Վահագն Դավթյան/Բաց նամակ Շահան Շահնուրին

Հարգելի Շահան Շահնուր,

Երբ Բեյրութում հրատարակվող «Սփյուռք» շաբաթաթեթում տեսա Ձեր գրած հոդվածը, նախապես շատ ուրախացա։ Մտածեցի՝ վերջապե՜ս․․․ հայ կյանքից, հայ գրից հեռացած տաղանդավոր գրողը չի կարողացել անտարբեր մնալ իր ժողովրդի համազգային տոնին՝ Կոմիտասի ծննդյան 100-ամյա հոբելյանին, եւ հոգու պարտքն է համարել վերադառնալ հայ գրին, այդ գրով սրտի խոսքն ասել։

Բայց, ավաղ, ուրախությունս վայրկենական եղավ։

«Կը խորհիմ, որ մեր աշխարհը բան մը պիտի չկորսնցնէ, եթէ իր երեսէն Հայը անհետանայ վերջնական չքացումով»:

Սա Ձեր հոդվածի առաջին նախադասությունն է, որը բնականաբար ամեն հայի (նույնիսկ ոչ հայի) պիտի ստիպեր զարմանքով ու տարակուսանքով մի պահ կանգ առնել, խորհրդածել եւ նոր միայն անցնել հաջորդ նախադասությանը։

« Բայց վստահ եմ, որ մեր աշխարհը բան մը կը շահի, եթէ հայը իր վրայ մնայ յաղթանակելով, ինքզինքը փառքի մեջ պարտադրելով, անմահանալով»։

«Բան մը չի կորսնցներ»․․․

«Բան մը կը շահի»․․․

Մի կողմ թողնելով այդ երկու նախադասությունների ակներեւ հակասությունը, տարակուսում էի, ի՞նչ է սա, թեթեւ ձեռքով արված ճարտասանական մարզա՞նք, թեթեւ զրո՞ւյց թղթախաղի կամ առեւտրական մանր գործարքի մասին, թե՞ գրողի լուրջ խոսակցություն մի ամբողջ ժողովրդի (հարազատ ժողովրդի) ճակատագրի վերաբերյալ։

Եվ ահա, Ձեր հոդվածի հաջորդ պաբերությունը եկավ փարատելու իմ տարակուսանքները։

«Ի վերջո ի՞նչ ենք մենք այսօր, եթե ոչ թշուառ ու թշուառական բարիաներու խումբ մը, ստրուկ, հալածական ու նշավակ վերջնական արհամարհանքի։ Ի՞նչ ենք այսօր, եթէ ոչ եղերականօրեն անզօր, բայց կռուազան, կատարելապէս անխելք, քէնով ու չարութեամբ լեցուն պղծութիւն։ Եղկելի տզրուկ՝ պատարագաւորի արիւն ծծող։ Երբեմն ոչ իսկ այդ»։

Սա Ձեր առաջին նախադասության տամաբանական շարունակությունն է, որ, ժխտելով երկրորդը, գալիս է հաստատելու, որ, այո, նման մի ժողովրդի անհետացումով աշխարհը «բան մը չի կորսնցներ»։

Եվ նոր տարակուսանքներ պաշարեցին ինձ․ ո՞վ է այդ տողերի հեղինակը, ինչի՞ց են ծնվել սեփական ժողովրդի հասեցին նետված այդ դառը, մաղձոտ եւ մանավանդ անարդար տողերը։

Ու, մեղքս ինչ թաքցնեմ, առաջին մտածումս եղավ այն, որ դրանք սեփական ժողովրդից հեռացած, նրան խորթացած, նրա գիրն ու լեզուն ուրացած մարդու հոգեբանության բացատրելի դրսեւորումներ են, սեփական խիղճը հանգստացնող ջանքեր։ Իսկապես, ի՞նչ գործ ունի ինքը «թշուառ ու թշուառական բարիաներու», «քէնով ու չարութեամբ լեցուն պղծութեան», «արիւն ծծող եղկելի տզրւկների» հետ, առավել արդար չի՞ վարվել, որ փոխել է անունը, դարձել Արմեն Լյուպեն, փոխել է լեզուն, ֆրանսերեն բանաստեղծություններ է գրում, շահում փառք ու մրցանակներ։

Բայց, ճիշտն ասած, այդ մտածումս երկար ժամանակ չէր ուզում հաշտվել խղճիս հետ, քանի որ իմ դեմ մի տաղանդավոր գրող է կանգնած, իսկ տաղանդը, իմ համոզմամբ, իրավունք չունի լինելու մանր, անարդար, մաղձոտ ու եսական։

Ու ես այլ կերպ էի փորձում բացատրել սեփական ժողովրդի դեմքին նետած Ձեր այս նշավանքի խոսքերը․ մտքիս մեջ վկայակոչում էի այն ճշմարտությունը, թե հայերնասիրության դրսեւորման տարբեր ձեւեր են լինում, որ կա նաեւ բացասելով հաստատելը, վկայակոչում էի դեպքեր, երբ գրողներ, հայրենասեր գրողներ, իրենց ժողովրդի պարտություններից հոգնած ու չարացած, նշավանքի խոսքեր են ասել, նրան ավելի բարձր, կատարյալ ու հավաքական տեսնելու միտումով։

Բայց Ձեր հոդվածը երկարորեն ծանր ու թեթեւ անելով, նրա ոգու մեջ խորանալով, ես այնտեղ այդ միտումի նշույլն անգամ չգտա ու եկա այն եզրակացության, որ իմ առաջին ենթադրությունն ամենից ավելի մոտ է ճշմարտության, որ, այո, Ձեր այդ հոդվածը սեփական ժողովրդից հեռացած, նրա գիրն ու լեզուն ուրացած մարդու հոգեբանության մի հիվանդագին դրսեւորում է։

Այլապես ինչո՞վ բացատրել այն զարմանալի երեւույթը, որ Դուք Ձեր հովածում, որը ոչ այնքան Կոմիտասի մասին է, որքան հայ ժողովրդի ճակատագրի, անտեսել ու ուրացել եք այսօրվա Հայաստանի գոյությունը՝ մի գոյություն, որ ամբողջ հայ ժողովրդի գոյության խարիսխն է, պատվարը, մի գոյություն, որտեղ գրվում է հայ ժողովրդի նոր ճակատագիրը։ Երբ ես ընթերցում էի Ձեր հոդվածը, այն տպավորությունն էի ստանում, թե դրա հեղինակը հիսուն տարի առաջ լեթարգիական քնով քնած ինչ-որ մեկն է, որ հանկարծ զարթնել ու գրիչ է առել ձեռքը։ Բայց եթե Դուք անգամ հիսուն տարի առաջ գրած լինեիք այդ խոսեքրը, դարձյալ ճշմարիտ չէիք լինի, եւ դարձյալ չէր կարելի ներել Ձեզ։ Ու ես Ձեր հոդվածից նաեւ այն տպավորությունն էի ստանում, թե 50 տարի առաջ հայ ժողովրդի թշնամիներին իսկապես հաջողվել է աշխարհի քարտեզից իսպառ ջնջել Հայաստանը եւ հայ ժողովդից թողնել միայն «թշուառ ու թշուառական բարիաների խումբ մը»։

Ձեր հոդվածում բազում այլ կամայականությունների հետ միասին Դուք առաջադրել եք մի թեզ, ըստ որի հայ ժողովուրդը իր բազմադարյա պատմության ընթացքում միայն չորս հոգեւոր հաղթանակ է ունեցել․ «Անոնք կը կոչուին Ս․ Մեսրոպ, Կոմիտաս, Կաթողիկէ, Անդրանիկ»։ «Ասոնցմե զատ,- գրում եք Դուք,- ինչ որ առնես հայէն, կզգաս թէ կիսակատար կամ կեղծ է, փթուկ կամ թափթփուած է, գոյնը դուրս կու տայ կամ կը նեխի»։

Ձեր նախասիրություններին ու խղճին եմ թողնում Ավարայրն ու «Սասմա ծռերը»՝ համաշխարհային այդ էպոսը, մեր հոգեւոր մեծագույն հաղթանակներից մեկը անտեելը, մեր միջնադարյան հանճարեղ քնարերգությունը, մանրանկարչությունը, Սարդարապատը եւ շատ այլ բաներ շրջանցելը, սակայն Ձեր նախասիրություններին ու խղճին չեմ կարող թողնել հայ ժողովրդի հոգեկան ու ֆիզիկական վերջին մեծագույն հաղթանակը՝ 20-րդ դժվար ու դաժան դարում եղեռնից, նախճիրներից, արյունից ու մոխից նրա հառնումն ու Վերածնունդն ուրանալը։

Վերածնունդը ես մեծատաով եմ գրում,որովհետեւ սա սովորական բառ չէ հայ ժողովրդի համար։ Սա արյուն է ու քրտինք, տառապանք է ու աշխատանք, զոհաբերություն է ու մաքառում։ Սա մեկտեղ հավաքված ավելի քան երկու միլիոն հայությունն է, 700 հազարանոց մայրաքաղաք Երեւան, 1500-ից ավելի հայկական դպրոց, 12 հայկական բարձրագույն ուսումնական հաստատություն, հայկական ակադեմիա։ Սա հայկական ծաղկող մշակույթ է, մեկընդմիշտ փրկված հայոց լեզու․․․

Որքան ինձ հայտնի է, Դուք գրական ու բարեկամական կապեր ոնեք մի շարք ֆրանսիացի գրողների հետ։ Նրանցից ոմանք եղել են Հայաստանում եւ գրել այօրվա Հայաստանի մաին։ Ձեզ համար դժվար չէր լինի կարդալ նրանց գածները կամ գեթ նրանցից տեղեկություն ստանալ՝ Սովետական Հայաստանի իավիճակի մասին ճշմարտությունն իմանալու համար։

Բայց ես սեփական փորձով եմ համոզվել, որ դա չի հետաքրքրում Ձեզ։ Եթե չեք մոռացել, անցած տարվա գարնանը Ֆրանսիա կատարած մեր ուղեւորության ժամանակ Սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեի նախագահ Վ․ Համազասպյանը եւ ես այցելեցինք Ձեզ։ Մենք մեր երթուղուց բավականին շեղվել էինք՝ Սան Ռաֆայելոյում Ձեզ հանդիպելու, անվանի գրողիդ հետ սփյուռքի ու հայրենիքի, հայապահպանության ու հայ գրականության հարցերի շուրջ զրուցելու համար։ Բայց այդ ամենը Ձեզ չհետաքրքրեց։ Այնքան մանր հարցերի շուրջ տարաք Դուք Ձեր խոսակցությունը, որ ես նրանցից ոչինչ չեմ հիշում։ Բայց մի մանրամասնություն մեխվեց ուղեղիս մեջ, եւ հիմա, Ձեր հոդվածը կարդալուց հետո, դա նոր լույսի տակ երեւաց ինձ։ Դուք մոտեցաք Ձեր գրադարանին (որտեղ, ի դեպ, ես հայերեն ոչ մի գիրք չտեսա), վերցրիք ֆրանսերեն մի հատոր, սկսեցիք թերթել եւ ինչ-որ բան որոնել։ Գտնելով, թարգմանեցիք․ ֆրանսիացի նշանավոր գրողներից մեկը իր գործում Ձեր գրական տաղանդը հավաստող մի տող էր գրել․․․

Անշուշտ, ֆրանսիացի գրողի հավաստումից չէ, որ մենք պիտի իմանայինք Ձեր տաղանդի չափի ու ծավալի մասին։ Բայց ինձ շատ զարմացրեց այն, որ ֆրանսիացի գրողի կարծիքին այդքան մեծ նշանակություն տալով, Դուք ամենեւին չհետաքրքրվեցիք, թե հայրենիքում ինչպես է ընդունվել այնտեղ վերահրատարակված Ձեր գիրքը։ Եվ դրա պատճառը ինձ հասկանալի է դառնում այժմ, Ձեր հոդվածը կարդալուց հետո։

Թվելով հայ ժողովրդի հոգեւոր «չորս» հաղթանակները եւ գրականության մեջ ոչ մի հաղթանակ չտեսնելով, որովհետեւ «գրականութիւնը անհամեմատօրէն բարձրագոյն եւ կատարելատիպ բան է եւ մտաւորական աւելի մեծ կարողութիւն կպահանջէ»՝ Դուք գտնում եք, որ հայ ժողովրդին միշտ պակասել են «մտաւորական մեծութիւնն ու հասունութիւնը․․․ ոչ միայն ստեղծելու, այլեւ գոնէ օտարը ըմբռնել կարենալու համար»։

Այո, սեւով սպիտակի վրա հենց այդպես էլ գրել եք։ Ու եթե հայը «գոնէ օտարը ըմբռնելու» կարողություն չի ունեցել, էլ ինչո՞ւ հետաքրքրվեիք, թե ինչպես է ընդունել ձեր գիրքը։

Բայց զարմանալի բան․ Խորենացուց ու Եղիշեից մինչեւ Նարեկացի, Քուչակից ու Սայաթ-Նովայից մինչեւ Թումանյան, Վարուժան ու Չարենց ժխտող Ձեր գրիչը հանկարծ շատ է բարեհաճ դառնում ու գրում․ «Օ՜, որքան պիտի ուզէի չորսերու (այսինքն՝ Ս․ Մեսրոպի, Կոմիտասի, Կաթողիկեի, Անդրանիկի) կողքին յիիշել Ինտրան եւս, մեր մեծագոյն գրագէտը»։

Դարձյալ ուզում եմ Ձեր նախասիրություններին ու խղճին թողնել Ինտրային մեր մեծագույն գրագետը հռչակելը, բայց Ձեր խղճին չեմ կարող թողնել հայ ժողովրդի մտավոր կարողությունները կասկածի տակ առնելու, հայ ժողովրդի ազգային արժանապատվությունը վիրավորելու Ձեր վտանգավոր փորձերը, որովհետեւ ազգային արժանապատվության գիտակցությունն այսօր սփյուռքահայության գոյատեւման ամենազորավոր ազդակներից է։ Այդ մասին հանգամանալից խոսակցություն եղավ Հայկական բարեգործական ընդհանուր միության՝ Փարիզում կայացած համագումարում։ Աշխարհի տարբեր ծայրերից եկած պատգամավորները միաձայն հավաստում էին, որ Հայաստանի գոյությունը, նրա այսօրվա իրավիճակը, նրա տնտեսական եւ մշակութային նվաճումները, հայ ժողովրդի՝ համընդհանուր ճանաչում գտած ստեղծագործական կարողությունները նոր սերնդի մեջ գնալով ավելի ու ավելի են զորացնում ազգային արժանապատվության գիտակցությունը, եւ դա մեծապես նպաստում է հայապահպանությանը։

Սակայն ի՞նչ եք Դուք այսօր մատուցում ուծացման վտանգին դեմ առ դեմ կանգնած հայ երիտաարդությանը․ այն, որ նրա ժողովուրդը մտավոր մեծությունից ու հասունությունից, «ոչ միայն ստեղծելու, այլեւ օտարը ըմբռնելու» կարողությունից զուրկ «թշուառ ու թշուառական բարիաներու խումբ է, «արիւն ծծող», «եղկելի ստրուկ» եւ այլն, եւ այլն։

Եվ առավել վտանգավոր մի բան․ Դուք Ձեր հոդվածում չէիք խորշել նաեւ հայ ժողովրդի երկու հատվածներն ու նրանց լեզուները միմյանց հակարդելու ամոթալի, հայ գրողին պատիվ չբերող, հայ ժողովրդի հավաքականությանը հարվածող քայլ անելուց։

«Մինչդեռ մեր յետամնաց զարմիկները, ըսել կ’ուզեմ արեւելահայերը, կը խարխափէին ու դեռ կխարխափին թափթփուած, լոյծ բարբառի մը մէջ, մէնք կերտեցինք ձեւը․․․»,- գրում եք Դուք։

Հենց սկզբից ասեմ, որ ես արեւելահայ չեմ, եւ այն, ինչ պիտի ասեմ այս տողերի կապակցությամբ, վիրավորված արժանապատվության հետեւանք չհամարեք։ Նախ՝ այդ ո՞ր օրվանից նույն ժողովրդի՝ արհեստականորեն զատված հատվածները «զարմիկներ» դարձան (նույնիսկ՝ ոչ եղբայրներ), ընդ որում, նրանցից մեկը՝ հետամնաց։ Եվ ինչո՞վ է հետամնաց։

«Մենք կերտեցինք ձեւը» ասելով նկատի ունեք, ինչպես նշել եք, «Ասատուրներու քերականությունը»։ Ու եթե բանը միայն քերականությունն է, ապա կասեի, որ Ասատուրներու քերականությունը, Աբեղաների քերականության հետ համեմատած, այնքան էլ կատարյալ չէ։ Բացի այդ, ուզում եմ հիշեցնել, որ հայ ժողովրդի երկու հատվածների վրա իջած դարավոր խավարից հետո ազգային զարթոնքի առաջին շեփորահարը Խաչատուր Աբովյանը եղավ, որը, կարծեմ, ձեր «յետամնաց զարմիկներից» էր, այսինքն արեւելահայ։

Բայց չշարունակենք այս «կարծեմները»։ Դա ոչ մի նշանակություն չունի։ Աբովյանն ու Ալիշանը, Պեշիկթաշլյանն ու Րաֆֆին, Վարուժանն ու Չարենցը, Մեծարենցն ու Տերյանը հայ մեկ ու միասնական ժողովրդինն են, հայ ազգինը։

Բայց «հայ ազգ» բառերը գրելով՝ հիշեցի, որ Դուք դա էլ եք ժխտում։ «Դեռ չկայ ազգն Հայոց»,- հայտարարում եք Դուք Ձեր հոդվածում։

Ճիշտն ասած, ես էլ եմ երբեմն այդպիսի մտածումներ ունենում, բայց դա լինում է միայն այն պահերին, երբ Ձեր հոդվածի նման հոդվածներ եմ կարդում, երբ հայոց ժողովրդի եկու հատվածները միմյանց հակադելու միտումներ եմ տեսնում, երբ «Սփյուռք» շաբաթաթերթն եմ ընթերցում, երբ Հայաստանի հասցեին լուտանքներ եմ լսում․․․Ու մտածում եմ․ «Չէ, դեռ ազգ չենք»։ Բայց հաջորդ վայրկյանին իսկ սթափվում եմ․ ի՞նչ մեղք ունի ազգը։ Չէ՞ որ դրանք անհատներ են միայն։

Նամակս ավարտելուց առաջ կուզեի ասել նաեւ հետեւյալը․ անձամբ ես ոչինչ չունեմ այն բանի դեմ, որ Դուք, հեռանալով հայ գրից, ֆրանսերեն եք գրում։ Ամենեւին։ Իմ դեմ է Վիլյամ Սարոյանի պայծառ կերպարանքը։ Նրա հայասիրության մասին ես երկար չեմ խոսի, կասեմ միայն, որ նա իր վերջին տարիների պատմվածքներից մեկը վերնագրել է այսպես․ «Ուր որ երթաս, Հայաստան պոռա»։ Իմ դեմ է նաեւ Լեւոն Զավեն Սյուրմելյանը՝ նա, որ անգլիախոս բազմամիլիոնանոց աշխարհին մատչելի դարձրեց մեր հանճարեղ էպոսը։

«Ուր որ երթաս, Հայաստան պոռա»․ իր ժողովրդի գոյատեւությամբ շահախնդիր ամեն մարդու խղճի պարտքն է սա։

Հարգելի Շահան Շահնուր,

նամակիս վերջում ուզում եմ մի ամբողջ ժողովրդի մասին ասված Ձեր նախադասությունները մի փոքր շրջասելով ուղղել հենց Ձեզ։

Կը խորհիմ, որ հայ գրականութիւնը բան մի չի կորսնցներ, եթէ իր մեջէն Շահան Շահնուր չքանայ, անհետանայ, կորսուի վէրջնապէս։

Բայց վստահ եմ, որ հայ գրականութիւնը բան մը կշահի, եթե Շահան Շահնուր իր մէջ մնայ հայ ժողովրդի գոյատեւութեան մասին հոգալով, հայ ժողովրդի ազգային արժանապատւութեանն ու հավաքականութեանն ի նպաստ գործելով, նոր, բարձրարուեստ գործերով հայ դպրութիւնը հարստացնելով։

Նման բարեմաղթություններով էլ ցանկանում եմ ավարտել իմ այս ակամա նամակը։

Հարգանքներով՝ Վահագն Դավթյան

Առաջին անգամ հրապարակվել է «Հայրենիքի ձայն» շաբաթաթերթի 1970 թ․ հունվարի 21-ի համարում։

Please follow and like us: