Կարին Գրիգորյան/ Ֆիրդուս թաղամասին

Հիշողության գինը

Դպրոցի ճանապարհը միշտ նույնն էր՝ քարքարոտ, վարի գնացած ասֆալտի կտորտանքներն այս ու այն կողմ ցրված, խաղահրապարակը՝ ավտոտնակների վերածվող, հին աղբյուրները թարմ պուլպուլակներով փոխարինվող: Մի օր նոր ասֆալտ փռվեց: Տխրությունը ոչ ոք չէր հասկանում: Խնդմնդում էին: Որովհետեւ իր դպրոցի հին ճանապարհն էր ափսոսում, ու նորով դեռ չգիտեր ոնց ուրախանալ: Հիշողությունն էր կորել, մարմնի ու ոտքերի հիշողությունը, որ տարիներով տարել էր դպրոցից պուլպուլակներ, վերջին պուլպուլակից՝ տուն: Դպրոցի, առաջին սիրո տան կողքով ոլորվող ճանապարհի հետ ապրող այդ հիշողությունը մի քիչ արժեք ուներ: Կյանքի արժեք: Ուրեմն այո, հենց այդ տեղի հիշողությունը՝ կապված մարմնի հետ անքակտելի, սիրուն, մերժված, ապրող: Իսկ գինը երկար ժամանակ ոչ ոք չէր հասկանում: Որ հիշողությունը գին ունի՝ հասկացավ, երբ մտածեց բոլոր էն փոքրերի մասին, որ արդեն ուղիղ ճանապարհով էին քայլելու դպրոց: Ինքն էլ էր այդ գինը վճարողներից: Իր հիշողության արժեքով վճարվող գին էր: Նոր ճանապարհը այլ մարմնի հիշողություն էր դառնալու, ու գուցե այդ հիշողությունը կյանքի արժեք էր դառնալու: Իսկ թաղամասը փոխվում էր, ու հեռու էր պինդ պետական ձեռքով բարեկարգվելուց, կյանքն այնտեղ իր հունով էր առաջ գնում:


Մեծ ոսկորը փոքր քաղաքի կոկորդում

Խուճուճ թաղամասերը միշտ սիրելի էին: Քայքայվող, կեղտոտ, անբարեկարգ, ճաշահոտով ու ելումուտով, լվացքով ու վատ երաժշտությամբ: Պաթոսային շենքերի հետեւում եռացող կյանքի մեջ մարմինը դրսում էր, բայց իրեն տանն էր զգում: Ամեն ինչ հետաքրքիր էր աչքի համար, անվտանգության զգացողություն կար ու ոտքը քարին չէր գայթում՝ սովոր էր այդպիսի ճանապարհի: Մարդիկ իսկական են ու տները նույնպես: Իրեն անդադար քանդող ու շինող մարդիկ տեղ են գտել ու ապրում են, ու տարօրինակ է ակնկալել որեւէ գնահատանք այն ամենի հանդեպ, ինչ տեղի է ունենում այդ թաղամասերում: Իհարկե առնետանոց է: Իհարկե հինը պետք է լինի բյուրեղապակյա կամ ադամանդից, կամ գոնե գմբեթ ունենա: Տարօրինակ է սպասել, որ տուն սարքելիս մարդիկ մտածեն, որ արժեք են ստեղծում: Տան հետ կապված բոլոր հիշողությունները կարելի է վերածել գնի ու վաճառել մեկ ուրիշին, որովհետեւ այդ գնով կարելի է ավելի բարեկեցիկ ապրել: Իսկ ի՞նչ անես, եթե հիշողությունը խմբային է, եթե թաղամասը համայնք է, ոչ թե հողատարածք, եթե հիշողությունն արժեք ունի, որը գին չի դառնում անգամ ավելի բարեհամբյուր կալվածատերերի համար: Ի՞նչ անես: Աչք են տնկել յուղոտ թիքայի վրա, բայց քաղաքի ողնաշարային ոսկորներից են աղալու: Տեսնողն ո՞վ է լինելու, անցորդները, թե՞ կողքի խուճուճ թաղամասերի բնակիչները:


Պահպանողականը

Փոքրուց մեծանում էր խաղողի ուղիղ վեր բարձրացող վազի հետ, տարիքը հստակ չգիտեր, բայց տնկել էր պապու հայրը: Դրանից քիչ հեռու ինչ-որ փոսակ կար, որը փակված էր մանկական պլաստիկե գարշոկով: Միշտ մտածել էր, որ գարշոկը վարձով մնացող Մարգոյի չունեցած երեխունն էր, կամ կարող էր լինել: Խաղողի թառմաների վրա ճոճորվելով ու թուփ հավաքելով էր մեծացել, հետո՝ տնից գնացել, իր գլխի ճարը տեսել: Լավ բերք չէր տալիս, մեկ աջ, մեկ ձախ՝ ուղիղ, ծառի բնի նման վազը կտրեցին: Առաջին անգամ էր տեսնում բունը հորիզոնական, գետնատարած, մասնատված: Էլի խնդմնդացին, ասացին՝ հետդ տար, պահի, թե ուզում ես: Էդքանի միջից մենակ իրեն էր թա՞նկ էդ փայտի կտորը: Բերք չի տալիս՝ կտրենք: Տունը հին է՝ քանդենք: Տնաշեններ: Ծառի ու տան հիշողությունը, իհարկե, գին ունի, ու վճարվում է ավելի լավ կենցաղ ունենալու դիմաց: Մարդիկ են տենց ուզում ու իրենց չեն ստիպում, իրենք են տերը: Հիշողության տերն են՝ ջնջում են: Հիշողության հետ առհասարակ օքեյ են: Մնացածը ռոմանտիկայի դաշտից է, չեն գժվել: Պետք եղավ՝ կծախեն: Մնացածն իրենց պետքը չէ: Նորի հետեւից են գնում: Իսկ եթե տեղը հիշողություն ունի, էդ մասին թող հոգան հասկացողները:


Ձոն քաղաքին

Մի օր լքեց հայրենասիրական պաթոսի մեջ խեղդամահ քաղաքը, որովհետեւ դրանից գալիս էր հողակույտ դարձած դիակի հոտը: Թաղամասերն ավելի էին նեխել ու քայքայվել: Դպրոցի վերանորոգված ճանապարհը ժամանակին ինչ-որ մեկի քմահաճույքն էր եղել: Ու մարդիկ հիմա էլ հրաժարվում էին հիշել էն, ինչ որ ձեռք չէր տալիս: Մարգոն վաղուց արդեն անտեր մեռել էր: Հիշողությունն անպետք բան էր: Մարդիկ գնում էին: Ինքն էլ գնաց հիշողության համար նոր տեղ գտնելու: Մնացածներին՝ հաջողություն:

Please follow and like us: