Կորոնաֆուտբոլ/ Պենալներ (Մաս հինգերորդ)

Անահիտ Հայրապետյան

Տասնմեկ մետրանոց։ Լարված եմ։ Կանգնած եմ դարպասի դիմաց մեն մենակ՝ պրկված մկաններով, ակնախորշերից դուրս թռնող աչքերով։ Գնդակով պիտի գրավեմ դարպասը։ Դարպասապահը անտեսանելի վիրուսն է, ինչի դեմ արդեն երկար օրեր խաղում ենք բոլորս։ Հաղթանակը մոտ է։ Վայրկյանների տեւողությամբ դրվագները վազում են աչքիս առաջ։ 

Գյուղ Խծաբերդ, 1988։
-Կիրի՝ բարեւագիր, համբուրագիր։ Նախեւառաջ, մեր շենին նախերը ծեր առաջ։ Թա հըրցընիք մըզանա, նիգարան չընք, ծիզանա։ 
-Լավ էլի, հոպար, օգնիր նորմալ նամակ գրեմ։
Քաղաք Ֆրանկֆուրտ Մայնի վրա, 2020:
-Մամա, բա որ ինձ գյուղում թողնես, ու ես ուզեմ հաց ուտել, ո՞նց պիտի ասեմ։ 
-Պիտի ասես՝ տուզնըն ըմ։ 

Քաղաք Արտաշատ, 1996:
-Սկաց, հըղեննի էնքան վընն իլած ընք լալ, վեր սաղ քիշեր վեչ ես, վեչ Սամոն, կըրեցալ չընք, թա նառմալնի քոնն ինինք։ Ասօր մին լավ քոնն ընք իննական։
Սեղանի շուրջ նստած արտաշատցի կանայք փռթկացնում են ու կաս-կարմիր դեմքով փսփսում իրար ականջի։

Քաղաք Աբովյան, 2024:
-Քովիդի թեսթ հանձնեցի, բայց ստիպված խանութ մտա։ Մի կին առանց մասկա ճեմում ա խանութում։ 
-Տիկին, ինչի՞ մասկա չեք դնում,- կշտամբեցի։
-Չլինի դուք էլ ե՞ք հավատում տենց բաների։ Էս կորոնան հորինած բան ա, հո-րի-նած, էս ա, մասկա էլ ունեմ, բայց որտեղ ոստիկան հանդիպի, մասկաս տալու եմ գլխին,- ամբողջ կոկորդով ղժղժաց նա։
-Քո նմանները խայտառակում են հանրապետությունը։ Ես ամբողջ օրն ախտահանվեմ, կանոններին հետեւեմ ու քո նմանների երեսից վարակվե՞մ, էս ա մասկես հանեմ, փռշտամ դեմքիդ։

Աբովյան-Երեւան մայրուղի, 1998։
Առավոտ շատ վաղ գնում ենք Երեւան՝ քննություն հանձնելու։ Ես ու մերս ենք։ Ավելի շատ անհանգստանում եմ՝ չլինի սխալ կանգառում իջնենք ու քննությունից ուշանամ։ Ահա այսպես սկսեց ոչ բնիկիս գրոհը Երեւան։ Մեր աչքաթող արած քաղաքներում ոչինչ զարգացած չի, մեր քաղաքն իսկի ձեւավորված կենտրոն չունի, ո՜ւր մնաց բնիկներ։ 

Երեւան, 2028:
– Հայաստանի կորոնաֆուտբոլի հավաքականը հերթական ֆուտբոլային հանդիպմանն է պատրաստվում, հավաքականի կազմում մեծամասնություն են կազմում կանայք։ Հատկանշական է, որ գերակշռող մեծամասնություն են կազմում կանայք,- հաղորդում է ռադիոն՝ ինքն իր ասածին չհավատալով։

Ստեփանավան, 2028։
– Հիմա արդեն քաղաքականությունում էլ մեծամասնությունը կանայք են, վարչապետն էլ ա կին,- սուրճի կրակի մոտ ռադիոհաղորդավարին խնդմնդալով արձագանքում է Արփին,- հե՜յ գիտի ժամանակներ, երբ այդ ամենը դեռ նոր-նոր էր սկսում։

Հավաքվել ենք Արփիի ծննդավայրում, քեֆ ենք անում։ Ամեն տարի խաղացողներով այցելում ենք կորոնաֆուտբոլիստների ծննդավայրերից մեկը՝ Խծաբերդ, Ախքյորփի, Մեղրի, հերթը Ստեփանավանինն է։ Կորոնավիրուս։ Կորոնա։ Կորոնան բռնոցի խաղաց ամենքիս հետ, կորոնան արժեւորեց ու արժեզրկեց շատ բան։ Մարդ չգիտի էլ բարկանա, լաց լինի, թե շոյի Կորոնայի ցցված շոշափուկները, ինչպես Փառին օրերից մի օր շոյում էր Վասիլիի գլուխը։ Հեռու անտառներում կորած, մոռացված ադրբեջանական գյուղից Կարմիր հետ գալու ճանապարհին Փառանձեմ ամային Վասիլին տեղ է հասցնում իր ձիու գամակին։ Շոյում է իրեն Կարմիր հասցրած ռուս երիտասարդի գլուխը Փառին՝ բարձրաձայն ու անդադար կրկնելով իր իմացած միակ ռուսերեն բառակապակցությունը՝ սուկին սըն, բալա ջան, սուկին սըն։ 

Արփի Ոսկանյան

Ես Փառանձեմն եմ՝ նշանավոր կորոնաֆուտբոլիստ Արփիի (Ոսկանյան) ժառանգներից։ Սովորաբար էս մասին լռում եմ, որովհետեւ ընկերներս ձեռ են առնում, ասում են՝ մենք բոլորս էլ առաջին կորոնաֆուտբոլիստների ժառանգներն ենք։ Բայց ես հո գիտեմ, թե ով եմ, եւ անկեղծ ասած՝ դա շատ է օգնել ինձ դժվար պահերիս։ Գիտակցելը, որ իմ նախատատը ոչ միայն եղել է աշխարհը նվաճած խաղի հիմնադիրներից, այլեւ խաղացել է այդպիսի աստղաբույլի հետ, կորոնաֆուտբոլի այդպիսի հանճարների։ Երբ կարդացի «Կորոնաֆոտբոը», ամենաշատը ապշեցի նրանց համեստությունից։ Մի՞թե չէին զգում, որ մի շատ կարեւոր փոփոխության սկիզբն էին դնում։ Մի՞թե չէին զգում, որ գրականությունը իջեցնում էին Պառնասից, կիսաստված ընտրյալների զբաղմունքից վերածում էին այն ցանկացած մարդու գրեթե ամենօրյա կենսական պահանջմունքի։ Մի՞թե չէր զգում իր տաղանդի թափը բացառիկ ռմբարկու Ժաննան, երբ համեստություն էր անում «Կորոնաֆուտբոլի» եզրափակիչ պենալներում՝ իրեն ոչ էնքան հաջողակ համարելով։ Մի՞թե արդեն իսկ մեծագույն հաջողություն չէ գրել այնպես, որ մարդիկ ցանկանան ոչ միայն կարդալ գրածդ, այլեւ գրել։ Չէ՞ որ առանձնաատուկ տաղանդ է պետք քո գրածով մարդկանց մեջ գրելու ցանկություն բորբոքելու համար։ Չէ՞ որ հանճարը նա չէ, որ սպանում է իր կողքի տաղանդներին, որպեսզի ամայության մեջ ինքը փարթամորեն աճի եւ հիացմունք ու սեր կորզի երբեմնի անցնող-դարձողից։ Կորոնաֆուտբոլիստների գլխավոր վաստակն այն է, որ նրանք հիմնավորապես փոխեցին հանճարի ընկալումը։ Ինչքան, ինչքան նմանատիպ վեպեր գրվեցին «Կորոնաֆուտբոլից» հետո, ինչքան հանճարներ ու տաղանդներ եղան, որոնց տեսնելով կորոնաֆուտբոլիստները պիտի հրճվեին, բայց մեկ է՝ առաջին կորոնաֆուտբոլիստները առանձնահատուկ տեղ են գրավում, որովհետեւ նրանք առաջինն են։ Եվ որովհետեւ նրանք շատ լավ են գրել։ Մեկը մեկից լավ։

Աշխարհի վերջից առաջ, երբ մահաբեր վիրուսը պատուհասել էր մարդկությանը, երբ մարդիկ այլեւս չէին կարող շփվել իրար հետ, նրանք գտան ապրելու, իրար հետ միավորվելու, իրար սատարելու ձեւը։ Նրանց արարքը իսկական սխրանք էր, հոգեկան մեծ ուժի ապացույց։ Տեսնես պատկերացնում էի՞ն,  որ իրար ուղղությամբ պատմություններ տշելու այդ պարզ խաղը շուտով վարակելու է ամբողջ մարդկությանը։  Որ հնարավոր է մահաբեր համավարակից շահած դուրս գալ։ Տեսնես պատկերացնո՞ւմ էին, որ աղքատ, պատերազմի ու ճգնաժամի մեջ խրված Հայաստանը այնքան է հզորանալու, որ մի օր տիեզերք մարդ է թռցնելու։  Չգիտեմ ինչու՝ ինձ թվում է նրանք դա գիտեին։ Մեր աշխարհը նրանց երազած աշխարհն է։

Եվ պատահական չէ, որ դեպի Kepler-186f մոլորակ կատարվող այս տիեզերական առաքելությունից առաջ, երբ ես եւ ինը ընկերներս լքում էինք Հայաստանն ու Երկիրը, որպեսզի տիեզերքի մի հեռավոր կետում նոր Հայաստան հիմնենք, մայրս հրաժեշտի պահին ինձ երկու գիրք տվեց, մեկը Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգությանն» է, որ ըստ հին հավատալիքների կարող է  գլխացավ ու այլ ցավեր բուժել, մյուսը՝ հայտնի «Կորոնաֆուտբոլը», որ բուժում է ընկճախտը, հուսահատությունը, եւ որը ժողովուրդն անվանել է «Ուրախության մատյան»։ Սակայն այն բավական չէ դնել բարձի տակ, պարտադիր է կարդալը։
Եվ հիմա՝ մեր առաքելության եւ մեզ սպասվող յոթամյա ճանապարհի առաջին օրը այս առաջին գրառումն անելուց հետո ես պիտի բացեմ մի անգամ կարդացած գրքի առաջին էջը ու կարդամ նորից․ «Ա, դե տանձիս չի ձեր վիրուսը, հա՞» ծանոթ ու հուսադրող վերնագիրը։

Please follow and like us: