Համբարձում Համբարձումյան/Բաց նամակ Մուբարաքին


Հիմա կասեք՝ դու ուր, Մուբարաքը ուր, բայց մի շտապեք եզրակացություն անել ու կարդացեք մինչեւ վերջ, որովհետեւ փոքր աշխարհ է, ու Եգիպտոսի բռնապետ նախագահն իր իշխանատենչության մոլուցքով կարող է բռնանալ ՀՀ քաղաքացու հանգստի իրավունքի վրա եւ անգամ խարխլել ընկերական ու ընտանեկան ամուր ու կայուն հարաբերությունները` պատճառ դառնալով կռվի ու վիճաբանության:

Առավոտ շուտ արթնանում եմ հեռուստացույցի բարձր ձայնից: Արթնանում եմ, բայց քունս չեմ առել, եւ անկողնուց վեր կենալու ցանկություն չկա: Աչքերս փակ լսում եմ հաղորդավարուհու ռուսերեն տեքստը:

Հեռուստացույցի ձայն – Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում հազարավոր մարդիկ են հավաքվել: Զինված ուժերը մնում են Կահիրեում, սակայն չեն միջամտում հավաքներին։ Ավելի վաղ երկրի զինված ուժերը հանդես են եկել հայտարարությամբ, ըստ որի՝ իրենք ճանաչում են Եգիպտոսի ժողովրդի օրինական պահանջները եւ պարտավորվել են չկրակել ցուցարարների վրա։

Շրջվում եմ դեպի պատը եւ ձեռքս երկարում: Անկողինը շոշափելով՝ փորձում եմ գտնել կնոջս թմբլիկ ու տաքուկ մարմինը, բայց նա չկա:

Հեռուստացույցի ձայն – Անընդհատ նորանոր մարդկանց խմբեր են միանում ցուցարարներին, թվում է՝ ամբողջ քաղաքն է ոտքի ելել Մուբարաքի ռեժիմի դեմ:

Մտածում եմ՝ կարո՞ղ է կինս էլ է թողել, Եգիպտոս գնացել։ Դեռ Նոր տարվա նախաշեմին կինս գլուխս հարթուկում էր, թե բա՝ հոգնել եմ էս խոզի բդերից, միօրինակ նորտարիներից, արի գնանք Եգիպտոս, գոնե մի անգամ լավ հիշարժան Նոր տարի անցկացնենք: Ու որպես ծանրակշիռ փաստարկ, որ Նոր տարի անցկացնելու իր տարբերակն ավելի լավն է, քան իմը, ասում էր` մի՞թե Կարմիր ծովի լազուրե ծովափը, եգիպտական բուրգերի փառահեղ վեհությունն ավելի լավը չեն, քան խոզի բդի գռեհիկ տեսքն ու Լֆիկ Սամոյի կեղծած օղիները:

Թեեւ այդ կարծիքին չէի, բայց հերթական անգամ համաձայնվում էի նրա հետ, որ՝ այո, եգիպտական բուրգերն ավելի լավն են, քան տապակած հավն ու անորակ օղին: Բայց նրա փաստարկները ջարդուփշուր էին լինում, հենց որ մենք վերացական խոսակցությունից անցնում էինք ռեալ հաշվարկների եւ տեսնում, որ մեր ընտանեկան ճաքճքած բյուջեի համար Եգիպտոսը կարող է կործանարար լինել:

Կինս, որպես վերջին հուսահատ քայլ, հազար տարվա մեռելներին` Թութանհամոնին ու Ռամզեսին էր մեջտեղ բերում, բայց ինքն էլ էր հասկանում, որ Եգիպտոսը մեր գրպանի համար չէ: Հիմա պառկած մտածում եմ՝ երեւի հեղափոխության պատրվակով պոկվել է Եգիպտոս, որ ծովափ գցի իրեն, եւ այդ մտքի վրա ժպտալով՝ աչքերս բացում եմ ու ինչ տեսնեմ՝ հագած-կապած, զուգված-զարդարված, կազմ ու պատրաստ կանգնած է:

  • Էդ ո՞ւր,-ասում եմ,- չլնի՞ Եգիպտոս ես գնում:
  • Հա, գնում եմ Մուբարաքի հարցերը լուծեմ-գամ, համ էլ ձեռի հետ ծովափ կգնամ,- ասում է կինս, ու ես մտածում եմ, որ ուրեմն մտքով անցել է:- Գնում եմ մերոնց տուն, մաման զանգեց-կանչեց, իմ օգնության կարիքն ունի: Երեւի ուշ կգամ:
  • Գնա, բայց նախ հեռուստացույցն անջատի,- ասում եմ ու մտածում, որ քանի կինս տանը չի, կարելի է մի արկղ գարեջուր առնել, տղերքին էլ կանչել:

Կինս հեռուստացույցն անջատում է: Կողքի եմ շրջվում ու ննջում` մտքում ծրագրելով երեկոն:

Կեսօրին արթնանում եմ հեռախոսիս զանգից: Նայում եմ՝ հեռախոսիս էկրանին ընկերոջս` Թիթիզ Համոյի ապուշ դեմքն է ու նրա «գոլդ» համարը:

  • Բարի լույս,-ասում եմ,-ի՞նչ կա՝ էս առավոտ-գիշերով զանգել ես:
  • Նայում ե֊՞ս,- բարեւիս չպատասխանելով՝ վրա է բերում Համոն:
  • Ի՞նչը:
  • Եվրանյուզը: Եգիպտոսի մասին է:
  • Էսա նայեմ,- ասում եմ, անջատում կապն ու ինձ «նիզաշտո» քնահրամ անելու համար մտքիս մեջ գրված երեկոյի պոտենցիալ հրավիրյալների ցուցակից ջնջում Թիթիզ Համոյի անունը:

Բարձրանում եմ անկողնուց ու միացնում եմ հեռուստացույցը: Նույն՝ առավոտվա հաղորդումն է:

Հեռուստացույցի ձայն – Եգիպտոսի մայրաքաղաք Կահիրեի կենտրոնում հազարավոր մարդիկ են հավաքվել: Զինված ուժերը մնում են Կահիրեում, սակայն…

Համակարգիչս միացնում եմ, մտնում եմ «Ֆեյսբուք», որ այնտեղ գոյատեւող ընկերներիս հրավիրեմ իմ տուն: «Ֆեյսբուքում» հենց մենակ Եգիպտոսի հեղափոխությունից ու Մուբարաքից են խոսում: Մեկ էլ ընկերս լատինատառ գրում է․

– aper, lav a mtar, stex bazarneri mej em. Menak em.

– Ի՞նչ ա եղել, թեման ո՞րն ա:

– Egiptosy.

– Ես էդ թեմայի մեջ չկամ,- ասում եմ:

Էս մեկից գլուխս ազատում եմ, մեկ էլ երկրորդն է գրում.

– Վերջ, ապեր, հաստատ հրաժարական ա գրելու:

– Ո՞վ ա հրաժարական գրելու:

– Նախագահը:

– Սերժը՞:

– Չէ, արա, ի՞նչ Սերժ-մերժ: Սերժը էդքան դուխ ունի՞, որ հրաժարական գրի: Ճճճճճճ… Մուբարաքը: Տեսա՞ր` բանակը չխառնվեց, բանակն ու ոստիկանությունը ժողովրդի կողմն են: Հալալ ա:

– Չէ-հա,- գրում եմ,-տեղյակ չեմ:

– Մուբարաք ըլնեմ, թե սուտ ասեմ:

Ընկերս հղումն է ուղարկում, բայց չեմ մտնում-կարդամ: Նայում եմ՝ գլխավոր էջում աշխույժ քննարկում է գնում Եգիպտոսի դեպքերի հետ կապված: Էջը լցված է վերջին իրադարձությունների մասին տեղեկություններով: Մեկնաբանություններ է, որ գրում են, լայքեր է, որ տալիս են: Ես էլ եմ աստիճանաբար ոգեւորվում:

Վերջին նորություններին ծանոթանալով՝ մի քանի քոմենթ եմ գրում, մի հանգի լայքեր եմ տալիս, հետո սիգարետ եմ վառում ու Եգիպտոսի հետ կապված ստատուս եմ մտածում։ Մի տեղ կարդացել եմ, որ էդ Մուբարաքը 30 տարի է՝ տշխանության է։ Մտածում եմ՝ ինչքան մումիա կա` հավես չկա: Չէ, լավ չի: Մեծ մասը չի հասկանա, ու ոչ էլ կարող ես բացատրել: Անձնական էջից մտնում եմ գլխավոր էջ, որ բան բաց չթողնեմ:

Մեկ էլ տեսնեմ՝ Խչոն էլ է կարծիք հայտնել: Հո ոգեւորված չի՜ եգիպտացիների հեղափոխությամբ, բոցաշունչ տեքստեր է գրում, լայքեր է տալիս: Էդ տեքստերը կարդացողն էլ կմտածի, թե թունդ հեղափոխական տղա է: Երբ որ ընդդիմադիր ժողովուրդն է էդ տեսակ ոգեւորված եգիպտացիների հաղթանակով, դա բնական է ու հասկանալի, բայց որ Խչոյի տեքստերը տեսա, արյունը խփեց գլխիս:

Խչոն էն հոգնած տեսակի երիտասարդ մտավորականներից է, որ «Հայլուռի» ներկայացրած «իրականությանն» է հավատում ու էդ իրականությունից դենը բան չի տեսնում կամ գոնե այդպես է ցույց տալիս: Էն տեսակից է, որ անկախության շրջանի տարիները միայն որպես «ցուրտումութ» տարիներ է հիշում եւ էդ տարիների ցուրտն ու մութը միայն այն ժամանակվա իշխանավորներով պայմանավորում, բայց, իհարկե, ոչ նրանցով, ովքեր հիմա էլ են իշխանության: Իսկ եթե խոսք գնաց պատերազմում հաղթելու մասին, կասի՝ դա ժողովուրդն է հաղթել՝ Սերժի ու Ռոբի շնորհիվ, իհարկե:

Էն տեսակից, որ ասում են` ընդդիմության հանրահավաքից հետո Մատենադարանի տարածքում «շեմուշկի կլեպներ» են լինում թափված, եւ ըստ այդմ էդ հանրահավաքները նրանց սրտով չեն: Եվ ինչքան էլ բացատրես, որ անհեթեթություն է ասում, իրենը կպնդի:

Իսկ եթե տանես-ցույց տաս, թե մեր երաժշտասեր իշխանավորների հրավերով ելույթ ունեցող աստղերի համերգներից հետո ինչ աղբանոցի է վերածվում Հանրապետության հրապարակը, աչքի տեսածին չի հավատա: Էն գարշելի տեսակից, որ մարտի մեկի զոհերի մասին խոսելիս կասի` ընդդիմությունն էր մեղավոր, այսինքն՝ զոհերը:

Մի խոսքով՝ էն տեսակից, որ եթե իշխանությանը մի թթու խոսք էլ ասի, ապա պարտադիր անմիջապես ընդդիմությանը կհայհոյի: Ու հանկարծ պարզվում է՝ էս մեր Խաչիկը ազատատենչ եգիպտացի ժողովրդին սատար է կանգնում իր ստատուսներով ու քոմենթներով։ Ոգեւորված է եգիպտացիների հեղափոխությամբ եւ այքին չի գալիս, որ Կահիրեի փողոցները բարիկադների են վերածվել։ Հասկանալի է, եգիպտացի ժողովրդին «համակրելով» ինքը ոչինչ չի կորցնում ու ոչինչ չի վտանգում, եւ դրա էդ պահվածքն ինձ հունից հանում է: Ուզում եմ մի հատ սատկացնող քոմենթ գրեմ դրա գրած տեքստի տակ, մեկ էլ «Ֆեյսբուքում» բնակություն հաստատած երրորդ ընկերս է գրում:

– Տեսա՞ր, հաջորդը Եմենն ա:

– Ինչի՞ հաջորդը:

– Եգիպտոսի:

– Խի Եգիպտոսում ի՞նչ ա եղել որ:

Գրում եմ ու «Ֆեյսբուքից» դուրս գալիս: Հիմա հույսս Գեղամն է: Մտածում եմ՝ աշխատավոր, շինարար տղա է, սաղ օրը պարապ-սարապ «ֆեյսբուքներում» վերընկած չի, հիմա հերթափոխից եկել, հեռուստացույցի դիմաց «լոքշ» նստել է: Պատկերացնում եմ, թե ինչքան կուրախանա, որ զանգեմ:

Ընկերներիս միջից Գեղամին միշտ առանձնահատուկ ջերմությամբ եմ վերաբերվել՝ նրա մեղմ բնավորության ու պարզության համար, եւ հիմա նա ավելի է բարձրանում իմ աչքում: Հասարակ, պարզ, աշխատավոր մի տղա, որ գաղափար չունի համակարգչից ու սոցիալական ցանցերից, որ չարքաշ աշխատանքով է իր ապրուստը վաստակում, եւ որի ուրախությունն էս կյանքում մի տեղ նստելը, ընկերների հետ մի քանի բաժակ խմելն է: Զանգում եմ Գեղամին:

– Ալո, -ասում է Գեղամը, – ապեր, մի քիչ հետո զանգի էլի, հիմա խառն եմ:

– Ի՞նչ ա եղել, Գեղամ ջան, խի՞ ես խառը:

– Ապեր, դե էս Եգիպտոսի պահով, էլի. չեմ ջոգում՝ Մուբարաքը հրաժարական կտա՞, թե՞ չէ:

Հուսահատ ու թեւաթափ անջատում եմ հեռախոսը: Քայլում եմ դեպի սառնարանը, հանում եմ օղու շիշն ու տակը մնացած խմիչքը լցնում թեյի բաժակի մեջ: Մի 70 գրամ կլինի: Կեսը ներս եմ տալիս, սառնարանից գործարանային արտադրության թթու վարունգ եմ հանում, ծամում: Հետո մնացած օղին էլ եմ ներս տալիս: Զանգում եմ կնոջս:

– Ես մի քիչ կուշանամ,- հարցիս չի սպասում կինս:

– Էդքան շատ ա՞ գործը:

– Չէ, գործը վերջացրել ենք: Նստած հեռուստացույց ենք նայում: Արբանյակայինով «Ալ Ջազիրան» ենք նայում, Եգիպտոսի ցույցերն են ցույց տալիս ուղիղ եթերով:

– Թող ու արի,-ասում եմ:

– Չէ, – ասում է,-ես, ի տարբերություն քեզ, հետաքրքրվում եմ, թե աշխարհում ինչ ա կատարվում:

Երբ ահավոր կատաղած եմ լինում, սովորաբար կնոջս «սիրելիս» բառով եմ դիմում.

– Սիրելիս,- քեզ ասում եմ՝ թող ու արի:

Սովորաբար, երբ էդ բառն օգտագործում եմ, կինս փափկում, խելոքանում է, բայց էս անգամ վրան չի ազդում:

– Չէ, ասում է,- մի ժամից դուրս կգամ: Քեզ որ ասում էի արբանյակային անտենա առնենք, ա՛յ էսօրվա համար էի ասում:

– Դե որ տենց ա` ընդհանրապես չգաս,- ասում եմ:- Մինչեւ Մուբարաքի հրաժարականը տուն ես եկել…

Կինս վիրավորված անջատում է կապը: Քայլում եմ դեպի սենյակ ու փլվում բազմոցին: Ծխախոտ եմ վառում ու կատաղած ծխում: Մենակ եմ, ու տխուր է: Հեռուստացույց միացնելը վտանգավոր է, «Ֆեյսբուք» մտնելը՝ նույնպես, եւ էն վիճակում էլ չեմ, որ գիրք կարդամ: Լավ, մտածում եմ, բա ի՞նչ անեմ, չբռնե՞մ բաց նամակ գրեմ Մուբարաքին:

Նստում եմ համակարգչի առաջ ու գրում նամակի առաջին ու վերջին տողը:

«Այ անասուն, «ս». գրի, ստորագրի»:

Please follow and like us: