Պոլ Բեատրիս Պրեսիադո/ Փափուկ բանտ․ բարի գալուստ տնային հեռահանրապետություն

Դեղագործական-պոռնոգրաֆիկ տեխնիկաների մեջ տեղի ունեցած արմատական կենսաքաղաքական փոփոխություններից մեկը, որ բնութագրում է COVID19-ը, հետեւյալն է․ոչ թե սոցիալական սահմանափակման ու նորմավորման ավանդական ինստիտուտները (հիվանդանոց, գործարան, բանտ, դպրոց եւ այլն), այլ տան տարածությունն է դառնում արտադրության, սպառման եւ քաղաքական վերահսկման նոր կենտրոնը։

Տունն արդեն սոսկ վայր չէ, որտեղ մարմինը բանտարկված է, ինչպես ժանտախտի վերացման ժամանակ էր։ Մասնավոր կացարանը հիմա դարձել է հեռասպառողական եւ հեռաարտադրողական տնտեսության կենտրոնը, ինչպես նաեւ՝ դիտապարկուճ։ Ներքին տարածքն այլեւս կետ է կիբեռդիտարկման տարածության մեջ՝ նույնականացվող վայր Google-ի քարտեզի վրա՝ պատկեր, որ ճանաչում է անօդաչու թռչող սարքը։

Երբ տարիներ առաջ զբաղվում էի «Փլեյբոյ»-ի առանձնատնով՝ սկզբում Չիկագոյի, առաջին, գոթական կալվածքով, ապա Լոս-Անջելեսում դպան փոխարինած առանձնատնով, ամենից ավելի ինձ հետաքրքրում էր, թե ինչպես Սառը պատերազմի ամենաթեժ պահին այն գործում էր իբրեւ լաբորատորիա, որում հայտնաբերվում էին նոր դեղագործական-պոռնոգրաֆիկ սարքեր մարմնի եւ սեռականության նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար։ Այդպիսի սարքեր սկսեցին տարածվել Արեւմուտքում արդեն 20-րդ դարի վերջին, իսկ COVID19-ի ճգնաժամի հետ տարածվեցին աշխարհի մնացած բնակչության մեջ։ Երբ ես հետազոտում էի առանձնատունը, ինձ ապշեցրեց, որ Հյու Հեֆները՝ Երկրագնդի ամենահարուստ մարդկանցից մեկը, գրեթե քառասուն տարի անց է կացրել տանը հանգստանալով, պիժամայով, լոգանքի խալաթով ու հողաթափերով, խմելով պեպսի եւ ուտելով շոկոլադի սալիկներ։ Հեֆները, դուրս չգալով տնից եւ հաճախ նույնիսկ անկողնուց, խմբագրում եւ թողարկում էր ԱՄՆ-ում ամենամեծ տպաքանակ ունեցող ամսագիրը՝ նախատեսված տղամարդկանց համար։ Միացված լինելով հեռախոսին, ռադիոյին, տեսախցիկին՝ Հեֆների մահճակալը իսկական մուլտիմեդիական արտադրական հարթակ էր։

Նրա կենսագիր Սթիվեն Ուոթսը նկարագրում է Հեֆներին որպես սեփական դրախտում փակված կամավոր ճգնավորի։ Ձայնատեսողական նյութերի արխիվացման բոլոր ձեւերի մեծ սիրահար լինելով՝ բջջային հեռախոսներից, Facebook-ից կամ WhatsApp-ից շատ առաջ Հեֆներն օրական ձայնագրում եւ տեսագրում էր ավելի քան քսան ձայնա-տեսաերիզ՝ սկսած հարցազրույցներից, վերջացրած իր ենթականերին տրված հանձնարարականներով։ Փայտե պանելներով ու հաստ վագույրներով ծածկված, խճճված հազարավոր լարերի մեջ եւ լցված իր ժամանակի ամենավերջին հեռահաղորդակցական տեխնոլոգիաներով՝ Առանձնատունը միաժամանակ լիովին անթափանց էր եւ բացարձակ թափանցիկ։ Հեֆներն իր նստավայրում փակ շրջանի ռեժիմ էր հաստատել, այստեղ ապրում էր եւս մի քանի տասնյակ հարեւան, եւ նա կարող էր իր կառավարման կենտրոնից դիտել ցանկացած սենյակ իրական ժամանակի ռեժիմում։ Տեսադիտարկման խցիկներով նկարված նյութերը նույնպես հայտնվում էին ամսագրի էջերին։

Բացի հետերոսեքսուալ պոռնոգրաֆիայի վերածումից զանգվածային մշակույթի, «Փլեյբոյի» սկսած լուռ կենսաքաղաքական հեղափոխությունը մարտահրավեր էր 19-րդ դարի արդյունաբերական հասարակության հիմքում ընկած տարբերություններին՝ արտադրության եւ վերարտադրության ոլորտների բաժանմանը, տան եւ գործարանի միջեւ տարբերությանը, եւ սրանց կողքին՝ արականի ու իգականի պատրիարքալ տարանջատմանը։ «Փլեյբոյն» այս հարցը լուծեց՝ առաջարկելով ստեղծել նոր կենսական անկլավ՝ ամուրիական տարածք՝ կապված նոր տեխնոլոգիաների եւ կապի միջոցների հետ։ Նրա նոր քաղաքական տերը երբեք չպիտի լքի այն՝ ոչ հանուն աշխատանքի, ոչ սիրով զբաղվելու համար։ Ավելին՝ գործունեության այս տեսակները արդեն իրարից չեն տարբերվում։ Հեֆների կլոր մահճակալը միաժամանակ թե աշխատասեղան էր, թե կառավարչի սեղան, թե նկարահանման հրապարակ ֆոտոսեսիաների համար, թե սեքսուալ հանդիպումների վայր։ Այն նաեւ հեռուստատեսային ստուդիա էր, որտեղ նկարահանվում էր հայտնի «Գիշերային փլեյբոյ» հաղորդումը։ «Փլեյբոյը» կանխատեսեց հեռահաղորդակցության եւ ոչ նյութական արտադրության դիսկուրսները, որոնք Covid19-ը վերածեց համընդհանուր անհրաժեշտության։ Հեֆներն այս նոր սոցիալական արտադրողին անվանեց «հորիզոնական աշխատավոր»։ Սոցիալական նորամուծությունների վեկտորը, որի մեկնարկը տվեց «Փլեյբոյը», նպաստում էր աշխատանքի եւ հաճույքի, արտադրության եւ սեքսի միջեւ հեռավորության էրոզիային (ապա եւ փլուզմանը)։ Փլեյբոյի կյանքը, անընդհատ նկարահանվող եւ տարածվող ամսագրերի եւ հեռուստատեսության միջոցով, լիովին հանրային էր, եթե նույնիսկ փլեյբոյը երբեք դուրս չէր գալիս տնից եւ անգամ անկողնուց։ Արական եւ իգական ոլորտներին «Փլեյբոյի» նետած մարտահրավերը նոր մուլտիմեդիական օպերատորին «տան տղամարդ» դարձնելն էր, որն այդ ժամանակ օքսիմորոն էր թվում։ Ուոթսը հիշեցնում է մեզ, որ արդյունավետ մեկուսացումը քիմիայի օգնության կարիք ուներ․ Հեֆները ամֆետամին դեքսեդրին էր օգտագործում։ Այնպես որ, որքան էլ դա պարադոքսալ հնչի, մարդը, որ երբեք վեր չէր կենում անկողնուց, քիչ էր քնում։ Մահճակալը, որպես նոր մուլտիմեդիական օպերացիոն կենտրոն, դեղագործական-պոռնոգրաֆիական բջիջ էր․ այն կարող էր աշխատել միայն հակաբեղմնավորիչ հաբերի, դեղերի օգնությամբ, որոնք բարձր մակարդակի վրա էին պահում արտադրողականությունը, եւ վերջապես լայնաշերտ միացման՝ պահպանելու համար սեմիոտիկ կոդերի անընդհատ հոսքը, որոնք դարձել էին փլեյբոյի գոյության համար անհրաժեշտ միջոցների միակ իրական աղբյուրը։

Այս ամենը ծանոթ է թվում, այնպես չէ՞։ Այն տարօրինակ կերպով նման է ինքնամեկուսացման մեջ մեր սեփական կյանքին։ Եկեք հիշենք կարգախոսները, որ օգտագործել են ինչպես ֆրանսիական, այնպես էլ ամերիկյան նախագահները․ սա պատերազմ է։ Մի լքեք տունը։ Հեռահաղորդակցվեք։ Վարակի դեմ պայքարի կենսաքաղաքական միջոցները, որ մտցվեցին COVID19-ի ընթացքում, հորիզոնական աշխատավորներին՝ քիչ թե շատ փլեյբոյներին եւ նրանց մտավոր, ոչ նյութական աշխատանքը դարձրին համավարակից հետո ամենահավանական վերապրողները։ Այսօր մեր տան տարածքներից ցանկացածը տեխնիկապես ավելի հագեցած է, քան Հեֆների պտտվող մահճակալը 1968 թվականին։ Հեռահաղոդակցության միջոցներն ու հեռակառավարման սարքերը արդեն մեր մատների ծայրերին են գտնվում։ Դրսում գտնվող, կառավարման ուղղահայաց սխեմաներում ենթակարգված աշխատավորները, ռասայական գունավորմամբ ու իգականացված մարմինները դատապարտված են։

«Հսկել եւ պատժել» աշխատության մեջ Ֆուկոն նկարագրում է միանձնուհիների խցերը, որպես անցումային մոդելներ մարմնի եւ սուբյեկտիվության կառավարման արյունոտ միջոցներով բնութագրվող միապետական ռեժիմից 18-րդ դարում ժողովուրդների կառավարման համար ստեղծված սահմանափակող սարքավորումների ու դիսցիպլինար ճարտաապետության։ Դիսցիպլինար ճարտարապետությունը միանձնուհիների խցերի աշխարհիկ տարբերակն էր՝ տարածքների, որոնց մեջ ժամանակակից անհատը վերածվում էր հոգու, որը բանտարկված է մարմնի մեջ՝ տառաճանաչ հոգու, որն ի վիճակի է կարդալու պետության հրահանգները։ Երբ գրող Թոմաս Վուլֆն այցելեց Հեֆներին, գրեց, որ նա ապրում է բանտում՝ փափուկ, ինչպես արտիճուկի միջուկը։ Կարելի է ասել, որ փոփ մշակույթի կիրառական օբյեկտների վերածված «Փլեյբոյի» առանձնատունն ու Հեֆների պտտվող մահճակալը Սառը պատերազմի ժամանակ տարանցիկ տարածքների դեր էին կատարում, որտեղ հայտնաբերվել են պրոտեզավորված եւ կապի միջոցներով գերհագեցած նոր սուբյեկտը, ինչպես նաեւ դեղագործական-պոռնոգրաֆիկական արտադրության եւ սպառման նոր ձեւերը, որոնք բնորոշելու են ժամանակակից հասարակությունը։ Այս մուտացիան լայն տարածում գտավ եւ ուժգնացավ COVID19-ի համավարակի դեմ պայքարի ընթացքում․ մեր շարժական հեռահաղորդակցական սարքերը մեր նոր հսկիչներն են, իսկ մեր տան ինտերիերը դարձել է ապագայի փափուկ, ուլտրաժամանակակից բանտը։

Թարգմանությունը՝ Գրողուցավի

Please follow and like us: