Ինքնամեկուսացում|Հռիփսիմե Ղազարյան

Պատուհա՞ն թե՞ լուսամուտ…
Թող լինի լուսամուտ, որպես լույսի օրհնաբեր մուտք։
Երջանիկ եմ, որ ամեն օր ու ցանկացած եղանակին Լուսամուտիցս կարդում եմ բնության պատկերները։ Սիրուն ու ազնիվ են բնության մեջ բոլոր գծերը. կարդում ես, կարդում, ու մեկ էլ դառնում է նկար։ Ցանկացած իրավիճակներում աչքերս ներքին աշխարհիցս մղվել են դեպի դուրս, մեղմորեն սահել, միահյուսվել են
իրար չզիջող մտքերիս, ու արդյուքում ի վերջո խաղաղություն գտել դիմացի ազատ տարածության մեջ՝ լեռներում, ձորերում, հեռվում նշմարվող տնակներում…
Այստեղ՝ պատշգամբ գալ, դիտել ու նկարելը կարծեք թե ինքնամեկուսացում է եղել աշխարհից, տուն-տեղից, բայց ինձ միշտ ներքին ուրախություն է հաղորդել։
Վերջին ամիսներին, ավելի հաճախ եմ մեկուսանում իմ պատշգամբում՝ մտքերս թղթին հանձնելու, ու մտորելու առանց թղթի: Միևնույն ժամանակ երազում եմ միանալ ընկերներիս, վերցնել «մտքերիս շտեմարանը» ու ընկնել սար
ու չոլ․.. Ախր ինչքան բնական է կանաչ հոտը քթիդ, մեղվի բզզոցն ականջիդ ու ընկերներիդ, գրավված խոտատարածքները թիկունքիդ զգալով նկարելը։
Ինչքան ուրիշ է ՜…
Շուտ արա, դիմակդ դիր ու խանութ իջիր․․․

Նոր Հաճնը՝ պատուհանից
սքեչբուք A5, ջրաներկ
Հատիսը իմ պատշգամբից
սքեչփուք A4, յուղամատիտ
Աբովյան քաղաքը հեռվում, անձրեւից հետո
սքեչբուք A4, յուղամատիտ
Please follow and like us: