Լուսանկարը՝ Աննա Դավթյանի

Հող եւ մարդ/ Համբարձում Համբարձումյան

Սահմանազատում

Հայաստանի ներքաղաքական դաշտը դարձյալ ալեկոծվել է, առիթը  Տավուշի մարզում սկսած սահմանազատման գործընթացն է, որի արդյունքում Հայաստանը Ադրբեջանին է վերադարձնելու իննսնական թվականներին գրաված տարածքները, սահմանազատվելու է սահմանը։ Իշխանությունը այս սահմանազատումը որպես բացառիկ ձեռքբերում է ներկայացնում, որ վերջապես Հայաստանը գոնե այդ հատվածում սահման կունենա, խրամատները կփոխարինվեն փշալարերով ու սահմանային սյուներով, ընդդիմությունը որպես բացառիկ աղետ է ներկայացնում, «հող հանձնել»՝ դրանից բխող պիտակավորումներով։ 


Հող հանձնել-չհանձնելու թեման ուղեկցում է Հայաստանի Հանրապետությանը իր գոյության ողջ ընթացքում։ Սկսած Արծվաշենի, Շահումյանի կորստից մինչև մեր օրերը։ Սակայն «հող հանձնելու» հետ կապված հիմնական կարգախոսներն ու պատկերացումները ձևավորվել են ԼՂԻՄ-ի տարածքին հարակից շրջանները Ադրբեջանին փոխանցելու  հեռանկարով պայմանավորված։ Եթե դրանք սկզբում որպես անվտանգության գոտի էին ներկայացվում,  հետո մտցվեցին Արցախի կազմի մեջ, և դրանով իսկ  դժվարացավ դրանց հանձնումը բանակցությունների ինչ-որ փուլում։ 

Առաջին անգամ հայ ժողովուրդը հող էր ազատագրել,  և քաղաքական վերնախավը թքած ունենալով ռեսուրսների, հնարավորությունների ու աշխարհաքաղաքական գործոնների վրա, փորձում էր պահել այդ հողը՝  անիրատեսական պահնջներ առաջ քաշելով բանակցային գործընթացի ժամանակ․ Արցախը ճանաչեք, կարգավիճակի հարցը լուծենք՝ վերադարձնենք։ Թեև Հայաստանի ռեսուրսները և հնարավորությունները գնալով ավելի ու ավելի էին թուլանում, սակայն առանց կարգավիճակի հարցը բանակցային փաստաթղթում ինչ-որ ձև լուծելու մենք ի վիճակի չէինք հրաժարվել այդ շրջաններից, իսկ հանրային խոսույթում ավելի շատ շոշափվում էր հողերը հանձնել-չհանձնելու թեման։ Այդ խոսույթը սնվում էր մեր պատմությունից, հայոց ցեղասպանության փաստից, Վիլսոնյան Հայաստանի քարտեզներից ու կորցրած պատմական հայրենիքի չսպիացող վերքից։ 

Ըստ էության սահմանազատման էս գործընթացը, եթե բարով-խերով ավարտին հասցվի, ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի տարածքներն է սահմանազատելու, այլև պետք է մեզ սահմանազատի պատմական և ցնորական երազանքներից ու պատրանքներից։

Հողը ապրելով են պահում, իմացե՛ք

Զարմանալի է, բայց հողի մասին այդպիսի «սրբազան» պատկերացում ունեցող երկրում անկախության տարիների ընթացքում հսկայական չափերի հասնող արտագաղթ է եղել՝ այնպիս արտագաղթ, որ ժողովրդագրական աղետալի վիճակի է հասցրել պետությանը, խնդիր ստեղծելով նույնիսկ սահմանների պաշտպանության համար։ Հիմա էլ կարելի է բազմաթիվ սփյուռքահայերի տեսնել ֆեյսբուքում, որոնք անընդունելի են համարում հող տալը՝  նկատի ունենալով  ադրբեջանական Ղազախի շրջանի հողերը։ Կարելի է, իհարկե, քննադատել սահմանազատում անցկանցնելու կագը, փաստաթուղթը, որի հիման վրա անցկացնում են սահմանազատումը, պայմանները, միակողմանի համարել զիջումները։ Խոսքս նման քննադատության մասին չէ, այլ ընդհանրապես «հող տալը» բացառող քննադատության։ Ինչպես ասում են՝ սիրելի սփյուռքահայ եղբայրներ և քույրեր, էդ հողը ձեր ինչի՞ն է պետք, եթե այդ հողի վրա չեք ապրելու, և վերջապես ո՞վ պետք է կռվի և պահի այդ հողը։  

Սակայն միայն  «հող տալու» դեմ բորբոքվող սփյուռքահայերը չեն, որ ապշեցնում են, բորբոքվում են նաև  նրանք, ովքեր խուսափել են զինվարական ծառայությունից, և կանայք, որոնց եղբայրներն ու որդիները կամ արտասահմանում են, կամ  խուսափել են զինվորական ծառայությունից։  

Խորհրդարանական ընդդիմությունը  օրինագիծ էր բերել խորհրդարան, ըստ որի սահմանազատումը պետք է անց կացվի փաստացի ստեղծված շփման գծով։ Նպատակը Հայաստանի տիրապետության տակ գտնվող խորհրդային Ադրբեջանի կազմում եղած հողերը պահելն էր։ Այս ամենը տեսնելով ապշում ես և հանկարծ գիտակցում, որ ԼՂԻՄ-ի շուրջ եղած տարածքն ու բուն ԼՂԻՄ-ի տարածքը կորցներնելուց հետո էլ ոչ մի հետևություն չեն արել։  

Թվում է, որ այսքան տարի նույնիսկ Արցախի  կարգավիճակի հարցն ու վերջնարդյունքն այդքան կարևոր  չէին, որքան «հոող պահելը»։  Ակամա հարց է առաջանում․ եթե այդքան կարևորում ենք հողը, ինչո՞ւ ենք թողնում ու արտագաղթում, ո՞ւմ համար ենք ուզում հողը, որը ԼՂԻՄ-ի տարածքից դուրս էր և Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս է։ 

Հող եւ մարդ

Ազատագրված հողը սրբազան է, այն չի կարելի զիջել, բայց մի՞թե այն, որ արտագաղթի հանդեպ հանդուրժողական վերաբերմունք կա, չի նշանակում, որ մարդն էլ է մեզ համար կարևոր։ Մարդու տեղաշարժի իրավունքը, մարդու՝ իր նախընտրած երկրում ապրելու իրավունքը, մարդու կյանքի իրավունքը։  Այո, մեզ համար դա էլ է կարևոր։ Բավական է պատերազմի  ժամանակ հետևել սոցցանցերին, և կտեսնենք, թե որքան կարևոր են մեզ համար մարդկային կյանքերը։ Որքան էլ պարադոքսալ է, բայց հաճախ ազատագրված հողը չզիջելու, այդ հողը սրբազան համարող մարդիկ են, որ պատերազմական գործողությունների ժամանակ ամենաբարձրն են պահանջում կանգնեցնել պատերազմը։ Զարմանալի է, բայց ադրբեջանական վերջին հարձակումից հետո, երբ բանակը կարողացավ կասեցնել առաջխացումը, բայց տարածքային կորուստներ ունեցանք, մարդիկ դուրս չեկան փողոց բողոքելու, այնինչ դա Հայաստանի Հանրապետության հողն էր, մեր սուվերեն տարածքը։  Ստացվում է․ եթե հողը մեր տիրապետության տակ է, թեկուզ իրավաբանորեն մերը չէ, այն պետք չէ զիջել բանակցությունների ընթացքում, իսկ  մեզնից գրավածը ոչի՞նչ, որ մնա նրանց տիրապետության տակ։ Կարճ ասած՝ եթե զիջել, ապա միայն կռվով, բայց կռվում պետք է զոհեր չլինեն։ Սա ի՞նչ տրամաբանություն է։ 

Արցախի լուծարումից հետո, երբ ռուս խաղաղապահների անգործության պայմաններում պարզ դարձավ, որ Արցախը այլևս Ադրբեջանի լիակատար տիրապետման տակ է անցնում,  Նիկոլ  Փաշինյանը արցախցիներին իրենց հողում պահելու թույլ փորձ արեց՝ ասելով, թե Ադրբեջանը երաշխավորել է խաղաղ բնակիչների անվտանգությունը, բայց հայհոյանքների ու անեծքների տարափի տակ այլևս չփորձեց արցախցիներին տեղում պահել։  Բնակչության հնարավոր բնաջնջման վտանգի առջև Արցախը երկու օրում դատարկվեց։ Ոչ ՀՀ իշխանությունը, ոչ Արցախի լուծարման տակ ստորագրած Արցախի իշխանությունը, որ մինչ այդ հրաժարվում էր գնալ բանակցությունների, բայց լուծարելու համար գնաց,  փորձ չարեցին մարդկանց տեղում պահել։  Տեսականորեն հնարավոր էր մնալ Արցախում, տեր կանգնել հողին, մշակութային ժառանգությանը, եկեղեցիներին, բայց երկու ժողովուրդների անհամատեղելիության մասին պատկերացումը և ֆիզիկական բնաջնջման վտանգը թույլ չտվեցին նույնիսկ մտածել այդ ուղղությամբ։ Այս դեպքում գերադասեցինք մարդկային կյանքերը վտանգի տակ չդնել։ Երբևէ մտածե՞լ եք՝  ինչ կլիներ, եթե արցախահայերը  բնաջնջման վտանգը անտեսելով մնային, մի՞թե երկու ժողովուրդների հաշտեցումը ավելի հեշտ չէր լինի կայացնել։  Վաղը կամ տասնամյակներ անց, երբ սահմանները բացված լինեն, եւ հայերը այցելեն Արցախ իրենց պատմական հայրենիքը տեսնելու, ինչպես որ բազմահազար հայեր Թուրքիա են գնում պատմական հայրենիքի  տարածքները տեսնելու, մի՞թե գլխներիս չենք տալու, որ այդպես անկազմակերպ, խուճապահար թողեցինք արցախահայերին, այնտեղ մնալու հնարավորություն չստեղծեցինք։ 

Այնուամենայնիվ, մարդկային կյանքերը ավելի թանկ էին և դրանք վտանգի տակ դնել ոչ ոք չհամարձակվեց։ 

Բայց ինչո՞ւ  է մարդկային կյանքը կարևորվում միայն օրհասական պահերին, երբ պատերազմն է լինում,  երբ բնաջնջման վտանգն է առաջ գալիս։ Ինչո՞ւ է ինքնապահպանման բնազդը մեզ այդքան արագ լքում, երբ քիչ թե շատ խաղաղ ժամանակահատված է լինում։ Ինչո՞ւ է հասարակության մի հատված սվիններով ընդունում Ադրբեջանի հետ խաղաղություն կնքելու և հաշտության թեկուզ փոքր հնարավորությունը։  Աշխարհագրության դասատուների բացթողո՞ւմն է, որոնք դպրոցական տարիներին ցույց չեն տվել մեր տարածաշրջանի քարտեզը, չեն ներկայացրել Թուրքիայի ու Ադրբեջանի ժողովրդագրական պատկերը, տնտեսական հնարավորությունները, որ հրապարակում  եղած եկեղեցիականներն ու քաղաքական գործիչները շարունակում են խոսել «պատմական» երազանքներից ու մեծ-մեծ իղձերից։ Օրվա թրենդից ետ չմնալով՝ էս ի՞նչ անիծյալ տրամաբանություն է՝ քաղաքականություն վարել, որ տանում է դեպի բնաջնջում, հետո բնաջնջման վտանգի տակ գաղթի ճանապարհը բռնել եւ լքել հողը։ 

Սուրբ հողը

Մեր սուրբ հողը Հայաստանի հանրապետության տարածքն է, որը պետք է պահել ու պահպանել, որի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնել, որի համար պետք է կռվել,  և վերջապես որի վրա պետք է ապրել, որովհետև մեր սահմանադրության, Աստծո, ՄԱԿ-ի ու բոլորի առջև մենք դրա իրավունքն ու պարտականությունը ունենք։  

Please follow and like us:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *