Կորոնաֆուտբոլ

ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ97/Դանիական լեռներում/ Բյուրակն Իշխանյան

Ֆրանկֆուրտի բնակչությունը 755 000 է։ Չգիտես ինչպես վրիպել է Դանիայի իշխանությունների աչքից, որ երկու շաբաթ առաջ հայտարարեցին, թե Գերմանիայի հետ սահմանները բացվում են, բայց 750 000֊ից մեծ բնակչություն ունեցող քաղաքներ մեկնել խորհուրդ չի տրվում։ Թվարկում են քաղաքները՝ Բեռլին, Համբուրգ, Քյոլն ու Մյունխեն։ Ֆրանկֆուրտը մեջը չէ։

Ու քանի որ այս ամառ առաջին աշխարհում ապրողներիս լրջագույն խնդիրը որտեղ հանգստանալն է, Ֆրանկֆուրտը հանկարծ հայտնվում է հնարավոր հանգստավայրերի ցանկում։ Բայց Ֆրանկֆուրտ չենք գնում, Ֆրանկֆուրտից կորոնաֆուտբոլի գնդակն ինքն է գալիս-հասնում Վայլե, ու ես մտածում եմ՝ հետը ինչ անել։

Մինչ առաջին աշխարհն իր արձակուրդի հարցերն է լուծում, Հայաստանում թվերն աճում են։ Ինձ երկար ժամանակ պետք եղավ հասկանալու համար, որ բնության օրենքների ու Հայաստանի իշխանությունների դեմ ոչինչ անել չեմ կարող, ուրեմն պիտի ֆեյսբուքս ապաակտիվացնեմ, հանգիստ քաշվեմ իմ անկյունում ու իմ արձակուրդի դարդին մնամ՝ ձևացնելով, թե Հայաստանում կատարվողն ինձ ընդհանրապես չի անհանգստացնում։ Միևնույն է, եթե նույնիսկ խոսեմ դրա մասին, շրջապատիս մարդիկ թեման փոխելու են Black Lives Matter-ին, որովհետև էն, ինչ ԱՄՆ-ում է կատարվում, շատ ավելի կարևոր է իրենց համար, քան Հայաստանը։

Համավարակից հետո իմ առաջին իսկական արձակուրդը Վայլեում էր՝ փոքր քաղաք Դանիայի Յուլանդ թերակղզու մեջտեղներում։ Մենք Օրհուսի գրող կանանցով էինք, որ գրական փառատոնի՝ մեր մայրերի ու տատիկների մասին միջոցառման չեղարկումից հետո որոշեցինք միասին պոկվել մեր առօրյայից ու գրել։ Դանիայում լեռներ չկան, ռելիեֆը հարթ է, ինչպես մեր տատիկների ձվածեղի թավաները։ Էստեղ բլուր հիշեցնող յուրաքանչյուր վերելքի լեռ են ասում։ Վայլեն Դանիայի ամենալեռնային հատվածն է, որովհետև մի երկու բլուր ունի, որ սկի Երևանի Բաղրամյանի վերելքին չի հասնի։ Էսպիսի ժամանակներում, երբ չգիտես մեկ էլ երբ Հայաստան կգաս, լեռներ տեսնելը կենսական անհրաժեշտություն է դառնում, որովհետև հոգնում ես քաղաքի անվերջ շենքերից ու չերևացող հորիզոնից, միագույն ծովից, որին կարող ես հասնել ընդամենը կես ժամ հեծանիվ քշելով, ու ընկերներիդ երևանյան նկարներին նայելուց, որտեղ վերևներից սիրուն-սիրուն մայրամուտներ ու ծիածաններ են երևում։

– Ես լեռնային երկրից եմ,- ասում եմ,- մեր ամենացածր կետը Դանիայի ամենաբարձրից բարձր է։

Հետո մատս դնում եմ հսկայական քթիս ու բացատրում, որ մեր մեծ քթածակերը նոսր օդը մեծ քանակությամբ ներս քաշելու համար են։

Մենք վեց հոգով ենք տարբեր տարիքի, վեց տարբեր երկրներից՝ Հայաստան, Ղազախստան, Իսլանդիա, Գերմանիա, Չեխիա և Միացյալ Թագավորություն։ Գուցե սա մեր միակ արձակուրդն է այս տարի, չգիտենք։ Ասելան ուզբեկական փլավ է սարքում, որ մատներս լպստելով ուտում ենք։ Հետո սկսում ենք սովետական մշակույթից խոսել, որին արևմուտքն այնքա՜ն անհաղորդ է։ Դուք կարծում եք, թե Սովետի ժամանակ ոչինչ չէր ստեղծվում։ Բայց գրաքննության անցքերից ինչ ասես չէր ճողոպրում։ Դուք կարծում եք, թե մենք անկիրթ-անմշակույթ մարդիկ ենք, բայց մենք թե՛ ձեր, թե՛ մեր մշակույթը գիտենք, իսկ դուք մերի մասին ոչինչ չգիտեք։

Վեց կանանցով գրում ենք միասին ու պատմություններ պատմում։ Բողոքում ենք դանիացիների մեծամտությունից, թե ինչպես են մեզ՝ իմիգրանտներիս, սովորեցնում, թե «այս երկրում այսպես են անում»։ Դրանից ոգևորված վեպիս մեջ մտցնում եմ այդ նախադասությունը։ Էս անգամ մենակ հայերեն եմ գրում, խմբի համար կարդալու բան չունեմ։ Ինձ հարցնում են՝ ի՞նչ ես գրում, ասում եմ՝ հրեն, Ֆրանկֆուրտից կորոնաֆուտբոլի գնդակը հասավ, բռնել եմ ու ուզում եմ խփել։ Մենք Հայաստանում կորոնաֆուտբոլ ենք խաղում, որ կորոնան մոռանանք կամ որ կորոնային հաղթենք։ Մենք կարծում ենք, որ ֆուտբոլն ավելի արդյունավետ միջոց է կորոնայի դեմ, քան անձը հաստատող փաստաթուղթը։

Վեց տարբեր գույնի ու ձևի կանանցով Վայլեում զբոսնելիս մեզ թարս են նայում։ Ոչ թե «հլը էս իմիգրանտներին տեսեք» թարս, այլ «դուք ստեղացի չեք, մենք ձեզ նախկինում չենք տեսել» թարս։ Ու մեքենաներ են կանգնում, մեզ ուսումնասիրում։ Վայլեն այնքան փոքր է, որ յուրաքանչյուր բնակիչ մյուսներին անգիր գիտի։

Երեկոյան շրջանաձև նստում ենք հյուրասենյակի հատակին ու սկսում մեր տատիկների մասին փոդքասթ ձայնագրել։ Հենց ձայնագրիչը միանում է, բոլորիս լեզուները կապ են ընկնում, սկսում ենք խոսել մեր հարավ-արևելյան Ասիայից մինչև հյուսիսային Եվրոպայում ապրած տատիկներից, որոնցից ում լավ ենք ճանաչել, ում՝ վատ, ում երբևէ չենք տեսել, ում ամեն օր տեսել ենք։ Ու մեր տատիկները մեր հեղինակություններն են։ Ես ամեն շաբաթ Մեծ Բյուրակնին զանգում եմ։ Վերջին անգամ որ զանգեցի, ասաց՝ ինչու՞ ենք հայ ծնվել, բախտներս բերեր, ուրիշ ազգ ծնվեինք։ Երբ Մորթենին՝ դանիացի ընկերոջս կրկնեցի այս խոսքերը, ասաց՝ ո՞նց, բայց Մեծ Բյուրակնը Հայաստանի հոգին է։

Մեծ Բյուրակնը Հայաստանի հոգին է։

Please follow and like us: