Ավերակներ և ուրվականներ/Վարդան Ջալոյան

Հովհաննես Հովհաննիսյանի 1884 թ. գրված «Ավերակ» բանաստեղծությունը կարող է ռոմանտիկ կենսազգացողության օրինակ համարվել.

Որպես վաղեմի մի ավանդություն
Կամ շքեղ երազ անմեղ մանկության,
Կենդանանում է այսօր իմ մտքում
Խրոխտ ավերակն նախնյաց մեծության.
Այստեղ բեկորներ վսեմ արվեստի,
Այնտեղ հիշատակն արքունի փառաց,
Եվ վկայարան սրբազան ուխտի,
Եվ տխուր հետքը մեծաշուք կենաց…

Օ՜հ, այսպես ողջ մեր կյանքն է վաղանցիկ,
Ողջը լոկ ծաղր է անսիրտ բնության,
Եվ սեր, և հրճվանք համայն գեղեցիկ
Զոհ է ավերի և մոռացության,
Ինչպես պատրանքը հեշտասիրության,
Ինչպես գրգիռը պատանու արյան,
Խաբուսիկ ժպիտն աշնան արևու, –
Բոլո՛րը վաղն է անհետանալու։

Ավերակները բնության տարերքների թողած հետքն են մարդու ստեղծածի վրա և խորհրդանշում են նրա հաղթանակը մարդու ձևավորող, իմաստավորող գործունեության հանդեպ: Եվ նրանց արժեքը միայն այն չէ, որ մեզ պատկերացում են տալիս անցյալի մասին: Նրանց վսեմությունը, սարսափը, անհյուրաընկալությունը վկայում են անընդգրկելիի, անպատկերացնելիի մասին: Ավերակները ճարտարապետական ուրվականներ են և հիշեցնում են, որ մեր քաղաքների և գյուղերի ապահով կյանքը պատրանք է, պատմության սարսափ ֆիլմի էպիզոդ:

Գեորգ Զիմմելը գրում է. «Ոգու կամքի և բնության անհրաժեշտության միջև հզոր պայքարը իր հավասարակշռությանն է հասնում միայն մեկ արվեստում՝ ճարտարապետությունում: Այդ՝ մեխանիկական, ծանր նյութի և դեպի վեր ձգտող հոգևորի միջև անկրկնելի հավասարակշռությունը խախտվում է, երբ շինությունը ավերվում է: Քանզի դա նշանակում է, որ բնությունը սկսում է իշխել մարդու ստեղծածի վրա: Ավերումը ներկայանում է իբրև բնության վրեժը այն բռնության համար, որ ոգին գործել է նրա դեմ ձևավորելով ըստ իր պատկերի»1:

Ավերակների անկրկնելի հմայքը կայանում է նրանում, որ մարդկային ստեղծագործությունը ավերակներում ներկայանում է իբրև բնության արարչագործություն: Բնությունը արվեստի ստեղծագործությունը վերածում է իր աշխատանքի նյութի, ինչպես արվեստի ստեղծագործությունն էր օգտագործել բնությունը իբրև նյութ:

Հ. Հովհանիսյանի բանաստեղծությունը կարող է մեկնաբանվել ռոմանտիկ ավանդույթի մեջ, բայց այն կուզենայի համեմատել Վարդգես Սուրենյանցի հանրահայտ «Անիի Աղջկանց վանքի ավերակները» (1891) կտավի հետ.

Անիի ավերակների պատկերներում, որտեղ ավեերակներն այնքան ձուլված են բնական ռելիեֆի հետ, որ հազիվ են երեւում, ներկայացված է ճարտարապետական ձևերի սերտաճումը բնության ձևերի և ուժերի հետ: Մի ժամանակ դրանք եղել են ամրոցներ, տաճարներ, պալատներ, մարդկային ոգու ստեղծագործություններ, այժմ դրանց մեջ եղած արվեստի բեկորները, միանալով բնության տվածի հետ, կազմում են նոր ամբողջություն: Չնայած այդ սինթեզի պատահականությանը, այն ստեղծում են նոր իմաստ:

Հողի տարերքը ավերակներում միավորվել է պատմության, ժամանակի տարերքի հետ: Ավերակները հղում են ոչ միայն մի ժամանակ ամբողջական ճարտարապետական հուշարձանին, այլ նաև վկայում անցյալի և ներկայի հատումների մասին, որ անցյալը անտեսանելի ներկա է արդիականության մեջ, որ պատմության գետը իր համար կարող է տարբեր հուներ ընտրել, որ պատմությունն ունի այընտրանքային տարբերակներ:

Հարկավոր է ճանաչել ավերակի և փլատակի տարբերությունը, որպեսզի գայթակղություն չառաջանա զուգահեռներ անցկացնելու Գյումրիի 1988 թ. երկրաշարժի փլատակների և Անիի ավերակների միջև: Փլատակը ամենի մի քանդված շինությունը կամ բնակավայրն է, իսկ ավերակը օժտված է պատմական և էսթետիկական իմաստով: Իհարկե, ամեն մի ավերակ սկզբում ընկալվել է իբրև փլատակ, բայց ժաամանակաշրջանային (էպոխալ) խզումը նրան տալիս են նոր որակ և նոր գոյություն: Փլատակի վերածվելը ավերակի շինության երկրորդ ծննունդն է իր կործանումից հետո:

Անին Ավետիք Իսաակյանի համանուն բանաստեղծության մեջ։ Անին այն ավերակն է, որ վերածնունդ է ավետում.

Քո հին թշնամին, Անի՛, չե՞ս տեսնում,
Խուժել է նորից քո դաշտերի մեջ,
Բայց վառվում է դեռ մեր ակութներում
Հինավուրց ուխտի կրակը անշեջ:

Դո՛ւ, հին դրոշակ, դո՛ւ, բագին փառքի,
Հենվել եմ նորից քո անմահ սյունին.
Եվ սպասում եմ, և դարեր ոտքի
Քո իրավաբեր շեփորիդ ձայնին…

Ավելորդ է ասել, թե ինչ նշանակություն ունեն Անիի ավերակները հայկական գիտակցության համար:

Նրանք կարծես կան ֆիզիկապես, բայց անհասանելի են քաղաքական պատճառներով: Նրանք պետք է հասանելի լինեն, որպեսզի կյանքը կապվի իր հիմքերի հետ: Հովհաննես Շիրազը գրում է.

Դեռ մի կարոտ ունեմ անհագ՝ հասնեմ Անի ու նոր մեռնեմ,
Բանամ ճամփիս դռները փակ, տեսնեմ Անին ու նոր մեռնեմ։

Հազար տարվա կարոտ ունի իմ երազը հազարաթև,
Ախ, թեկուզ լուռ դեռ ավերակ, տեսնեմ Անին՝ ու նոր մեռնեմ։

Այդ ավերակները բեկոր են այն ժամանակների, որոնց մեջ մեր ժամանակակիցը տեսնում է հայկական ճարտարապետության «ոսկեդարը»: Նրանք արթնացնում են հիշողություններ երբեմնի հզորության և փառքի մասին՝ այն, ինչ չի հերիքում ներկայում, և ինչը գտնում են երևակայական անցյալում:

Հիշողությունը ամեն ինչ չէ, որ հիշում է, այստեղից նրա պատահական, մասնակի լինելը: Արխիվում, ինչպես հիշողության մեջ, մնում է այն, ինչ մնացել է, այլ ոչ թե այն՝ ինչ եղել է: Ավերակը, ուրեմն, արխիվի մարմնացումն է, իսկ Անիի ավերակները՝ այն բանի խորհրդանիշը, թե ինչ է մնացել:

Այն, ինչ ներկայացնում է արվեստը, հուշարձաններ են, պատմական և անձնական հիշողության մարմնացումներ: Պատմաբանը անտեսում է հուշարձանները, նրանք իր համար փաստ չեն, հուշարձանը, ասենք՝ ճարտարապետական հնությունը, հնագույն քարտեզը կամ ժամանակագրի գիրքը դեռևս «մշակման» կարիք ունեն, որպեսզի պարզի թե իրականում ինչպես է եղել: Նա պատրաստ է նույնիսկ ուղղել ասացողին, թե ինչպես է հարկավոր պատմել էպոսը: Արխիվը, ինչպես ավերակը, նյութականապես տրված է, բայց պատմականորեն անտեսանելի է:

Ավերակը փլատակ չէ և ոչ էլ նույնիսկ հուշարձան: Հուշարձանը արձանացնում է պատմական նշանակալի պահը, ավերակը՝ պատմական խզումը: Այն խոստում է, որ դեռ կարող է վերհիշվել, այն դեռ չընթերցված արխիվ է:

1 Зиммель Г. Избранное. Том второй. Созерцание жизни (“Руина”): М., Юрист, 1996. С. 228.

Please follow and like us: