoughts on “Նանա Պայծառ Պետրոսյան/Ութսունութը

  1. Ապրես Պայծառ ջան, շատ հիանալի գրել ես, ով էլ ծանոթ չի այդ ժամանակաշրջանի հետ, գրվածքդ տեղափոխում է այնտեղ։ Շարունակիր գրել, շատ հետաքրքիր է կարդալ։

Comments are closed.