Մարիամ Կարապետյան /«Zoom»-ի քառակուսիներում և հուշահամալիրի սյուներին. հեռավար շրջանակների պատմածը

Վիրտուալությունը նախ իբրև հեռավար կրթություն հայտնվեց, հետո՝ իբրև ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություն: Ինձ թվում է՝ վիրտուալ այս փորձառություններն ի թիվս այլնի մի շատ կարևոր՝ տեղորոշման, տեղայնացման դեր կատարեցին: «Տեղերի», «դիրքերի» պակաս ունեցող մեր հասարակության համար սա կարծես իրար խառնվածությունը, կողմնակիությունները մաքրելու, որոշ «զուտ» ձևեր նշմարելու հնարավորություն ստեղծեց: Ինչպե՞ս:

Հեռավար դասի մեջ այս նոր փորձառությունը մասնավորապես ուսուցչի ֆիգուրն է, որի առանձնացվածությունը «Զումի» շրջանակներից մեկում ընդգծեց նրա դիրքը և նրա դիրքի ինչ-որ նոր, անմշակ տպավորությամբ՝ «մի տեսակ ուրիշ» նշանակություններ ակնարկեց: Առնվազն ակնարկեց առհասարակ դիրքի գոյության մասին: Զումի շրջանակների վիրտուալությունը կարծես ընդգծեց, որ ուսուցիչներն իրականում գոյություն ունեն, կարծես թարմացրեց նրանց գոյությունը:
Ֆեյսբուքյան գրառումներում այս օրերին հաճախադեպ էր կարծիքը, որ հեռավար կրթությունը ցույց տվեց ուսուցիչների դերը: Կարծում եմ՝ այս տպավորությունները պայմանավորված էին նաև/նախ «Zoom»-ի շրջանակներում ուսուցիչների և աշակերտների վիրտուալ պատկերների հայտնվելով: Ինստիտուցիոնալ շրջանակների աղոտության պայմաններում համակարգչային ծրագրի քառակուսիներում տեղավորված դեմքերը՝ որպես ուսուցիչներ և աշակերտներ, կարծես ինչ-որ բան բաժանեցին: Դեռևս այնքան էլ հստակ չէ, թե կոնկրետ ինչ և ինչպես, բայց առնվազն նկատելի դարձավ, որ տեսողական անորոշ տպավորությունը, սոցիալական իրական հարաբերությունները, ինչպես նաև դրանց կապն առնվազն ինքնին հասկանալի չէին: Այս դասերը կողմնակի հայացք առաջ բերեցին՝ ֆիզիկական իմաստով՝ թեկուզ կողքից դասապրոցեսին հետևող ծնողների աչքերը: Բայց որ ավելի հետաքրքիր է, այս գործընթացը կողմնակի հայացքի կարիք և դիտելու առիթ առաջացրեց:
Ո՞րն էր աշակերտների և ուսուցչի էկրանային դիրքերի և դասարանային նստարանների դիրքերի տարբերությունը: Թեկուզ ինքնին իրավիճակի բոլորովին նոր լինելը, որն իր վրա հավելյալ ուշադրություն սևեռեց: Կրթական գործընթացի տեղափոխումն էկրաններ նրանց դիտելի դարձրեց, հեռացրեց նրանց պատկերները մյուսներից և հենց իրենցից, իսկ դիտելու համար, ինչպես հայտնի է, հեռավորություն է պետք:
Թերևս մի կարևոր բան էլ եղավ. հեռավար ուսուցման պայմաններում ուսումնական գործընթացը հանգեց իր հիմնական գործառույթին՝ դաս հաղորդել-ստուգելուն: Դպրոցների հետ մոտիկից շփվելիս որոշ վերլուծական ունակություններ ունենալու դեպքում հեշտությամբ կարելի է դժգոհել հաճախադեպ ընտանեվարությունից. այնքան համառորեն է դպրոցը հավակնում ընտանիք լինել, երբ պետք է պարզապես դպրոց լինի, այնքան հաճախ են դասարանների շուրջ փորձում արհեստական կոլեկտիվներ կազմել ծնողներից, որոնք այդ արհեստական փորձերի բացակայության դեպքում գուցե միայն սիրալիր ժպիտով բարևեին միմյանց: Հեռավար կրթությունը կարողանում է փոխել սա: Բայց մյուս կողմից՝ իսկապես երևացին ուսուցչի ու դեմառդեմ սոցիալականության անփոխարինելի դերերը, կողքից երևացին՝ մի բան էլ շրջանակի մեջ առնված: Եվ բավականին հստակ երևաց նաև, թե ինչ կարևոր են ուսումնական գործընթացի հիմնական՝ կրթական գործառույթին հարող գործառույթները:

Ոգեկոչման արարողության դեպքում այս տեղորոշումն արվեստի միջոցով եղավ: Արվեստի միջնորդությամբ ոգեկոչելը կարծես ավելի իսկական էր։ Ֆիզիկական ներկայությունը միշտ լեփ-լեցուն է կողմնակիությամբ։ Ինչ-որ մասնավոր բանի նկատմամբ այս կողմնակիությունն, անշուշտ, կյանքի բնական ձևն է, բնական տարերքը, իսկ արվեստը ԶՈւՏ ոգեկոչման վերածեց այս տարվա արարողությունը։ Մարդկանց երբեմն ձևական, անմասնակից քայլերթին, ակամա և այնքան էլ չըմբռնվող պարտքի զգացումից ծնվող քայլերթի շփոթությանը, չանվանվողի իմաստային վակուումին արվեստի պայմանականությունը փոխարինեց։ Թեև սա էլ պայմանականություն էր, սակայն շփոթ չէր առաջացնում. սեփական տեղի անորոշությունն արվեստի պայմանականությանը հատուկ գեղեցկությամբ էր փոխարինում: Մի տեսակ ավելի հավաստի էր։ Ինչի՞ միջոցով: Կարծում եմ՝ նույն այդ գեղեցկության, որն այստեղ ավելի կարևոր է առհասարակ որպես հավելյալ բան, քան զուտ ողբերգությունը հիշելու փաստի արձանագրումն է: Գուցե վերջապես հայտնագործվում է փոխարկման հնարավորությունը, որը երևաց նախ իր հավելականությամբ: Հուշահամալիրի սյուներին անունների հարևանությունը և երաժշտությունը, որ արվեստի հնարքով լուծեցին ներկայության հարցը, մարդկանց սեփական տեղերն առաջնայինից՝ հիշողությունից ու հարգանքից բացի կարծես առնչեցին նաև լրացուցիչ մի բանի՝ գեղեցկության, դրա միջոցով՝ փոխակերպման հետ:
Կարծում եմ՝ էական է նաև այն հանգամանքը, որ իմաստի մասին հարցը փոխարինվեց էսթետիկականության մասին հարցով, ավելի ճիշտ՝ իմաստի մասին չտրվող հարցը փոխարինվեց էսթետիկականության նկատմամբ արտահայտվող հիացմունքով: Այստեղ ևս ուշագրավն այն է, որ և՛ իմաստավորումը, և՛ գեղագիտական կողմով հիացումը երկրորդային գործողություններ են: Եվ եթե հուշահամալիր քայլելու դեպքում այդ երկրորդային գործողությունը՝ իմաստավորումը, գրեթե բացակայում է կամ կրկնվում է՝ առանց հարցադրվելու, ապա երկրորդ դեպքում երկրորդայնությունը, այս դեպքում՝ հիացումը, ակնհայտ է և նաև իբրև հավելյալություն է նշմարվում: Այս հավելյալությունն արդեն ստեղծարարության փորձ է:
Հիշողության փոխակերպման մասին մտածում էին դեռ 90-ականների առաջին կեսի մամուլում, որ իբրև նորանկախ պետության նոր սկիզբ՝ շատ հետաքրքիր վկայություններ է պահպանել նաև ցեղասպանության ճանաչման, աշխարհի, մասնավորապես Արևմուտքի հետ հարաբերությունների, հայկական ինքնության հետ դրա առնչությունների մասին:
Հայաստան-աշխարհ, մասնավորապես Հայաստան-Եվրոպա քաղաքակրթական առնչումները մամուլում հաճախ տեղի էին ունենում հայապահպանության խնդիրների համատեքստում: Իբրև թեմայի զարգացում՝ խնդրական է դառնում պահպանման և ստեղծման հարաբերության հարցը. «Արևմուտքում միայն փոխանցումը՝ որպես ինքնագոհ պահպանողականության ձև, բացարձակ փակուղու է հանգեցնում» («Հայաստանի Հանրապետություն», 18 հունվարի,1994): Խնդիր, որ մամուլը հաստատում է նաև եվրոպացի մշակութային և քաղաքական գործիչների խոսքերով: Այսպես՝ գերմանական Բոխում քաղաքում 1995 թ. կայացած հայկական մշակույթի լայնածավալ ցուցահանդեսի առիթով «Հայաստանի Հանրապետության» թղթակիցը զրուցում է Հայաստանում Գերմանիայի ժամանակավոր հավատարմատարի հետ: Հարցազրուցավարի պնդմանը, որ ցուցահանդեսի առավել քննադատված կետերից մեկը եղել է այն, որ չի շեշտադրվել Եղեռնի 80-ամյակը, գերմանացի պաշտոնյան մասնավորապես պատասխանում է. «/…/ Դուք նշում եք, թե Բոխումի ցուցահանդեսում հայկական Եղեռնը չի արտացոլվել, ես դա չեմ հասկանում: Բավական է նայել այստեղ ցուցադրված Արշիլ Գորկու երկու-երեք կտավներին, որպեսզի հասկանաս, որ Եղեռնի թեման ներկա է ցուցահանդեսում: /…/ Կրկնում եմ՝ ավելի արժանավայել ներկայացնել այդ ողբերգությունը, քան դա արված է Ա. Գորկու կտավներում, անհնար է»:
Օրինակի քաղաքական հանգամանքները մի կողմ թողնելով՝ ընդգծենք այս տարվա տեղաշարժի կապը երրորդ հանրապետության առաջին տարիների մտահոգությունների և հարցի մասին արևմտյան մի պատկերացման հետ, որի հետ երկխոսությունների լեզուների կարիք դեռ շատ ունենք՝ հանուն ճանաչման, դատապարտման և ավելի հեռուն գնացող նպատակների:

Եվ այսպես, ի՞նչ ավելացրեցին և ի՞նչ պակասեցրեցին այս հեռավար մասնակցությունները: Առհասարակ կարևոր է, որ դրանք ինչ-որ բան ավելացրին և ինչ-որ բան պակասեցրին: Այս հեռավար սոցիալականությունների ակնարկած իմաստները հարկ է անվանել և կորզել «առկա» սոցիալականության համար: Այս վիրտուալ շրջանակները փոխում են իրար տեսնելու և զգալու շրջանակները, համատեքստի զգացողություն են տալիս, առհասարակ շրջանակող ազդեցություն են ունենում: Տեսնելու լավ առիթ է: Վիրտուալ շրջանակումը կարծես ուղղակիորեն ֆիզիկական և սոցիալական շրջանակման դեր է կատարում՝ դիտելի դարձնելու, հատուկ ուշադրության առարկա դարձնելու բոլոր հայտնի իմաստներով: Եվ դա շատ կարևոր է մեր հասարակության մեջ, որտեղ դժվար է նման վերացարկումներ անել՝ տեսական պատրաստվածության պակասի և հաստատութենական շրջանակների առնվազն անհստակության պատճառներով: Մնում է պահպանել խորհրդանշական շրջանակվածությունը նաև վիրտուալ պատկերների անհետացումից հետո…

Please follow and like us: