Ինքնամեկուսացում/ Արփի Ոսկանյան

Ինքնամեկուսացման ռեժիմը ինձ համար անսովոր ու արտակարգ բան չէ, իմ ամբողջ կյանքը կամ ինքնամեկուսացում է, կամ ինքնամեկուսանալու ձգտում։ Երբ փոքր էի, մայրս հաճախ մոռանում էր իմ գոյության մասին, մեկ էլ հանկարծ (դա սովորաբար լինում էր, երբ նա ինչ-որ կատակի վրա շատ սրտանց ծիծաղում էր) մեղավոր հարցնում էր մյուսներին․ «Ո՞ւր ա մեր երեխեն»։ Այդ հարցից հետո շատ չանցած սովորաբար բացվում էր սենյակի դուռը, որտեղ ես ինքնամեկուսացել էի ու գիրք էի թերթում, կարդում, կազմում, գրում, նկարում, կտրտում եւ այլն, եւ ես տեսնում էի եղբայրներիս, քրոջս ու մայրիկիս վախեցած դեմքերը։ Երբ հայրական տանս գտա մանկությունից մնացած այդ արտեֆակտները, նորից լսեցի մորս ձայնը կողքի սենյակից․ «Մեր երեխեն ո՞ւր ա»։ Մեր բազմանդամ, աշխույժ ու աղմկոտ ընտանիքից իմ փախուստի առաջին փորձերն էին դրանք։

Տղաս հեռավար դասի ժամանակ, թուղթ, մարկերներ

Ավելի ուշ, պատանի հասակում սիրում էի մեկուսանալ տան հեռավոր սենյակներից մեկի պատուհանագոգին, ուր ցերեկը մարդ չէր մտնում, ու նայել պատուհանը դրսի կողմից վարագուրած՝ հարեւանի ծառի տերեւներին։ Մայրս միշտ սարսափում էր, երբ բռնացնում էր ինձ այդ զբաղմունքի վրա, որովհետեւ չէր կարող վերահսկել իմ մտքերը, եւ հավանաբար կարծում էր, որ կարող եմ իմ մտքում ինչ-որ անթույլատրելի բաներ անել։

Երիտասարդության տարիներին, երբ ինձ բախտ վիճակվեց մենակ ապրելու, ես կարող էի ամիսներով դուրս չգալ տնից (միայն մթերային խանութ) եւ ոչ միայն ինձ վատ չզգալ, այլեւ զգալ երջանիկ։ Հիշում եմ՝ ինչ տաղտուկ էին ինձ համար հանրային միջոցառումները, հարսանիքները, քեֆերը, միջոցառումները, քաղաքական պայքարները՝ դատարկ եւ ունայն կյանքը, որով ապրում են ինքնամեկուսացումից սարսափող մարդիկ։

Մաշտոց-Գրիգոր Լուսավորիչ խաչմերուկը իմ պատուհանից, թուղթ, մարկերներ

Կան մարդիկ, ում համար դժոխքը ուրիշներն են։ Կան մարդիկ, ում համար դժոխքը իրենք են։ Ես երբեք չեմ ձանձրացել ինձնից, ինձ միշտ հաճելի է եղել ինքս ինձ հետ ժամանակ անցկացնելը, թեպետ ինքնաքչփորման ընթացքում հաճախ թվացել է, թե իմ առջեւ անհատակ դժոխք է բացվել։ Մարդկանց պատահել է, որ չսիրեմ, պատահել է, որ խուսափեմ, պատահել է, որ ձանձրանամ նրանցից, բայց խոշոր հաշվով՝ ես սիում եմ ուրիշներին, ես միշտ ունեցել եմ ու ունեմ շատ ու մտերիմ ընկերներ, ես նաեւ կարող եմ երկար զրույցներ ունենալ մարդկանց հետ, փորձել հասկանալ նրանց, անկեղծանալ նրանց հետ եւ դառնալ նրանց գաղտնիքների գերեզմանը։ Եվ ես գրեթե միշտ սիրահարված եմ։ Ես միշտ սիրում եմ։ Ուրիշներին եւ ինձ։ Ինձ եւ ուրիշներին։ Այս սերերը մեկը մյուսի հաշվին չեն։

Ֆլիրտ կորոնավիրուսի ժամանակ, թուղթ, ջրաներկ

Թվում է, թե նախկին ինքնամեկուսացումը եւ այս մեկը իրարից պիտի որ տարբեր լինեն, որովհետեւ նա իմ ընտրությունն էր, իսկ սա պարտադրված է ինձ։ Բայց նախկինում ես դարձյալ պաշտպանում ու պահպանում էի ինձ մարդկանց մեջ տարրալուծվելուց, ու եթե սա պարտադրված է, ուրեմն նա էլ էր պարտադրված։ Եթե նա իմ ընտրությունն էր, ուրեմն սա էլ է իմ ընտրությունը։ Չէ՞ որ ես կարող եմ անտեսել բոլոր զգուշացումները եւ շփումներ ունենալ մարդկանց հետ։ Հատկապես հիմա, երբ խիստ սահմանափակումները հանված են։ Եթե այն ժամանակ ես պահպանում էի իմ հոգին, հիմա պահպանում եմ իմ մարմինը՝ իմ հոգու միակ բնակավայրը։ Ես սիրում եմ իմ մարմինն ու իմ հոգին եւ պահպանում եմ դրանք իմ սիրելի մարդկանց համար, այն մարդկանց համար, ում համար ես թանկ եմ, ում կտխրեցնի իմ չլինելը․ ես հաստատ գիտեմ, որ կան այդպիսի մարդիկ․․․ Եվ վերջապես՝ ես պահպանում եմ ինձ ինքս ինձ համար, ու ինձ դուր է գալիս ինձ սիրելը, իմ մասին հոգ տանելը, ինձ պահպանելը։ Դա հաստատ ավելի հեշտ է, քան ինձ ծնելն է եղել։

Please follow and like us: