Արփի Թովմասյան/Երբեմն մարդիկ չեն ստացվում (մաս 4,5)

սկիզբը՝ այստեղ

Մաս 4

Իրենք

Գիտե՞ս, մամ, ես իրոք ցավում եմ, 
որ էդպես էլ չդարձա քո երազանքների աղջիկը,
Էն նազանքով, երազանքով, համեստ աղջիկը,
որը միշտ բարևում է բոլորին ու ժպտում,
գիտի պատրաստել 50֊ից ավել ճաշատեսակ,
իսկ ազատ ժամանակ կար ու ձև է անում,
հիացնում է բոլոր հարևաններին ու նրանց հետ սուրճի նստում։
Ներիր ինձ, մամ, ես իմ փշրված եսով փշրեցի քո երազանքները։
Գիտե՞ս, պապ, ես քեզ միշտ սիրել եմ,
սիրել եմ էնքան, որ անգամ ներել եմ.
էդ մասին դու չես էլ իմացել։
Դու միշտ ասում էիր, որ ես քո ցավն եմ,
Հետո ժպտում էիր, նայում երկար, գրկում,
ու կրկնում էլի, որ լրիվ քո կտորն եմ,
իսկ ես վախենում էի, որովհետև ճիշտ էիր։
Ներիր ինձ, պապ, որ քեզ՝ քեզ եմ հիշեցնում։
Գիտե՞ս, հոգիս, ես քեզ սիրում եմ,
Ու երբ ամեն ինչ գնում ա գրողի ծոցը, 
իսկ ամեն ինչ միշտ գնում ա գրողի ծոցը,
ես հիշում եմ քեզ ու մեր վախկոտ համբույրները,
քո մատները, իմ մազերը,
իմ շուրթերը, քո քիթը,
իմ հևոցները, քո թաքուն ժպիտը,
քո… հիշում եմ։
Որովհետև միակ բանը, որ չի գնում գրողի ծոցը, հիշողությունն է։
Գիտե՞ս… դու դեռ ապրելու ես։
Հիմա, երբ վերջապես տեսա քեզ
մերկ, ճմրթված, հոգնած ու դատարկ,
ուզում եմ գոռալ, որ դեռ ապրելու ես,
արթնանալու ես ու ժպտալու ես,
պարելու ու թունդ սիրելու ես,
խորը, խորը, խորը շնչելու ես։
Իսկ եթե էլի զգաս, որ մենակ ես,
հիշիր, որ Մեկն առաջինը մոտեցավ խևերին։

© Չստացվածը

Բացում եմ աչքերս։ Չէ՛, չի ստացվում։ Մթության մեջ իրար խառնված  պատկերներ կան, փորձում եմ հավաքել։ Ստացված ստվերների մեջ հազիվ նշմարում եմ իմ երջանիկ ընտանիքը։  

Նորից աղմուկ, փորձում եմ հասկանալ, թե ինչ ձայներ են, բայց իմ ձայնն այդ աղմուկի մեջ  վախեցած է ու քաշված։ 

Տարբերում եմ մորս ձայնը․

Ի՞նչ մեղք եմ գործել, որ քեզ ունեցա, ինչո՞վ եմ քո նմանին արժանացել։ Դու իմ երեխեն չե՛ս, իմ երեխեն չի՛ կարա էսքան չար ու դաժան լինի։ 

Ես սիրում եմ իրեն։ Գիտե՞ք՝ ինչ է նշանակում սիրել ու դանակով ամեն օր հարվածել։

Դու չկա՛ս, գոյություն չունե՛ս իմ համար։ Ապրիր՝ ոնց կուզես, ես էլ ուժ չունեմ, հոգնել եմ։

Կներես, որ ծանր եմ, մա։ Կներես, որ էդպես էլ չսովորեցի ապրել։ Կներես, որ էդպես էլ չդարձա քո երազանքների, քո պատկերած ապագայի ու  քեզ արժանի աղջիկ։ Ես իրոք փորձել եմ, երդվում եմ, բայց դու շատ բարձր ես կանգնած ու ես չեմ հասնում։ Ուզում եմ գոռալ՝ «ինձ մենակ մի՛ թող, մա։  Ախր ես ընկնում եմ ու քո օգնության կարիքն ունեմ։  Ես ընկնում եմ, մա, իսկ դու ձեռքերդ քեզ ես քաշել։   Բայց ես չեմ մեղադրում, չէ, դու երկար ես ինձ այդ ձեռքերով պահել, իսկ ես չեմ էլ նկատել, որ ծանր եմ ու ձեռքերդ ցավում են։ Կներես, որ էսքան եսասեր ու կույր եմ, մա։ Ես քեզ չէի տեսնում, երբ կողքիս էիր, իսկ հիմա, երբ հոգնել ես ու գնում ես, ես քեզ եմ պարզում ձեռքերս ու խնդրում եմ մնալ, գրկել, չթողնել։  

Սուրճս վաղուց սառել ա։ Վերցնում եմ ծխախոտս ու փնտրում կրակայրիչը։ Գրո՛ղը տանի, նույնիսկ կրակայրիչը միշտ կորցնելու ու սուրճը սառած խմելու սովորությամբ եմ նման հորս։ Հա՛յր իմ, որ երկրի վրա ես, բայց ոչ իմ կողքին։ Ես ներում եմ քեզ։ Որովհետև ես տեսնում եմ քեզ։ Ես տեսնում եմ քեզ իմ բոլոր թուլությունների ու թերությունների մեջ։ Ես լսում եմ քո ձայնը ինձ մխիթարող ու հանգստացնող բոլոր ձայների մեջ։ Հայելու միջից ամեն օր դու՛ ես ինձ ժպտում։  Ես գիտեմ, որ դու լսում ես ինձ, ու ուզում եմ բարձր, շատ բարձր ասել, որ ներում եմ քեզ։ Ներում եմ, բայց չեմ սիրում։ Ես քեզ չափից դուրս նման եմ քեզ սիրելու համար։ Կներես։

Ձայները  հանկարծ դադարում են։  Ես լսում եմ լռությունը․ ընդամենը մի քանի վայրկյան։ Նորից աղմուկ, այս անգամ լսում եմ սուր լացի ձայն։ Լարում եմ գիտակցությանս դեռ արթուն մասը, փորձում հասկանալ՝ որտեղից է գալիս  ձայնն ու ով է լաց լինում։ Ձայնն ավելի է ուժեղանում ու ինձ է կանչում։ 

Լաց մի՛ լինի, փոքրի՜կս, անու՜շս, լաց մի՛ լինի։ Ես քեզ անպայման կգտնեմ, կգրկեմ ու կտաքացնեմ։ Ես քեզ մենակ չեմ թողնի, խոստանում եմ։ Մենք միասին կխաղանք, կնկարենք, կծիծաղենք ու ոչնչի մասին չենք մտածի։ Փոքրի՜կս, ես քեզ չեմ թողնի, ես սիրում եմ քեզ։ 

Բայց ձայնը հեռվանում է։ Ես կորցնում եմ փոքրիկին, ես կորցնում եմ ինձ։ Փոխարենը՝  կոտրված հայելի, որի միջից ինձ է նայում մեկն, ում արդեն չեմ ճանաչում։

Ոչինչ դրսում, ոչինչ ներսում: Ինձ վաղուց գողացել ա մութը։ Ներսիս։ Ու դատարկությունը։ Որովհետև մութն ինձ  տեսնում ա, մութը միշտ կողքիս ա։ Դատարկություն։ Բաժակը կիսով չափ լիքը կամ կիսով չափ դատարկ չի, բաժակը դատարկ ա։ Ես ծնվել եմ ներսիս դատարկությամբ, ու դրանից փախուստ չկա: Որքան էլ փորձեցի լցնել դատարկությունը գրքերով, մարդկանցով, խմիչքով կամ հավատքով, ինձ մնաց միայն իմ դատարկությունը: 

Փակում եմ աչքերս։

Մաս  5

Ուրիշները

Carl Solomon! I’m with you in Rockland
   where you’re madder than I am
I’m with you in Rockland
   where you must feel very strange
I’m with you in Rockland
   where you imitate the shade of my mother
I’m with you in Rockland
   where you’ve murdered your twelve secretaries
I’m with you in Rockland
   where you laugh at this invisible humor
I’m with you in Rockland
   where we are great writers on the same dreadful typewriter
           I’m with you in Rockland

     ©  Allen Ginsberg

Խոսում եմ, խոսում ես, խոսում է, խոսում եք, խոսում են։ 

֊ Ուղղակի չափից դուրս պարապ ես ու գլուխդ էշություններով ես լցրել։

֊ Չեմ հասկանում՝ ինչից ես նեղվում։ Լավ ծնողներ ունես, աշխատանք, քեզ բոլորը սիրում են, իսկ դու չես գնահատում։

֊ Գոնե ծնողներիդ մասին մտածի։

֊ Ուղղակի ուշադրության կարիք ունես։

֊ Էգոիստի նման մենակ քո մասին ես մտածում։

֊ Դեռ ինչքա՞ն ես էսպես շարունակելու։

֊ Դու քեզ գիտակցաբար սպանում ես։

֊ Հաճելի ա՞ բոլոր քեզ սիրողներին տանջելը։

֊ Դեռ ինչքա՞ն ես քեզ սպանելու, հերիք չի՞։

֊ Հերդ քո պատճռով գնաց, մորդ էլ լրիվ հոգեկան հիվանդ ես դարձրել։

Շողա՜, շողա՜, կարմիր արեւ, հիվանդ եմ։

Ընդամենը մի քանի շարժում։ Ընդամենը մի քանի վայրկյան։ Գիտե՞ս՝ ինչ մաքուր ու դատարկ ես դառնում։ 

֊  Ինչու՞ չես կարողանում ուրիշների նման հանգիստ ապրել, լավ, բա ուրիշները ո՞նց են կարողանում։ Թե՞ քո խնդիրներն ամենամեծն են։

֊ Արդեն ուրիշների մոտ ես ինձ խայտառակ անում։ Էս ի՞նչ ա տեսքդ, ի՞նչ ա պահվածքդ, քո փոխարեն ես եմ ամաչում։

֊ Ամեն օր, ամեն վայրկյան ավելի եմ կոտրվում ու հիասթափվում, էլ չեմ ասում ուրիշների մասին։ 

֊ Ուրիշների ներկայությամբ էդ ո՞նց ես քեզ պահում։ Լավ, դու հե՞չ ամոթ չունես։

Վերջապես համարձակվել ու մատներդ մտցնել կոկորդդ, հետո կտրել մատդ, որ ցավը հնարավորինս ուժեղ զգաս, որ հնարավորինս զգաս։ Բայց միակ բանը, որ զգում ես, ներսիդ սառը ու կուլ տվող դատարկությունն ա ու քեզանից դուրս եկող՝ օրվա մնացորդները։ 

Բուլեմիա։ Մատներս անկախ ինձանից գրկում են կոկորդս ներսից,մատներս վայելում են իրենց ազատությունը։ Ես զգում եմ իմ ամեն մատն ատամներով։ Ներսումս չափից դուրս շատ կեխտ ա հավաքվել, ու ես չեմ դիմանում ծանրությանը։ Դու ինձ լավ ես ճանաչում, մա՛, կասե՞ս՝ ես էսպես կեղտո՞տ եմ ծնվել, թե՞ հետո եմ դարձել։ Ու հնարավոր կլինի՞ այս փտող ու մեռելի հոտ արձակող կեղտից ազատվել։ 

Շողա՜, շողա՜, կարմիր արեւ, հիվանդ եմ։

 Իսկ ես ամեն ինչ գիտակցում եմ: Իսկ ես ուղղակի ուզում եմ անջատել բոլորի ձայնը՝ թեկուզ սեփական սրտխառնոցի ձայնով: Ու հետո, ուտելիքի հետ միասին, փսխել ու դուրս հանել ամբողջ աղմուկն ու զզվանքը, որ կուտակվել ա ներսումս օրվա ընթացքում: Ուրիշների բառերն ու հայացքները լցվում են ներսումս ու թունավորում, ես նորից եմ մատներս տանում դեպի բերան, որ մաքուր ու անաղմուկ մեռնեմ:

Դու երջանի՞կ ես քո այսքան արածից հետո:

Մի քիչ քո տեսքին հետևի, քո տարիքի աղջիկներին նայի։

Էս ի՞նչ ես դարձել: Ես քո տարիքում բա էսպես էի՞:

Դու չես տեսնու՞մ, որ էլ շորերիդ մեջ չես տեղավորվում:

Լավ, դու չես հոգնե՞լ քո ապրած կյանքից, չէ՛, քո չապրած կյանքից։

Վերջապես ուժ հավաքեցի՝ կանգնելու։ Աչքերս չէր ստացվում բացել, շոշափելով գտա լվացարանն ու բացեցի ջուրը։ Չէի ուզում նայել հայելու մեջ, առանց այդ էլ շատ լավ գիտեի, թե ում եմ տեսնելու։ Ինձանից մնացած անիմաստ հետքը, իմ թաղած երազանքների գերեզմանը, իմ  չասած ու չխոստովանած բառերի կույտը։ Ու որքան էլ փորձեմ  ինքս ինձ համոզել, որ ինձանից մնացած էդ հետքը դեռ ապրում ա, դեռ կա ու կարևոր ա, իմ՝  մենակ ու լուռ թափառող, բայց ոչ մի տեղ չգնացող ստվերը դեռ ես եմ, իրականում ես վաղուց հոսել-գնացել եմ ջրի հետ։ Նորից եմ նայում հայելու մեջ։ 

Դու՛, որ ընդամենը անորակ քսերոքսի ապարատ ես, կերի համար ամեն ինչի պատրաստ կապիկ, ճարպակալած հաստաղիք, դու՛, որ հայելու մեջ տեսնում ես ոչ թե քո, այլ ուրիշների աչքերը։ Ո՞վ ես դու։ Սառը ցնցուղ, տաք սուրճ, համեղ ատամի մածուկ: Խորը շունչ: Խորը շունչ: Փինք Ֆլոյդը համոզում ա լինել comfortably numb։ Ոչինչ չտեսնել, չլսել, չմտածել, անջատել միտք ու ժամանակ, ինքդ քեզ դանդաղ վերջացնել։ Ի վերջո՝ վատ տարբերակ չի, ինքդ քեզ զբաղված պահել անկարևոր ոչմիբանով ու հետո մեռնել: Comfortably numb:

– Կներեք, մոռացաք:

– Շնորհակալություն, բայց ի՞նչը:

– Ձեզ:

– Ի՞նչ:

– Ում:

շարոնակությունը՝ այստեղ

Please follow and like us: