Կորոնաֆուտբոլ

ԿՈՐՈՆԱՖՈՒՏԲՈԼ96/ Պարային կարանտին/ Սաթիկ Հարությունյան

Կորոնաֆուտբոլի ամեն պասից հետո մտածում եմ, որ ֆսյո, էլ հնարավոր չի մի բան գրել, որ համ նոր լինի, համ շարունակի նախորդներին, համ եղի, համ՝ դաղի, բայց մեր խաղացողները, որ դաշտ են մտել տարբեր բարբառներով, քունջ ու պուճախից հանած հիշողություններով, պաս տալով ու գողանալով, իրենց հետ բերելով ծանոթ-ընկեր-բարեկամներ, հարս ու կեսուրներ, հեռավոր ազգականներ, երգ- երաժշտություն, ընտանի ու վայրի կենդանիներ, մոմ ու ճրագ, էնքա՜ն պրոֆեսիոնալ են, որ ամեն հաջորդ պաս նախորդներին չի զիջում ու հակառակը:
Բայց դե «Սարի սմբուլ»-ը հաստատ էլի պակաս ա…
Էս առիթով մի բան հիշեցի, սովետի տարիներին, բացի գնացքից, Երևանից Մեղրի և հակառակը, գնում էինք ավտոբուսով՝ պազիկներով, իսկ վերջում նաև, ճոխություն համարվող ԼԱԶ-երով: Ուրեմն տոներից մեկի նախօրյակն էր ու մենք ուսանողներս ու էլի ուրիշ ուղևորներ ավտոբուսով Մեղրի էինք գնում: Էդ օրվա վարորդները Դերոն ու նրա մշտական նապառնիկ Մխոն էին, որի մասին մեղրեցի դասականը, նկատի ունենալով, որ ինքը համարյա չէր քշում, ասել էր.
-Դե ոնց որ Մխոն էլ Դերոյի ստյուարդեսան ա էլի՜:
Հա, մի խոսքով, ավտոբուսը լիքն ա, Մխոն հետևի դռներից դեպի ներս մի թմբլիկ կնոջ զոռով խցկում ա ներս ու հետն էլ ասում.
– Մտի,մտի՜, ավտոբուսում ինչքան էլ տեղ չլինի, մի հոգու տեղ էլի կլինի…
Հա հիմա կասեք, ոնց որ մեր լրատվականները լինես, վերնագրի հետ կապ չունեցող բաներ ես գրում, բայց շատ շուտ եք չարախնդում…
Դպրոցական տարիներիս ամառային արձակուրդներով սկսվում էր իմ երևանյան կարանտինը, որի մեջ առանձնանում էր իմ սիրելի պարային կարանտինը: Ես հիմնականում մնում էի մայրական Արփիկ տատիս տանը, բայց հաճախ մի քանի օրով Պայծառ հորքուրիս տուն էի գնում ու էդ ժամանակ նրա աղջկա, իմ երկպորտ քույր՝ Ջուլիայի հետ պարի փորձերի էի գնում, խումբը պարում էր, ես նայում, շարժումները մտքում կրկնում էի, որ տանը թաքուն փորձեմ ու հետո մտքում պարեմ: Էդ ժամանակվանից սկսած երկար տարիներ ես՝ ինձ հայտնի «մտքում գրող» ամենահայտնի գրողը լինելուց բացի նաև ինձ հայտնի «մտքում պարող» ամենահայտնի պարողն էի…
Մոտ քսան տարի առաջ, երբ հարսանիքները սրահներում անցկացնելը նոր- նոր էր ավանդույթ դառնում, իմ ու Մեսրոպի երկպորտ, մեր Գրիգորի էլ հարազատ եղբոր՝ Տիգրանի հարսանիքն էր: Լավ էր հանդիսավարները հալա մոդա չէին ու թամադան հաճույքով ձայն էր տալիս ցանկացողներին: Կարելի էր իհարկե չնշել, որ խոսացողների մեջ առանձնակի ընդունելության ու բռավոների արժանացավ մեր Մեսրոպը, բայց ասելիքս մի ուրիշ բան ա…
Ինձ՝ իմ ընկեր բարեկամները, բավականին լավ պարող են համարում, բայց տեսնալ էր պետք թե ի՜նչ էին անում մեր Գրիգորի ֆուտբոլիստ ընկերները: Ո՜նց էին պարում, մերթ Անդոկից գրոհ տալով, մեկ՝ հարձակվելով, մեկ՝ հետ քաշվելով, Էլ «ադին ադին», էլ «չերեզ սեբյա» ու նորից գրոհելով, ու պասերո՜վ, պասերո՜վ…
Գնահատելով տղաների էներգիան ու արագությունը, կոլեկտիվ պարն ու անհատական անցումները, համառությունը, տո հենց հնարամտությունը՝ էն ժամանակվանից հարց ա մնացել, թե ո՞նց ա մեր ֆուտբոլի հավաքականը հաջողացրել էդ տարիներին, հալա Աշխարհը քյաքյուլներին ղուրբան, գոնե Եվրոպայի չեմպիոն չդառնալ…
Հա, ինչևէ, բայց իրանք էդ հարսանիքի միակ պարողները չէին, նրանց չէր զիջում հարսի կողմը, հարսնաքույրը փայլեց իրա մենապարով, ու տղաներին երևի թվաց թե սա ֆինալի խաղ ա ու իրանք ոնց-որ թե տանուլ են տալիս…
Ու մեկ էլ կորոնադաշտ, վայ չէ ինչ եմ ասում, պարահրապարակ մտավ միջահասակ, պարողի դասական կեցվածքով գեղեցկատես մի տղամարդ… Ու ամբողջ սրահով մեկ տարածվեց «քեռին, քեռի՜ն եկա՜վ» … Պարը աննկարագրելի էր … Հարսանքավորների հիացական «Վա՜խ»-ը չէր կարող ամբողջական արտահայտել էն ամեն ինչը, որ զգում էին ներկաները:
Ինչպես հետո իմացանք, էդ տղաներն էին օգնության կանչել նրանցից մեկի քեռուն… ու լավ էին արել…
Էս դրսից տղա բերելը, փաստորեն ամեն տեղ էլ ընդունված ա, բայց միշտ չի, որ վատ բան ա…
Օֆֆ, հիմա էլ անընդհատ մտածելու եմ, թե մեր հայտնի գարԱԺի սաստավից, որին ինչ պար ա համապատասխանում, բայց ոնց որ մտածելու բան առանձնապես չկա էլ, որովհետև էստեղ պոպուրին ա ընդունված ու կախված ա նրանից, թե իրանց թմբուկահարը, զուռնաչին կամ բալալայկիստը էդ պահին ինչ ա նվագում… Հա, բայց ասեք, որ սրանց «Собачий вальс» պարողները կյանքՈւլիկներ են…

Please follow and like us: