Պոլ Բ. Պրեսիադո/ Իմունիտետը եւ սահմանային քաղաքականությունը

Առնվազն երկվորյակ աշտակարների փլուզումից հետո միջազգային քաղաքականությունը բնութագրվում է ազգային պետությունների վերասահմանմամբ նորգաղութատիրության ու ինքնության տեսանկյունից։
Ինչպես նաեւ՝ ֆիզիկական սահմանը ազգային ամբողջականության եւ քաղաքական ինքնիշխանության վերականգման պայման ընկալելու գաղափարի վերադարձով (նորազատականության ռեյգան-թեթչերյան փուլից հետո, որում կարեւորվում էին ազատ տեղաշարժն ու ազատ առեւտուրը)։ Իսրայելը, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Թուրքիան եւ Եվրոպական միությունը հանդես եկան որպես նոր սահմանների կոնցեպցիայի նախաձեռնողներ, որոնք Բեռլինյան պատի՝ դիպուկահարների մշտական վերահսկումից հետո առաջին անգամ պահպանվեցին ու պաշտպանվեցին ոչ միայն կենսաքաղաքական միջոցներով, այլեւ աստիճանաբար, նեկրոքաղաքական միջոցներով՝ օգտագործելով վտարման ու մահվան հնարքները։
Եվրոպական եւ հյուսիսամերիկյան հասարակությունները որոշեցին կառուցել իրենց իբրեւ լիովին իմունիզացված համայնքներ՝ փակ արեւելքի եւ հարավի առջեւ, թեպետ այս երկու տարածաշրջանները նրանց համար հանածո վառելիքի եւ սպառողական ապրանքների գլխավոր մատակարարն են։ Այս քաղաքական իմունիտետի կառուցումը նորինքնիշխանական կառավարման օրինակ դարձավ․ 2015 թվականին Եվրոպան փակեց Հունաստանի, Իտալիայի եւ Իսպանիայի սահմանները եւ կառուցեց պատմության մեջ ամենամեծ մեկուսացման կենտրոնները՝ բաց երկնքի տակ, Միջերկրական ծովի շրջակայքում, զինվորական հսկողության տակ։ Եվրոպայի ոչնչացումը (այն, ինչի ականատեսն ենք) պարադոքսալ կերպով սկսվեց այն ժամանակ, երբ ստեղծվել էր եվրոպական իմունային հանրությունը՝ բաց ներսից, բայց ամբողջովին փակ օտարերկրացիների եւ ներգաղթյալների առջեւ։
Այն, ինչ հիմա փորձարկվում է համաշխարհային մաստաբով՝ Covid-19-ի կառավարման միջոցով, ինքնիշխանության նոր ընկալումն է։ Մարմինը, ձեր անձնական մարմինը՝ որպես կենսական տարածք եւ որպես իշխանության ցանց, որպես արտադրության եւ էներգիայի սպառման կենտրոն, դարձել է նոր տարածք, որտեղ հիմա գործարկվում է դաժանագույն սահմանային քաղաքականությունը, որը մենք տարիներ շարունակ մշակել եւ փորձարկել ենք «ուրիշների» վրա՝ այժմ զսպող մեթոդների եւ վիրուսի դեմ պատերազմի կերպարանք ընդունած։ Նոր նեկրոքաղաքական սահմանը Թուրքիայի ափից տեղափոխվել է ձեր տան դռան մոտ։ Լեսբոսը հիմա սկսվում է ձեր տան շեմից։ Դռան հետեւում Լա-Մանշն է։ Եվ սահմանը միշտ սեղմվում է ձեր շուրջը՝ ավելի ու ավելի մոտեցնելով ձեզ ձեր մարմնին։ Նոր սահմանը քո էպիդերմիսն է։ Նոր Լամպեդուզան՝ քո մաշկը։ Տարիներ շարունակ ներգաղթյալներին ու փախստականներին մենք վարակիչ էինք համարում հասարակության համար եւ տեղավորում էինք նրանց զինվորական վերահսկողության տակ պահվող մեկուսացման կենտրոններում՝ որտեղ նրանք մնում էին առանց իրավունքների եւ քաղաքացիության՝ քաղաքական քավարան, հավերժական սպասման սրահներ։

Թարգմանութչունը՝ Գրողուցավի
Աղբյուրը՝ այստեղ

Please follow and like us: