Սլավոյ Ժիժեկ/Քովիդից հետո չենք վերադառնալու նորմալ կյանքին․ թեւակոխում ենք հետմարդկային դարաշրջան

Ժամանակն է ընդունել, որ համավարակն ընդմիշտ փոխել է մեր կենսակերպը: Այժմ մարդկությունը պիտի իսկապես դժվար եւ ցավոտ գործընթաց սկսի՝ որոշելու, թե ինչպիսին կլինի «նոր նորմալը»:

2020-ի մեծ մասն աշխարհն անցկացրեց համավարակի մեջ, բայց ինչպիսի՞ն է մեր իրավիճակն այդ տեսանկյունից հիմա՝ եվրոպական լրատվամիջոցների կողմից «երկրորդ ալիք» կոչվածի գագաթնակետին: Նախ, չպիտի մոռանանք, որ առաջին և երկրորդ ալիքների տարանջատումը հիմնականում Եվրոպայում է․ Լատինական Ամերիկայում վիրուսը գնաց այլ ճանապարհով: Այնտեղ բարձրակետը գրանցվեց եվրոպական երկու ալիքների արանքում, և այժմ, երբ Եվրոպան տառապում է երկրորդ ալիքից, իրավիճակը Լատինական Ամերիկայում մի քիչ բարելավվել է։

Պետք է հիշել նաեւ տարբերության մաին, թե ինչպես է համավարակը ազդում տարբեր խավերի վրա (աղքատներն ավելի շատ են տուժել), տարբեր ռասաների վրա (ԱՄՆ-ում ավելի շատ զրկանքներ կրեցին սեւամորթներն ու լատինամերիկացիները), ինչպես նաեւ՝ տարբեր սեռական խմբերի վրա:

Մենք նաեւ պետք է հատուկ ուշադրություն դարձնենք այն երկրներին, որտեղ իրավիճակը պատերազմի, աղքատության, սովի եւ բռնության պատճառով այնքան վատ է, որ համավարակը համարվում է փոքր չարիքներից մեկը: Դիտարկենք, օրինակ, Եմենը: Ինչպես հայտնում է Guardian- ը՝ «Հիվանդություններով տառապող երկրում Քովիդը հազիվ է գրանցվում: Պատերազմը, սովը եւ հումանիտար օգնության աղետալի կրճատումը եմենցիների անմխիթար վիճակը գրեթե անտանելի են դարձրել»: Նույն կերպ երբ կարճատև պատերազմ սկսվեց Ադրբեջանի և Հայաստանի միջև, Քովիդն ակնհայտորեն դարձավ նվազ առաջնահերթ: Այնուամենայնիվ, չնայած այս առանձնակի բարդ դեպքերին, կարող ենք որոշ ընդհանրացումներ անել երկրորդ ալիքը առաջին ալիքի գագաթնակետի հետ համեմատելիս:

Անցում վախից դեպրեսիայի

Այնուամենայնիվ, կարծիքը, թե «կյանքը շարունակվում է», որ ինքնին մեր՝ վիրուսի հետ ապրելուն որոշ չափով համակերպվելու նշան է, ամենեւին չի նշանակում, թե ամենավատն արդեն անցել է, եւ վիրուսը սկսել է թուլանալ։ Այն հուսահատության, պետությանն ուղղված՝ միջոցներ ձեռնարկելու պահանջի եւ դրանց դեմ պայքարի խառնուրդն է։ ​​Քանի որ մինչ այժմ առջարկվող հստակ հեռանկար չկա, սկսվում է մի բան, որ ավելի խորն է վախից՝ դեպրեսիան։ Մենք վախ ենք զգում, երբ կա հստակ սպառնալիք, եւ հիասթափություն ենք զգում, երբ նորից ու նորից բախվում ենք խոչընդոտների, որոնք խանգարում են հասնել մեր ուզածին: Բայց դեպրեսիան ազդանշան է, որ մեր ցանկությունը որպես այդպիսին վերանում է:

Ապակողմնորոշման նման զգացողություն առաջացնողն այն է, որ պատճառահետեւանքային կապը մեզ խախտված է թվում: Եվրոպայում այժմ անհասկանալի պատճառներով վարակվածների քանակը նվազում է Ֆրանսիայում և աճում Գերմանիայում: Որեւէ մեկը չի կարող հստակ ասել պատճառը, թե ինչու են մի քանի ամիս առաջ համավարակի դեմ պայքարով օրինակելի համարվող երկրները այժմ դրա ամենախոցելի զոհերը։ Գիտնականները տարբեր վարկածներ են առաջ քաշում, և հենց այդ անմիաբանությունն է սաստկացնում խառնաշփոթն ու նպաստում հոգեկան ճգնաժամին:

Այս շվարած վիճակը ծանրացնողը համավարակը բնութագրող տարբեր մակարդակների խառնուրդն է: Քրիստիան Դրոստենը ՝ գերմանացի առաջատար վիրուսաբանը, նշեց, որ համավարակը ոչ միայն գիտական ​​կամ առողջապահական երեւույթ է, այլեւ բնական աղետ: Պետք է հավելել, որ այն նաեւ սոցիալական, տնտեսական եւ գաղափարախոսական երեւույթ է. դրա փաստացի ազդեցությունն իր մեջ ներառում է այս բոլոր տարրերը:

Օրինակ ՝ CNN– ը հայտնում է, որ Ճապոնիայում հոկտեմբերին ինքնասպանությունից ավելի շատ մարդ է մահացել, քան 2020-ի ամբողջ ընթացքում Քովիդից, և նրանց մեծամասնությունը կանայք են։ Ընդ որում մեծամասնությունը ինքնասպան է եղել այն դժվարությունների պատճառով, որ ի հայտ են եկել համավարակի հետեւանքով, ուստի համավարակը նրանց մահվան կողմնակի պատճառն է։

Համավարակն ազդում է նաեւ տնտեսության վրա: Արեւմտյան Բալկաններում հիվանդանոցները լեփ-լեցուն են: Ինչպես ասաց բոսնիացի մի բժիշկ՝ «Մեզնից մեկը կարող է երեք մարդու գործ անել, բայց ոչ հինգ մարդու»: France24- ի հաղորդմամբ հնարավոր չէ հասկանալ այս ճգնաժամը առանց անդրադառնալու«ուղեղների արտահոսքի ճգնաժամին, երբ խոստումնալից, երիտասարդ բժիշկներն ու բուժքույրերը արտագաղթում են ավելի բարձր աշխատավարձի կամ վերապատրաստման համար»: Այսպիսով, նորից տեսնում ենք, որ համավարակի աղետալի հետեւանքները պայմանավորված են նաեւ աշխատուժի արտագաղթով:

Հաշվել հասարակական կյանքի վերացման հետ

Ուստի կարող ենք վստահ եզրակացնել, որ մի բան հաստատ է. եթե համավարակն իրոք ընթանա երեք ալիքով, յուրաքանչյուր ալիքի բնույթը տարբեր կլինի: Առաջին ալիքը հասկանալի պատճառներով մեր ուշադրությունը բեւեռեց առողջապահական խնդիրների վրա, թե ինչպես թույլ չտալ, որ տարածումը հասնի աղետալի մակարդակի: Աչդ պատճառով էլ շատ երկրներ կարանտին, սոցիալական հեռավորություն և այլ սահմանափակումներ մտցնելու որոշում կայացրին: Չնայած երկրորդ ալիքի ընթացքում վարակվածների թիվը զգալիորեն մեծ է, այնուամենայնիվ, վախը երկարաժամկետ տնտեսական հետևանքներից օր օրի մեծանում է: Եվ եթե պատվաստանյութերը չկանխեն երրորդ ալիքը, ապա կարելի է վստահ լինել, որ ամբողջ ուշադրությունը կկենտրոնանա հոգեկան առողջության վրա՝ նորմալ սոցիալական կյանքի վերացման կործանարար հետևանքների վրա: Ահա թե ինչու նույնիսկ եթե պատվաստանյութերը գործեն, հոգեկան ճգնաժամը կշարունակվի:

Վերջին հարցը, որի առջեւ կանգնում ենք, հետեւյալն է. արդյո՞ք պետք է ձգտենք վերադառնալ մեր «հին», նորմալ կյանքին: Թե՞ պիտի ընդունենք, որ համավարակը նշանավորում է մեր մուտքը նոր՝ «հետմարդկային» դարաշրջան («հետմարդկային»՝ այն հիմնական, ընդունված տեսանկյունից, թե ինչ է նշանակում լինել մարդ)։ Սա ընտրություն չէ, որը պարզապես վերաբերում է մեր հոգեկան կյանքին: Սա ինչ-որ իմաստով գոյաբանական ընտրություն է՝ կախված մեր վերաբերմունքից նրան, ինչ ընդունում ենք որպես իրականություն:

Վեճը, թե ինչպես լավագույնս վարվել համաճարակի հետ, վեճ չէ տարբեր բժշկական կարծիքների միջև, այն լուրջ, գոյաբանական վեճ է։ Այսպես է Թեքսաս նահանգի չաթ-շոուի հաղորդավար Բրենդեն Դիլլին բացատրում, թե ինչու դիմակ չի կրում. «Ավելի լավ է լինել մեռած, քան հիմար։ Այո, ես հենց դա նկատի ունեմ բառացի: Ես նախընտրում եմ մահանալ, քան ապուշի տեսք ունենալ»: Դիլլին հրաժարվում է դիմակ կրելուց, քանի որ նրա համար դիմակով շրջելը անհամատեղելի է մարդկային արժանապատվության հետ ՝ ամենահիմնարար մակարդակում:
Խաղադրույքը մեր դիրքորոշումն է մարդկային կյանքի նկատմամբ: Կդառնա՞նք Դիլլիի պես լիբերտարիան՝ մերժող անհատական ​​ազատությունների նկատմամբ ցանկացած ոտնձգություն: Արդյո՞ք մենք՝ ուտիլիտարիստներս, պատրաստ ենք հազարավոր կյանքեր զոհաբերել մեծամասնության տնտեսական բարեկեցության համար: Գուցե կլինենք ավտորիտարիզմի՞ կողմնակիցներ՝ հավատացող, թե միայն խիստ պետական վերահսկողությունն ու կարգավորումը կարող են մեզ փրկել: Իսկ միգուցե նյու-էյջ-սպիրիտուալիստնե՞ր ենք՝ նրանցից, որ հավատում են, թե համավարակը բնության նախազգուշացումն ու պատիժն է բնական ռեսուրսների շահագործման համար։ Հավատո՞ւմ ենք արդյոք, որ Ատված պարզապես փորձում է մեզ եւ ի վերջո մի դուռ կբացի։ Այս դիրքորոշումներից յուրաքանչյուրը հենված է մարդու մասին որոշակի պատկերացման վրա։ Դա վերաբերում է այն մակարդակին, որի վրա մենք բոլորս ինչ-որ առումով փիլիսոփաներ ենք:

Իտալացի փիլիսոփա Ջորջո Ագամբենը, հաշվի առնելով այս ամենը, պնդում է, որ եթե ընդունենք համավարակի դեմ պայքարի միջոցները, կհրաժարվենք բաց սոցիալական տարածությունից, որ մեր՝ որպես մարդ գոյության միջուկն է, եւ կվերածվենք մեկուսացած, գոյատեւող մեքենաների՝ վերահսկվող գիտության ու տեխնիկայի կողմից, ետական կառավարման համակարգի սպասարկուներ։ Այնպես որ, նույնիսկ երբ մեր տունը վառվում է, մենք պետք է քաջություն ունենանք շարունակելու բնականոն կյանով ապրել եւ ի վերջո արժանապատվորեն մեռնելու։ Նա գրում է. «Ինչ գործ էլ անես, անիմաստ է, եթե տանդ հրդեհ է։ Բայց այնուհանդերձ, եթե տունդ վառվում է, անհրաժեշտ է շարունակել ինչպես միշտ անել այն, ինչ անում  ես՝ զգույշ ու բծախնդրորեն, միգուցե նույնիսկ ավելի ջանադրաբար, եթե նույնիսկ ոչ ոք դա չի տեսնելու։Միգուցե կյանքն անհետանա երկրի երեսից, չմնա հուշ այն մասին, ինչ արվել է՝ լավ կամ վատ։ Բայց դու շարունակում ես առաջվա պես, ինչ-որ բան փոխելն արդեն ուշ է»:

Հարկ է նկատել, որ երկիմաստություն կա Ագամբենի փաստարկների շարքում. «տան հրդեհը» պայմանավորված է համավարակո՞վ, գլոբալ տաքացմա՞մբ։ Թե՞ մեր տունն այրվում է համավարակի իրողությանը արձագանքելու կերպի պատճառով: «Հիմա կրակը փոխել է ձեւն ու էությունը, դարձել է թվային, անտեսանելի ու սառը, ու հենց դրա համար այն ավելի է մոտեցել, մենք բոլորս կրակի ներսում ենք, այն մեզ շրջապատում է ամեն վայրկյան։»: Այս տողերը հայդեգերյան հնչողություն ունեն. հիմնական վտանգն այն է, թե ինչպես է համավարակը ամրացնում բժշկության ու թվային վերահսկողության՝ համավարակի նկատմամբ մեր արձագանքը կառավարելու մեթոդները։

Ինչո՞ւ մենք չենք կարող պահպանել մեր հին կենսակերպը

Արդյո՞ք սա նշանակում է, որ եթե մենք դեմ ենք Ագամբենին, պիտի հաշտվենք մարդկայնության կորստի հետ եւ մոռանանք սոցիալական ազատությունները, որոնց սովոր էինք: Նույնիսկ եթե անտեսենք փաստը, որ այդ ազատություններն իրականում շատ ավելի սահմանափակ էին, քան կարող է թվալ, պարադոքսն այն է, որ միայն այս անհետացման զրոյական կետով անցնելով կարող ենք տարածք պահել գալիք ազատությունների համար:

Եթե ​​հավատարիմ մնանք մեր հին կենսակերպին, ապա հավանաբար ամենը կավարտվի նոր բարբարոսությամբ: ԱՄՆ-ում և Եվրոպայում նոր բարբարոսները հենց նրանք են, ովքեր բռնի կերպով բողոքում են հակահամաճարակային միջոցների դեմ ՝ հանուն անձնական ազատության և արժանապատվության. նրանք, ինչպիսիք են Ջերարդ Քուշները ՝ Դոնալդ Թրամփի փեսան, որը դեռ ապրիլին պարծենում էր, թե Թրամփը վերանվաճում, խլում է երկիրը «բժիշկներից», այսինքն նրանցից, ովքեր կարող են միայն օգնել մեզ:

Այնուամենայնիվ, հարկ է նկատել, որ տեքստի վերջին պարբերության մեջ Ագամբենը հետմարդկային հոգևորի նոր ձևի ի հայտ գալու հավանականություն է թողնում: «Մարդը վերանում է այսօր, ինչպես անհետանում է դեմքը՝ նկարված ծովափնյա ավազին։ Բայց այն, ինչ զբաղեցնում է նրա տեղը, այլեւս չունի աշխարհ՝ դա միայն մերկ, լռելայն կյանքն է առանց պատմության՝ թողնված իշխանության ու գիտության ողորմությանը։ Հնարավոր է՝ այս քաոսից կարող է մի օր դանդաղ կամ միանգամից ինչ-որ այլ բան հայտնվել՝ ոչ աստված, իհարկե, բայցեւ ոչ ուրիշ մարդ, մի նոր կենդանի, նոր հոգի, որ ապրում է այլ կերպ․․․»:

Ագամբենն այստեղ հղում է անում Ֆուկոյի «Բառեր եւ իրեր»-ից հայտնի տողերին՝ այն մասին, որ մարդկությունն անհետանում է, ինչպես ավազի վրա նկարված ուրվապատկեր, որը ալիքները ջնջում են ափից: Մենք, փաստորեն, թեւակոխում ենք հետմարդկային դարաշրջան: Համավարակը, գլոբալ տաքացումը և մեր կյանքի թվայնացումը, ներառյալ ուղիղ թվային վերահսկողության համար մեր հոգեկան կյանքի հասանելիությունը, ավիրում են են մեր մարդկային կեցության հիմնական կոորդինատները։

Այսպիսով, ինչպե՞ս կարող է (հետ)մարդկությունը վերստեղծվել: Ահա եւս մի ակնարկ. խոսելով դիմակների դեմ՝ Ջորջո Ագամբենը հղում է կատարում ֆրանսիացի փիլիսոփա Էմանուել Լեվինասին և նրա պնդմանը, թե դեմքը «խոսում է ինձ հետ և դրանով ինձ հրավիրում հարաբերությունների, որոնք չեն համապատասխանում գործադրված իշխանությանը»: Դեմքը ուրիշի մարմնի մի մասն է, որի միջոցով երեւում է Ուրիշի անըմբռնելի այլության անդունդը:

Ագամբենի ակնհայտ եզրակացությունն այն է, որ դեմքը անտեսանելի դարձնելով՝ դիմակը քողարկում է ինքնին անտեսանելի այդ անդունդը, որը արտացոլվում է մարդկային դեմքի վրա Իրո՞ք:

Այս պնդմանը կա հստակ ֆրոյդական պատասխան. Ֆրոյդը լավ գիտեր, թե ինչու հոգեվերլուծության սեանսի ժամանակ, արդեն այսպես կոչված նախնական հանդիպումներից հետո, երբ ամեն բան լրջանում է, բուժառուն և հոգեվերլուծողը դեմ առ դեմ չեն կանգնում: Դեմքն ըստ էության սուտն է, բարձրագույն դիմակը, և հոգեվերլուծողը կարող է մուտք գործել Ուրիշի անդունդը, միայն եթե չի տեսնում նրա դեմքը։

Հետ-մարդկության վիճակի մարտահրավերը ընդունելը մեր միակ հույսն է: «Հին նորմալությանը» վերադառնալու մասին երազելու փոխարեն մենք պետք է ներգրավվենք նոր նորմալություն կառուցելու բարդ և ցավալի գործընթացի մեջ: Այս կառուցողական աշխատանը բժշկական կամ տնտեսական խնդիր չէ, այլ խորապես քաղաքական խնդիր. մենք ստիպված ենք մեր ամբողջ սոցիալական կյանքի համար նոր կերպ հորինել։

Թարգմանությունը՝ Գրողուցավի։
Աղբյուրը՝ այստեղ։

Please follow and like us: