Գանք ամենասկզբից. «Ի սկզբանէ էր բանն»: Եվ այնքան կարևոր էր այդ բանը, որ այն ուսումնասիրող ոլորտը կոչվեց բանասիրություն՝ դառնալով այն միակ ոլորտը, որի անվանման մեջ կա սեր արմատը: Բանասիրությունից ծնվեց բանագետը, լեզվագետը, գրականագետը, ազգագրագետը…
Բանասիրությունը մի կախարդական աշխարհ է, որը կարելի է համեմատել «Ալիսան հրաշքների աշխարհում» հայտնի հեքիաթում նկարագրվող աշխարհի հետ. բավական է թակել այդ աշխարհի դուռն ու ներս մտնել. քեզ ուղեկցում է հրաշքն հրաշքի հետևից: Գույներով, լուսավոր ու պայծառ երևույթներով, կյանքի ամենատարբեր իրողությունները քննող տեսակետներով, տարատեսակ գույներով, բարդ ու հետաքրքիր իրավիճակներով հարուստ մի ճանապարհ՝ լեցուն տեղեկատվական լայն բազայով, որը աշխարհայացք ու անհատականություն է ձևավորում:
Ի՞նչ է տալիս բանասիրությունը մարդուն:
Մի կողմ թողնելով բանասերին հատուկ հուզականությունն ու ռոմանտիկան՝ փորձենք հարցին պատասխանել ավելի գործնական և ճշգրիտ:
Այն բազմակողմանի և բազմաշերտ իմացությունից բխող լայն մտածողություն, հնչյունների ու բառերի հետ խաղալու աճպարարական ճկունություն է տալիս ուսումնասիրողին:
Ուսումնասիրում ես գրաբար, հաղորդակից ես դառնում դարերի խորքից եկած ազգային հարուստ գրավոր ժառանգությանը, նախնյաց լեզվամտածողությանը: Հասկանում ես, որ դարերի ընթացքում մի շարք լեզվական տեղաշարժեր են տեղի ունեցել. բառիմաստի փոփոխություն, անցում կամ շրջում, ուղղագրական և ուղղախոսական փոփոխություններ, շարահյուսական տեղաշարժեր, ինչի արդյունքում հին հայերենի և արդի հայերենի շարահյուսությունը դարձել են իրարից խիստ տարբեր, փոխարենը հին հայերենի շարահյուսությունը նման է ժամանակակից անգլերենի շարահյուսությանը, ինչն էլ խոսում է այդ լեզուների ցեղակցության մասին, նման է ժամանակակից ռուսերենի շարահյուսությանը, ինչն էլ նշանակում է, որ շատ ավելի վաղ եղել է լեզուների միասնության, նոստրատիկ ժամանակաշրջան և որ բոլոր լեզուները սերում են մի ընդհանուր մայր լեզվից:
Միջին հայերենի իմացությունն օգնում է բացահայտել ոչ միայն միջնադարյան մշակույթը, այլև տարբեր բարբառների լեզվաոճական առանձնահատկությունները, պատճառաբանված ու դյուրընկալ են դառնում բարբառային դժվարամատչելի տարրերը:
Սովորում ես արևմտահայերեն, սկսում ես նորովի հասկանալ և մեկնել արևմտահայ և սփյուռքահայ գրողների ստեղծագործությունները: Խորամուխ ես լինում դասական ուղղագրության սկզբունքների մեջ, կարողանում ես վերականգնել հին բառապատկերը, ավելի հեշտ ես հասկանում որոշ քերականական կառույցների նրբությունները:
Ժամանակակից հայերենի բառապաշարի տարբեր շերտերի ուսումնասիրությունը թույլ է տալիս հասնել խոսքի կատարելության, հղկում և կատարելագործում է լեզվամտածողությունը: Շարահյուսական նրբություններին տիրապետելը բացառում է մտքի և ասելիքի հաղորդման ու ընկալման որևէ սխալի հնարավորություն:
Ուսումնասիրում ես լեզվաբանություն, կարողանում ես տեսնել լեզվաընտանիքների տարբեր լեզուների կառուցվածքային, տիպաբանական կապերը, որոնց շնորհիվ առավել տեսանելի և ընկալելի են դառնում լեզվական տարբեր իրողություններ:
Այս ամենից զատ նաև առնչվում և որոշակի գիտելիքներ ես ձեռք բերում մի շարք այլ ոլորտներից նույնպես, ինչպիսիք են հոգեբանությունը, մանկավարժությունը, պատմությունը, աշխարհագրությունը, փիլիսոփայությունը, տրամաբանությունը և այլն:
Եթե ոլորտի ուսումնասիրության ընթացքում վերոբերյալ իրողությունները դառնում են կարողություններ, ապա նաև՝ հմտություններ, ապա դու ժամանակի ընթացքում ոչ միայն հաղորդակից ես դառնում ազգային և համամարդկային արժեքներին, այլև դառնում ես այդ արժեքների կրողը:
Արդեն մոտ երեսուն տարի է, ինչ ՅՈՒՆԵՍԿՕ-ի որոշմամբ մայիսի 25-ը նշվում է որպես բանասերների միջազգային օր: Վիճակագրությունն ու սոցցանցային անցուդարձը ցույց է տալիս, որ օրը հիշատակվում է ու նշանավորվում հենց (եթե ոչ միայն) բանասիրաց կողմից: Որպես կանոն հենց նրանք են հիշում և շնորհավորում միմյանց:
Հ. Գ. Այդ օրն այն օրն է, երբ վերստին սոցցանցային շրջանառության մեջ է դրվում հայտնի նկարը, որտեղ մյուս բոլոր մասնագետների կողքին բանասերն է միայն վառ կարմիրի մեջ: Այդ օրն այն օրն է, երբ մյուս բոլոր մասնագետները լուռ հանդուրժում են բանասերների այսօրինակ թիթիզությունն ու ներողամտաբար վերաբերվում սեփական մասնագիտության համեմատությամբ նրանց մասնագիտությունները գորշության մեջ պատկերացնող բանասերներին:
Հասմիկ Հակոբյան/ Ամփոփելով բանասերների օրը
Please follow and like us: