Ժանտախտի դեմ պայքարի միակ միջոցն ազնվությունն է։
Ալ. Կամյու
Ասելիքս դժվարությամբ էր միս ու արյուն առնում։ Ֆեյսբուքյան իմ պատին հայտնվող նյութերից դատելով կարելի է կարծել, որ ես մեկ մոլի դավադրապաշտ եմ, մեկ՝ դավադրամերժ, մեկ էլ մշտապես ամեն ինչը քննադատող բողոքավոր։ Բայց խնդիրն իմ մոտեցումը չէ, այլ այն, թե ինչ էկզիստենցիալ փոփոխություններ է արձանագրում թագավարակի յուրահատուկ հայելին մեր հոգեկերտվածքում։
Սա ես գրում եմ վերլուծելով այս օրերին իշխանական լծակներ ունեցող և չունեցող իմ վախվորած ընկերների (որոնց նախկինում երբեք վախկոտ չէի անվանի), ինչպես նաև իրենց գերզարգացած համարող (և կրթական ցենզն այստեղ բնավ կապ չունի) ռեալ և ֆեյսբուքյան ընկերների վարքագիծը։ Երկրի իշխանական բուրգի վերևում կանգնածների արդեն հիստերիկ դարձող արձագանքներում նորից սկսել է «պատերազմամերձ» տերմինաբանություն հայտնվել՝ փորձելով վախեցնել ժողովրդին (մոռացել են, որ իրենք էին կոչ անում խուճապի չտրվել)։ Այն ժամանակ «Կորոնաֆուտբոլի դաշտում» մի թեթև ձեռ առանք՝ համարելով դա առանձին վերցրած իմքայլականի խուճապ, բայց հիմա այլ բան է նշմարվում։ Ընդ որում, ես հակված եմ կարծել, որ մենք նորից ինչ-որ փորձարկման օբյեկտ ենք դարձել, ճիշտ այնպես, ինչպես այն ժամանակներում, երբ սիրով լի թավշյա քրիստոնեությունը դառնում էր պետական գաղափարախոսութուն՝ հետագայում վերածվելով (մուտացվելով) միջնադարյան ամենադաժան ինկվիզիցիայի գաղափարախոսական հենքի և կռվանի։ Բայց որպեսզի պարզ լինի ասելիքս, ես ոչ թե ընդհանուրից կառանձնացնեմ միայն մեզ վերաբերվող մասնավորը, այլ կգնամ հակառակ ուղղությամբ՝ մասնավորից դեպի ընդհանուրը։
Թագաժահրը ոչ թե ինքն է անտեսանելի թշնամի, որի դեմ պատերազմ պիտի մղվի, այլ յուրատեսակ հայելի է, որը ստեղծելով սուր վտանգի արտառոց իրավիճակ՝ ի ցույց է դնում մեր հոգեկերտվածքի կայուն և արդեն փուլ եկած սյուները, փոփոխություններն ու աղճատվածությունները։
Առաջին հերթին թագաժահրային այդ հայելու մեջ դիտարկենք աղճատվածությունը, որը եթե հակիրճ ձևակերպենք, ապա կարելի է անվանել բարոյականության կորուստ, որը հանգեցնում է իրերի և երևույթների շուռ տված ընկալման։ Ընդհանրապես բարոյականությունը մարդ տեսակի ամենաէական բաղադրիչն է, հանեք այդ բաղադրիչը բժշկի միջից և նա մարդուն փրկողից կվերածվի մարդասպանի, հանեք այդ բաղադրիչը հայրենիքի պաշտպան զինվորականի միջից և նա կվերածվի պրոֆեսիոնալ մարդասպանի, հանեք այդ բաղադրիչը պետական պաշտոնյայի միջից և ձեր երկիրը կթալանվի, կվաճառվի և կվերանա՝ բազում մարդասպանությունների պատճառ հանդիսանալով… Ցանկը կարելի է անվերջ շարունակել։ Եվ իզուր չկարծենք, թե այս ամենը մեզ չի վերաբերվում, քանի որ հեղափոխությունից հետո ի հայտ եկած բազում փաստեր ու քրեական գործեր հենց այդ մասին են վկայում, մինչև չեկավ հեղափոխական թիմը, որի արածը ոչ այլ ինչ էր, քան բարոյականության վերականգնման ակտ, իշխանությա՛ն բարոյականության։
Բայց վախենալով հիմնահատակ քանդել կառավարման արդեն իսկ իրենց սպառած համակարգերը՝ հեղափոխական թիմը փորձեց ինքը հարմարվել եղածին՝ հույս ունենալով հետագայում ձևափոխել, իրենով բարոյականացնելով այն։ Եվ հենց այստեղ տեղի ունեցավ թիմի առաջին՝ գաղափարական աղճատումը, որը միգուցե հնարավոր լիներ ծածկել, թաքցնել, եթե չլիներ թագաժահրի յուրատեսակ հայելին, որը ցույց տվեց թիմի անհամասեռությունը, թիմը ձևավորած անհատների խորքային տարբեր բարոյական հենք ու տեսլական ունենալը, և դրա ապացույցները բազում են ու ցցուն։ Այսինքն, բուրգի ներքևում հավաստիացնելով, որ բուրգի վերևում կներմուծեն իշխանության բարոյականություն, թիմը վարանեց, կանգ առավ և հենց ինքը սկսեց աղճատվել՝ հարմարվելով եղած համակարգերին։ Այդ պահից սկած ընդունված որոշումների տրամաբանութունը դարձավ կիսատ-պռատ ու անհասկանալի ոչ միայն բուրգի ներքևի համար, այլև դեռևս անփոփոխ մնացած և փոփոխությունների սպասող հին համակարգերի համար, որոնք ուղղակի անորոշությունից դրդված սկսեցին դիմադրել թե՛ նորին, թե՛ հնին։ Այս «հրաշափառ մետամորֆոզը» միգուցե հնարավոր լինել ծածկել, փաթեթավորել սիրուն ճառերով ու արդարացումներով, եթե վրա չհասներ թագաժահրի հայելին ու ցույց տար իրավիճակի ողջ աբսուրդն իր ամբողջ խորությամբ։ Եթե հեղափոխական թիմը կանգ առած չլիներ և «մետամորֆոզի» ենթարկած չլիներ իր վարքագիծը, ապա կփորձեր լրիվ այլ հայեցակետից դիտարկել ստեղծված իրավիճակը՝ աչքի առաջ ունենալով և ճիշտ դասեր քաղելով նախորդ էքստրեմալ իրավիճակից՝ 2016 թվականի ապրիլյան պատերազմից։ Իսկ միակ դասը, որ պետք է քաղեին, այն է, որ սուր արտահայտված վտանգի դեպքում ժողովրդի բնազդն անխափան է աշխատում, իսկ նյարդերը գերլարված են լինում, և չտրամաբանված, կամայական, անազնիվ ու բարոյազուրկ ցանկացած որոշում կարող է պայթյունավտանգ լինել, և կարող է կուլ տալ երբեմնի հսկայական վստահության ամբողջ պաշարը, մինչև վերջին փշրանքը… Հիմա, դասեր չքաղելով նախկինների սխալներից, դարձյալ փորձում են վախով ու թավշյա խուճապ տարածելով կառավարել։ Նախկիններն էլ էին 2016 թվականի ապրիլին հույս դրել խուճապի վրա…
Բանն այն է, որ այն ժամանակ, ի զարմանս մեր բոլոր հակառակորդների և ոխերիմ բարեկամների, ժողովուրդը չվախեցավ պատերազմից և ըմբոստացավ այնպիսի թափով, որ ավելի ծանր կորուստներից խուսափեցինք։ Ավելին, դա 2018-ի հեղափոխության համար պարարտ հող հանդիսացավ։ Հիշում եք չէ՞, որ ապրիլյան պատերազմի երրորդ օրն արդեն զինկոմիսարիատները մարդկանց ետ էին ուղարկում, ասելով, որ առայժմ ձեր կարիքը չկա, իսկ հետո տակից ինչե՜ր բուսնեցին… Չար լեզուներն ասում են, որ ապրիլյանի ժամանակ հաշվարկն այնպիսին է եղել, որ թիկունքում խուճապ կլինի և դա կօգնի անարգել իրենց սև գործն ավարտին հասցնել։
Ժողովուրդն իր հավաքական բնազդով գիտի, որ ցանկացած պատերազմ ոչ միայն ֆիզիկական վերացման վտանգ է, այլ նախ և առաջ նպատակ ունի ձեզ ու ձեր տեսակը ստրկացնելու, ձեզ վախեցնելու, վախի միջոցով կառավարելու, կոշիկ լիզել տալու (պատմական էքսկուրսները սկսվում են մանկապարտեզից, սկսած մեր անվանադիր նախնու պատերազմից, և շարունակվում ակադեմիական հիմնարկներում, բոլորդ էլ դրանք անգիր գիտեք)։ Եվ եթե երկիրը պատերազմում է, ապա մեզնից պահանջվում է կռիվ տալ, իսկ որ պատերազմն առանց զոհերի չի լինում և «գյուլլեն էլ քոռ է», գիտեն բոլորը։ Եթե պատերազմող երկիր ենք, ինչպես իշխանությունն է պնդում, ապա իրավունք չունենք դասալիքի վախվորած վարքը խրախուսելով՝ դիրք առ դիրք զիջել։ Իսկ նկատե՞լ եք, թե ինչեր ենք արդեն զիջել… Եթե չեք նկատել, ապա ասեմ՝ ցանկացածին տեղորոշելու, գաղտնալսելու և վերահսկելու հնարավորություն, հանրային միջոցառումների գրեթե իսպառ բացակայություն, ցենզուրա, ռեպրեսիվ լծակների գործադրման սպառնալիք և գործադրում (առայժմ տուգանքների ձևով), հանրային կյանքի բարենորոգման հեղափոխական օրակարգերի թավշյա չեղարկում, ազատ խոսքի և կարծիքների արտահայտման սահմանափակման փորձեր (տեսնում եք չէ՞, որ իրենց ականջին անհաճո կարծիք հայտնելը քրեականցնելու հաթաթա է հնչեցվում)… Չշարունակեմ։ Սա արվում է՝ կապկելով աշխարհի այս ու այն երկրին, մոռանալով որ երկրներ կան, որոնք այդ ճանապարհով չեն գնացել, նաև չեն ուզում հասկանալ, որ շատ մեծ սխալ են գործում՝ որդեգրելով նախորդ իշխանության կացնային տրամաբանությունը՝ «Я начальник, ты дурак»։ Օրինակ, ոչնչից չպաշտպանող դիմակների անտրամաբանական պահանջը (բերված իբր փաստարկները ոչ մի քննադատության չեն դիմանում, իսկ շոգին դրանց տված վնասների մասին դեռ նոր ենք լսելու), մինչդեռ կարելի էր դա թողնել մարդկանց հայեցողությանը և արդյունքը շատ ավելի լավը կլիներ։
Պարզից էլ պարզ է, որ պիտի աշխատես հաղթել նվազագույն կորուստներով, բայց մեծագույն ողբերգություն է, երբ «զորքիդ հրամկազմը» չի հիշում Չերչիլի հայտնի խոսքը, թե՝ «Պատերազմի կամ խայտառակության միջև խայտառակությունն ընտրողը ստանում է և՛ խայտառակություն, և՛ պատերազմ»։ Այս նոր թշնամու նենգ ու չերևացող լինելը ժամանակավոր շփոթության է մատնել ժողովրդին, բայց երևակումը սարերի ետևում չէ, աշխարհում միայն մենք չենք որոնողները, բայց թշնամու շոշափելի կամ անշոշափ լինելն էական չէ, մեր նոր և նախկին իշխանության վարքի նմանությունն է էական… Իսկ նմանությունը/տարբերությունը ոչ թե լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ լինելն է, այլ ԱԶՆՎՈՒԹՅԱՆ, իսկ որոշ դեպքերում նաև ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ բացակայությունն է։ Անձամբ ինձ համար անազնվության ցայտուն դրսևորումներից մեկն այն է, որ սկզբնական շրջանում վախեցնելուց հետո վերացվեցին տնտեսական գործունեության գրեթե բոլոր սահմանափակումները (պարետ-մահակը ձեռքներից չգցելով), սակայն ազատությունների մասին մոռացան։
Հետաձգված հանրաքվեի վերաբերյալ առցանց մի քննարկման ժամանակ իմքայլական պատգամավորը մի տեսակ շատ մեծ բավականությամբ հայտարարում էր, որ վարակն ու կյանքի այս ռիթմը առնվազն դեռ մի տարի շարունակվելու է։ Ու նման սուբյեկտին շատ դժվար է լինելու բացատրել (եթե ընդհանրապես հնարավոր է բացատրել), որ հեղափոխությունը, որն իրենք առաջնորդեցին, ԻՇԽԱՆՈԻԹՅԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ԱԿՏ ԷՐ։
Ընդանրապես այս վիրուսը շատ զորեղ հայելի է, որի արտառոց անդրադարձներից յուրաքանչյուրին ուզում եմ առանձին անդրադառնալ, բայց քանի որ շատ երկար տեքստերը հոգնեցնող են, ապա կխոսենք դրանց մասին հաջորդիվ։